Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան
00:00 - 01 հունվարի, 2001

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը ՎՏԲ-Հայաստանի Մեղրու մասնաճյուղի հաճախորդների սպասարկման մենեջեր Արմեն Հայրապետյանն է։ Վերջինս իր թիմի հետ ակտիվ քարոզարշավ է իրականացնում Մեղրու բնակավայրերում, լսում բնակիչների խնդիրները՝ ե՛ւ ընտրվելու, ե՛ւ նաեւ ավագանիում ներկայացված չլինելու պարագայում դրանց լուծումներ տալու պատրաստակամությամբ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց Հայրապետյանը՝ Մեղրու բնակիչներին կոչ անելով հետեւողական լինել իրենց խոստումների ու աշխատանքի նկատմամբ։

Թե առաջնահերթ լուծում պահանջող ինչ հարցեր կան համայնքում, մեր զրուցակիցն առանձնացրեց ոռոգման ջրի խնդիրը, որի մասին, ի դեպ, նաեւ առաջադրված մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են խոսել։ Այս հարցը Մեղրու բնակիչների համար շատ մտահոգիչ է, հատկապես, որ այս տարի ջրի սակավություն է եղել։ 

Մեղրիում առաջադրված թեկնածուներից Բագրատ Զաքարյանն, օրինակ, մեր զրույցում այս խնդրի լուծման մի ճանապարհ նախանշեց Մեղրու ջրօգտագործողների ընկերությունը համայնքային վերահսկողության հանձնելը։ Բայց այս տարբերակն, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանի, դեռեւս բավարար չէ հարցն ըստ էության լուծելու համար․ «Այս տարի ջրից սակավ տարի էր, դրան գումարած ՋՕԸ-ի վատ աշխատանքը․․․ Պոմպակայանները մի շարք բնակավայրերում չէին կարողանում ապահովել ոռոգման խնդիրը, անընդհատ փչանում էին եւ այլն։ Հիմա չունենք ջրամբար։ Ջրամբարի կառուցումը խոշոր ծրագիր է․ բոլորն ասում են՝ նախկինում ջրամբարի կառուցման ծրագիր եղել է, բայց տարեցտարի գյուղատնտեսությունն աճում է, սրանից քսան տարի առաջ նախագիծն այսօր կարող է արդիական չլինել։ Ջրամբարի նախագիծը գերակա նպատակ է, նոր հաշվարկներ պիտի արվեն, բայց մինչ այդ կարելի է օգտվել Արաքս գետից՝ ինքնահոս ջրագծով, սա էլ առաջնային նպատակ է, պետք է ինքնահոս ջրագիծ անցկացվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայրապետյանը չմոռացավ նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ թեեւ դրա լուծումը դուրս է համայնքային լիազորությունների շրջանակից, բայց իրենք հետեւողական են լինելու նաեւ այս հարցում․ «Եթե խնդիրը չի լուծվում, ուրեմն ինչ-որ խոչընդոտ կա։ Պետք է նախ հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Տարբեր մեկնաբանություններ կան։ Այստեղ գրասենյակ չկա, եւ լինում է՝ մեքենաները հարվածեն ինչ-որ խողովակի, բայց պատկան մարմինները չիմանան, որ խողովակ է վնասվել։ Բայց երբ մարդիկ իմանան, որ գազը տրված է, խողովակ է վնասվել, եւ իմանան, որ կարող են դիմել համապատասխան մարմիններին, արդեն հասցեական տեղյակ կպահեն խնդրի մասին։ Ամեն դեպքում հետեւողական ենք լինելու այս հարցում»,- վստահեցրեց Հայրապետյանը։

«Ապրելու երկիրը» մտադիր է համայնքում կրթական-գիտական, տուրիզմի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, որտեղ մասնագիտացած անձինք հետագայում կաշխատեն այդ ոլորտներում․ «Այսօր աշխատանքը շատ է, մասնագետները՝ քիչ։ Նպատակ ունենք նաեւ հիմնել խաղահրապարակներ, Մեղրիում նոր սպորտդպրոց կառուցել՝ փակ լողավազանով»։

Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, մեր զրուցակիցը նշեց, որ գյուղական համայնքներում բնակիչների հետ հանդիպումներից էլ հասկացել են, որ տեղացիները պատրաստ են ներգրավվել էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներին որպես կեցավայր տրամադրելով նաեւ իրենց տները․ «Լինում է՝ տուրիստները ցանկանում են մնալ գյուղում, բայց գյուղացու համար, այսպես ասած, գովազդ անելն այդքան էլ հեշտ չէ։ Հարկավոր է համակարգել այդ աշխատանքները, ստեղծել մի հարթակ, որտեղ գյուղացիները կտեղադրեն իրենց տան լուսանկարները՝ նշելով, որ պատրաստ են հյուրընկալել զբոսաշրջիկներին։ Այդպես ավելի հեշտ կլինի ե՛ւ գյուղացու համար, որը զբաղված է գյուղական առօրյա գործերով, ե՛ւ զբոսաշրջիկի, որը կկարողանա ավելի հեշտ ու արագ ամրագրել, գին ճշտել, եւ այլն»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով նաեւ, որ պետք է զարգացնել տուրիստական երթուղիները։

«Ապրելու երկիրը» Մեղրիում ակնկալում է բնակիչների քվեները՝ նշելով, որ իրենք երիտասարդ թիմ են ու պատրաստակամ՝ լծվել համայնքի խնդիրների լուծմանը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանը մեր զրույցում վստահեցրեց, որ համայնքապետարանում ներկայացված չլինելու պարագայում էլ հնարավոր եղանակներով փորձելու են մասնակից լինել Մեղրիի զարգացմանը։

Լուսանկարը՝ Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել