Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը․ Հայկ Մամիջանյան
19:16 - 14 սեպտեմբերի, 2021

Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը․ Հայկ Մամիջանյան

Ցանկացած պետական ծառայողի թիվ մեկ առաջնահերթյուններից մեկը մեր գերի տղաների վերադարձն է հայրենիք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը․

«Դրան են միտված մեր ֆրակցիայի, երկու կուսակցությունների լծակները։ Թվարկեմ մի քանի կետ, որոնք պարտավոր էր անել իշխող մեծամասնությունը, իմ տեղեկությունների համաձայն՝ չի արել, բայց դեռ ուշ չէ դրանք կիրառել։

Կետ առաջին․ այս պահին տեղի են ունենում ԵՄ-Ադրբեջան բանակցությունները՝ իրենց ռազմավարական համագործակցության վերաբերյալ․ մենք բոլոր լծակներով՝ խորհրդարանական եւ ոչ միայն, պիտի հասնենք նրան, որ գերիների վերադարձը դառնա այդ համաձայնագրի նախապայմաններից մեկը։

Երկրորդ՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որ, հավանաբար, տեղի է ունենալու աշնանը, Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը։ Ադրբեջանի վրա, ցավոք, այլ ճնշում այս պահին կարծես չի կիրառվում։

Եթե նախորդ երկու պարագաներում մենք անուղղակիորեն ենք ազդում խնդրի վրա, ապա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք ուղիղ ազդեցության գործիք ունենք»,- ասաց Մամիջանյանն ու մեկնաբանեց, որ Եվրանեսթի պարագայում հնարավորություն կա հայտարարելու քո կենսական շահը, որի շրջանակներում իրավունք կա կիրառելու վետո՝ Բյուրոյից մինչեւ բուն Վեհաժողով։

Մամիջանյանի կարծիքով՝ մեր խորհրդարանական պատվիրակությունը պարտավոր է գերիների վերադարձը հայտարարել որպես կենսական շահ (vital interest), եւ բոլոր հնարավոր տարբերակներով, վետոներով հասնել այդ խնդրի լուծմանը․

«Դա գուցե ներկայացվի որպես տորպեդահարում, բայց մենք արդար գործի համար ենք պայքարում։ Շատ բարդ է այս բոլոր ասածներիս իրականացումն ակնկալել, եթե ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողներին ասել է, որ ադրբեջանական ոստիկանական անցակետը դրվել է Սովետական Ադրբեջանի տարածքում։ Լա՛վ, ես չեմ հասկանում՝ էդ հայտարարությունները, որ անում եք, հետո բոլորս միասին ո՞նց ենք որպես երկիր դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից, թե՞ գերիներին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել