Ինչպես Մաշտոցի պուրակի ժամանակ, այժմ ևս կա հանրային տարածքը վերականգնելու խնդիր. Ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյան
Թամանյանական նախագծով կառուցված Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը նախկինում ուներ հարակից այգի, որտեղ հանդիսատեսը ներկայացման ընդմիջումներին պետք է դուրս գար՝ ճեմուղիներում զբոսնելու: Սակայն, տարիների ընթացքում շենքի հարակից տարածքում կանաչ գոտու հաշվին կառուցվեցին մի շարք սրճարաններ։ Երեկվանից Երևանի քաղաքապետարանը սկսել է այդ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները՝ վերականգնելու տարածքի երբեմնի տեսքը: Դա հարուցել է սրճարանների սեփականատերերի, վարձակալների և աշխատակիցների դժգոհությունը։
Այս թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հետ։
-Որպես Մաշտոցի պուրակի պայքարի մասնակից և այժմ Երևանի ավագանու անդամ՝ ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել Մաշտոցի պուրակի և այս գործընթացի միջև։
-Երկու դեպքում էլ խոսքը հանրային, կանաչ տարածքի մասին է։ Մաշտոցի պուրակում նախատեսվում էր կառուցել կրպակներ՝ այգու հաշվին, իսկ այս պարագայում արդեն իսկ կառուցվել են սրճարաններ, որոնք հիմա ապամոնտաժվում են՝ վերականգնելու համար հանրային տարածքը և հուշարձանի միջավայրը։ Ուրեմն՝ ինչպես այն ժամանակ, այժմ ևս կա հանրային տարածքը վերականգնելու և պահպանելու, օրինականություն հաստատելու խնդիր, նաև քաղաքի դիմագիծը, պատմական կերպարը թամանյանական տեսլականին մոտեցնելու ցանկություն։ Մեծ հաշվով՝ խնդրի էությունը նույնն է։
-Երևանի ավագանին ինչպե՞ս է պատկերացնում հանրային սեփականության և մասնավոր տարածքների հարաբերությունը։-Այսօր ավագանին հանրային սեփականության հարցը շատ ավելի է կարևորում, քան նախկինում։ Ընդհանրապես, մեր մոտեցումը քաղաքային միջավայրին էականորեն տարբերվում է։ Շահումյանի հրապարակում ծառայողական կայանատեղի չարտոնելու որոշումը ևս դրա վառ ապացույց էր։ Քաղաքը կարիք ունի հանրային ազատ տարածքների, որոնցից մենք շարունակաբար զրկվել ենք։ Անշուշտ, այս հարցերը քննելիս մենք միշտ անդրադառնում ենք և պետք է անդրադառնանք նաև իրավական կողմին, հարգենք մասնավոր սեփականությունը։ Այնտեղ, որտեղ կա միջամտություն հանրային տարածքը վերականգնելու հարցում, մենք անպայմանորեն դա անում ենք օրինական հիմքով՝ հենվելով հանրային շահի, համայնքի սեփականության իրավունքի, առկա պայմանագրերի և օրենքի վրա։
-Շարունակվելու՞ է ապամոնտաժման գործընթացը, մասնավորապես՝ նախատեսվու՞մ է ապամոնտաժել նաև Օղակաձև այգու սրճարանները և ճարտարապետական տեսքը բերել նախնական վիճակին։-Օղակաձև այգում կառույցները շատ-շատ են, որոշները հսկա շինություններ են, որոնց քանդումը դժվար է պատկերացնել։ Բայց հարցը բարձրացվել է, այդպիսի մտքեր կան, և ես վստահ եմ, որ դրան էլ կանդրադառնանք։ Մենք քաղաքի բնակիչներից ևս շատ ենք ստանում Օղակաձև այգին հնարավորինս վերականգնելու ուղերձը։ Պարզապես պետք է ուսումնասիրվի իրավական կողմը, պետք է հասկանանք՝ դրանցից որոնք են անօրինական, որոնց հետ է հնարավոր պայմանագիրն անցնցում լուծել և այլն։ Միանգամից ամբողջ խնդիրը կարգավորելն անհնար է։ Բայց ես՝ ինքս, ունենալով զբոսայգիների կառուցապատման դեմ պայքարի տարիների փորձ, հետևողական եմ լինելու այս հարցում։
-Ինչպե՞ս եք պատկերացնում բացօթյա սրճարանների և զբոսայգիների համատեղելիությունը։ Ապագայում այնտեղ առհասարակ չպե՞տք է սրճարաններ լինեն։ -Ես ինքս չեմ բացառում սրճարանի առկայությունը զբոսայգում, բայց կարծում եմ, որ դրանք պետք է լինեն սահմանափակ քանակով ու թեթև կառույցներ լինեն, որոնք հեշտությամբ կարելի է տեղափոխել կամ ապամոնտաժել, եթե դրա կարիքը կլինի։ Դրանք չպետք է այգին ծանրաբեռնեն, հետևաբար՝ պետք է բացառվեն հիմնական, մեծ շինությունները, հատկապես այնպիսիք, որոնց բնույթը հանգստի գոտու հետ ներդաշնակ չէ։ Սա է իմ մոտեցումը։-Քաղաքապետարանի որոշման դեմ ընդդիմացողները պնդում են, որ եթե նպատակը Օպերայի ճարտարապետական տեսքի վերականգնումն է, ապա ոչ թե հինգ, այլ տարածքի բոլոր սրճարանները պետք է ապամոնտաժվեն։ Ի՞նչու են ապամոնտաժվում հենց այդ սրճարանները։-Առաջնային է համարվել հուշարձան շենքին ու հրապարակին անմիջապես հարող տարածքի ազատումը, ինչը շատ տրամաբանական է։ Նաև հաշվի է առնվել իրավական կողմը և այն, որ բոլոր սրճարանները միանգամից ապամոնտաժելը շատ խնդրահարույց կլիներ, այդ թվում՝ բիզնեսների համար։ Բացի մի սրճարանից, մյուսների տերերը տարածքում այլ սրճարան ունեն կամ էլ ապամոնտաժվողը բուն սրճարանի ընդլայնված մասն է միայն, հետևաբար՝ այս կերպ նրանք կշարունակեն աշխատել, և բիզնեսը համեմատած քիչ կտուժի, սրճարաններն ամբողջությանբ չեն փակվի։ Միանգամից ամբողջ խնդիրը լուծելը շատ շոկային կլիներ ու բարդ։ Փորձել ենք հարցին համակողմանի մոտենալ։
-Համապատասխան ծանուցումը կատարելուց հետո՝ այս երկու ամսվա ընթացքում, բողոքներ, առաջարկություններ ստացե՞լ եք ապամոնտաժվող սրճարանների ներկայացուցիչներից։ Գուցե խնդիրներն այդ ժամանակ քննարկելու արդյունքում հնարավո՞ր լիներ խուսափել ստեղծված իրավիճակից։-Հանդիպումներ մի քանի անգամ են եղել՝ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների և ավագանու անդամների հետ։ Բողոքներ, բնականաբար, ստացել ենք, հինգ սրճարանից երկուսի հետ անգամ դատական վեճ կա։ Այդ պատճառով նշված երկուսն այս պահին չենք ապամոնտաժում։ Մեկի հետ, որը չունի այլ սրճարան, խոսվել է նաև այլ տարածք տրամադրելու մասին, բայց համաձայնության չենք հանգել։ Ի դեպ, այդ սրճարանին քաղաքապետարանը դեռ նախքան այս նախագիծն է դատի տվել՝ պայմանագրային վճարները չկատարելու հիմքով պայմանագիրը լուծելու պահանջով։Հենց երեկ էլ մի նման հանդիպում կայացավ։ Սրճարանների տերերի ու տնօրենների առաջարկն այն էր, որ ապամոնտաժման ծրագիրը մի քանի տարով հետաձգվի, ինչը, սակայն, ընդունելի տարբերակ չհամարվեց։
- Բարձրացվում է տասնյակ աշխատակիցների գործազուրկ դառնալու հարցը, մասնավորապես՝ շրջանառվում է 300 թիվը։ Այս պահին կա՞ն թվեր, թե որ սրճարանը քանի գրանցված աշխատող ունի։ -Մենք փորձել ենք ստուգել, միայն մի քանի գրանցված աշխատող ենք գտել։ Ենթադրվում է, որ այդտեղ աշխատողների մեծ մասը սեզոնային աշխատողներ են, և հավանաբար աշխատում են ոչ աշխատանքային պայմանագրերով։ Սեզոնին գուցե մի քանի տասնյակ աշխատող լինի, բայց հարյուրավոր աշխատողների մասին խոսակցությունը, կարծում եմ, լուրջ չէ։ Ամեն դեպքում սրճարանային ոլորտում աշխատող մարդիկ պնդում են, որ Երևանում սեզոնին աշխատանքի պակաս չի լինում։Աշխատանքի հարցը, ինչպես ամբողջ երկրում, սուր է ու բարդ լուծելի։ Բայց քաղաքապետն ու ավագանին պարտավոր են իրենց գործառույթները կատարել օրենքի շրջանակներում, որը դժբախտաբար, երբեմն որոշ անհատների կամ խմբերի շահերին վնասում է։
-Սեփականատերերը նաև դժգոհում են, որ վարկ են վերցրել, բարեկարգել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց անարդարացիորեն լուրջ ֆինանսական վնասներ կհասցնի։ Քննարկվու՞մ է արդյոք որևէ օժանդակություն ցույց տալու հարցը, քաղաքապետարանն ունի՞ նման պարտավորություն։
-Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են բանկերը կամ վարկային կազմակերպությունները վարկ տվել այդպիսի ռիսկային, թույլ իրավական հիմքեր ունեցող բիզնեսներին այն իմաստով, որ ապամոնտաժվող սրճարանների մեծ մասն ինքնակամ է կառուցված, իսկ համայնքային հողի վարձակալության պայմանագրերն էլ պարունակում են համայնքի կողմից ցանկացած ժամանակ պայմանագիրը լուծելու հստակ դրույթ։ Քաղաքապետարանը պարտավորություն չունի փոխհատուցելու վարկային ծախսերը, դա գործարարների որոշումն է եղել։ Պարզ բան է, որ յուրաքանչյուր բիզնես իր ռիսկերն ունի, որոնք պետք է գնահատել։ Երեկ ես սրճարանների ներկայացուցիչներից մեկին հենց դա էի հարցնում, թե արդյոք կարծում է, որ ճիշտ է գնահատել իր բիզնեսի ռիսկերը նման վարկ վերցնելիս, և նա ազնվորեն պատասխանեց, որ ոչ։ -Սրճարանների ներկայացուցիչները կարծես չեն պատրաստվում «հանձնվել» և փողոց են փակում։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները։ Քաղաքապետարանը պատրա՞ստ է կոմպրոմիսի գնալ:
-Իրադարձությունները րոպե առ րոպե են զարգանում, դժվարանում եմ ասել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել։ Ամեն դեպքում հանրային տարածքի և հուշարձանի միջավայրի վերականգնման հարցում մենք վճռական ենք տրամադրված։Աստղիկ Քեշիշյան
17:40 - 14 մարտի, 2019