Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա
11:47 - 04 օգոստոսի, 2022

Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Որքան էլ քննադատվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ 

«Նախ, ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը Լաչինի միջանցք, որը ապահովում է ԼՂ կապը ՀՀ-ի հետ։ Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն  չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- նշեց Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը այսօր անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը, և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ զինծառայող չկա։ 

«Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանում Զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց նա։ 

«Ընթացիկ էսկալացիայի համար որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են և ահա թե ինչու։

Նշված հայտարարության վեցերորդ կետում ասվում է․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։
Այս պահի դրությամբ ՌԴ, ՀՀ-ի Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան։

Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել, քանի որ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պիտի ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ-12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Խոսքը այստեղ միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- նշեց վարչապետը։ 

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից.

«Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հրապարակային հայտարարել եմ դեռևս 2022 թ․-ի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում, և, ավելին, Ադրբեջանը ԼՂ-ում սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ-12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգեր տեղի էին ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի․ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի․ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել