Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․06․20 (թարմացվող)
22:35 - 30 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․06․20 (թարմացվող)

22:30- Հունիսի 30-ի դրությամբ` Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, 32 հոգի առողջացել է, 1 մարդ՝ մահացել։ [Գնել Սանոսյան]


17։36- Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի դեմ պայքարում: [«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյան]

 

17։32- 48 ժամով կասեցվել է Երևանի՝ Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը․ մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման և ախտահանման գրանցմատյաններում: [ՍԱՏՄ]

 

17։08- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով:

 

17։00- Պարետի որոշմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում: Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեություն: [ՇՎՏՄ]

 

14:15- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում: Ն շնորհակալություն է հայտնել բժիշկներին։ ՀՀ-ում Lիտվայի դեսպանը երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորել է լիտվացի բժիշկների այցելությունը: Վերջիններս էլ ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկությունները համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու եղանակների վերաբերյալ:

 

13:33- ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: Թուլություն է զգացել, ուրբաթ օրն ունեցել է ջերմություն, մկանային ցավեր և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, մի փոքր էլ ծանր շնչառություն է ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել։ |armenpress.am|

 

13:05- ԿԽՄԿ ներկայացուցիչները 2020թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին այցելել են Ադրբեջանում ազատազրկված ՀՀ և ԱՀ քաղաքացիներին: Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցիչներն իրենց հերթին այցելել են ՀՀ-ում և Արցախում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին: Բացի այցելություններից՝ տարատեսակ պաշտպանիչ միջոցներ, ինֆորմացիոն թռուցիկներ են տրամադրվել ազատազրկման վայրերին, որպեսզի վարակը այդ վայրերում կանխվի կամ չտարածվի: [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար]

 

11:28- Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մեջ: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին: Ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: ՀՀ-ում գործող Զարգացման ֆրանսիական գործակալության շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը։ [Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին]

 

11:13- Մարտի 15-ից մինչ այժմ շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: 2200-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար: Ընդհանուր առմամբ պարետատան թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]

 

11:06- Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Բժիշկների գնահատմամբ նա ծանր վիճակում է: [ԱՆ մամուլի խոսնակ]

 

11:01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:51- Թարմացվել է  30.06.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -25542 (+415)
Առողջացածներ - 14048 (+751)
Փաստացի բուժվողներ -10904 (-350)
Ընդհանուր թեստեր - 111844 (+1273)
Մահվան ելքեր - 443 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով –147 (+4) [ՀՀ ԱՆ]

 

10:19- Լրանում է ԵԱՏՄ տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում մինչև հունիսի 30-ը ներառյալ մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները: Հուլիսի 1-ից կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։ Բժշկական նշանակության ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը: [ՊԵԿ]

 

10։09- Հայաստանում «առաջնագծում» COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողների, նաև որոշ պոլիկլինիկաների անձնակազմերի  շրջանում արվում է հակարմինների թեստավորում՝ պարզելու նրանք կորոնավիրուսով արդեն վարակվել են, թե ոչ: Հայաստանում նախատեսվում է COVID-19-ի հակամարմինների թեստավորում անել նաև բնակչության շրջանում: Եթե հակամարմին է հայտնաբերվում, ենթադրվում է, որ իմունիտետ առաջացել է, բայց դեռևս հայտնի չէ, թե ամեն մեկի օրգանիզմում այդ իմունիտետը ինչ ժամանակով կպահպանվի՝ 3 ամսո՞վ, 1 տարո՞վ, թե՞ մինչև կյանքի վերջ: |armenpress.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել