Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ. Նարիշկին
10:16 - 19 հուլիսի, 2022

Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ. Նարիշկին

civilnet.am: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս Երևան կատարած այցի հետ։ Այս մասին Նարիշկինն ասել է Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Իմ այցն այստեղ` Երևան, որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է նա։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հուլիսի 18-ին Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Հուլիսի 15-ին Հայաստան էր ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Երևանում նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը Բըրնսը հանդիպում էր ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Սերգեյ Նարիշկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»։

Նրա համոզմամբ՝ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։ Նարիշկինը հիշեցրել է, որ տարածաշրջանում գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։

Նարիշկինի խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով:

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (2)

Lusya Saroyan 12:09 20.հուլիսի.2022

Չհասկացանք, այսքան բանից հետո, ինչ Ռուսաստանը' պուտինը, բերեց մեր գլխին, ստացվում է, որ մեր Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար ընկեր Արմեն Գրիգորյանը համագործակցելու է գործընկերների' այսինքն Նարիշկինի ու իր խմբի հետ, արտաքին հետախուզական ծառայություններ ստեղծելու գործում՞։ Ինչ է ուզում եք մեզ լրիվ կախվածության մեջ գցել պուտինից՞

Lusya Saroyan 12:13 20.հուլիսի.2022

Էլ ուրիշ' իսկական ու հավատարիմ բարեկամ չունեն՞ք : պուտինն արդեն հազար անգամ ցույց է տվել թե ինքն ինչպիս բարեկամ է։ Այդ արձանը պետք չէ հիմա կառուցել, կառուցեք, երբ Ռուսաստանը դառնա իսկական բարեկամ ու ընկեր

Մեկնաբանել