Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․07․20 (թարմացվող)
23:00 - 02 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․07․20 (թարմացվող)

19:40- Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք, իսկ հուլիսի 1-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 2 301 դեպք: [ՀՀ ոստիկանություն]


19:30- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերը բացահայտելու համար հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է  41639  ստուգում, որից միայն  963-ը՝ նշված օրը:


17:53- Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։ [ՀՀ ոստիկանություն]

 

17:01- Վանաձորի ԲԿ այս հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի մանրամասների շուրջ։ [Արսեն Թորոսյան]

 

16:13- Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ: Մարզպետը կանգ առավ նաեւ կարգապահական խախտումների վրա, որոնք նկատվել են որոշ բուժհիմնարկներում և կոչ արեց չանտեսել առողջապահական մյուս խնդիրները: [Գեղարքունիքի մարզպետարան]

 

15:31- Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։ [Արսեն Թորոսյան]

 

14:07- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արտակարգ ռեժիմով շարունակում է խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։ Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը։ Բուժաշխատողներին ևս տրամադրվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն: [ՀՀ ԱՆ]

 

13:01- Հուլիսի 1-ին ՀՀ տարածքում իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2827 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 59858 արձանագրություն: [ՀՀ ոստիկանություն]

 

12:51- Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք։Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը՝ ուղիղ արտադրողներն են, ես ինքս անձամբ եմ վարում այդ բանակցությունները։ Օրինակ՝ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է,  և այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից մեկն է։ [Արսեն Թորոսյան]

 

12:02- Փողոցներում դիմակ բաժանելիս տեսել եմ քաղաքացիների, ովքեր կրում էին լայն ցանցայնությամբ դիմակներ։ Երեկ էլ նկատեցի՝ մայթերին կանգնած քաղաքացիները տեսնելով փարոսիկներով մեքենաներ, ծնոտին դրված դիմակները բարձրացնում էին, հենց հեռանում էին՝ իջեցնում։ Շատ ցավալի է, որ այդքան տուգանքի դեպք է արձանագրվում:Բայց մեր նպատակը տուգանելը չէ՝ ընդհակառակը։ [Նիկոլ Փաշինյան]

 

11:23- Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են։ Այսօր առավոտյան 9։00-ի դրությամբ, տանը սպասող քաղաքացիների թիվը ընդամենը 11-ն է, որից 4-ը միջին ծանրության են, 7-ը թեթև։ Մնացած ևս 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ [Արսեն Թորոսյան]

 

11:10- Արցախում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 70, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է: [Արցախի Առողջապահության նախարարություն]

 

11:05- Զորակոչի ընթացքում COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով: Այն հնարավորություն է տալիս, որ բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ: [ՊՆ մամուլի խոսնակ]

 

10:55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:54- Թարմացվել է  02.07.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -26658 (+593)
Առողջացածներ - 15036 (+473)
Փաստացի բուժվողներ -11010 (-110)
Ընդհանուր թեստեր - 115765 (+2100)
Մահվան ելքեր - 459 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –153 (+4) [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել