ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:05 - 08 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2

23։00- Արտահերթ ընտրությունների քվեարկության օրը չտեսնող ընտրողները ինքնուրույն քվեարկելու համար կարող են նախ ծանոթանալ Բրայլյան այբուբենով տպագրված կուսակցությունների և դաշինքների ցուցակներին, այնուհետև օգտվել հատուկ կաղապարից: [ԿԸՀ]

 

22։40- «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուները եղել են Արարատի մարզում։ Նրանք հանդիպել են ֆերմերների հետ և խոսել գյուղի ու գյուղատնտեսության զարգացման ծրագրի մասին։ Համայնքի բնակիչները խոսել են գյուղատնտեսական ապրանքի բարձր ինքնարժեքի և վաճառքի ցածր գնի մասին՝ հետաքրքրվելով այս խնդրի շուրջ կուսակցության առաջարկած լուծումների մասին։ Հետո կոնկրետ խնդիր - կոնկրետ լուծում ձևաչափով կուսակցության թեկնածուները ներկայացրել են նախընտրական ծրագրի դրույթներն այս ոլորտում։ |shantnews.am|

 

21:21- Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, և ես անհրաժեշտ չէի համարում պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում, և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ: [Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքներին, թե ինքը «զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում»] |tert.am|


21:08-
Ռոբերտ Քոչարյան, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի,  ուզում ես՝ զենքով արի, ես խոսքով քեզ կոչնչացնեմ: Քեզ չեն փրկի մինչև այսօր իշխանության միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակները, բոլորիդ մի տեղ ընտրություններից հետո վռնդելու ենք ՀՀ քաղաքական դաշտից: [Նիկոլ Փաշինյանը` Աշտարակում] |tert.am|


20:55-
«Հայոց հայրենիք» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսեց Տավուշի մարզից: Կուսակցության անդամները շրջեցին Նոյեմբերյան, Այրում և Կողբ համայնքների գյուղերում, քարոզչական թերթիկներ բաժանեցին։ Մենք ունենք շատ լավ ծրագիր, որը կյանքի կոչվելուց հետո իրոք երկիր կունենանք, չենք կորցնի մեր երկիրը: [«Հայոց հայրենիք» կուսակցության անդամ Անահիտ Եղոյան] |1lurer.am|


20:50-
«Ազատ Հայրենիք» դաշինքը հունիսի 8-ին քարոզարշավ է անցկացրել Իջևան, Դիլիջան և Սևան քաղաքներում։ Քաղաքացիները հարցեր են ուղղել դաշինքի առաջնորդներին Հայաստանի անվտանգության համակարգի վերականգնման, ընտրական գործընթացների և այլ հուզող խնդիրների վերաբերյալ։


19:56-
«Հայաստան» դաշինքը իշխանության գալու պարագայում երեք տարվա մեջ ապահովելու է 3 մլրդ դոլարի ներդրում: Վերականգնելով գյուղատնտեսության նախարարությունը, 3.5-4 տարիների ընթացքում լուծելու ենք գյուղատնտեսության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը՝ ոռոգման հարցը: Երեք տարում վերականգնելու ենք հայոց բանակը։ [Դաշինքի ներկայացուցի Իշխան Սաղաթելյանը՝ վայքեցիների հետ հանդիպմանը] |armenpress.am|


19:49-
Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին լիազորում եմ բանակցել այդ թեմայով: Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք։ Սպասում եմ նրանց պատասխանին: [Փաշինյանը` ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի խոսքին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու վերադարձնելու դիմաց] |armenpress.am|


19:39-
1990-ականներին մենք կրկին փայլուն էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպում։ Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, ապագա չենք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին։ 1990-ականների հաղթանակի բանալին սա էր։ [ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը՝ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ] |news.am|


19:13-
Հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 53 հաղորդում: Դրանցից  11-ը ԶԼՄ-ների հրապարակումներ են, 24-ը՝ սոցցանցերում կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզանձանց կողմից տրված հաղորդումներ,  2-ը՝ ոստիկանության ստացած տվյալներ և 3-ը դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են: Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրգործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՔՕ 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրգործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում: [Գլխավոր դատախազություն] 


18:30-
Անհրաժեշտ է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` 2021 թվականի հունիսի 10-ը ներառյալ, համապատասխան դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություններ, ինչի հիման վրա հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կընդգրվեք ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում և այդ կապակցությամբ կտրվի սահմանված ձևի տեղեկանք: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դիմումները կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 14:00-ն: [ՀՀ ոստիկանություն]


17։45- 
«5165» շարժման տելեգրամյան էջը կոտրել են, եւ հայտարարություն տարածել Շարժման անունից, որի հետ Շարժումը կապ չունի։ Այժմ մեր մասնագետներն աշխատում են այն վերականգնելու ուղղությամբ։ [«5165» շարժում]

 

17։44- Մենք պետք է հասնենք զարգացման, աշխատանքի, ներդրման։ Առանց գումարի չի լինելու, չի կարող լինել։ Գումար պետք է դնենք տարեկան 2 միլիարդ, միլիարդ ու կես, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսական հողերը մշակենք՝ ինչ-որ կարելի է մշակել, ինչ- որ կարելի է արտադրել։ Պետք է գյուղնախարարությունը բացվի: Չի կարող 5 հատ նախարարություն լինի ու միասնական մի հատ ղեկավար։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա։ [Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում]

 

17։28- «Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավի շրջանակներում Հանրապետության մարզերում շարունակում է ընտրողներին ներկայացնել ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ դաշինքի ծրագիրը: ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ: Աշտարակում հանդիպում է ունեցել բնակչության հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

 

17։00- Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա, դա Ռուսաստանն է՝ դարավոր մեր գործընկերը, բարեկամը, հարազատը, որ միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել։ Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային, բարեկամական իրականացնենք, ամրապնդենք և այսօր սահմանների վրա պետք է կանգնած լինի հայ և ռուս զինվորը: Իրենք ուս ուսի տված, ուս ուսի կանգնած, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի, և մենք էլ ապահով լինենք։ [Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում քարոզարշավի ժամանակ]

 

16։48- Այս ընտրարշավը շատ բարդ պայմաններում է անցնում։ Այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիներ են, որ ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, ամրացել են և դեռ պայմաններ են մեզ թելադրում։ Իսկ գործող ապիկար իշխանությունը, փոխանակ թշնամու դեմ պայքարելու, երկրի ներսում թշնամիներ է կարգում և նրանց դեմ է պայքար մղում։ Մեր տղաները Բաքվի բանտերում խոշտանգվում  և սպանվում են, իսկ երեկ գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարում է, որ եթե մի քանի ամիս էլ սպասեն, նրանք կարող են և կներեն նրանց։ Ո՛չ, չեն ներելու, չեն ներելու նաև նրանց ծնողները, նրանց որդիները։ [«Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը՝ Գորիսում հանրահավաքի ժամանակ]

 

16։33- Ես գնում եմ մենակ, իմ թիմի հետ։ Եղել եմ երկրորդ քաղաքական ուժը։ Իմ ծրագրերը իրականացնելու համար հարկավոր է, որ կարողանամ ունենալ մեծ ձայներ, որ իմ ասածները անմիջապես կյանքի կոչեմ, մի բան էլ ավել անեմ։ Ես ուզում եմ իմ հնարավորությունը, ծանոթությունը, կապերը, փորձը օգտագործելով իմ երկիրը զարգանա, իմ երկիրը հզորանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, գնացողները հետ վերադառնան, մենք կարող ենք անել դա։ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում քարոզարշավի ժամանակ]

 

16։23- Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Պետությունը բարձր պատասխանատվություն է կրում հատկապես հավաքների ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու հարցում: Լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անթույլատրելի է և պետք է արագ ու պատշաճ իրավական գնահատական ստանա: Պետք է արագ ու արդյունավետ արձագանքեն պետական, այդ թվում` իրավապահ մարմինները: [ՀՀ ՄԻՊ]

 

16։13- Առանց ուժեղ տնտեսության չկա ուժեղ բանակ, չկա ուժեղ գիտություն, չկա ուժեղ առողջապահություն, չկա ուժեղ սոցիալական ապահովություն, և որպես խնդրի լուծման տարբերակ առաջարկում ենք հույսներս դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել մեր ունեցած հանքային բոլոր ռեսուրսները, կառավարել մեր ունեցած ջրային ռեսուրսները, դրանից եկած փողը տանել բանակ, տանել գիտություն և կրթություն, սպառազինել մեր բանակին այնպես, որ կարողանա մի քանի տարի հետո արդեն իսկ շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ թշնամին մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել։ [«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան] 

 

16։00- Քաղաքական գործով զբաղվող մարդիկ, երբ փորձում են կազմակերպել հասարակական կյանքը քաղաքականապես, այլ խնդիր չունեն, քան ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդը կարողանա ինքնադրսեւորվել, իր ներուժը, գիտելիքները, կարողությունները կատարելագործել, եւ կարողանա նաեւ երջանիկ զգալ ինքնադրսեւորմամաբ, ինքնաարտահայտմամբ։ Եթե մենք չստեղծենք այդպիսի հանրույթ, այդպիսի քաղաքական միջավայր, մենք էլի մեզ դժբախտ կզգանք։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ Գորիսի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ]

 

15։38- «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը կարծում է, որ Հայաստանում ոչ մի լավ բան պետք չէ սպասել, եթե սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է՝ այդ պարագայում պետությունը մտնելու է ցիկլիկ հեղափոխությունների շրջան: Գլխավոր՝ արդարության հարցը, ըստ նրա, չի լուծվում: |civilnet.am|

 

15։18- Միասնական հայրենիք կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանն այցելել է Վայոց ձոր, որտեղ հանդիպել է մարզի բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։

 

15:08- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: Որոշումն ընդունվել է հունիսի 8-ի նիստի ժամանակ: |armenpress.am|

 

15:03- Ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում ենք բանակցությունների միջոցով ադրբեջանական զորքը դուրս հանել Հայաստանի տարածքից, արտաքին քաղաքականության հարցում հանդես բերել բալանսավորված մոտեցում: Ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, ընդդեմ թշնամու միասնական հանդես գալու իրենց թեզերը գնալով ավելի ու ավելի է արդիական դառնում՝ հատկապես երեկվա քարոզչական օրվանից հետո: [ Էդմոն Մարուքյան] |armenpress.am|

 

14:47- Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։ Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։ Այն հիմնարկի ղեկավարները, որ իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների։[Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզում]

 

14:43- Մեծամորի մշակույթի տան մուտքի մոտ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառներ, իսկ որտեղ՝ ոչ: Այդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ ամրագրվել է, որ «Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ՝ այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են…»: Օրվա վերջում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչը տրամադրել էր նկարներ, որոնք փաստում են, որ պաստառներն արդեն հանված էին: |fip.am|

 

14:21- ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները:

 

13։54- Ինչպես 2018 թ․-ին՝ հեղափոխությունից առաջ, ասում էի, որ կադրային ջարդ չի լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են և կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018թ․-ից հետո, հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։ Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը և մենք բոլոր այդ տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ]

 

13:48- ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստով դարձյալ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: Կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր անդամները: |hetq.am|

 

13:17- Խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: |armenpress.am|

 

13:12- Վերցրեք թուղթ ու գրիչ և փորձեք թղթին տալ, թե ձեր կարծիքով՝ որոնք են երկրի առջև կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ և ինքներդ ձեզ հարց տվեք, թե այս իշխանությունը արդյո՞ք ի վիճակի է այս խնդիրները լուծել։ Առաջարկում եմ վերցնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակը և որոշել, թե ձեզ համար որն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ, բավարար կամային հատկություններ, վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար և մենք համարում ենք, որ այդ ուժը մենք ենք։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան] |tert.am|

 

13:07- ԿԸՀ-ն հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել:

 

12:53- «ՔՊ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում: Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: Փաշինյանի խոսքով՝ խնդրի հիմնովին լուծումը փոքր ջրամբարներն են: |1lurer.am|

 

12:45- Ծրագրերը շատ են, որոնք կարելի է կյանքի կոչել հունիսի 21-ից սկսած, բայց դրա համար պետք է հանրային համերաշխություն, պետք է, որ ժողովուրդը տա «Լուսավոր Հայաստանին» այդ մանդատը՝ թույլ չտալու միմյանց վերացնել ցանկացող ուժերին՝ վերացնել երկիրը: Կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է: Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի կուսակցություն ու մի ուժ չի կարող լուծել: Լուսավոր Հայաստանը մասնակցում է ընտրություններին հանրային համերաշխության գաղափարախոսությամբ։ Ձևավորելու են միայն պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարություն: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյան] |tert.am|

 

12։22- Մենք պետք է Հայաստանում վերահաստատենք ժողովրդի իշխանությունը։ Ինչո՞ւ եմ ասում՝ վերահաստատենք ժողովրդի իշխանությունը, որովհետև ձեզնից ստացած իշխանությունը վերադարձրել ենք ձեզ։ Այս ընթացքում ձեզ հայտնի ուժերը ուզում էին խլել իշխանությունը, բայց այդ իշխանությունը ամեն գնով պահել ենք։ Ոչ թե մեզ համար, այլ պահել ենք ձեզ համար, որ այսօր ձեզ վերադարձնենք իշխանությունը։ Եվ այսօր իշխանությունը ամենևին այս հարթակում կանգնածները չեն, այսօր իշխանությունը հրապարակում կանգնածներն են, որովհետև դուք որոշելու եք քաղաքական ուժերի քաղաքական ճակատագիրը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արագածավան համայնքում քարոզարշավի ժամանակ]

 

12։04- Սա այն ընտրությունն է, որտեղ մասնակցում են Հայաստանի բոլոր չորս իշխանությունները։ Եվ պատերազմը մեր կառուցած, մեր բոլոր իշխանությունների կառուցած պետականության քննությունն էր, ապա այս ընտրությունները թող լինեն ժողովրդի կողմից այդ արդար դատը գնահատելու և այդ քննությունն ընդունելու (քննություն - խմբ․)՝ ինչ պետություն են ստեղծել, և արդյոք նրանք պատիվ ունեն դրանից խոսելու, իրավունք ունեն հայաստան բառը տալու, թե որևէ այլ բան։ Հայաստանի իրավիճակն այնպիսին է, որտեղ այլևս չի կարող կառուցվել 19-րդ դարի պետություն։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը՝ Արագածոտնում քարոզարշավի ժամանակ]

 

11։42- Մենք խոսում ենք մեր երկրի զարգացումից, հնչեցնում ենք կոնկրետ թվեր և ցուցանիշներ։ Հստակ ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում լուծելու ենք մեր բանակի վերակազմակերպման հարցը և երեք տարիների ընթացքում բանակի սպառազինության հարցը։ Ասում ենք՝ փոխելու ենք կառավարության կառուցվածքը, վերականգնելու ենք գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները։ Հստակ ասում ենք՝ գյուղոլորտում ինչ բարեփոխումներ ենք անելու, ասում ենք, որ 3 տարվա ընթացքում լուծելու ենք ոռոգման խնդիրը։ Հստակ նշում ենք առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում ինչ ծրագիր ենք անում։ Բայց հակառակ կողմը կրկին շարունակում է իր վայրահաչոցները, լաչառությունը, չկա որևէ բովանդակություն, որովհետև ասելիք չունեն, որովհետև մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին։ Մենք շարունակելու ենք չարձագանքել այդ վայրահաչոցներին և խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից։ [«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյան]

 

11։14- Մեր քարոզարշավը տարբերվում է մյուսներից։ Մենք մտնում ենք կոնկրետ բակեր, կոնկրետ թաղամասերով գնում ենք և հնարավորինս շատ մարդկանց ենք ուզում մեր ուղերձը հասցնել։ Երեկվա քարոզչության օրը թե՛ գործող վարչապետի պաշտոնակատարի, թե՛ նախկին իշխանությունների հայտարարությունները ցույց տվեցին, որ մենք մեր թեզերի մեջ ճիշտ էինք։ Իրար ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու վերաբերյալ երեկվա հայտարարությունները իրապես մտահոգիչ էին։ Եվ հետևաբար միանշանակ է, որ մեր ուղերձը ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, միասնական լինելու՝ ընդդեմ մեր թշնամու, գնալով ավելի ու ավելի է ամրանում և գնալով ավելի է արդիականանում։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

 

09։46- Ընտրությունների մասնակցող 13 կուսակցություն զրկվել է երկրի այս վիճակի համար պատասխանատու անձանցից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։ Կազմակերպիչները, լավ իմանալով, որ բանավեճը ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա, որդեգրել են անարդարացի սկզբունք։ Այն բացառում է նոր կուսակցությունների, նոր ասելիքի առերեսումը և համեմատումը հին կուսակցությունների և հին ասելիքի հետ։ [10 ուժի հայտարարություն]

 

09։23- Հայաստանում շարունակվում է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Քաղաքական ուժերի այսօր անցկացվելիք քարոզարշավների տեղի և ժամանակի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ։ |armenpress.am|

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ օր 3

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ օր 1


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել