Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
|armenpress.am|
armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:
Բացի հայ կիսապաշտպանից՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն են նաև «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և «Ինտեր»-ի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
Քվեարկությունն ընթանում է ՈՒԵՖԱ-ի կայքում:
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլան»-«Ինտեր» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հայ կիսապաշտպանը խաղի 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Մխիթարյանը խաղի 62-րդ րոպեին փոխարինվել էր՝ տեղը զիջելով Մարսելով Բրոզովիչին։
Մխիթարյանը, գրավելով «Միլան»-ի դարպասը, դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։
«Միլան»-«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։
12:16 - 11 մայիսի, 2023