«Վհատվել չկա». ՀԱԿ փոխնախագահը դիմել է թիմին
16:20 - 24 հունիսի, 2021

«Վհատվել չկա». ՀԱԿ փոխնախագահը դիմել է թիմին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին ու դիմել թիմին:

«Սիրելի թիմ Կոնգրես 2021, Բոլորիդ հայտնում եմ խորին երախտագիտություն ընտրարշավի ընթացքում հոյակապ աշխատանքի համար, որի մեջ դուք ներդրեցիք ձեր ամբողջ եռանդը, նվիրվածությունը եւ սերը մեր երկրի նկատմամբ:

Ընդամենը 30 օրվա ընթացում մենք կարողացանք ներկայացնել մեր հասարակությանը ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, Հայաստանի զարգացման մեր ծրագրերը, իրատեսական քաղաքականության վերադարձի անհրաժեշտությունը: Ցավոք, աղքատության եւ կախվածության մեջ գտնվող մեր ժողովրդի վրա ադմինիստրատիվ ռեսուրսի ու պետական/մասնավոր գործատուների ճնշումները, ինչպես նաեւ օլիգարխներին պատկանող փողն ու լրատվամիջոցները գերի են վերցրել մեր ընտրական եւ, լայն իմաստով, քաղաքական համակարգը: Նման համակարգում հաղթում են փող եւ լծակ ունեցող, հետեւաբար, նաեւ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների տեր քաղաքական ուժերը, եւ ոչ ռացիոնալիզմը կամ քաղաքական միտքը։ Վհատվել չկա։ Որեւէ ազգ միեւնույն է չի կարող առաջընթաց ունենալ առանց ռացիոնալ քաղաքական մտքի եւ սթափ հաշվարկի վրա կառուցած ծրագրերի։

Հենց այդ սկզբունքների եւ գաղափարների շնորհիվ մեզ հաջողվեց մեր կողմ բերել մտածող մարդկանց զգալի հատվածին եւ, ինչն ամենաոգեւորիչն է, ուսման, գիտության, արվեստի եւ գործարարության մեջ հաջողակ երիտասարդությանը: Մեզ ընդամենը պետք է պահպանել եւ ընդարձակել ընտրարշավի ընթացքում ստեղծված հոյակապ նոր թիմը եւ աջակիցների հենարանը հետագա քաղաքական մարտերի համար: Այս իշխանությունների երեք տարվա կառավարումն ապացուցել է, որ նրանք կատարյալ ձախողակ են պետական կառավարման եւ հաջողել են միայն դեմագոգիայի եւ հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործում: Կասկած չունեմ, որ շատ շուտով պետք է գալու մոբիլիզացնել մեր բոլորիս ջանքերը նրանց ձախողումների հետեւաքները հաղթահարելու եւ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Շնորհակալություն Կոնգրեսի բոլոր թեկնածուներին, աջակիցներին, ֆինանսական ներդրում կատարողներին, քարոզիչներին եւ շտաբային աշխատանք կատարողներին: Ռացիոնալիզմը եւ արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել