ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 4
22:15 - 10 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 4

22:13- Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՔՊ կուսակցության խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ ՀՀ-ում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։ Եվ ինչպես 2018-ի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը: Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ ՀՀ քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանում ապագա կա։ [Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում] |armenpress.am|


21:00-
Այս ընտրությունները բախտորոշ են Հայաստանի լինել-չլինելու համար։ Մեր պատկերացման կոռուպցիայի դեմ պայքար չպետք է լինի, պետք է լինի պայքար պետական դավաճանության դեմ: Պատերազմող երկրի համար կոռուպցիան արտաքին ագրեսիա է, հետևաբար կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ: [Արման Բաբաջանյան` «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» 1-ին համար]


20:50-
Ամենակարևոր ուղերձը, որ ուղղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է։ Եթե շարունակեն ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու: Մեր ծրագրերը շատ են՝ երկրի անվտանգության հարցերից մինչև տնտեսություն ու գյուղատնտեսություն: Առաջնահերթությունների ցանկում ներառել ենք նաև կրթության ու գիտության հարցերը՝ առաջին հերթին մեծացնել գիտության ֆինանսավորումը և պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները,  ԳԱԱ-ն։ Մտադիր ենք բոլոր պրոֆեսիոնալաներին համախմբել ու ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Այլընտրանք կա, միայն պետք է հունիսի 20-ին ընտրատեղամաս գնալ ու քվեարկել: [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյան] |1lurer.am|


20:32-
Եթե չլինի անվտանգություն, չի լինի նաև խաղաղություն, չլինի խաղաղություն` չի լինի կայունություն, չի լինի նաև զարգացում, չի լինի բարեկեցություն: Ուսումնասիրել ենք հասարակական կարծիքը, մարդկանց տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալները և հիմա վստահ ենք՝ պատկառելի թվով ձայներ կստանանք: Բացի գործող իշխանությունից՝ չենք բացառում մյուսների հետ գործակցությունը: Ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել: [«Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչիկ Գալստյան]  |1lurer.am|


20:28-
Այսօր առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել: Առաջնային խնդիրը՝ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունը: Այլ կերպ դա լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ ստորագրենք նոր փաստաթուղթ՝ ռազմաքաղաքական: Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի: [Գագիկ Ծառուկյան] |armenpress.am|


20:17-
Երբ Հայաստանին ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ, ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տակ պետք է վերադառնան ԼՂ, և Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվելու, ո՞նց էին պատկերացնում էդ իրավիճակը, լուծումը: Լուծումը պետք է լիներ մեկը. 2018թ․ դրությամբ բոլոր առումներով մեր երկրի դիմակայունության և մարտունակության բարձր մակարդակ պիտի ունենայինք, սրանով պետք է զուգորդվեր ամբողջ բանակցային գործընթացը, ինչը տեղի չի ունեցել: Թող ներվի ինձ այս անհամեստությունը, բայց միայն 2018-ից հետո է, որ այդպես եղել է: Հիմա արդեն միջազգային կառույցներն են  արձանագրում, որ 2011-ից 2020-նն ընկած ժամանակահատվածը, 2019-ին ձեռք է բերվել այդ տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62 տոկոսը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80 տոկոսը։ [Փաշինյանը՝ Օձունում] |Armtimes.com| 


19:26-
Թոշակները պետք է բարձրացնել, ամեն ինչ թանկացել է, մարդը 20 հազար դրամով ո՞նց կարող է ապրել: Գոնե 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ պետք է ինդեքսավորել թոշակները, տարեկան էլ 10 տոկոսով ավելացնել: Անհնարին ոչինչ չկա: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, անպայման Հիսուս Քրիստոսը մի ճանապարհ ցույց է տալու: Կարելի է փոքր ու միջին բիզնեսին մեկ տարով հարկերից ազատել, թող մի 30 մլն դրամ բյուջե մուտք չլինի, 300 հազար ընտանիք կարող են լիարժեք հանգիստ աշխատել, ապրել՝ մտածելով, որ իրենց վրա ակտ գրող չկա։ [ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` Իջևանում] |news.am|


18:38-
«Հայաստան» դաշինքի պատգամավորների թեկնածուներից, համաձայն ներկայացված հայտարարագրերի, ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած պատգամավորի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս հայտարարագրման պահին ունեցել է 980 մլն ՀՀ դրամ և 1մլն 927 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ 2 մլրդ 187 մլն 265 հազար։ Քոչարյանը բացի դրամական միջոցներից հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Վերջինս «Սիստեմա ԲՖԿ»-ում ունի 0․0306% բաժնետոմս։ Քոչարյանը հանդիսանում է նաև այս ընկերության անկախ տնօրենը։


17:50-
Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տվյալների՝ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի շուրջ 2 մլն 584 հազար քաղաքացի։ Հայաստանում ամենաքիչ ընտրող կա Վայոց ձորում՝ շուրջ 46 հազար մարդ, ամենաշատը՝ Երևանում ՝ շուրջ 856 հազար։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնություններից Հայաստանում մշտական բնակչության թվով ամենամեծ համայնքը եզդիներն են, ապա՝ ռուսները, ասորիներն ու քրդերը։ Նախընտրական հիմնադրամներին հունիսի 8-ի դրությամբ ամենաշատ մուտքեր ունեցել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գրեթե 132 մլն դրամ։ Մի քանի կուսակցության մուտքի թիվը 0 է։ |civilnet.am|


17:10-
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումը փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում: |tert.am|


16:50-
Կասեցնելու ենք համայնքների խոշորացման գործընթացը, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք ունենք։ Միգուցե այդ ընթացքում սխալ բաներ են արվել ու շտկելու կարիք կա։ Իսկ այն փաստը, որ ձեզ չեն տալիս սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, էս իշխանությունն է չորացրել։ Գյուղնախարարություն չկա, պատասխանատուն չկա, մեկը չկա, որ գյուղով զբաղվի։ Էս իշխանությունը գյուղի վրա խաչ է քաշել, ասում է՝ գյուղի հետ մենք գործ չունենք, գյուղացին հողի հետ ինչքան ուզում է, թող կռիվ անի: [Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ եզդիաբնակ Ալագյազ գյուղում] |hetq.am|


16:49-
Մենք մեր շուրջ հավաքել ենք լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որն իսկապես ուզում է ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպիսին էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է։ [«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ շարժման նախընտրական ծրագիրը ներկայացնելիս] |armenpress.am|


16:27-
Մեր ընտրողներին ոչինչ չենք համոզելու բացի ծրագիր ներկայացնելուց: Այսպես կոչված չկողմոնորշված, պայմանականորեն ասած նախկիններին եւ ներկաներին չընդունող ընտրողները կգնահատեն այդ ծրագիրը: Եվ այս համատեքստում ես շատ եմ կարեւորում մի հանգամանք՝ ուղղորդել ընտրողներին ավելի շատ ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը, այլ ոչ թե միմյանց նկատմամբ հակազդեցությունները այս կամ այն ուժերի կողմից: Անհրաժեշտ է ուսումնասիրել ծրագրեր։ Շատ կոնկրետ։ Այն, թե ինչ է արվելու, որպեսզի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորումից հետո ընտրողն ունենա ավելի բարեկեցիկ կյանք, որպեսզի 1400 կիլոմետրանոց այլեւս նոր սահմանը դառնա ապահով, անառիկ, իրավիճակը լինի կայուն: [«Մեր տունը Հայաստանն է» դաշինքը գլխավորող «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյան] |armtimes.com|


14:00-
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նիստի ժամանակ զեկուցեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, ԿԸՀ-ն դիմում է ստացել կուսակցության ղեկավարից, որով հայտնել են ինքնաբացարկի մասին: ԿԸՀ 7 անդամից նիստին մասնակցում էր 6-ը: 6 կողմ ձայնով ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը: |hetq.am|


15:33-
Մեր երկրում ներդրումնեը զրոյացել են ոչ միայն կառավարության վարած սխալ ներդրումային քաղաքականության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նման բևեռացված հասարակություն ունեցող երկրում ոչ ոք չի ուզում ներդրումներ անել։ Ներդրումներ լինում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, հասկանալի քաղաքական կայուն իրավիճակ։ Տնտեսական ճգնաժամից ու հասարակության բևեռացված լինելուց բացի, կա  նաև երկրի և նրա սահմանների անվտանգության հարցը։Փորձենք հասկանալ այս իրավիճակի պատճառը․ այսպես չպետք է լիներ, պատերազմ չպետք է սկսվեր, իսկ եթե սկսվեր էլ, ապա մենք չպետք է պարտվեինք, չպետք է ունենայինք սահմանային նման իրավիճակ և կոտրած ողնաշարով բանակ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Թալինում ընտրողների հետ հանդիպմանը]


15:27-
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործըթնացը դիտարկման ենթարկելու նպատակով: Դավթյանը նշել է, որ Դատախազությունը հանձնառու է առաջիկա ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու, մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու հարցում։ 


15:06-
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրահավաքային քարոզարշավի ձևաչափը չի ընտրել՝ իր ընտրողների ժամանակը խնայելու և իրենց ուղերձն ավելի լայն շրջանակների հասցնելու համար: Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների որևէ քաղաքական գործչի կամ ուժի հետ: Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված մարդիկ են: Մեր ընտրողներն այն մարդիկ են, որոնք զբաղված են իրենց աշխատանքային առօրյայով, չենք փորձում այնպիսի ձևաչափեր ընտրել, որ մարդկանց անհանգստացնենք: Դրա իմաստն էլ չկա, քարոզարշվային այս ձևաչափով մենք կարողանում ենք գնալ բակեր, ավելի շատ մարդիկ տեսնել։ [Անի Սամսոնյանը՝ Արաբկիրում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում] |armenpress.am| 


14:40-
Դաշինքի համար անկյունաքարային է հայրենիքի անվտանգության հիմնահարցը և ԼՂ հիմնախնդիրը։ Մենք շոշափել ենք հասարակական կարծիքը, նայել հասարակական տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալներ, ինչպես նաև ի մի բերել հանդիպումները: Ուսումնասիրով այս ամենը՝ վստահաբար կարող եմ ասել, որ ի դեմս «Պատիվ ունեմ» դաշինքի, մենք ստանալու ենք մեր ընտրողների պատկառելի թվով ձայները: Մեր ձայները կլինեն այնպիսին, որ ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյան] |armenpress.am|


14:22-
Իմ առաջարկը մերժվել է (երեք նախկին նախագահների դաշինքի վերաբերյալ, խմբ․), և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։  Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք։ [Լևոն Տեր-Պետրոսյանը ասուլիսի ժամանակ՝ խոսելով Քոչարյանի և Սարգսյանի հետ համագործակցության մասին]


13։50- 
Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ։ Պատմությունն այն մասին է, որ 2018թ․ մայիսից իմ ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, և այդ պահի դրությամբ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ:

 

13։35- Մարտի 1-ի գործը տապալելու, կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջությամբ ձախողելու, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում այսպիսի ֆիասկո արձանագրելու, բոլոր հանցագործներին ազատության մեջ թողնելու, անպատիժ թողնելու, հնարավորություն տալու համար, երեք տարի շարունակ ժողովրդին հիմարի տեղ դնելու համար և բերել երկիրը այս օրվան հասցնելու համար, երբ մենք բոլորովին այլ օրակարգեր պիտի առաջ մղեինք, ապագային միտված խոսակցություն պիտի ծավալեինք, բերել հասցրել եք նախկին ու ներկա այս ոչ մի տեղ տանող դիսկուրսին, սա որևէ մեկին չի ներվելու։ Սթափվե՛ք, եթե մեծ ու փոքր հանցագործները պատասխան չտան, պատասխան տալու են նրանք, ում փնթի ու տապալված աշխատանքի արդյունքում մենք ունենք այս իրականությունը։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը՝ Վարդենիսում քարոզարշավի ժամանակ]

 

13։26- «Պատիվ ունեմ» դաշինքի խմբերը վերջին օրերին հասցրել են լինել ՀՀ տարբեր մարզերում: Դաշինքի անդամներն ակտիվ հանդիպումներ են ունենում նաև Երևանի տարբեր համայնքներում տարբեր ձևաչափերով: Մենք քարոզչությունն իրականացնում ենք կոռեկտության սահմաններում, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին:  Իշխանությունը քարոզչության առաջին իսկ օրվանից ընտրեց ատելության խոսքի, բռնությունների և դեպի քաղաքացիական բախումներ տանող կործանարար ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը մեր հանրությանը ներկայացնելու ոչինչ չունի: Քաղաքացիական վրեժի կեղծ կոչերն արդեն կարելի է այսօր սպառված համարել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Խաչիկ Գալստյան]

 

12։57- Ինչու «Դաշնակցություն»․ որովհետև «Դաշնակցության» հետ ես նաև համագործակցության բավական երկար փորձ ունեմ․ մոտ 9 տարի երբ ես նախագահ էի, «Դաշնակցությունը» ներկայացված էր կառավարության մեջ, համագործակցությունը մեզ մոտ ստացվում էր, ես տեսնում էի նաև մարդկային պոտենցիալ և ամենից կարևորը, այս պարագայում, նվիրվածություն։ Իսկապես նվիրված են ազգային արժեքներին և երկրին։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Թալինում քարոզարշավի ժամանակ]

 

12:46- Freedom House-ը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: «Նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է ԼՂ-ում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների: Բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։ |armenpress.am|

 

12։35- ԿԸՀ-ն կքննարկի «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը։

 

12։08- «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ նրա 08.06.2021թ. թիվ 129-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Միհրան Պողոսյանին դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու ճանաչելու մասին: |hetq.am|

 

11։48- Ընտրություն հանրապետության և կայսրության միջև, ըստ էության՝ անկախության հանրաքվե. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի քարոզարշավի մեկնարկը՝ ամփոփ։

 

11։28- Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով: Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից: [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյան]

 

11։19- Մեր բանակը պետք է լինի մեր պետության գրավականը և երաշխիքը մեր անվտանգության։ Պետք է ստեղծենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը պետք է լինի անփոփոխ՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության։ Եվ պետք է ունենանք Պաշտպանության նախարարություն, որտեղ ՊՆ-ն պետք է իր գործով զբաղվի՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության։ [«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը՝ Հանրային ՀԸ-ում հարցազրույցի ժամանակ]

 

10։54- Պետությունը պետք է փոխի ամբողջ օրենքների փաթեթը, ինչը վերաբերում է սփկուռքին և հնարավորություն տալ մեր սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում։ Իհարկե, իրավապահ նորմեր պետք է լինեն, որ այդ մարդիկ լինեն ՀՀ քաղաքացի և այլն, բայց հնարավորություն տալ ընտրել իրենց իսկ ներկայացուցիժչին, ովքեր կարող են գործ անել ՀՀ-ում և ԱԺ-ում՝ ներկայացնելով հենց սփյուռքին։ Իմ կարծիքով՝ դա բավականին մեծ վստահության քվե կլինի նրանց համար։ [«Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը՝ Հանրային ՀԸ-ում հարցազրույցի ժամանակ]

 

10։39- Մեր միտքը, մեր գաղափարն այնպիսին է, որ Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիք, պատկանում են համայն հայությանը։ Եթե մենք ունենք բազմամիլիոնանոց սփյուռք, մտածում ենք, որ այդ սփյուռքը պետք է իր ներգրավվածությունն ունենա մեր երկրի պետականաշինության մեջ։ Հենց հիմքում դա է դրված․ բոլորս պետք է մեր լուման կարողանանք ներդնել, այդ հնարավորությունն ունենանք և մասնակից դառնանք մեր պետականաշինության և մյուս ոլորտներում։ [«Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյան]

 

10։22- Ընտրակաշառքի առաջին դեպք ենք բացահայտել։ Հարուցվել է արդեն քրեական գործ, ունենք նաև ձերբակալվածներ, ընդ որում ձերբակալվածներից մեկը նաև թեկնածու է։ Առաջիկայում կապահովվի նաև պաշտոնական հրապարակում, բոլորի համար պարզ կլինի, անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ասեմ առերևույթ, բայց ավելի քան բավական ապացույցներ ենք ունեցել անձանց նկատմամբ։ Կոռեկտ չի լինի, եթե նախընտրական քարոզչության ժամանակ ասեմ այդ մասին (թե որ ուժն է փորձել ընտրակաշառք բաժանել - խմբ․)։ Ընտրակաշառքի առարկան եղել էր մթերքը, բայց բավականին ծավալներ ունեցող։ [Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]

 

10։11- Հայաստանը պատերազմ սկսել չի կարող օբյեկտիվորեն, քանի որ բանակն այն վիճակում չէ, որ պատերազմի։ Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու։ Բանակցությունների միջոցով, մեր գործընկերների միջոցով, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջոցով պետք է սկսվեն բանակցություններ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցություններով պետք է նվազագույնը Հադրութի և Շուշիի վերադարձ լինի։ [«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյան] |hetq.am|

 

 

10։01- Սույն բողոքով պահանջում եմ հրավիրել ԿԸՀ-ի արտահերթ կամ հրատապ նիստ և քննարկել հունիսի 8-9-ին բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով հանդես եկած, ինչպես նաև սպառնալիքի ու ատելության խոսք տարածող և ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված բոլոր քաղաքական ուժերի (թեկնածուների) գրանցումը անվավեր ճանաչելու հարցը։ [«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության հայտարարությունը]

 

09։43- Հիմա նախընտրական քարոզչություն է, և շատերն իրենց նախընտրական տեսահոլովակներն են ցուցադրում հեռուստատեսությամբ` փորձելով քաղաքացիների ձայները ստանան: Բայց Հայաստանը, այսպես կոչված փրկելու Ռոբերտ Քոչարյանի թիմը, հայկական ՀԸ-ով վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական բայրաքթարները ռմբահարում են հայ զինվորներին, և որտեղ որ ցուցադրվում են հայ զինվորների սպանության տեսարանները: Որքան հայասպան էություն պիտի ունենա մարդ, որ հայ զինվորի սպանության կադրերը դարձնի նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց: Հունիսի 20-ին դուք քվեարկությամբ ձեր գնահատակնն եք տալու այս մարդկանց, այդ թվում նաև այսպիսի գործողություններին: [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ Գյումրիում քարոզարշավի ժամանակ] |armtimes.com|

 

09:20- Քայլերթեր, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 5

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 3


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել