Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ու մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին
16:01 - 04 օգոստոսի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ու մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների և ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ, ու նշել, թե կտրականապես հերքում են ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է ադրբեջանական կողմին։ 

«Ի լրումն ադրբեջանական կողմի բազմաթիվ ապացույցների՝ Ադրբեջանի տարածքում (նկատի ունի՝ Արցախի Հանրապետությունում-խմբ․) հայկական անօրինական զինված ուժերի առկայության մասին խոստովանել են նաև հայ պաշտոնյաները։ Այսպես, այս տարվա հունիսի 29-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, և առաջնագծում նրանց փոխարինելու են պայմանագրային զինծառայողները: Ինչպես նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 19-ին ասաց, որ «ՀՀ ԶՈւ դուրսբերումը Ղարաբաղից կավարտվի սույն թվականի սեպտեմբերին»․ սա հստակ ցույց է տալիս, որ հակառակ ստանձնած պարտավորություններին, Հայաստանը դեռևս անօրինական կերպով պահպանում է իր զինված զորամասերը Ադրբեջանի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության, որը մեղադրում է Ադրբեջանին եռակողմ հայտարարության 6-րդ կետը խախտելու մեջ, ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի համաձայնեցված երթուղու շինարարությունը շարունակվում է արդեն երկար ամիսներ, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այս ճանապարհի մասին։

Եթե ​​հայկական կողմը նպատակ ունի տարբեր պատրվակներով հետաձգել այս պարտավորության, ինչպես նաև եռակողմ հայտարարության այլ դրույթների կատարումը, ապա սա եռակողմ հայտարարության և այլ համաձայնագրերի իրականացման հետ կապված Հայաստանի ոչ կառուցողական և խանգարող գործունեության ևս մեկ վառ օրինակ է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, թե վերջին օրերի լարվածությունը կապված է Արցախի տարածքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առկայությամբ․

«Ընդգծում ենք, որ վերջին շրջանում տիրող լարվածության պատճառը Ադրբեջանի տարածքում հայկական անօրինական զինված խմբավորումների առկայությունն է, և նրանց կողմից սադրանքների դիմելը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 19-ին հայտնել էր, թե պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ, և հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են։ Գրիգորյանը նշել էր, որ վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին։ 

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը․ «պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց վարչապետը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել