Կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան
10:59 - 11 հունիսի, 2021

Կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Այս մասին Դիլիջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, ստեղծվեն էթիկայի կանոնների պահպանման մեխանիզմներ, կանոնները խախտելու համար՝ սահմանափակումներ։ Ինչու պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ (և պետք է ունենա). նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև լրատվական դաշտում էսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի»,- նշեց նա։

Անդրադառնալով քաղաքացիների կրթության մակարդակին՝ Փաշինյանը խոսեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի մասին․ «ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին»։

Նրա խոսքով՝ ամենևին պատահական չէ, որ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին էդ մարդիկ ուզում էին Հայաստանում հեղափոխություն անել, վեր էին կենում հարթակից ժողովրդին անվանում «ժեխ», «բոմժ», վիրավորելու համար ասում են «Եհովայի վկա», «զոմբի»․ «Էս պատմությունը պատերազմի հետ կապ չունի։ Չե՞ք նկատում՝ արդեն մոռացել են։ Նրանք չեն հասկանում՝ ոնց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել, իրենք «էլիտայով» պետք է որոշեն»։

Վարչապետի թեկնածուն դարձյալ շեշտեց, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և որևէ մեկը չփորձի ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը։

«Մենք էդ կեղծ «էլիտաներին» թույլ չենք տալու վերարտադրվել։ Այո՛, եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն, ,ինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել