Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Կառավարությունն ընդունեց կրճատ զինծառայության նախագիծը 
 |civilnet.am|

Կառավարությունն ընդունեց կրճատ զինծառայության նախագիծը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 22-ին հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ։ Նրա խոսքով, կան նաև բովանդակային փոփոխություններ։ «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան՝ կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը և կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը»,- ասաց նախարարը։ Գերատեսչությունն առաջարկում է նաև «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ հօգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Նախարարը նշեց, որ Հայկ Սարգսյանը համաձայն է առաջարկվող փոփոխություններին։ Նա հավելեց, որ նախագծի նպատակն է համալրել զինված ուժերը։ Պապիկյանի խոսքով՝ նույնիսկ մեկ ամիս ծառայած երիտասարդը տիրապետելու է զենքին և ընդգրկվելու է պահեստազորում։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Դրա ամբողջական ընդունումը կախված է խորհրդարանի դիրքորոշումից։
11:54 - 22 մայիսի, 2025
Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար |civilnet.am|

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար |civilnet.am|

civilnet.am: Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։ «Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ»‎,- ասել է Նասիրզադեն։ Իրանի պաշտպանության նախարարը տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը համարել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն մայիսի 20-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
11:31 - 21 մայիսի, 2025
Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:  Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
13:11 - 06 մայիսի, 2025