Գույքագրվել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները
20:47 - 19 սեպտեմբերի, 2022

Գույքագրվել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարի օգնական Խաչիկ Բեկյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանն աշխատանքային երկօրյա այցով եղել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Այցերի ընթացքում տեղում դիտարկվել և գույքագրվել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները՝ ինչպես անտառային, այնպես էլ ոչ անտառային տարածքներում:
 
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը` հանգեցնելով հողերի դեգրադացմանը:
 
Այնուամենայնիվ, բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է հետագա մոնիթորինգի և գնահատման: Հատուկ ուսումնասիրությունների կատարումը անհրաժեշտ է ռազմական գործողությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գնահատելու համար։
Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը մարզեր կատարած այցի շրջանակներում եղել է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն», «Սիսիանի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն», «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
 
Նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդակցություններ է անցկացրել աշխատակազմերի հետ՝ նախ շնորհակալություն հայտնելու լարված իրավիճակում համակարգված աշխատանքի համար, ապա միասին կազմելու անտառածածկ տարածքների արագ վերականգնման ճանապարհային ուղիները:
Աշխատանքային խումբը ականատես է եղել Ջերմուկի անտառային տարածքներում բռնկված հրդեհի առնվազն 2 օջախի մարմանը:
 
Սյունիքի մարզում նախարարն աշխատանքային խմբի հետ այցելել է Շիկահող գյուղ, «Շիկահող» պետական արգելոց, այնուհետև «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենքում հանդիպում անցկացրել մասնաճյուղի աշխատակիցների հետ։ Նախարարը եղել է նաև Սրաշեն ու Ներքին Հանդ բնակավայրերում և «Սոսու պուրակ» արգելավայրում, որտեղ հանդիպել և Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ու դրանց հետևանքների շուրջ զրուցել է քաղաքացիների և ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել