Մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան
22:25 - 07 նոյեմբերի, 2020

Մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։ Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը։  Իր խոսքում ՊՆ ներկայացուցիչը մասնավորապես նշեց․

«Երեկ նշեցի՝ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երեւում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։  Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։ Արդեն երրորդ օրը ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ 

Մեր բոլորիս պարտքն է՝ հավատալ հայ զինվորականին, վստահել, եւ այս պահին տեղին չեն որեւէ այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, նահանջի մասին․․․ Ոչի՛նչ, մենք դիմադրում ենք հերոսաբար, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»։ 

Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր մարտեր են եղել նաեւ այլ ուղղություններով․ Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։ 

Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ՝ չեն կարողացել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։  Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ողջ օրը ե՛ւ դիրքերի, ե՛ւ բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի, բայց ընթացել է հրետակոծություն։

«Դուք այս կամ այն ծանոթից ինֆորմացիա եք ստանում առանձին վերցրած ճակատի մասին, որտեղ, այո, կարող է լինել ծանր դրություն, դրանով սկսում եք ամփոփ տվյալներ ներկայացնել, իսկ մենք մոտ 1000 կմ ճակատից ենք տեղեկություն ստանում, եթե ձեր տրամաբանությանը հետեւենք եւ այդ բարդ իրադրության շեշտադրումը դնենք միայն դրա վրա, ի՞նչ պիտի պատասխանենք մյուս բազում ուղղություններում առավոտից երեկո հերոսաբար դիմդրած, հակառակորդին հետ շպրտած, դիրքեր բարելաված զորքին, հրամանատարին»,- այսօր սոցիալական կայքերում ստեղծված խուճապային տրամադրություններին անդրադառնալով ասաց Հովհաննիսյանը։ 

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Տավուշում եւ Քարվաճառի շրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել