Lydian International

Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ Լիդիան Ինթերնեյշնլը երկրաբանահետախուզական եւ հանքարդյունաբերական ընկերություն է, որը կենտրոնացած է Ամուլսարի հանքավայրը շահագործելու ուղղությամբ։ Լիդիանը ունի նաեւ Վրաստանում ոսկու հետախուզական «Քելա» նախագիծ, բայց այս պահին այն գտնվում է սառեցված վիճակում։ Լիդիան Ինթերնեյշնլը Հայաստանում իր գործունեությունը իրականացնում է իր դուստր Լիդիան Արմենիա ընկերության միջոցով։

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերեր կամ ֆինանսական աջակիցներ են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» հիմնադրամը, Ամերիաբանկը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը, ձեռնարկատեր Նուբար Աֆեյանը, բանկիր, Արցախ ՀԷԿ-ի սեփականատեր, խոշոր բիզնեսմեն Ժոզեֆ Ուղուրլյանը, Վահան Քոլոլյանը եւ այլ ընկերություններ եւ անհատներ:

Օնտարիոյի դատարանին նամակ է ուղարկվել Լիդիան ընկերության ցուցմունքներում առկա փաստական խեղաթյուրումների մասին |armecofront.net|

Օնտարիոյի դատարանին նամակ է ուղարկվել Լիդիան ընկերության ցուցմունքներում առկա փաստական խեղաթյուրումների մասին |armecofront.net|

armecofront.net: Փետրվարի 28-ին Հայկական բնապահպանական ճակատի մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Բ. Մորավեցին, ով քննում է Լիդիան ընկերությունների խմբի` սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության «մոնիտոր» (կառավարիչ) ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը: Լիդիան ընկերությունների խումբը օտարերկրյա մի շարք դատական գործերում է ներքաշված․ նախ՝ օֆշորային Ջերսիում ընթանում է նրա սնանկության գործը իր պարտապանների հայցով, իսկ կանադական դատարաններում Լիդիանը փորձում է պաշտպանվել սնանկությունից իր նոր գրանցված կանադական դուստր ընկերության միջոցով և այդ պաշտպանությունը տարածել Ջերսիում ընթացող գործի վրա։ Լիդիան խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսը դատարաններին հավաստիացնում է, որ խմբի անդամ ընկերությունները վերակազմավորվում են, փնտրում Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը վերագործարկելու համար նոր ֆինանսավորում, անհնարինության դեպքում՝ արբիտրաժային ծախսերի համար ֆինանսավորում (վարկավորում), ինչպես նաև ակտիվորեն փնտրում են ընկերության գնորդներ։ Հաշվի առնելով Լիդիանի այս ջանքերը՝ տնօրեն Սելլերսը հայցում է պաշտպանություն սնանկությունից։ Գործը քննում է անվճարունակ ընկերությունների վերակազմավորման հարցերով մասնագիտացած սնանկության դատավոր Ջեֆրի Մորավեցի գլխավորած դատարանը։ Հայկական բնապահպանական ճակատը գրություն է հղել կանադական դատարան ու սնանկության «մոնիտոր» ընկերությանը՝ տեղեկացնելով Լիդիան ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսի 2019թ-ի դեկտեմբերի ցուցմունքում հայտնաբերված շուրջ երկու տասնյակ փաստական խեղաթյուրումների և հետևաբար՝ դատարանին ապակողմնորոշելու մասին: Ներկայացվել են նաև հավելյալ տեղեկություններ ՀՀ դատարանում Լիդիանի գույքի վերաբերյալ կայացրած որոշումների մասին, ինչպես նաև վերոնշյալ պնդումները հաստատող պաշտոնական փաստաթղթեր: Լիդիան ընկերությունների խմբի իրավաբանների (որոնք նաև պարտատեր են) հայցադիմումի փաթեթը, ներառյալ 2019թ-ի դեկտեմբերին Էդվարդ Սելլերսի՝ երդմամբ հաստատված ցուցմունքը, հրապարակված են սնանկության «մոնիտորի»՝ Alvarez and Marshal-ի կայքում: Այս իրավական փաստաթղթերի բազմաթիվ կետերում զրպարտիչ տեղեկություններ են ներկայացվում ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների մասին, որոնց վերջիններս որևէ կերպ չեն արձագանքել: Այս փաստաթղթերը վերլուծելը, դրանց արձագանքելը, ՀՀ քաղաքացիների և պետության շահերը պաշտպանելն իրականում մեր կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը չպետք է աներ. սա ՀՀ կառավարության ուղիղ պարտականությունն էր: Մենք ստիպված ենք եղել շաբաթներ շարունակ տեղեկություններ հայցել պետական մարմիններից՝ ապացույցներ հավաքագրելու համար, այնինչ Կառավարությունն այդ բոլոր տեղեկություններին ի սկզբանե տիրապետում էր: Կառավարության՝ իր պարտականությանների մեջ թերանալու պարագայում, նման կարևոր խնդիրը բարձրաձայնելն ու Կառավարության անդամներին հարցադրումներ ներկայացնելը նաև ԱԺ պատգամավորների պարտականություններից է: Երկու մարմիններն էլ չեն կատարել իրենց գործառույթը նույնիսկ այն բանից հետո, երբ մենք նամակներով և լրատվամիջոցներով իրազեկել ենք խնդրի և գործով առկա փաստաթղթերի աղբյուրների մասին: Ի հավելումն այս հարցում նման անպատասխանատու մոտեցման՝ մեկ այլ պետական մարմին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ, հետևողականորեն ոչ մի անգամ չի ներկայացել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իր դեմ հայցերի շրջանակներում կայացած դատական նիստերին: Արդյունքում՝ 2020թ. փետրվարի 26-ին Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» ևս մեկ հայց ու անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Չնայած Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որ Վարչական դատարանի վճիռը իրավաչափ չի համարում, և այն բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարան՝ անհասկանալի է, թե դատական նիստերին հետևողական կերպով չներկայանալու պարագայում ուրիշ ի՞նչ որոշում կարելի էր ակնկալել դատարանից: Դատելով պետական մարմինների այս վարքագծից՝ մենք գնահատում ենք, որ ՀՀ կառավարությունը կա՛մ շարունակում է աջակցել Լիդիան ընկերությանը, կա՛մ այս հարցում մատնված է անգործության, ինչն ինքնաբերաբար աջակցություն է: Կառավարությունը ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում այդ ընկերության նկատմամբ անցած 8-9 տարիների ընթացքում պետությանն ու հանրությանն ապակողմնորոշելու և վնաս հասցնելու համար, այլև հետևողականորեն փոշիացնում է տարբեր պետական և ոչ-պետական մարմինների արած աշխատանքի արդյունքները:
10:40 - 02 մարտի, 2020
«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը վերականգնել «Լիդիանի» օրինական իրավունքները

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը վերականգնել «Լիդիանի» օրինական իրավունքները

«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2020թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Ամուլսարի ծրագրում 2018 թ. ստուգումների արդյունքում ըստ Տեսչական մարմնի «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10 պահանջ՝ ներառյալ Ամուլսարի ծրագրի շինարարության փուլում իրականացված (շինարարական նյութերի) ապօրինի հանքարդյունահանումը: «Լիդիանը» վիճարկել էր այդ կետերը և պնդել, որ Տեսչական մարմնի ղեկավարը եղել է կողմնակալ այդ որոշումներում, որոնց արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն 2018թ.-ի օգոստոսին քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» նկատմամբ՝ հիմնվելով Տեսչական մարմնի բացահայտումների վրա: Համաձայն Վարչական դատարանի վճռի՝ «Լիդիան Արմենիայի» շինարարական գործունեությունն Ամուլսարի ծրագրի տարածքում չի հանդիսանում ապօրինի հանքարդյունահանում: Ինչպես և «Լիդիանը» մշտապես պնդել էր, երբևէ պատշաճ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու համար: «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, – «Լիդիանը» ողջունում է Վարչական դատարանի անաչառ որոշումը: Սա ևս մեկ վճիռ է, որով Հայաստանի դատական համակարգը փաստում է «Լիդիանի» գործունեության համապատասխանությունը օրենքին: Նախորդ մի շարք վճիռներով ևս Հայաստանի դատարանները պարզել էին, որ «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը ապօրինաբար խոչընդոտվել է: «Լիդիանը» լուրջ ֆինանսական կուրսուտներ է կրել Ծրագրի դեմ ապօրինի գործողությունների արդյունքում, որոնց չի միջամտել ՀՀ կառավարությունը: Կառավարության գործողություններն ու անգործությունը շարունակում են բացասաբար ազդել «Լիդիանի» բոլոր շահառուների վրա՝ ներառյալ հարյուրավոր աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև հազարավոր բաժնետերերի և ներդրողների: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանն առաջնորդվել Վարչական դատարանի վճռով և վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը»: Վարչական դատարանը նաև անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը: Դատարանը գտել է, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված է եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում նրա անաչառության վերաբերյալ, երբ նա մերժել է «Լիդիանի» վարչական բողոքը: Այն երկու կետերը, որոնք Վարչական դատարանը թողել է ուժի մեջ, վերաբերում են փաստաթղթավորման բարելավմանը և տարեկան վիճակագրական հաշվետվություններին: Դատական ակտը կարող է մեկ ամսվա ընթացքում բողոքարկվել Վերաքննիչ Վարչական դատարան: Լիդիան Արմենիա
16:39 - 28 փետրվարի, 2020