23:05- «Վերելք» կուսակցությունն այսօր քարոզարշավն անցկացրել է մարտական պատրաստականության դասընթացներով: Կուսակցության համակիրները կարևորում են հատկապես երկրի առաջ ծառացած անվտանգային հարցերը: Նորաստեղծ այս ուժն ունի ռազմաքաղաքական ուղղվածություն: Թե ինչ արդյունք կգրանցի կուսակցությունն այս ընտրությանը, առաջնորդ Ալեքսան Մինասյան խոսքով՝ այնքան էլ էական չէ, և պետք է ոչ թե աթոռի կռիվ անել, այլ հողի, որի վրա կդրվի այդ աթոռը։ |1lurer.am|
22:50- Մենք կունենանք դատական համակարգ, որը ծանր գործերն է քննում, նրանք չեն մտնի մանր գործերի մեջ: Մյուս կողմից կունենանք ոչ ծանր գործեր քննող դատարաններ, որը նաև թույլ է տալիս անփորձ դատավորներին սկսել ոչ ծանր գործերից, կայանալ որպես փորձառու դատավոր: Մեր նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկն էլ Հայաստանի տնտեսական մեկուսացվածության խնդիրն է, որի լուծումը տեսնում ենք Մեղրիից դեպի Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» երկաթուղային, ավտոմոբիլային և լուսամալուխային միջանցքի կառուցմամբ: Նախընտրական շրջանում չենք խուսափում ճշմարտությունն ասելուց և ընտրվելու դեպքում էլ չենք հրաժարվելու ծանր բարեփոխումներ իրականացնելուց: [ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան] |1lurer.am|
22:40- Ոչ միայն սրտով, այլև մտքով է պետք քվեարկել՝ ըստ ծրագրերի ու գաղափարների: Պետք է նոր խորհրդարան, նոր կառավարություն ու սահմանադրություն, որը կփոխի անվտանգային համակարգը և տնտեսության զարգացումը: Լայն առումով՝ անվտանգության համակարգը հենց այն է, ինչի մասին դուք բոլորդ անհանգստանում եք: Դրանք և՛ աշխատատեղերն են, և՛ կրթությունը: Ժողովուրդը Տիգրան Արզաքանցյանին սիրում, վստահում է, ասում է՝ փորձ ունի, գործ ունի: Տնտեսության զարգացում, բանակի արդիականացում. սրանք են Արզաքանցյանի համար կարևոր առաջնահերթություններն անվտանգ Հայաստան, միասնական հայրենիք ունենալու համար: [ՀԴԿ պատգամավորի թեկնածու Նարինե Դիլբարյան] |1lurer.am|
22:15- Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են, և դրանք, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի իմաստուն մտքում և տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։ Այս ողջ ընթացքում եղել և մնում եմ իմ քաղաքական թիմի՝ ՔՊ կուսակցության մասը՝ գիտակցումով, որ վարչապետին, ինձ, մեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքը։ [Արարատ Միրզոյան]
22:00- «Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում։ Քաղաքացիները դիմել են դաշինքի ղեկավարներին իրենց առավել հուզող հարցերով, առավել հաճախ՝ Հայաստանի անվտանգության վերականգնման և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հանգամանորեն ներկայացվեցին դաշինքի մոտեցումները, մասնավորապես՝ միակողմանի արտաքին կողմնորոշման հաղթահարումը, ռազմական պոտենցիալի վերականգնումը և Արցախի անկախության միջազգային ճանաչումը։ [«Ազատ Հայրենիք» դաշինք]
21:05- «Ես ուղղակի հիշեցնեմ, որ 97-98 թվականներին քաղաքում եղել է ընդամենը երեք լուսավորված փողոց, իսկ բենզինը կանիստերներով ծախում էին ցիստեռների մոտից։ Սա է եղել իրականությունը։ Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակաի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը։ Այդ նպատակների իրականացման համար կա մեկ խոչընդոտ (հավանաբար նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ․), որին պետք է վռնդել։ [Ռոբերտ Քոչարյան] |hetq.am|
20:44- Ֆոնդային բորսայում պետք է ներկայացված լինեն խոշոր տեղական ընկերությունները: Իսկ հարկային քաղաքականության հիմքում անհրաժեշտ է ներդնել ավելացված արժեքի հարկը շրջանառության հարկով փոխարինելու մոդելը: Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար առաջարկում ենք Սյունիքում կառուցել 9 թունել և 18 կամուրջ: Դա կարժենա 1,5 մլրդ դոլար, սակայն տնտեսական արդյունքը նույնպես տպավորիչ կլինի: 4-5 տարի հետո պետք է փակել Հայկական ատոմակայանը: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանը անհրաժեշտ է հաբի վերածել: Բանակի վերականգնումը 5 մլրդ դոլար կարժենա, սակայն դա անհրաժեշտ է Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: [«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան] |1lurer.am|
20:37- Փաշինյանը նման առաջարկ անում է, որ ժողովրդի մի հատվածի մոտ ստեղծվի տպավորություն, թե աստվածաշնչյան, բիբլիական պատրաստակամությամբ՝ պատրաստ է զոհաբերել իր զավակին՝ հանուն սեփական ժողովրդի շահերի։ Նա շատ լավ գիտի, որ դա մի էժանագին հնարք է, որն ուղղված է ներքին սպառման համար։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ առաջարկի, այսպես կոչված, հասցեատերը՝ Իլհամ Ալիևը, ուղղակի արհամարհանքով կպատասխանի նման առաջարկին։ Ալիևը ոչ մի արժեք չի էլ տեսնի նման փոխանակման մեջ և չի էլ պատրաստվում լուրջ պատասխան տալ դրան։ Փաշինյանի առաջարկով ընդգծվում է այն նվաստացման վիճակը, որում Հայաստանը հայտնվել է այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Լրջանալու պահը պետք է վերաբերվի նաև քաղաքական բանավեճերի մասնակիցներին։ [ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան] |hetq.am|
20:20- Համար մեկ խնդիրը պետության և ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այս խնդիրը ուժով, զորքով և նոր պատերազմով չենք կարող լուծել. ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ մեր պետության շահերը սպասարկելու փոխարեն սպասարկում ենք Ռուսաստանի շահը և ժամանակի ընթացքում հայաթափում ենք Արցախն ու ունենում ենք միջանցք Սյունիքում, օր օրի թուլանում ենք, կա՛մ արտաքին քաղաքականության մեջ պաշտպանում ենք մեր շահը և փոփոխություններ ենք ունենում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: [«Հանրապետություն» կուսակցության ցուցակի 1-ին համար Արամ Սարգսյան]
20:10- Նախորդ կառավարությունների տրամաբանությունը եղել է երևացող տեղերում «պսպղացնել, փայլեցնել, ներկել», բայց մի քանի մետր այն կողմ միանգամայն այլ վիճակ է եղել: Մենք գործել ենք բոլորովին հակառակ տրամաբանության մեջ, գնացել ենք նրանց հետևից այն տեղերում, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել: Մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել, խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել։ Կառուցվել ենք ճանապարհներ, որոնք 30 տարի չեն նորոգվել, 3 մլրդ դրամ ենք հատկացվել աղետի գոտու 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, բնակարանով ապահովվել են փախստականները։ [Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիում] |1lurer.am|
19:48- «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7% տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի, նաև թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել։ Հասկանում ենք, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունենք: Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում։ [Բաբկեն Թունյանը՝ Գյումրիում] |armenpress.am|
18։07- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտած անձանց դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 558 մլն 492 հազար ՀՀ դրամ, 14 մլն 304 հազար 488 ԱՄՆ դոլար, 417 հազար 192 եվրո, 270․000 ռուբլի, 45 լարի և 0,5 բիթքոին։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա ընդհանուր առմամբ կուսակցության թեկնածուների դրամական միջոցները կազմում են 14 մլրդ 805 մլն 635 հազար ՀՀ դրամ և 0,5 բիթքոին։
18։01- «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
16։23- Այս իշխանությունը մտել է քարոզարշավի մեջ ագրեսիվ ու լկտի պահվածքով։ Նրանց հաշվարկը մեկն է՝ մեր ժողովուրդը վախկոտ է, ուժ ցույց տանք, վարչական ռեսուրս կիրառենք և պարտադրենք, որ թեքվեն ուժի կողմը և գնան մեր հետևից։ Ինձ համար սա շատ զարմանալի է, քանի որ ընտրությունը հաշվետվություն է կատարած աշխատանքի մասին։ Այս մարդիկ ասելիք չունեն։ Ի՞նչ «բագաժով» են գալիս և հայցում ձեր աջակցությունը, ես չգիտեմ։ Մեր թիմն ի վիճակի է շտկել իրավիճակը, մենք ունենք այդ փորձը։ Մեր թիմում մարդիկ են, որ կառուցել են հաղթանակած բանակ, որոնք վերականգնել են տնտեսությունը, որոնք հասկանում են, ինչ է ներդրումային քաղաքականությունը, ինչ է տնտեսական զարգացումը։ Այսօր աթոռի հարց չէ, այսօր պատասխանատվության տակ մտնելու և այդ բեռը քաշելու հարցն է։[ Ռոբերտ Քոչարյանը՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը]
16։27- Թոշակը կամ աշխատավարձը ավելացնելով՝ մասնավոր սեկտորները բարձրացվում են և դրան համապատասխան ավելանում է արտադրությունը և այդպես կարող է ավելանալ երշիկի և մածունի արտադրությունը, բայց այդպես չի կառուցվի Երևանից Մեղրի ճանապարհ, հնարավոր չէ էդպես ունենալ զենքի արտադրություն: ՀՀ 3-րդ նախագահի օրոք տնտեսությունը աճեց 23%-ով, այս իշխանության օրոք 5,2%-ով, այսինքն չի լինի տնտեսական աճ, որովհետև այս իշխանության մոտ չկա գիտակցումը և վերարտադրվելու դեպքում տնտեսական աճ չի լինի, իսկ ընդհանրապես ինչու՞ պետք է լինի տնտեսական աճ: 2020 թվականի բանակում մի շաբաթ հետո զինամթերքը վերջացավ: [ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` կուսակցության տնտեսական ծրագիրը ներկայացնելիս] |tert.am|
16։22- Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք։ [Կարին Տոնոյան]
16։00- 2021թ. հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Բերման է ենթարկվել 2 անձ: Հարուցվել է քրեական գործ։
15։44- «Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության և ատելության կոչերը: [«Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցություն]
15։23- Ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները՝ չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված պարտականությունների միաժամանակյա կատարման հետ։ Հունիսի 9-ին և 10-ին վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում (Նոր Նորքի և Արաբկիրի անձնագրային ծառայություններ) ավելացվել են սպասարկող աշխատակիցները: [ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ]
15։14- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի շրջանակում դաշինքի թեկնածուները Երևանի նախկին քաղաքապետ, դաշինիք 2-րդ համարի թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հունիսի 8-ից սկսել են մայրաքաղաք Երևանում ընտրողների հետ բակային հանդիպումները։ Թեկնածուները նախ հանդիպել և քննարկումներ են անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աջակիցների հետ, որից հետո ակտիվ շփումներ են ունեցել երևանցիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպումներին իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն ու մոտեցումները։
15։01- Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել։ Ինձ համար մինչև վերջ պարզ չէ՝ ինչո՞ւ ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի: Չկա որոշակիություն։ Որոշակիությունն ու ներդրումային քաղաքականության կանխատեսելիությունը բացակայում է։ Երեկ մենք հանդիպել ենք Քաջարանի բնակիչներին: Այնտեղ մեծ մասը հանքի աշխատողներ են: Դա ավանդույթ է: Պատկերացրեք, եթե այնտեղ մենք փակենք հանքն ու քաղաքը կուրորտ դարձնենք: Այսինքն՝ պետք է հաշվի առնվի տեղի բնակիչների կարծիքը: Չի կարելի կտրուկ քայլեր անել՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը և ավանդույթները: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` Ջերմուկ քաղաքում նախընտրական քարոզարշավին]
14։26- Պետք է այնպես անել, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, գիտակցեն՝ կա հնարավորություն ընտրելու, չհիասթափվելու ու չհուսալքվելու: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ընտրելու հնարավորությունը միայն նախկինների ու ներկաների միջև չի, կա նաև այլընտրանք։ Հայաստանի շահը ՀՀ ու հայ ժողովրդի տիրապետման տակ գտնվող կայուն ու անսասան Զանգեզուրն է: ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի տարածաշրջանային շահը ևս այս հարցում համընկնում է Հայաստանի շահին: [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյան]
1405- «Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին կապված՝
1. ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար հանդիսացող Հայկ Աղամալյանի մասով՝ փաստաթուղթ կեղծելու և օտարերկրյա քաղաքացի չլինելու մասին կեղծ հայտարարություն տալու հետ. Աղամալյանը, մասնավորապես, ըստ առկա տվյալների, վերջին 4 տարում ունենալով ՌԴ քաղաքացիություն՝ հայտարարություն էր տվել այն մասին, որ այդ ընդացքում միմիայն ՀՀ քաղաքացի է եղել (ՔՕ հոդված 314.1) և, չստանալով Ոստիկանությունից համապատասխան տեղեկանք, ԿԸՀ է ներկայացրել կեղծված կնիքով կեղծ տեղեկանք (ՔՕ հոդված 325):
2. Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի մասով՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հետ. Արզաքանցյանը, մասնավորապես, իր՝ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի միջոցով մեկտեղում է քարոզչությունն ու բարեգործությունը (ՔՕ հոդված 154.2):
13։18- Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025թ․ գիտաշխատողների աշխատավարձը երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022թ․-ին արդեն կայացրած որոշումներով գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են։ [«ՔՊ» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
12։59- ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը: Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել։ [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապեի թեկնածու Նորայր Նորիկյան] |armenpress.am|
12:54- Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելում, խոսելու ենք փաստերով։ Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն։ Քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան] |news.am|
12:39- Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում, հայհոյում են, առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել: «Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ անելու է, որ համերաշխություն լինի, և համատեղ ուժերով կարողանանք առաջ շարժվել։ Հակառակ դեպքում, եթե ԼՀԿ-ն չունենա բավարար լծակ՝ զսպելու երկու կողմերից եկող լարվածությունը, շատ հնարավոր է, որ հունիսի 20-ից հետո լինեն բախումներ: [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյան] |armenpress.am|
12:19- Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին: [Նիկոլ Փաշինյան] |tert.am|
12:09- Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի համար ավելի լավ դաշնակից լինել չի կարող: ՌԴ-ի հետ մենք պետք է ուղիղ և ճիշտ հարաբերություններ ունենանք: Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին, չի հանդուրժում մարդկանց, որոնք ուղիղ չեն խոսում իրենց խնդիրների կամ հարաբերություններին մասին, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի՝ Սոլովյովի հետ հարցազրույցում] |tert.am|
11։44- Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ: [ՀՀ ՄԻՊ]
11։13- 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք:
10։58- Քաղաքական դաշտի որոշ դերակատարներ տարիներ շարունակ մեզ սովորեցրել են հաշտվել մեր փոքրության հետ, մեր փոքրությամբ պայմանավորված՝ մեզ սովորեցրել են, որ մենք անկարող ենք։ Ասում են՝ Հայաստանը չի կարող հաղթել Թուրքիային, առավել ևս տարածաշրջանում թուրք-ադրբեջանական համատեղ նկրտումներին և ծրագրերին։ Այնինչ Թուրքիայի և մեր ռեգիոնի մյուս թշնամիների դեմն առնելու միջոց կա․ դա Հայաստանի ուղղահայաց արդիականացումն է, տեխնոլոգիական կատարելագործումը, տնտեսական զարգացումն ու ենթակառուցվածքների ստեղծումը՝ արտադրական, էներգետիկ և հաղոդակցային։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդ Արման Բաբաջանյան]
10։40- ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն ապահովելիս պատշաճ փոխգործակցություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպում-քննարկումների: Կազմակերպչական բնույթի հարցերի համար զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով։ [ՀՀ Ոստիկանություն]
10։23- Մայիսի 26-ին ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ վերոնշյալ դեպքով քրեական գործ է հարցուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածով (Ապացույցները կեղծելը) և գործն ուղարկվել է ՔԿ: |armtimes.com|
09։57- Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը: Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի՝ վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար: [ՄԻՊ]
09։47- Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթեր, հանդիպումներ ու հեծանվաերթ․ քայլերթերի ու հանրահավաքների ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|
comment.count (0)