Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա, ընդդիմությունը չի կարող իշխանությանը ստիպել շեղվել այդ ծրագրերից. Հարությունյան |armenpress.am|
16:08 - 02 հունիսի, 2022

Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա, ընդդիմությունը չի կարող իշխանությանը ստիպել շեղվել այդ ծրագրերից. Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում կա որոշակի մարտավարություն, և ընդդիմությունն իր պահվածով չի կարող ստիպել, որ իշխանությունը շեղվի այդ ծրագրերից:

Հարությունն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմության ակցիաների վերաբերյալ իշխանությունը փակ դռների հետևում ի՞նչ է քննարկում՝ Հարությունյանը վստահեցրեց, որ այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է, կառավարությունն իրողություններն ընդունում է ի գիտություն: Նա հավելեց, որ կառավարությունը հրապարակային է իր գործողություններում, իր հայտարարություններում ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերի ժամանակ, հարցազրույցներում, մամուլի հետ շփումներում:

Անդրադառնալով ընդդիմության այն գործողություներին, որով տարբեր նախարարությունների մոտ ակցիաներ են իրականացնում և իշխանությունների ներկայացուցիչներից հավաստիացումներ  պահանջում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Հարությունյանն ասաց. «Եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա: Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում և բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց, եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի: Նայեք, այդ ընդդիմությունն ինչպես էր իրեն պահում ներխուժելով Արտաքին գործերի նախարարության շենք, ինչպես էր ինքն իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են Արցախի խնդրի համար, այն ԱԳՆ-ի, որը իրականացնում է կառավարության ծրագիրը, որտեղ հստակ մատնանշումներ կան Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, այն փոխարտգործնախարարին, որը գնում է բանակցելու»:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը թույլ ընդդիմություն է, իր ազդեցությունն էլ թույլ է, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում՝ տվյալ անձանց գործունեության հետ կապված: Անդրադառնալով համապատասխան հայտարարություններ անելու ընդդիմության պահանջներին՝ Հարությունն ասաց. «Իշխանությունը հայտարարություններ և հաստատումներ է անում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Կա բանակցային գործընթաց, և այդ բանակցային գործընթացում որոշակի տակտիկա, մարտավարություն կա: Եվ ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որ կառավարությունը և իշխանությունը շեղվի այդ ծրագրերից»:

Ըստ նրա՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, շատ բանի հասնել, քիչ խոսել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»՝ վստահեցնելով, որ հայկական կողմը միանշանակ հասնելու է շատի:

«Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Յուրաքանչյուրը պետք է այդ քվեն հարգի, ոչ թե տվյալ կառավարությանը և իշխանությանը, այլ այդ քվեն: Մոտ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը այդ պատասխանները տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից»,-ասաց Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել