Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս հինգերորդ [«Հանրապետություն» կուսակցություն]
18:03 - 16 հունիսի, 2021

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս հինգերորդ [«Հանրապետություն» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Հանրապետություն» կուսակցության թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 16 մլն ՀՀ դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 5000 եվրո գումար, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 29 մլն 345 հազար ՀՀ դրամ։ Արամ Սարգսյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 հողամաս, 1 տարածք և 2 տրանսպորտային միջոց՝ «Hyundai Tuscani 2.0» և «Mercedes-Benz G 350» մակնիշների։ Սարգսյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 100 հազար դոլար արժողությամբ գրիչների հավաքածու, 25 հազար դոլար արժողությամբ ժամացույց և 16-րդ դարի նկար, որի արժեքը գնահատված չէ։ Կուսակցության՝ վարչապետի թեկնածուն բաժնեմասեր ունի «Գալիք», «Հատուկ ցեմենտ» և «Կավաշեն» ընկերություններում։

Կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Ռոբերտ Մանուկյանն է։ Վերջինս հայտարարագրել է 157 մլն ՀՀ դրամ և 340 հազար ԱՄՆ դոլար, որը, ՀՀ դրամի վերածած, կազմում է 331 մլն 250 հազար։ Մանուկյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 արտադրամաս, 1 տնամերձ հողամաս և 2 գյուղատնտեսական հողամաս։ Մանուկյանը «Սամ-Հար» ընկերության բաժնետեր է։

Պատգամավորի թեկնածու Մանվել Ղազարյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 12 մլն ՀՀ դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար և 12 հազար եվրո, որը, դրամի վերածած, կազմում է 24 մլն 553 հազար։ Բացի դրամական միջոցներից՝ Ղազարյանը հայտարարագրել է 1 բնակարան և ձեղնահարկ, 12 հողամաս և 1 բեռնատար։ Մանվել Ղազարյանը 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք է հայտարարագրել՝ 20 հազար դոլար արժողությամբ ժամացույց և նկար, որի արժեքը գնահատված չէ։ Ղազարյանը բաժնետոմսեր ունի «Վեդի-Ալկո» և «Արմավիրի կաթի գործարան» ընկերություններում։

Պատգամավորի թեկնածու Քրիստինա Սարոյանը չի աշխատում, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն ՀՀ դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար և 3000 եվրո, որը, դրամի վերածած, կազմում է 22 մլն 232 հազար դրամ։ Սարոյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք 2 գույք՝ 18-րդ դարի 2 նկար, որոնց արժեքը գնահատված չէ, և 9 մլն դրամ արժողությամբ ժամացույց։

Պատգամավորի թեկնածու Ելենա Ասրիյանը չի աշխատում, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարգրել է 5 մլն ՀՀ դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար և 7000 եվրո, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 37 մլն 520 հազար ՀՀ դրամ։ Ասրիյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 բնակարան, 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք՝ 3 նկար և 5 զարդ, որոնց արժեքը գնահատված չէ։

Մասիս Շիրոյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 4 մլն ՀՀ դրամ։ Չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք՝ 28 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Rolex» և 29 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Breitling» ժամացույց։

Պատգամավորի թեկնածու Նելլի Պողոսյանը չի աշխատում, չունի եկամուտներ, չունի դրամական միջոցներ, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 27 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Ֆրանկ Մյուլլեռ» ժամացույց, 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հնաոճ կահույք և 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նկար։

Տիգրան Տեր-Մարգարյանը չի աշխատում, վերջին մեկ տարում չի ունեցել եկամտի աղբյուր, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 8 մլն ՀՀ դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար և 5000 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 23 մլն 907 հազար։ Բացի դրամական միջոցներից՝ Տեր-Մարգարյանը հայտարարգրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 21 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Bovet» ժամացույց, 27 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Breguet» ժամացույց և 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2 կարատ ադամանդ։

Պատգամավորի թեկնածու Հայկ Սահակյանը չի աշխատում, վերջին մեկ տարում չի ունեցել եկամտի աղբյուր, չունի արժեթղթեր և այլ ներդրումներ, սակայն որպես դրամական միջոց հայտարարագրել է 7 մլն ՀՀ դրամ, 5000 դոլար և 1200 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 11 մլն 110 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Սահակյանը հայտարարագրել է 12 մլն դրամ արժողությամբ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույց և անտիկվար նկար, որի արժեքը գնահատված չէ։

Ընդհանուր առմամբ, «Հանրապետություն» կուսակցության՝ պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները միասին կազմում են 430 մլն 80 հազար 600 ՀՀ դրամ, 925 հազար ԱՄՆ դոլար, 274 հազար եվրո և 695 հազար ռուբլի, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 1 մլրդ 76 մլն 115 հազար ՀՀ դրամ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել