Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930 թվականին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից։

Տասնամյակների ընթացքում շենքի ներքին հարդարանքը հնացել էր, կորցրել իր փայլը և չէր համապատասխանում արտաքին շքեղ տեսքին: Բացի այդ շենքն անավարտ էր և թամանյանական նախագծի մի շարք մտահղացումներ ժամանակին չէին իրականացվել: Հետագայում` 1978 թվականին, Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ սկսվեց օպերայի շենքի վերակառուցումը, որն իրականացվեց Ալեքսանդր Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի գլխավորությամբ: Հիմնովին վերակառուցվեցին օպերայի թատրոնն ու ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը։ Թատրոնը վերաբացվեց 1980 թ. նոյեմբերի 28-ին` ՀԽՍՀ կազմավորման 60-ամյակի առթիվ: 

Թատրոնը Ալեքսանդր Սպենդիարյանի անունով է կոչվել 1938 թվականին, իսկ ակադեմիական կոչում ստացել 1957-ին։ 2002 թվականին կրկին կատարվել են վերանորոգման աշխատանքներ։
 
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել են նաև տանիքի այդ հատվածի ջրահեռացման համակարգերը: Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել: Տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Շուրջ 1200 քմ մակերեսով տանիքային հատվածի վերանորոգումը տևել է 6-7 ամիս:
17:25 - 26 հոկտեմբերի, 2024
Օպերային թատրոնում էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են տվյալ թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով. ՀԷՑ-ի պարզաբանումը |armenpress.am|

Օպերային թատրոնում էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են տվյալ թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով. ՀԷՑ-ի պարզաբանումը |armenpress.am|

armenpress.am: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից՝ անդրադառնալով Թատրոնի տարածած այն հաղորդագրությանը, որ օգոստոսի 7-ին բալետային ներկայացման ժամանակ էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի պատճառով  դադարեցվել է հերթական ներկայացումը։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ Թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ: Խնդիրը պարզելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել Թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր Թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են Թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման»,- նշված է ընկերության պարզաբանման մեջ:   Ըստ նույն պարզաբանման՝ ս.թ. օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի ընդհատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են Թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը: ՀԷՑ-ի բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հավաստիացնում են՝ պատրաստակամ են տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Թատրոնին հնարավորինս աջակցելու համար:  
17:51 - 09 օգոստոսի, 2024
Կառավարությունն ավելի քան 68 մլն դրամ է հատկացրել օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

Կառավարությունն ավելի քան 68 մլն դրամ է հատկացրել օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի և բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման և ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։ Բացի այդ, կարևորելով միջազգային հյուրախաղերը և նկատի ունենալով, որ համայնքային թատրոնների բեմահարթակները հարմարեցված չեն բալետային ներկայացումների ցուցադրությանը՝ ձեռքբերված պրոֆեսիոնալ հատակածածկը լայն հնարավորություն կընձեռի նաև մարզային շրջագայությունների համար: Այսպիսով, բալետային թատերախմբի աշխատանքներն արդյունավետ և որակով կազմակերպելու, արտիստների արտադրական վնասվածքները կանխելու, հանդիսատեսին պատշաճ ներկայանալու նպատակով փորձասենյակների և բեմի համար անհրաժեշտ է ձեռք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան բալետային հատակ: Բալետային հատակի տեղադրման գործընթացը չի խաթարի թատրոնի բնականոն աշխատանքը, խաղացանկային ներկայացումները կշարունակվեն բնականոն ընթացքով, քանի որ տեղադրման գործընթացը չի ենթադրում հատակածածկույթի ապամոնտաժում, այլ վերջինս ամրացվում է առկա հատակին։
13:59 - 06 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրեն Կարեն Դուրգարյանին

ԿԳՄՍ նախարարը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրեն Կարեն Դուրգարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ինչպես տեղեկանում ենքԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել, որ անչափ կարևորում է օպերային թատրոնի անձնակազմի հետ հանդիպումը, քանի որ օպերային թատրոնն այն կառույցներից է, որտեղ առանձնահատուկ հոգածությունն ու ուշադրությունը պետք է լինեն մշտապես: Նախարարի դիտարկմամբ՝ Կարեն Դուրգարյանին և նրա գործունեությունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ մաեստրոն վերջին տարիներին այս պաշտոնի գործառույթներն իրականացրել է. «Ամփոփվել է թատրոնի տնօրենի մրցույթը, և ես վստահ եմ, որ իրավական այս կարգավիճակում մենք կունենանք թատրոնի զարգացման ավելի հստակ հեռանկար: Այն միտումները, որոնք տեսնում էինք վերջին տարիներին, հիմք են հանդիսացել, որպեսզի ներդնենք թատրոնի զարգացման նոր ծրագրեր: Հատկանշական է, որ օպերային թատրոնն առաջին մշակութային հաստատությունն է՝ առաջամարտիկը՝ ֆինանսավորման նոր մոդելի փորձարկման:  Այս փորձարկումը հնարավոր է եղել՝ հաշվի առնելով թատրոնի կատարած աշխատանքները, որակական և ֆինանսական ցուցանիշները: Իրականացված աշխատանքները թատրոնի ողջ անձնակազմի համատեղ ջանքերն են պարոն Դուրգարյանի գլխավորությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ամբողջ անձնակազմին»: Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ օպերային թատրոնի աշխատանքի, ներկայացումների որակի մասին հաճախ է լսվում հանրության դրական արձագանքը. «Օպերային թատրոնը կարող է իր հետևից տանել ոլորտը, այսինքն՝ ցույց տալ ճանապարհը և մոդելային դառնալ նաև մյուս հաստատությունների համար: Մենք կարող ենք դարձնել թատրոնը հետաքրքիր, որակյալ և պահանջված՝ հանդիսատեսի կողմից: Այստեղ մենք տեսնում ենք լեփլեցուն դահլիճներ: Հենց այս արդյունքն է, որ մեզ թույլ է տալիս օպերային թատրոնում փորձարկելու ֆինանսավորման նոր մոդելը, որը հնարավորություն է ընձեռելու բարելավելու թատրոնի պայմանները: Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է շարունակական, և մենք գրանցելու ենք նորանոր հաջողություններ»: Նախարարը հաջողություն է մաղթել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին՝ անձնակազմի հետ աշխատանքում և նշել, որ պետությունը մշտապես լինելու է օպերային թատրոնի կողքին՝ կարգավորելու բոլոր խնդիրները: Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով օպերային թատրոնի գործունեության նորանոր հաջողություններն ուրախացնելու են բոլորին, առաջին հերթին՝ հանդիսատեսին: Նախարարի խոսքով՝  ի վերջո, որակյալ մշակույթին հաղորդակցվելը հասարակության համար կդառնա կյանքի կարևոր կենսակերպ: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նույնպես շնորհավորել է Կարեն Դուրգարյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք և ստեղծագործական հաջողություններ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին՝ շեշտելով, որ արձանագրված բարձր ցուցանիշները յուրաքանչյուրի կատարած աշխատանքի հանրագումարն է:   
17:30 - 23 օգոստոսի, 2023
Կարեն Դուրգարյանը հաղթել է Երևանի օպերային թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթում

Կարեն Դուրգարյանը հաղթել է Երևանի օպերային թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթում

Դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որն իրականացնում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, օգոստոսի 8-ին հաղթել է տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Այս մասին հաղորդեցին Երևանի օպերային թատրոնից: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ էին ներկայացրել «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Կարեն Դուրգարյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, թատրոնի ընդհանուր բաժնի պետ Ազգանուշ Ստեփանյանն ու երաժիշտ Հակոբ Գասպարյանը: Մրցույթի երկրորդ փուլ էին անցել Կարեն Դուրգարյանն ու Լիլիթ Պետրոսյանը: Երկրորդ փուլում Դուրգարյանը ստացել է ութսուն միավոր, իսկ Պետրոսյանը՝ 59 միավոր:
16:13 - 08 օգոստոսի, 2023
Վարչապետը ներկա է գտնվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է գտնվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են գտնվել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Օհան Դուրյանի տիկինը՝ Ալիս Դուրյանը և որդին՝ Նարեկ Դուրյանը: Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հարգելի ներկաներ, Իսկապես շատ ուրախալի առիթ է, և պիտի ասեմ, որ պատիվ և ուրախություն եմ ունեցել, բայց երևի նաև ինչ-որ տեղ թերություն է՝ մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս: Իրականում դա թերություն է, որովհետև ճիշտ բալանսը կլիներ ավելի շատ շփվել այս պատերից ներս, քան թե պատերից դուրս՝ այս հրապարակում: Պետք է խոստովանեմ, որ հիմա, իսկապես, այն, ինչ տեսա և լսեցի, շատ դրական լիցքերով լիցքավորեց ինձ, որովհետև պիտի անկեղծ ասեմ, երկու դրվագի մասին խոսեմ: Առաջինը, երբ այդ գաղափարը լսեցի՝ Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրել, ճիշտն ասած՝ այն ինձ համար անսպասելի էր, որովհետև, այնուամենայնիվ, Ազատության հրապարակ, և ինչքանո՞վ կներգրավվի Ազատության հրապարակում Օհան Դուրյանը. գիտեի, որ ներգրավված է, բայց, այնուամենայնիվ, արձանն ուրիշ երևույթ է: Եվ երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում, որովհետև, կարծում եմ, Օհան Դուրյանի այս ներկայությունն Ազատության հրապարակում, ավելի ճիշտ՝ հենց այստեղ, խորհրդանշում է իր ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս: Կարծում եմ՝ Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում՝ Արամ Սարգսյանի ներկայությունն է ընդգծում, Վահագն Խաչատուրյանի ներկայությունն է ընդգծում, Վահրամ Դումանյանի ներկայությունն է ընդգծում: Ես չգիտեմ, շատերը գուցե տեղյակ չեն, բայց 2007 թվականին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում մի շարք քաղաքական միջոցառումներ ենք իրականացրել: Իմ ներկայությունն է ընդգծում: Ես չեմ ուզում շատ անուններ տալ, որովհետև հիմա խառը ժամանակներ են, չգիտեմ՝ ում անունը տալիս անվանատերը դա դրական կընկալի, ում անունը տալիս կասի՝ ինչու են իմ անունը շահարկում Ազատության հրապարակում: Ես հիշեցի, որ Ազատության հրապարակում իմ առաջին հանրահավաքը, որտեղ ես ելույթ եմ ունեցել, անցկացրել եմ ուղիղ այնտեղ, այն սյունի ներքո: Սա շատ կարևոր է: Հաջորդ հանգամանքը՝ քիչ առաջ նախագահին էլ էի դա ասում, պիտի շնորհակալություն հայտնեմ Ձեզ, պարոն Վարդապետյան, որովհետև գիտեմ, թե նաև ինչ անձնական կապվածություն ունեք մաեստրո Օհան Դուրյանի հետ: Պիտի խոստովանեմ՝ այս ողջ ընթացքում մտածում էի, թե ինչքանով այդ անձնական կապվածությունը կարող է հակասել, հակադրվել Ազատության հրապարակի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի էսթետիկային: Մի փոքր մտավախություն ունեի, որ, այնուամենայնիվ, և՛ Օհան Դուրյանի անձնական հանգամանքը, և՛ պարոն Վարդապետյանի անձնական նվիրվածությունն Օհան Դուրյանին կարող է խաթարել էսթետիկան, բայց պիտի ասեմ, որ իսկապես հոյակապ տեղ, հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, և ես դրա համար շնորհակալ եմ: Երկրորդը, ինձ ասացին՝ տեսե՞լ եք Օհան Դուրյանի արձանի շուրջ ինչ աղմուկ կա: Ես ասացի՝ չէ, չեմ տեսել: Ասացին՝ արձանի մի նախագիծ է հրապարակվել, որի շուրջ կա մեծ աղմուկ և քննադատություն: Ես ասացի՝ ուղարկեք տեսնեմ, լուսանկարը կարող եք ուղարկել: Երբ այդ լուսանկարը տեսա, ցնցվեցի, անկեղծ եմ ասում, որովհետև ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Ընդ որում, նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ - եթե սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք - վավերագրական ֆիլմ կա Օհան Դուրյանի մասին, Ստաս Նամինն է չէ՞ այդ ֆիլմը նկարահանել: Այդ ֆիլմի մեջ՝ փորձի ժամանակ, Օհան Դուրյանը կարճաթև շապիկով է, և նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև, կներեք, սմոքինգով կամ ֆրակով Օհան Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ: Ես շնորհավորում եմ նաև այս մտահղացման հեղինակին, շնորհակալություն եմ հայտնում մտահղացումն իրականացնողին: Օհան Դուրյանի կերպարի մասին խոսվեց, և ես ուզում եմ ավարտել հետևյալ ընդգծումով՝ ծնվել է Երուսաղեմում, դեգերել է ամբողջ աշխարհով և հանգչում է հայրենիքում, բայց ապրել է հայրենիքում: Օհան Դուրյանը, եթե ճիշտ եմ հիշում, դեռևս 50-ականներին շատ մեծ, աղմկոտ և հաջողված հյուրախաղեր է ունեցել Հայաստանում: Իր դիրիժորական գործունեությունը Հայաստանում դեռևս 50-ականների վերջից է և հետո արդեն անկախ հանրապետություն վերադարձը: Սովորաբար ուխտագնացություն ասելով հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ Օհան Դուրյանի կյանքը և ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան պետություն, ինքնիշխան հայրենիք: Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է: Երազանքն էլ կենդանի երևույթ է, և ես հիմա հասկանում եմ, որ մենք երազանքների մեջ չենք նկատել ամենակոնկրետ երազանքը՝ որ Հայաստանն ինքը պետք է լինի կոնկրետ, տեսանելի, չափելի, շոշափելի, և դա է Հայաստանի լինելիության երաշխիքը և գրավականը: Շատ հեշտ չէ, որովհետև նույնիսկ մենք մեր ամենասիրելիներին ընկալում ենք որպես իդեալական: Իդեալականը կոնկրետությունից դուրս է, որովհետև երբ մարդուն կոնկրետացնում ես՝ տեսնում ես նրա թերությունները, առավելությունները։ Երբեմն հասկանում ես, որ նա այնքան բոյով չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն այնքան մարմնեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն նույնիսկ այնքան ուժեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, բայց հենց այս պահին է գալիս սիրո կուլմինացիան։ Երբ սիրում ես կոնկրետության մեջ, երբ սիրում ես այնպիսին, ինչպիսին կա ինքը, ոչ թե քո երազանքների մարդուն ես սիրում, այլ այդ երազանքների մարդուց ստանում ես կոնկրետ մարդու, որն ունի ցավեր, թերություններ, թուլություններ, որն այնպիսի աստվածային և տիեզերական չէ գուցե, որ դու երազել կամ մտածել ես։ Բայց դու, նրան այդպիսին ընկալելով, ավելի ուժեղացնում ես և ավելի սիրում։ Նույնն էլ հայրենիքն է. սիրել հայրենիքը՝ կոնկրետացնելով, տեսնելով նրա բոլոր առավելություններն ու թերությունները, իջեցնելով նրան պատվանդանից և դարձնելով ամենօրյա հոգածության առարկա՝ սիրո, գորովանքի, քննադատության, դաժան քննադատության, բանավեճի, վեճի, այո՛, ընտանեկան կռվի, և սրանով պաշտպանել նրան։ Ես այսօրվա սիմվոլը ընկալում եմ այսպես. Օհան Դուրյանը երկու՝ մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել է և դրվել է, հենվել է Հայաստանի Հանրապետության հողին։ Սա է այսօրվա սիմվոլը, և շնորհավորում եմ բոլորիս այս սիմվոլի առիթով»:
15:38 - 04 նոյեմբերի, 2022
«Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ». բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին |news.am|

«Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ». բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին |news.am|

news.am: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստների եւ տնօրինության միջեւ առկա են անհամաձայնություններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, հայտնում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները։ Նրանք բաց նամակ են գրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Նամակում, մասնավորապես, գրված է. «Հարգելի պարոն Հարությունյան Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների եւ տնօրինության միջեւ առկա են անհամաձայնություններ: Պատճառը տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններն ու խոստումներն են: Ձեզ ենք ներկայացնում օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս խնդիրները: Կ. Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ: 2017 թ.-ից առ այսօր չենք ստացել աշխատանքային պայմանագրի 2.3.6 կետով նախատեսված (ժամանակին ապահովել աշխատողին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով՝ որպեսզի աշխատողը կարողանա կատարել աշխատանքի նորմաները) երաժշտական գործիքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, որպեսզի մենք կարողանանք կատարել աշխատանքային նորմաները: Հայտնում ենք, որ նշված միջոցները կազմում են բավականին գումար եւ մենք՝ ներքոստորագրյալներս, լինելով մեր գործին վիրյալներ, մտածելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատվի եւ համբավի մասին , մեր սուղ նյութական միջոցներից հոգացել ենք դրանց ծախսերը, որպեսզի որեւէ պատասխանատու համերգի, պետական միջոցառման ժամանակ չունենանք երաժշտական գործիքների հետ կապված անսարքություններ: Այս խնդրով բազմիցս ենք դիմել տնօրինությանը, սակայն ապարդյուն: Տեղեկացնում ենք նաեւ թատրոնում առկա ֆինանսական եւս մեկ խնդրի մասին: Խոսքը դեռ նախորդ տարվանից մեզ չվճարված հոնորարներն են, որոնք նախատեսված են եղել «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացման համար: Վճարումները կատարվել է մասնակի՝ վարձատրվել են միայն բալետի արտիստներն ու դիրիժորը: Օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս կողմից բարձրացված այս խնդիրներին ի պատասխան օրեր առաջ տնօրինությունը մեզ ներկայացրեց արտահերթ որակավորման քննություն անցկացնելու հրաման: Վերջինս ոչ այլ ինչ է, քան երաժիշտների մեջ վախի մթնոլորտ տարածելով վերոնշյալ ֆինանսական խնդրի շուրջ բարձրացված աղմուկը լռեցնել: Նախապես հայտնում ենք մեր երախտիքն ու շնորհակալությունը եւ խնդրում ենք հետեւողական լինել այս խնդիրներին»:
16:38 - 17 փետրվարի, 2020