Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվել են ճանապարհային քարտեզի կիրարկմանն ուղղված միջոցառումների կատարումը

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվել են ճանապարհային քարտեզի կիրարկմանն ուղղված միջոցառումների կատարումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին որպես հանձնաժողովի անդամ մասնակցել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզում ներառված 2019 և 2020 թվականների միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արդարադատության, միգրացիայի, ֆինանսների, ոստիկանության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում արդեն իսկ իրականացված քայլերին և սպասվող միջոցառումներին: Առանձին միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են համապատասխան կետերի կատարման ընթացքը: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակվել մի շարք միջոցառումների առավել արդյունավետ կերպով իրականացման հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և ակնկալել նաև առաջիկայում սպասվելիք միջոցառումների կատարումը՝ համահունչ ճանապարհային քարտեզի ժամանակցույցին:
05:02 - 05 նոյեմբերի, 2019
ԵՄ դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին

ԵՄ դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ով մշտապես աջակցում է մեր երկրին բարեփոխումների իրականացման գործում: Դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակի շուրջ, խոսել Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության մասին: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների ուղղություններին, ինչպես նաև արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարը:
15:57 - 30 հոկտեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կողմից կատարված և կատարվելիք աշխատանքը՝ մեծ նշանակություն տալով միջազգային հեղինակային կազմակերպությունների կողմից երկրի կարևորագույն ոլորտներում առկա իրավիճակի վերլուծությունը և գնահատումն իրականացնելու գործընթացին: «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած առանցքային բարեփոխումների շրջանակը: Մհեր Գրիգորյանը խոսել է նաև կապիտալ շուկայի զարգացման կարևորության մասին՝ նշելով, որ դա հանդիսանում է Կառավարության ամենօրյա օրակարգի հարցերից մեկը: Փոխվարչապետը ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում ակնկալվող բարեփոխումների հիմնական շրջանակը՝ որպես առաջնային խնդիր առանձնացնելով գործառույթների ճիշտ ալգորիթմների ձևավորումն ու թվայնացումը: Անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականությանը, ինչպես նաև պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ, փոխվարչապետը նշել է մեր երկրի առավելություններն ու տնտեսության զարգացման հնարավորությունները:
15:20 - 30 հոկտեմբերի, 2019
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը: Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի և միջոցառումների ծրագրի, ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության շուրջ: Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ տարածքում համագործակցության վերաբերյալ մեկ տասնյակից ավել փաստաթղթեր: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: *** Հարգելի Դմիտրի Անատոլիի, միանում եմ այսօրվա հանդիպման լավ կազմակերպման և ջերմ ընդունելության համար մեր ռուս գործընկերներին ուղղված երախտագիտության խոսքերին: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Սերգեյ Նիկոլայի Լեբեդևին գործադիր կոմիտեի արդյունավետ աշխատանքի համար: Ընթացիկ հանդիպման ժամանակ քննարկման են դրված առողջապահության, կրթության, տեղեկատվական և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին առնչվող հարցերի շրջանակ:Հայաստանը ողջունում է նշված ոլորտներում համագործակցության և փոխգործակցության նախաձեռնությունները և հաստատում է ցանկությունը լիարժեք մասնակցելու դրանց: Մենք հետաքրքրված ենք թվային զարգացման ոլորտում փոխշահավետ համագործակցության ակտիվացմամբ և ընդլայնմամբ: Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգում, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ առաջնային միջոցառումների ծրագրում արտացոլված են ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված մոտեցումները այս ոլորտում միջպետական փոխգործության հիմնական խնդիրների, սկզբունքների, առանցքային ուղղությունների, ինչպես նաև մեխանիզմների վերաբերյալ: Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում նաև՝ ԱՊՀ միասնական հակաօդային համակարգի ամրապնդումն ու զարգացումը, դիտարկում ենք որպես զգալի ներդրում անվտանգության ապահովման գործում և այդ առումով պատրաստ ենք աջակցել 2020 թվականին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծմանն ու զարգացմանը հատկացումներ տրամադրելու վերաբերյալ որոշմանը: Հայկական կողմը նաև աջակցում է նիստին ներկայացված՝ տեղեկատվական անվտանգության, ռադիոնավիգացիայի և այլ ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող կամ առկա մեխանիզմների կատարելագործմանը միտված փաստաթղթերի ընդունմանը: Աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության ընդունմանը: Դիտարկում ենք ռազմավարությունը որպես համալիր փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է փոխգործակցության զարգացման ընդհանուր նպատակների, առաջնայնությունների և հեռանկարի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների հայացքների համաձայնեցված համակարգ: ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը մեծ նշանակություն տալով՝ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի՝ որպես միջազգային տարածաշրջանային կազմակերպության ամրապնդմամբ: Ընդհանուր կարծիք կարտահայտեմ, եթե նշեմ, որ Համագործակցության հիմնական խնդիրը ԱՊՀ-ում տնտեսության, հումանիտար, անվտանգության ոլորտում և քաղաքական փոխգործակցության շրջանակում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է: Վստահ եմ, որ առկա պայմանավորվածությունները որոշակի բովանդակությամբ լրացնելու մեր հետագա ջանքերը կավելացնեն Անկախ պետությունների համագործակցության ներդրումը ԱՊՀ տարածքում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում: Ամփոփելով ցանկանում եմ հաստատել մեր մտադրությունն այսուհետ ևս մեր ներդումն ունենալու ԱՊՀ պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: Պատրաստ ենք ԱՊՀ շրջանակներում ջանքեր գործադրել ԱՊՀ կառույների և ոլորտային համագործակցության մարմինների գործնական արդյունավետությունը բարձրացնելու համար:
13:28 - 25 հոկտեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է տիկին Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին ներկայացրել է Հայաստանի կառավարության նախանշած բարեփոխումներն ու անդրադարձել ԱՄՀ-ի հետ կառուցողական մթնոլորտում զարգացող հարաբերություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տարբեր ոլորտներում ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
08:24 - 23 հոկտեմբերի, 2019
Կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի. Մհեր Գրիգորյանը`գազի գնի մասին |tert.am|

Կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի. Մհեր Գրիգորյանը`գազի գնի մասին |tert.am|

tert.am: Ես կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին: «Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի»,-ասաց նա: Հարցին, թե դա իրատեսական համարում եք, փոխվարչապետը պատասխանեց, որ մոտ ժամանակահատվածի համար, կարծում է, իրատեսական է: «Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»,-ասաց նա:Ինչ վերաբերում է Իրանի հետ համաձայնագրի դեր խաղալուն, Մհեր Գրիգորյանն ասաց, որ դա մի մեծ ամբողջություն է, որի մեջ այդ հարցը քննարկվում է: Անդրադառնալով ռուս գործընկերների համար Իրանի հետ համագործակցությունը քաղաքական խնդիր համարելուն՝ նա նկատեց. «Ես կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասաց նա:
11:29 - 08 հոկտեմբերի, 2019
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ի զարգացման ռազմավարությունը

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ի զարգացման ռազմավարությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: Հանդիպմանը ներկա էր նաև գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանում պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ: Նա շեշտել է, որ պարոն Ռոզենթալի ղեկավարությամբ ԱԶԲ գրասենյակի հետ հարաբերությունները ակտիվորեն զարգացել են և այժմ գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Փոխվարչապետը ողջունել է ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավարին և հույս հայտնել, որ ձևավորված կառուցողական մթնոլորտում աշխատանքը նույն հունով կշարունակվի նաև իր պաշտոնավարման ընթացքում: Շեյն Ռոզենթալը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի և անկեղծ համագործակցության համար: Իսկ Պաոլո Սպանտիգատին վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ԱԶԲ հետ համագործակցության առանցքային ոլորտները:
16:08 - 03 հոկտեմբերի, 2019
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան մասնակցելու Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին:Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Չինաստանի առևտրի փոխնախարարի մասնակցությամբ Երևանում կայացած հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները իրացնելու այն մեծ ներուժը, որ կա երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում:Փոխվարչապետը ներկայացրել է այն բոլոր հնարավորությունները, որ ընձեռում է Հայաստանը գործարարների համար՝ անդրադառնալով մեր երկրի տարանցման ներուժին և առավելություններին: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ նաև երկու երկրների բիզնես կապերի և շփումների զարգացման գործում:Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստին Չինաստանից ժամանած պատվիրակության ներկայացվածությունը վկայում է Չինաստանի ցանկության մասին Հայաստանի հետ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Չինաստանի նախարարի տեղակալը խոսել է այն պատմական կապերի և ընդհանրությունների մասին, որ ունեն Հայաստանն ու Չինաստանը՝ շեշտելով, որ երկու հնագույն քաղաքակրթությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, դեռ համագործակցության նոր հնարավորություններ ունեն բացահայտելու:Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությանը, այնպես էլ Հայաստանում մեծ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարևորությանն ու դրանց տարածաշրջանային բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ այսուհետ Հայաստանի և Չինաստանի միջև շփումները կակտիվանան և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:
11:23 - 24 սեպտեմբերի, 2019
Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման հիմնական թեման Կառավարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակումն ու այդ գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունն էր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակվելիք ոլորտային ռազմավարությունների բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ վերջնական փաստաթղթերի որակը անմիջականորեն կախված է գործընթացի ճիշտ կազմակերպման և համակարգման հետ: ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը փոխանցել է զարգացման գործընկերների պատրաստակամությունը աջակցությունը ցուցաբերելու ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: Մհեր Գրիգորյանը և Շոմբի Շարփը քննարկել են նաև այդ գործընթացի համակարգմանն առնչվող մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր:
12:13 - 18 հունիսի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին Հայաստանին աջակցելու և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ Կառավարության հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար: Հանդիպմանը զրուկացիները մտքեր են փոխանակել ոլորտային ռազմավարությունների և ընդհանուր Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում ԵՄ հետ համագործակցության շուրջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում մշակել որակյալ և իրական ռազմավարական փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա մարտահրավերները բացահայտելու և Հայաստանի զարգացման տեսալականը ներկայացնելու համար: Երկուստեք կարևորվել է բաց ու կառուցողական մթնոլորտում ներդաշնակ և համակարգված ռազմավարական փաստաթուղթ մշակելու և հետագայում այն իրականացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետը խոսել է գործընթացի բարդությունների և դրանք հաղթահարելու Կառավարության պատրաստակամության մասին՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի փորձագիտական ներուժը կնպաստի այս գործընթացի արդյունավետ իրականացմանը:
11:48 - 11 հունիսի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մերսի Տեմբոնին Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված աշխատանքների և «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի մշակման և հաստատման համար: Մհեր Գրիգորյանը նշել է փաստաթղթի առանցքային կարևորությունը մշակվող այլ ռազմավարությունների համար: Որպես բարեփոխումների կարևոր ուղղություններ, որոնք նշված են նաև «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթում, փոխվարչապետն առանձնացրել է մարդկային կապիտալի զարգացումն ու ենթակառուցվածքային ծրագրերը: Փոխվարչապետը խոսել է նաև դատաիրավական ոլորտում սպասվող բարեփոխումներից և նշել դրանց անհրաժեշտությունը մարդու ազատությունների, իրավունքների և կապիտալի պաշտպանության տեսանկյունից: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը կառուցողական համագործակցության համար և նշել է, որ Համաշխարհային բանկը սատարում է ՀՀ կառավարությանը և կշարունակի աջակցել, որ նախանշված բարեփոխումներն ու տեսլականը իրականություն դառնան: Մերսի Տեմբոնը ներկայացրել է փոխվարչապետին ՀԲ-ի տարածաշրջանային հաջորդ տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, ով ընդգծել է, որ ուրախ է երկրի համար այս կարևոր փուլում ստանձնելու պաշտոնը և ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով աջակցելու բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պատրաստ է օժանդակելու փոխհամաձայնեցված ծրագրերի իրականացման գործընթացներին:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: ՀԲ-ի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել համախմբել և Հայստանի կառավարության հետ կիսվել ոլորտային ռազմավարությունների լավագույն փորձով: Փոխվարչապետը նշել է, որ այս փուլում ՀԲ-ի փորձագիտական և վերլուծական ներուժը կլինի անգնահատելի աջակցություն բարեփոխումների իրականացման գործում:
10:35 - 05 հունիսի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Մայիսի 31-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ներառված էր ԱՊՀ հետագա զարգացմանն ու արդիակականացմանը, ինչպես նաև կառույցի իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ձևաչափով և ընդլանված կազմով կայացած քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանը ու մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով մաքսային մարմինների փոխգործակցությանը։ Քննարկումների արդյունքներով ստորագրվել է մեկ տասնյակ փաստաթուղթ, մասնավորապես՝ գիտության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, թանգարանային գործում համագործակցության, ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, ապրանքների մաքսային ձևակերպման ու վերահսկման կարգի կանոնարգման վերաբերյալ: Փոխվարչապետ Գրիգորյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրներում առաջատար տեխնոլոգիաների զարգացման հարցերին և կարևորելով վերջիններիս կիրառումը տնտեսության տարբեր բնագավառներում, վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը կիսվել սեփական փորձով տնտեսական փոխգործակցության ընթացքում։ Միաժամանակ ընգծել է ԱՊՀ ձևաչափում էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետևողական ջանքերի կարևորությունը։
14:49 - 31 մայիսի, 2019
Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարեւորվել է փոխադարձ այցերի, առեւտրատնտեսական փոխգործակցության եւ հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի:Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առեւտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երեւան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։
06:35 - 31 մայիսի, 2019
Հայաստանը մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի ԱՄՀ-ից վարկ վերցնելու հնարավորություն է ստացել. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցազրույցը |armenpress.am|

Հայաստանը մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի ԱՄՀ-ից վարկ վերցնելու հնարավորություն է ստացել. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am։ Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված ծրագիրը դառնում է բոլորի համար Հայաստանի մակրոկայունությանը վերաբերվող հրապարակային կարևոր փաստաթուղթ: Այն հնարավորություն է տալիս մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի վարկ ստանալ առանց հավելյալ գործընթացների: Այս և այլ կարևոր հարցերի մասին խոսել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:Պարոն Գրիգորյան, վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում ԱՄՆ-ում էիք, քննարկումների արդյունքում ի՞նչ կարևոր պայմանավորվածություններ եք ձեռք բերել: Այն ժամանակ, երբ դեռ Վաշինգտոնում էի Արժույթի միջազգային հիմնադրամի մեր համատեղ իրականացվելիք ծրագիրը քննարկման փուլում էր, ճշգրտումներ էինք կատարում: Մայիսի 17-ին ԱՄՀ-ն հաստատել է ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Դա տալիս է մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի վարկ ստանալու հնարավորություն՝ առանց հավելյալ գործընթացների: Վարկային միջոցները դիտարկվելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն օգտագործվելու, քանի դեռ չկան շոկեր, որոնք կարող են առաջացնել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: Այս ծրագիրը դառնում է բոլորի համար մեր երկրի մակրոկայունությանը վերաբերվող հրապարակային կարևոր փաստաթուղթ: Համաշխարհային բանկի հետ ևս քննարկումներ ունեցանք, և քանի որ Համաշխարհային բանկի խմբի «2019-2022թթ. Հայաստանի Հանրապետության երկրի գործընկերության շրջանակը» փաստաթուղթը հաստատվել էր մարտի 28-ին, քննարկումները ընթացան ծրագրերի իրականացման գործընթացների շուրջ։ ՀՀ կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը օգնելու նպատակով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտներում՝ արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում, մարդկային կապիտալի և հավասարության բարելավում, շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում: Գարնանային հանդիպումների շրջանակներում ԱՄՆ-ում հանդիպումներ ունեցանք նաև մի շարք գործընկերների և գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ և մտքեր փոխանակեցինք Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ: Դա հարթակ է, որտեղ կարելի է խոսել հարաբերությունների խորացման և ընդլայնման մասին և որպեսզի պատկերացումներ կազմենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ծանոթանանք լավագույն փորձին:Վերջերս Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում և որից հետո վարչապետ Փաշինյանը որպես գերակա ուղղություն համարեց նավթի, նավթամթերքի, էներգակիրների միասնական շուկայի ձևավորումը: Հաշվի առնելով, որ այդ հանդիպմանը նախորդել էր փոխվարչապետների հանդիպումը, ասացեք խնդրեմ, արդյոք այս հարցերում կա՞ որևէ պայմանավորվածություն և ո՞րն եք համարում վարչապետների հանդիպման կարևորագույն ձեռքբերումները, նպատակադրումները:Հայաստանի համար ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու օրվանից առաջնահերթություն է եղել էներգառեսուրսների կայուն շուկայի ձևավորման նպաստող գործողություն անելը և ջանքեր գործադրելը: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է ԵԱՏՄ-ի զարգացման և ապագայի համար, այդ թվում նաև մեր մասնակցության տեսանկյունից: Եթե ԵԱՏՄ տարածքում չունենանք միասնական էներգետիկ ռեսուրսների գին, ապա միանգամից մրցակցության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կառաջանան, և մասնավորապես արտադրական հզորությունների մասով դոմինանտ կլինի ցածր գնի իմաստով այն երկիրը, որն ունի ցածր էներգառեսուրս: Դրա վերաբերյալ հաջողվեց տարբեր փաստաթղթերում պաշտոնական արձանագրումներ անել և պայմանավորվածություններ ձեռք բերել՝ մասնավորապես ռազմավարական փաստաթղթերում: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ հաստատվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ու նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրերը։ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը հիմք կստեղծի գազի գնագոյացման կանխատեսելի քաղաքականության իրականացման համար, կապահովի հուսալի, որակյալ գազի մատակարարում սպառողներին, կխթանի մրցակցության զարգացմանը, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերի ոչ խտրական հասանելիությանը: ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը կբարձրացնի անդամ երկրների միջև նավթի և նավթամթերքների առևտրի շուկայական մեխանիզմների արդյունավետությունը։ Կապահովի նավթի և նավթամթերքների բորսայական աճուրդներին ոչ խտրական հասանելիությունը տնտեսավարող սուբյեկտների համար, ինչպես նաև նվազագույնի կհասցվի նավթամթերքների մատակարման, փոխադրման տեխնիկական խոչընդոտները: Այս միջոցառումների իրականացումը բարենպաստ պայմաններ կստեղծի ԵԱՏՄ տարածքում ապրանքների մրցունակության և տնտեսության զարգացման համար: Ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման հարցը: Դրա վերաբերյալ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին: ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը կնպաստի անդամ երկրների էներգետիկ անվտանգության բարձրացմանը, փոխշահավետ համագործակցության խորացմանը, բարեխիղճ մրցակցության ապահովմանը, հստակ և թափանցիկ մեխանիզմներ կսահմանի էլեկտրաէներգիայի գնագոյացման նպատակով: Բացի այդ պայմաններ կստեղծի անդամ երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի, սեզոնային փոխհոսքերի, արտահանման և ներմուծման, տարանցման համար:Ապրիլի սկզբին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ եղե՞լ է արդյոք գազի գնին: Ավելի վաղ նշվել էր, որ հանձնաժողովի նիստին հայկական կողմը կբարձրացնի նաև սահմանին գազի գինը միայն մեկ տարվա համար ֆիքսելու ավանդույթը վերացնելու հարցը: Այս առումով հաջողվե՞լ է արդյոք պայմանավորվածություն ձեռք բերել:Այդ հարցը պաշտոնապես արձանագրված է որպես խնդիր: Մեկ տարվա կտրվածքով գազի գին ամրագրելը մեզ համար անընդունելի տարբերակ է: Ըստ էության ոչ միայն սովորական սպառողը, այլ նաև տնտեսությունը, առավել ևս նոր ներդրողը չի կարողանում ադապտացվել դրան: Այս տարվա ապրիլի 4-ին կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և արձանագրվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ: Հանձնաժողովի նիստում հանձնարարականներ ամրագրվեցին ոլորտային նախարարներին՝ բանակցություններ սկսել մոդելի շուրջ, պայմանավորվել գնի որոշման մի ալգորիթմ, որը հնարավորություն կտա գազի գինը սահմանին որոշել երկար ժամանակով,այսինքն` ռուսական կողմը նույնպես ընդունել է խնդրի կարևորությունը:Այս տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնել է Հայաստանը, ի՞նչ նախաձեռնություններով ենք պատրաստվում հանդես գալ:Համախառն մաքսատուրքերի հավաքած գումարի բաշխումը մեզ համար շատ կարևոր հարց է: Մենք պնդում ենք, որ Հայաստանին հատկացվող մասնաբաժնի չափի որոշման ցուցիչը լինի կոնստանտ, այլ ոչ թե հաշվարկվի օբյեկտիվ ցուցանիշներից ելնելով: Մենք պնդում ենք, որ Հայաստանը պետք է ստանա 1.22 տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որքան է հավաքագրվել ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջե: Բաշխման սխեման պետք է որոշ մասնակից երկրների համար կոնստանտ սկզբունքով որոշվի և մենք սա շարունակելու ենք պնդել: Մի շարք նախաձեռնություններ ունենք նաև փաստաթղթերի ստանդարտիզացման հետ կապված: Սա շատ կարևոր խնդիր է, որը միշտ մեր ուշադրության կենտրոնում է: Մինչ թվային օրակարգի իրագործումը, մենք նախաձեռնում ենք, որ շտկվեն խնդիրները ստանդարտիզացման հետ կապված: Դա տնտեսավարողների համար կպարզեցնի գործընթացներ և կնվազեցնի ծախսեր: Մենք նախաձեռնել և լուծել ենք նաև էլեկտրոնային ստորագրության խնդիրը: Արձանագրել ենք նաև այլ կարևոր առաջնահերթություններ՝ ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը և դիվերսիֆիկացումը, Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, նորմատիվ-իրավական բազայի բարելավումը՝ ի նպաստ արդար մրցակցության, միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը և այլն:Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, ստանձնել է պարտավորությունների շարք՝ մաքսատուրքերի ձևով: Պատրաստվո՞ւմ է արդյոք հայկական կողմը վերաբանակցություններ վարել որոշ ապրանքատեսակների բարձրացված մաքսատուրքերի շուրջ: Հանձնաժողովի նիստին այս թեմային ինչ-որ կերպ անդրադարձ եղե՞լ է:Ֆորմալ իմաստով, դեռ ոչ, քանի որ նախապես անհրաժեշտ է դրանք մանրամասն և բազմակողմանի քննարկել: ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի վերաբերյալ վերաբանակցություններ վարելու առնչությամբ նշեմ, որ հնարավոր է, որ հայկական կողմը համապատասխան առաջարկով դիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մարդատար և այլ շարժիչային տրանսպորտային միջոցների, ինչպես նաև չմշակված կամ կիսամշակված ոսկու և անմշակ ադամանդի մասով դրույքաչափերի կիրառման վերաբերյալ: Սակայն տրանսպորտային միջոցների հարցը բավականին բարդ է, միանշանակ չէ, որ այդ արտոնությունը դրական ազդեցություն կունենա՝ սկսած բնապահպանական հետևանքներից, վերջացրած ճանապարհային երթևեկությունը կարգավորելուց: Պետք է ծանր ու թեթև անենք դրական և բացասական կողմերը: Ոչ շուկայական ցանկացած արտոնություն միջամտություն է մասնավոր հատվածի գնագոյացման մեխանիզմներին, ինչը կարող է նաև բացասական էֆֆեկտ ունենալ: Երբ դու տալիս ես արտոնություն մասնավոր արտադրողին նշանակում է, որ վերջինս ավելի քիչ ջանք է գործադրելու իր զարգացման համար, քանի որ ենթադրաբար ինքն արդեն ունի արտոնյալ կերպով հումք գնելու հնարավորություն և նրա մրցակցայնությունը սկսում է կառավարել արտոնությանը: Դա ուղղակի խոչընդոտ է իր իսկ զարգացման համար:ԵԱՏՄ շուկայում առաջնային անհրաժեշտության ապրանքներ են արտադրվում, որոնք ներմուծվում են առանց մաքսատուրքի: Երրորդ երկրներից առաջնային անհրաժեշտության սպառման ապրանքների ներմուծման արտոնության անհրաժեշտություն դեպքում հնարավոր է դրա վերաբերյալ նախաձեռնել քննարկում, բայց պետք է կայացնել հստակ, հաշվարկված, գիտակցված և համապարփակ վերլուծված որոշում։Որքա՞ն է կազմել ԵԱՏՄ-ից մաքսատուրքերի մասով Հայաստանի մասնաբաժինը 2017 և 2018 թվականներին:ԵԱՏՄ երկրներից Հայաստանի բաշխված մասնաբաժինը ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի մեջ 2017 թվականին կազմել է շուրջ 141 մլն ԱՄՆ դոլար, 2018 թվականին շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար:Շարունակությունը՝ armenpress.am
06:31 - 29 մայիսի, 2019
Նուր-Սուլթանում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստ. անդրադարձ է կատարվել փողերի լվացման խնդրին

Նուր-Սուլթանում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստ. անդրադարձ է կատարվել փողերի լվացման խնդրին

Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին և թանկարժեք քարերին առնչվող գործողությունների առանձնահատկությունները, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների ընթացքը:Անդրադարձ է կատարվել մի շարք ապրանքների պիտակավորման, միության տարածքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել են մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության և միության միասնական նորմատիվ-տեղեկատվական համակարգին առչվող հարցեր: Օրակարգում էր նաև միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի նվազեցման հարցը:
11:20 - 28 մայիսի, 2019