tert.am: Հայաստանում չեղած տեղը հարյուրից ավել մարդ են կանչում, հարցաքննում. ոչ մի բովանդակություն չկա: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքի և հարցաքննությունների մասին:
Ըստ նրա՝ ցանկացած մեկը, ով անօրինական գործողություն է ծավալել, պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն իշխանության ներկայացուցիչներին պետք է հարցնել, թե ինչով է խանգարում ԲՀԿ-ն, որ քրեական հետապնդում է իրականացվում:
«Հունիսի 5-ի հայտնի քաղաքական խորհրդի նիստից հետո սկսվեց հայտարարությունների շարք և քաղաքական պարզաբանումներ չհնչեցին, սակայն սպառնալիքներ և վիրավորանքներ եղան, որին էլ հաջորդեց այս քրեական գործը: Բնականաբար սա քաղաքական ենթատեքստ ունի, բայց իրականությունը ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալու»,- ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը նշեց, որ սպասվող հանրահավաքին հնչելու են այն համոզմունքները, որոնք ժողովդի և իրենց համար արդիական են:
comment.count (0)