Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրու փողոցաշինական ծրագրերում
16:53 - 07 օգոստոսի, 2019

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրու փողոցաշինական ծրագրերում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում:

Այս մասին հայտնել է տեսչության ֆեյսբուքյան էջը։ Դիտարկումներ են իրականացվել Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից վերոնշյալ հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել է, որ դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, մասնավորապես՝ բացակայում են հենասյուների հողանցումները, ինչը կարող է վտանգ սպառնալ մարդկանց կյանքին և առողջությանը:

Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի: Վերոնշյալ թերությունների վերացման նպատակով՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնում հրավիրված քննարկման ժամանակ պատվիրատու՝ Գյումրու քաղաքապետարանին և հեղինակային հսկողություն իրականացնող «Տրանսնախագիծ» ՓԲ ընկերությանը, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում վերացնել արձանագրված խախտումները և այն համապատասխանեցնել շինարարական նորմերին:

Քննարկվել են նաև մայթերի ասֆալտբետոնե ծածկույթի, մակերևութային ջրերի հեռացման համակարգի դիտահորերի նիշերի, կոյուղագծերի թեքություններին առնչվող մի շարք խնդիրներ, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նշված խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել