Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան

Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը գրել է.   «Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի խորհրդականի գրառման միջոցով հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ կապված։  Հայտարարության ամբողջ իմաստն, ըստ էության, կայանում է հետևյալում՝ -առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը «շատ վատն է», ամոթ իրեն, չկատարեց քաղաքական պատվերը և չկալանավորեց Գագիկ Ծառուկյանին։ Ռոբերտ Պապոյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, նա պետք է հրապարակային պատժվի, որ հանձնարարություն չկատարող մյուս դատավորներն այլևս նման համարձակություն չունենան։ -Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ «նենց՝ ոչինչ»։ Ճիշտա նա էլ չկատարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական պատվերը, դրա համար էլ վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, բայց գոնե բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և հնարավորություն տվեց, որ «Մացոն» կալանավորի։ - Դե վճռաբեկ դատարանը հեչ՝ մերնա։ Ինչ ասենք՝ կանեն, պետքա՝ 3 օրում վճռաբեկ բողոքը կմերժեն, պետքա՝ վճռաբեկի աշխատակից կուղարկեն փոստ, որ պաշտպանի ստորագրած հետադարձ ծանուցումն առձեռն վերցնի ու վազելով հասցնի վճռաբեկ դատարան, որ արագությունն ապահովեն, պետքա՝ գործն այնքան կպահեն, որ «Մացոյի» հերթապահության օրն առձեռն մուտքագրեն դատարան, որ գործը նա քննի։  -Իսկ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրոք՝ ապրի։ Ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ օրվա քաղաքական իշխանության սրտի դատավորը, ով մշտապես կատարել և վստահ ենք,որ կատարելու է քաղաքական իշխանության պահանջները /որակումները ԶԼՄ-ներինն է, իսկ հաստատող փաստերը՝ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման և ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից մշտապես որպես քաղաքական որակված այլ գործերով մյուս անձանց ազատազրկման դատավճիռները վկա, որոնք նույնպես Մնացական Մարտիրոսյանն է կայացրել/։  Դե իհարկե՝ հասկանալի է, որ դատախազությունն այս գրառմամբ իր պարտքն է համարում գոնե հրապարակային կերպով աջակցել օբյեկտիվ քննադատության արժանացած դատավոր Մարտիրոսյանին, չէ որ հետո էլի նման որոշումների կարիք է լինելու։ Միաժամանակ, նույն հայտարարությամբ գլխավոր դատախազությունը խորհրդականի միջոցով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում և որ այս քրեական գործը և կալանավորումը բացառապես իրավական տիրույթում են։  Նկատելի է, որ գլխավոր դատախազությունն այլևս խուսափել է խոհրդականի գրառումները որպես պաշտոնական հաղորդագրություն ներկայացնելուց, քանի որ հասկանում են, որ ժամանակը և փորձը ցույց են տվել, որ դրա իրավունքը չունեն, քանզի իշխանափոխությունից հետո դատախազությունը շատ արագ կարգով սկսեց օրվա քաղաքական իշխանությանը հաճո որոշումներ կայացնել և գործողություններ կատարել։  Մասնավորապես, շատ արագ նոր երևան եկած հանգամանքների հիմքով անհիմն կարգով վերացվեցին մի շարք քրեական գործերով իրենց իսկ կողմից կարճ ժամանակ առաջ կայացված կամ օրինականությունը հաստատված կարճման որոշումները և տրամաբանորեն հակառակ որոշումներ կայացվեցին՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նույնիսկ սկսեցին դիմել դատարաններ նախկինում «քաղաքական հետապնդումների» հետևանքով դատապարտված անձանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները բեկանելու խնդրանքով։  Դե իհարկե, հիմա էլ կպնդեն, թե դա ոչ մի կապ չունի օրվա քաղաքական իշխանության ցանկությունների հետ և իրենք այդ ցանկությունները երբեք չեն կատարել և չեն էլ կատարելու։ Մնում է պարզել, թե գոնե դատախազությունում կա արդյոք մեկ աշխատակից, ով անկեղծորեն հավատում է դրան։ Կամ ասենք՝ ի վիճակի է արդյոք դատախազությունն այսօր հայտարարել, որ օրվա քաղաքական իշխանության կառավարման շրջանում եղել են կամ կան քաղաքական հետապնդումներ։ Պատկերացնում եք , թե ինչ վեթինգ տեղի կունենա դատախազությունում։ Վստահ եմ՝ պակերացնում եք։  Դրա համար էլ ավելի լավ է լռել, քան, թե ուղղակի հայտարարություններ անել, որոնց համար մի օր նույնպես կարող եք զղջալ և շատ արագ ուղիղ հակառակ որոշումներ կայացնել։  Մի բան էլ՝ պետք չի «գլուխ գովել», թե իբրև վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության վերաքննիչ բողոքը հենց դատախազության ներկայացրած հիմնավորումներով։  Այդ նույն հիմնավորումները դատախազությունը չէր ներկայացրել առաջին ատյանում միջնորդության քննության ժամանակ, քանի որ լավ էլ հասկանում էր, որ դրանք իրականում այդ հիմքի հետ ոչ մի կապ չունեն։ Հենց այդ պատճառով էլ նշված փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան, դրանց վրա որևէ հղում չէր կատարել, դրանց բովանդակությունը դատարանում չէր ուսումնասիրվել, ուստի այդ հիմնավորումները առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը չէր կարող դնել որոշման հիմքում։ Գոնե էստեղ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, քանի որ դատական նիստի ձայնագրությունն առկա է։  Ավելին, վերաքննիչ դատարաննն էլ բացարձակապես իրավունք չուներ առաջին ատյանի դատարան չնեկայացված, չհետազոտված, քննության առարկա չհանդիսացած, դատախազության կողմից որպես կալանավորման հիմքը հաստատող հիմնավորում գոնե ակնարկով չանդրադարձած, այսինքն՝ «չեղած» հիմնավորումներին առաջին ատյանի դատարանի կողմից չանդրադառնալը դիտել որպես խախտում և այդ հիմքով բեկանել որոշումը՝ ուղարկելով նոր քննության։  Քանի որ դատախազության հայտարարությունը լի էր վերաքննիչի որոշումից մեջբերումներով, ուստի մեկ մեջբերում էլ ես կատարեմ․ «/․․․/ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ միգուցե դա թե դատախազների, թե քննիչի և թե Առաջին ատյանի դատարանի թերությունն է, որ հետևողական չեն եղել նշված հանգամանքը քննարկման առարկա դարձնելու առումով,/․․․/»։   Իսկ միթե առաջին ատյանի դատարանը պետք է դատախազության փոխարեն կալանավորման հիմք որոներ և հետևողական լիներ, որ այդ հիմքի մասին դատախազությունը խոսի, որ հիմնավորումներ նեկայացնի։ Միթե դատավորն էլ պետք է դատարանում դատախազի դեր կատարեր և աշխատեր պաշտպանության կողմի դեմ։  Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական լինելուն դեռ առանձին կանդրադառնամ, սակայն իրականում, վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը, որպիսի մոտեցումը իրավական պետության մեջ տեղ չի կարող ունենալ։ Գոնե դրա համար շնորհակալ եղեք վերաքննիչ դատարանին․․․»։
16:42 - 26 սեպտեմբերի, 2020
ՀՅԴ-ը պահանջում է դադարեցնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները

ՀՅԴ-ը պահանջում է դադարեցնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները

Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը: Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունում։ «Այս գործում քաղաքական իշխանությունը ամբողջությամբ ներգրավել է ՀՀ դատախազությանը, որի ակնառու վկայությունն է վերջինիս կողմից իշխանության քաղաքական պատվերները չկատարած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացները: ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հապշտապ որոշումը  իշխանությունների արատավոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է կատարվում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրությունները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը: Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը: Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը: ՀՅ Դաշնակցությունը համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու է ազգային-պետական օրակարգերի շուրջ հանրության համախմբման աշխատանքները: Ս. թ. հոկտեմբերի 8-ին եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է: Համոզված ենք, որ հանրային համախմբմամբ է հնարավոր դիմագրավել մեր պետականությանն ուղղված բացահայտ սպառնալիքները», – նշված է հաղորդագրությունում:
15:26 - 26 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին անձանց կողմից, ըստ էության, նախապես պատրաստված գրառումների ուղղորդմամբ, մանիպուլյատիվ էֆեկտով սահուն կերպով տեղափոխվեց որոշման անձնավորման, դրա իրավական նշանակությունը զրոյացնելու, իրավական հարությունից դուրս հանելու տիրույթ: Այս տեսանկյունից հարկ եմ համարում հանրության ուշադրությունը բևեռել մի քանի ակնհայտ իրողությունների ու փաստերի վրա, որոնք փորձ է արվում համառորեն թողնել ստվերում՝ արժեզրկելով ի սկզբանե դատախազության կողմից ներկայացվող փաստարկներն ու հիմնավորումները և քաղաքական պաստառ հաղորդելով դրանց: Նախ՝ կարծես թե ոչ ոք չի ուզում նկատել, որ նախքան Առաջին ատյանի դատարանի կողմից այս որոշման կայացումը, եղել էր ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով, ըստ էության, գրեթե ամբողջությամբ հիմնավոր էին համարվել դատախազության վերաքննիչ բողոքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստարկները՝ ինչպես Գ. Ծառուկյանի կողմից իրեն մեղսագրվող հանցավոր արարքներին հնարավոր առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության, այնպես էլ կալանավորման հիմքերի, քննչական ենթակայության հարցի որոշման դատախազության լիազորության, Գ. Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու և այլնի վերաբերյալ: Եվ հենց Վերաքննիչ դատարանի կողմից դրանց վերաբերյալ հիմնավորումների, արված պատճառաբանությունների, իրակավան վերլուծության ամբողջականությունը հաշվի առնելով էր ՀՀ դատախազությունը գտել, որ այդ պայմաններում Վերաքննիչ դատարանն ինքը կարող էր իր իսկ տված իրավական գնահատականների, եզրակացությունների հիման վրա կայացնել հարցը լուծող դատական ակտ, և հենց այդ մասով էր որոշման դեմ ներկայացրել վճռաբեկ բողոք:Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանը այս որոշումը կայացրել է՝ ունենալով հիմնական վիճարկվող հարցերի ճնշող մեծամասնության վերաբերյալ վերադաս դատարանի կողմից արված եզրահանգումները, հստակ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք որևէ պարագայում հաշվի չառնել չէր կարող: Ընդ որում, հարկ է նկատել, որ մինչ այս որոշումը ինչպես Առաջին ատյանի դատարանը միջնորդության կապակցությամբ իր առաջին՝ հունիսի 21-ի որոշմամբ, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ իր հուլիսի 8-ի որոշմամբ, հաստատված են համարել իրեն մեղսագրվող արարքների կատարմանը Գ. Ծառուկյանի հնարավոր առնչության հիմնավոր կասկածի առկայությունը:Իսկ կալանավորման հիմքերի բավարարության կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ուղղակիորեն էր արձանագրել, որ, մասնավորապես, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը բամզակողմանի և խորը վերլուծության չէր ենթարկել, օրինակ, գործի կոնկրետ փաստական այն հանգամանքները, որոնք վերաբերում են Գ. Ծառուկյանի տան խուզարկությամբ հայտնաբերված՝ պատգամավորների թեկնածուների ձեռագիր «հայտարարություններ»-ի մասով Գ. Ծառուկյանից նրանց ունեցած ենթադրյալ անվերապահ կախվածությանը: Ավելին. Վերաքննիչ դատարանն ինքն է գտել, որ «նշված հանգամանքի» քննարկումը էական և վճռորոշ նշանակություն ունի մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության կամ բացակայության հարցը քննարկելու համար, քանի որ դա կարող է վկայել ոչ թե հնարավոր և/կամ ենթադրյալ ազդեցության մասին, այլ ուղղակի և/կամ իրական ազդեցության մասին: Բացի այդ, վերաքննիչ դատարանն արդեն իսկ գտել էր, որ հիմնազուրկ է Գ. Ծառուկյանի նկատմամբ նշանակվող կալանքի հրատապությունը կորսված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արած պատճառաբանությունը:Քանի որ բազմիցս առիթ ունեցել ենք ներկայացնելու նաև կոնկրետ այս գործով քննչական ենթակայության և Գ. Ծառուկյանի անձեռնմխելիության հաղթահարման դատախազության հիմնավորումներին, որոնց հետ, ըստ էության, գրեթե ամբողջությամբ համակարծիք է նաև ՀՀ վերաքննիչ դատարանը, չեմ ուզում դրանց անդրադառնալ:Ընդամենը հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքների քննարկման համատեքստում անդրադարձել է Գ. Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու պնդումներին՝ հստակ արձանագրելով, որ այդ կապակցությամբ որևէ նյութ, ապացույց կամ փաստ չի ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից արվող հայտարարություններն առ այն, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, չեն նշանակում, որ դրանք համապատասխանում են իրականությանը, քանի դեռ այն չի ապացուցվել և հիմնավորվել: Իսկ Գ. Ծառուկյանի անձով, կարգավիճակով, և զբաղեցրած պաշտոնով պայմանավորված՝ նրա նկատմամբ իրականացվող ցանկացած վարույթ, ըստ Վերաքննիչ դատարանի, կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում: Նման իրողությունների պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված երեկվա որոշումը անձնավորելու, քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը որևէ տրամաբանություն չի կարող ունենալ, և հորդորում եմ դադարեցնել նման շահարկումները: Հ.Գ. Հարկ եմ համարում նշել նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից 21.06.2020թ. կայացված կալանքի միջնորդությունը մերժելու որոշմամբ խախտվել են իրավական պրակտիկայում ձևավորված հանրաճանաչ նորմերը և խեղաթյուրվել են կալանավորման հիմքերի կանխատեսական բնույթի մասին ՄԻԵԴ-ի վճիռներում և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները: Մասնավորապես, չնայած դատարանն ինքն էր իրական համարել մեղադրյալի, տվյալ դեպքում Գ. Ծառուկյանի կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու և գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ ոչնչացնելու միջոցով խոչընդոտելու հնարավորությունը, սակայն այդ պայմաններում ակնհայտ անհիմն եզրահանգում էր կատարել այդ հիմքով կալանքի բացառման մասին: Հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է Առաջին ատյանի դատարանի դատական այդ ակտը ընդունած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց»:
14:25 - 26 սեպտեմբերի, 2020
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի եւ ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է: Իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ եւ ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։ Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի եւ սարսափի մթնոլորտ, ինչը վստահաբար չի ստացվելու։ ԲՀԿ-ն իր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին շարունակելու է պայքարը հանուն մեր երկրի եւ քաղաքացիների այն խնդիրների լուծման, որի ակնկալիքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ երկուսուկես տարի առաջ փողոցներ էին փակել եւ որոնք լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է երկրում ներքին թշնամիների հարատեւ փնտրտուքով, քաղաքական հաշվեհարդարներով եւ բռնապատեություն հաստատելու փորձերով։ Սիրելի՛ հայրենակիցներ, Գագիկ Ծառուկյանի եւ մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել եւ լռեցնել չի հաջողվելու եւ վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ եւ էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եւ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է։ Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»  
11:10 - 26 սեպտեմբերի, 2020
Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

tert.am: Գագիկ Ծառուկյանի՝ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր այցելելը վկայում է այն մասին, որ մենք առավել քան վստահ էինք, որ դատարանը իրականացնելու է քաղաքական հանձնարարություն և միջնորդությունը բավարարելու է։ Այս մասին Ազգային Անվտագության ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Ծառուկյանը թիմակիցներին հորդորեց չընկճվել և պայքարը ավարտին հասցնել և նշեց, որ քաղաքական պատվերի այս հեղինակները պատասխան են տալու ժողովրդի և Աստծո առաջ: Մեր հետագա անելիքիների մասին վաղը կտեղեկացնենք և՛ եռյակի ձևաճափով, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ձևաչափով»,-նշեց ԲՀԿ պատգամավորը: Նա նշեց, որ փաստաբանները նշել են, որ դատարանը որևէ հիմնավորում չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում՝ սկսած հունիսի 16-ից, Ծառուկյանը փորձել է խոչընդոտել գործի քննության ընթացքին.  «Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի և պատվերի հետ, դատարանը բացարձակապես թքած է ունեցել թե՛ արդարադատության սկզբուքների և թե՛ այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին միտված է»: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Խորհրդարանում գործընթաց սկսվի Գ․ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված, Իվետա Տոնոյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող նման գործընթացով հանդես գալ, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը որևէ իրավաբանական հենք չունի: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:11 - 26 սեպտեմբերի, 2020
Պատասխան են տալու. Ծառուկյանը կալանավորվելու որոշման հրապարակումից հետո ժամանեց ԱԱԾ
 |news.am|

Պատասխան են տալու. Ծառուկյանը կալանավորվելու որոշման հրապարակումից հետո ժամանեց ԱԱԾ |news.am|

news.am: Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։ Ծառուկյանը հայտնեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է. «Դուխներդ տեղը, ամեն մեկը պատասխան է տալու։ Իմանալով այս անօրինական որոշմանը՝ դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել»։    
23:41 - 25 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին`ասելով, որ փաստաբանները կխոսեն նիստի մասին: Ծառուկյանը միայն նշեց, որ պահանջում է Կառավարության 100 տոկոսի հրաժարականը: Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, եւ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու: Ըստ նախնական տվյալների՝ այն կհրապարակվի այսօր՝ ժամը 13:30-ին: Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքները մուտք են եղել Վճռաբեկ դատարան, դրանից հետո իրենք հավաստի տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտության արդյունքում, եւ ընդհանրապես, ինչ-որ մարմինների փոխադարձ համաձայնությամբ նախապես որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս շուտ մերժվեն, եւ դա պետք է այնպես արվի, որ համապատասխանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի հերթապահությանը, եւ միջնորդության քննությունը հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին Ըստ պաշտպանի՝ այս տեղեկատվությունը հետագայում հաստատվել են օբյեկտիվ փաստական տվյալներով. «Մասնավորապես, այնպիսի հանգամանքներ տեղի ունեցան, որ այլ գործով տեղի չեն ունենում. վճռաբեկ բողոքը մերժվել է ընդամենը 3 օրում.  բողոքը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 7-ին, իսկ 10-ին արդեն մերժվել է, ինչը բացառիկ դեպք է, Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետ ունի, եւ եթե իրավաբաններին հարցնեք, կփաստեն՝ փորձը ցույց է տալիս, որ 2-րդ, 3-րդ ամսվա մեջ է որոշումը կայացվում, բացառիկ դեպքերում՝ 1 ամսվա ընթացքում, բայց 3 օրվա ընթացքում որոշում լինի՝ այն էլ այն դեպքում, երբ գործը 8 հատոր է, իսկ նախորդ նիստերի արձանագրությունը՝ 50 հատոր, փաստում է, որ ակնհայտ շահագրգռվածություն կա»: Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքը վերադարձվել է՝ տեխնիկական շտկոմներ անելու, տրամադրվել է 2 օր ժամկետ, մինչդեռ այլ դեպքերում տրամադրվում է 5, 10, 25 օր. «Սա էլ մի կողմ թողնելով՝ ասեմ, որ հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարական է եղել, որ անձամբ գնան փոստային բաժանմունք, եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցում»: Պաշտպանը դա ընդգծեց՝ ցույց տալու, թե ինչ անհանգիստ են եղել աշխատակիցները՝ ցանկալի ժամկետում որոշում կայացնելու համար. «Դատարանի աշխատակիցը փոստային բաժանմունք է գնում, վերցնում, բան ու գործ չունեն էլի, այս ամենը կատարվեց նրա համար, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում. ամսի 10-ին որոշումը ուղարկեցին բոլորին, բայց գործը չուղարկեցին, մինչեւ ամսի 17-ը մնաց Վճռաբեկ դատարանում, որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ այլ դատարանի հերթապահության խնդիր լինի»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:51 - 25 սեպտեմբերի, 2020
Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:«Աբսուրդ է Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը, և ես մտածում եմ՝ այս դատավորը (գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է) պատահաբար չի ընտրվել, նա նույն դատավորն է, որ 2010-ին Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու դատական որոշում կայացրեց, բայց չեմ ուզում դատավորի ու դատարանի անմեղության կանխավարկածը խախտել: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ունեն այնքան հիմնավոր փաստարկներ, որ այս դատական գործընթացն ընդամենը ֆարս է»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է համարել, Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե ինքն ունենար Աղազարյանի կենսագրությունը, ամոթից կլռեր: «Անիմաստ է իշխանություններին անգամ հորդորով դիմելը, որովհետև անցել են բոլոր կարմիր գծերը: Չկա այլևս բարոյականության որևէ գիծ, որ այդ մարդիկ անցած չլինեն»,-նշեց նա: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, նաև իրեն ու Գևորգ Պետրոսյանին առնչվող քրեական գործեր կհարուցվեն, Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, թե իր հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է, ապա շարունակեց. «Մենք ունենք տեղեկություն, որ ամեն ինչ անում են նաև իմ և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց, հարցեր տալիս: Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ մահապարտներ կարող են գտնել, որ մեր դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը: Ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել՝ եթե ՀՀ անկախության պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»,- ասաց նա:Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահների վրա կոնկրետ հանձնարարական կա՝ գտնել, պեղել իրենց մասին տեղեկություններ, մոնտաժել հեռախոսազրույցներ: «Ինձ արդեն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են ևս մեկ ձայնագրություն հրապարակել, որտեղ ես իբր վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի մասին»,-նշեց նա՝ տեսակետ հայտնելով, թե այս ամենի նպատակն իրենց լռեցնելն է, սակայն արդյունքի չեն հասնի:
12:46 - 25 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործը քաղաքական ենթատեքստ ունի․ անկախ դեպքերի զարգացումից՝ հանրահավաքը տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան |tert.am|

Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործը քաղաքական ենթատեքստ ունի․ անկախ դեպքերի զարգացումից՝ հանրահավաքը տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան |tert.am|

tert.am: Հայաստանում չեղած տեղը հարյուրից ավել մարդ են կանչում, հարցաքննում. ոչ մի բովանդակություն չկա: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքի և հարցաքննությունների մասին:Ըստ նրա՝ ցանկացած մեկը, ով անօրինական գործողություն է ծավալել, պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն իշխանության ներկայացուցիչներին պետք է հարցնել, թե ինչով է խանգարում ԲՀԿ-ն, որ քրեական հետապնդում է իրականացվում: «Հունիսի 5-ի հայտնի քաղաքական խորհրդի նիստից հետո սկսվեց հայտարարությունների շարք և քաղաքական պարզաբանումներ չհնչեցին, սակայն սպառնալիքներ և վիրավորանքներ եղան, որին էլ հաջորդեց այս քրեական գործը: Բնականաբար սա քաղաքական ենթատեքստ ունի, բայց իրականությունը ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալու»,- ասաց նա:Վահե Էնֆիաջյանը նշեց, որ սպասվող հանրահավաքին հնչելու են այն համոզմունքները, որոնք ժողովդի և իրենց համար արդիական են:
11:48 - 25 սեպտեմբերի, 2020
Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյանը ներկայացել է դատական նիստին |tert.am|

Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյանը ներկայացել է դատական նիստին |tert.am|

tert.am: Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց դատարան: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ տրամադրությամբ է եկել դատարան, Ծառուկյանը նշեց, որ շատ լավ տրամադրություն ունի: Հարցին՝ մտավախություն ունի՞, որ իրեն կալանավորելու որոշում կկայցնեն, Ծառուկյանն ասաց․  «Ես խոսել եմ իմ երկրի համար, իրավիճակի համար. այսօր սոցիալ-տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ երբեք նման վիճակ չի եղել: Ես հունիսի 5-ից ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ: Այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ աջակցի Հայաստանին, ես ասել եմ՝ ուղղենք, թե չէ ավելի վատ է լինելու, սակայն հունիսից մինչև հիմա ավելի վատ է եղել»: Ծառուկյանը հավելեց, որ իր խոսքերից չի հրաժարվում, ինչ ասել է, իր ասածի տերն է և դեռ մի բան էլ քիչ է ասել: «Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալ-տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա, տոկոսները կիջնեն, ուսման վարձերը կնվազեն, հարց չկա: Ես ինչ ասել եմ, համոզված եմ, իմ սկզբունքին եմ, դեռ քիչ եմ ասել»,- ասաց նա և հավելեց, որ մնացածը դատական պրոցեսը ցույց կտա: Նշենք, որ Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարիտիրոսյանին բացարկի միջնորդություն են ներկայացնելու: Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը պետք է քննվեր սեպտեմբերի 23-ին, սակայն դատական նիստը չէր կայացել, քանի որ Գագիկ Ծառուկյանն ու նրա պաշտպանները չէին ծանուցվել դատական նիստի մասին, ինչի համար էլ չէին ներկայացել դատարան:
11:01 - 25 սեպտեմբերի, 2020
Դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը |armenpress.am|

Դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։ Ծառուկյանը ժամանել է դատարան։ Դատարանի շենքի դիմաց հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև աջակիցները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
10:36 - 25 սեպտեմբերի, 2020
Պաշտպանը Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Պաշտպանը Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Քիչ առաջ, որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, Գագիկ Ծառուկյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում և դրա շրջանակում տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի, և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։ «Անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։ Քանի որ պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են նաև այս տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ և ապացույցներ, ինչպես նաև մատնանշել ենք այնպիսի ապացույցների առկայության մասին, որոնք կարող են ձեռք բերվել քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու պարագայում՝ քննչական և դատավարական գործողությունների միջոցով, ուստի այդ փաստերի շարադրմամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ Հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված՝ պրակտիկայից և սովորականից տարբերվող այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Գագիկ Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ, որոնք կատարվել են հենց կալանավորման միջնորդության քննությունն արագ կարգով և հատկապես Կենտրոն նստավայրում ու նախընտրած դատավորի կողմից ապահովելու հատուկ ջանասիրությամբ։ Տեղին է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ իրավունք ունի, որ իր վերաբերյալ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից»,- գրառել է պաշտպանը եւ նշել, որ վերը նշված փաստական հանգամանքներն առնվազն ողջամիտ հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի այդ իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է։ «ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ավելին, նույն օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական պատասխանտվություն է նախատեսված հետևյալ աարքի համար․«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։ Իսկ նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով»,- հիշեցրել է նա եւ հույս հայտնել, որ իրավասու մարմինները կգործեն առանց կաշկանդվածության, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ կհարուցեն քրեական գործ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձանց պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն։
17:13 - 24 սեպտեմբերի, 2020