Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է «2022-ի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» զեկույց

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է «2022-ի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» զեկույց

Հրապարակել ենք «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձություններին։ Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետության սահմանային դարձած բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ 2022թ. մարտի 7-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արցախյան կողմի ուղղությամբ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։ Երկրորդ բաժնում ներկայացվել են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։ Հանրապետության դպրոցների 65 %-ը ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որում կրթություն է ստանում աշակերտների ընդհանուր թվի 60%-ը։ Պատշաճ ջեռուցում ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ դադարեցվել են դասերը բոլոր հանրակրթական դպրոցներում։ Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը կազմում է 22%: 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արվեստի դպրոցների, բժշկական և երաժշտական քոլեջների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների 90%-ը ևս ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որոնք ևս ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը ջեռուցվում են գազի կիրառմամբ, որոնցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում մանկական հիվանդանոցում 46 երեխա, իսկ ծննդատանը 51 նորածին և մայրերը։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկատերեր ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանման հետևանքով։ Հատկապես մեծապես տուժել են գազալցակայանները, իսկ նրանց աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տուժել են նաև գազամատակարարման օգտագործմամբ աշխատող ջերմոցներն ու ջերմատները։Երրորդ բաժնում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո վախի և հուսալքության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և հարկադրելու մարդկանց լքելու իրենց բնակավայրերը։ Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։ Զեկույցը՝ այստեղ։
16:07 - 18 մարտի, 2022
Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ներկայացնելով արցախահայության վիճակը։ Գեղամ Ստեփանյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։
14:12 - 15 մարտի, 2022
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել. Արցախի ՄԻՊ |armenpress.am|

Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել. Արցախի ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի հստակ նպատակ` հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը արվել է նաև խորհրդային տարիներին և Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից մշտապես վարվել է այնպիսի քաղաքականություն, որ հայերի կյանքը Արցախի տարածքում լինի ոչ այնքան նպաստավոր և ավելի նպաստավոր լինի, օրինակ` ադրբեջանական այս կամ այն քաղաքում, որ թողնեն ու հեռանան և այդ քաղաքներում փոքրամասնություն կազմեն, հնարավորինս լքեն Արցախի տարածքը: Այդպիսով, Արցախի տարածքը կբնակեցվի Ադրբեջանի տարբեր շրջաններից բերված ադրբեջանցիներով»,- ասաց Ստեփանյանը: Արցախի ՄԻՊ-ի խոսքով`Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ կնքվեց հրադադարը, կարծես թե Արցախի անվտանգությունը և բնակիչների կյանքի իրավունքի ապահովումը սեփական ուժերով հնարավոր եղավ ապահովել, բայց դրանից հետո ավելի մեծ թափ ստացավ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը: « Դա մտավ դպրոցներ, կոնկրետ ուղղորդված տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում, ամեն գնով արվեց այնպես, որ Ադրբեջանում դաստիարակվի մի սերունդ, որը բառացիորեն ատում է և չի հանդուրժում հայ մարդուն, ընդ որում, հայ քրիստոնյա մարդուն, որովհետև երկու բաղադրիչները կան` և էթնիկ ատելությունը, և կրոնական»,- ընդգծեց Ստեփանյանը: Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ ատելությանն ականատես եղան, որովհետև ադրբեջանցիները ոչ միայն դաժանորեն սպանում և խոշտանգում էին հայ զինվորներին, այլ նաև պղծում էին հայկական քրիստոնեական ժառանգությունը:
12:40 - 11 մարտի, 2022
Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից․ ՀՀ ՄԻՊ

Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և Գլխավոր դատախազի հետ կապի մեջ եմ։ Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։ Խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամոթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։ Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։ Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։ Այս մասին տեղեկություններն այսօր կուղարկեմ համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին»։
11:02 - 10 մարտի, 2022
Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրների տարածած կեղծ լուրերին՝ հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին․ «Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։ Մարտի 6-ին Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներով կրակոցներ էր արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ, իսկ այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն հատվածում կիրառվել է ականանանետ, արձակված արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարևանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Նկարագրված գործողություններին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։ Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և  ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով։ Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը»։
23:13 - 07 մարտի, 2022
Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ․ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի հայտարարությունը՝ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ․ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի հայտարարությունը՝ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել՝ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշումը` խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության կյանքի իրավունքի, սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու համար, հաշված օրեր անց իր «արձագանքը» գտավ Բաքվից 27 կմ հեռավորության վրա՝ Սումգայիթ քաղաքում: Փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ և ուղիղ հրահրմամբ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց խոշտանգումների, խեղումների, ողջ ու սպանված մարդկանց հրկիզման, խմբակային բռնաբարումների, իսկ նրանց ունեցվածքը ենթարկվեց ավերման ու թալանի։ Բացառապես ազգային պատկանելիության հողի վրա իրականացված ջարդերի արդյունքում ուղիղ և անառարկելի սպառնալիքի տակ հայտվեցին Սումգայիթի 20 հազարանոց հայ բնակչության կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքները: Թեև Սումգայիթյան ջարդերը փաստագրված են եղել խորհրդային համապատասխան մարմինների կողմից, այնուամենայնիվ այդ ոճրագործության հեղինակները և կազմակերպիչները այդպես էլ արդարադատության առջև չեն կանգնել: Սումգայիթի հակահայկական ջարդերով սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործությունների շարքին, որը շարունակվում է մինչ օրս: Այդ հետևողական քաղաքականության շրջանակներում 1988-1991թթ. Ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Գանձակ (Կիրովաբադ), Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը բռնությամբ ճնշելու և հայ բնակչությանը բնաջնջելու նպատակով՝ Ադրբեջանը 1991-1994թթ. սանձազերծեց պատերազմ հայ ժողովրդի դեմ, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների ամենավառ վկայությունը 1992 թվականի ապրիլին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հայ բնակչության կոտորածն է, որին զոհ են գնացել գյուղի 50-ից ավել խաղաղ բնակիչներ, իսկ գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։ Ադրբեջանի Հանրապետությունը լիարժեքորեն ժառանգեց և առավել կատարելագործեց Խորհրդային Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ ուղղված Արցախի հայաթափմանը և իր բնօրրանում հայ ժողովրդի ոչնչացմանը: Բացառապես էթնիկ հողի վրա իրականացվող սպանությունների հերոսացման պրակտիկան, որի հիմքը դրվեց սումգայիթյան ջարդերով, դարձավ ադրբեջանական իշխանությունների ձեռագիրը: Արդյունքում տարածաշրջանը «հարստացվեց» այնպիսի «հերոսներով», ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը և բոլոր նրանք, ովքեր 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հաշվեհարդար էին տեսնում քաղաքացիական բնակչության նկատմամբ և ահաբեկչական կազմակերպությունների ոճով գլխատում ու անդամահատում հայ զինվորների և արդյունքում՝ պետության կողմից ամենաբարձր մակարդակով արժանանում խրախուսման: Տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից իր հասարակությունում սերմանված հայատյացությունն իր վատագույն դրսևորումը ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ, երբ ադրբեջանական զինվորականության թիրախը, նախևառաջ, դարձան խաղաղ բնակչությունը, մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Ադրբեջանի կողմից 44-օրյա ագրեսիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստագրված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվություններում, բարձրաձայնվել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ։ Ադրբեջանի իշխանությունների հայատյացությունը չի շրջանցում նաև հայկական հոգևոր-մշակութային ժառանությանը. փորձ է արվում Նախիջևանի հայկական միջնադարյան ժառանգության ոչնչացման և շրջանի լիարժեք հայաթափման ձեռագիրը տարածել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում: Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը նենգափոխելու անթաքույց նպատակով անգամ պաշտոնապես ստեղծվել է աշխատանքային խումբ: Հայատյացությունը, որի վկայությունների շարքը օրեցօր համալրվում է, Բաքվի իշխանությունների կողմից կիրառվում է որպես Ադրբեջանի ժողովրդի կոլեկտիվ ինքնության ձևավորման միջոց: Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ էթնիկ ու ազգային պատկանելիության հիմքով ատելության վրա ձևավորված կոլեկտիվ ինքնությունը քայքայում է հենց դրա կրողին, այն սպառնում է տարածաշրջանում մարդկանց խաղաղ, անվտանգ ու բնականոն կյանքին և խաթարում հասարակությունների զարգացումն ու առաջընթացը: Որպես այդ քաղաքականությունից հրաժարվելու առաջին քայլ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին դրսևորել քաղաքական կամք և արժանահավատորեն գնահատել Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում և այլ վայրերում իրականացված հայատյաց ջարդերը և զերծ մնալ ժխտողականության քաղաքականությունից, պատասխանատվության ենթարկել 44-օրյա պատերազմի և հաջորդող ժամանակ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնարարքներ, ռազմագերիների և զոհված զինծառայողների խոշտանգումներ կազմակերպած ու իրականացրած անձանց, անվերապահորեն ազատ արձակել մինչ օրս ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց և դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի գործողությունները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության գնահատման ու դադարեցման ուղղությամբ: Մեր խոնարհումն ենք բերում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն բոլորի շեշտում, որ իրավունքների խախտումների ու հանցագործությունների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր ու ավելի դաժան հանցանքներ»,- ասված է համատեղ հայտարարությունում։
21:14 - 26 փետրվարի, 2022
Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ուղերձում Ստեփանյանը նշել է․ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, որի պայմաններում ապրում ենք մենք Հայաստանում և Արցախում, ստիպում են առավել մեծ ջանքեր ներդնելու արտաքին գործոններից եկող՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումների արձանագրման, միջազգային կառույցներին իրազեկելու ու դրանց դեմ պայքարելու համար։ Նախորդ տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի ՄԻՊ կառույցների միջև հաստատվել են ինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք անկախ Պաշտպանների փոփոխությունից շարունակել են զարգանալ և կատարելագործվել։ Այդ համագործակցությունը լավագույնս դրսևորվել է թե՛ 2016 և 2020թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում իրականացված լայնածավալ փաստահավաք աշխատանքների ընթացքում, թե՛ առօրյա գործունեության մեջ տարաբնույթ հարցերի շուրջ կարծինքների փոխանակման և խորհրդակցությունների տեսքով։ Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակները և արդյունավետ աշխատանքը նոր խթան են լինելու ձևավորված համագործակցությունը շարունակելու և փոխգործակցության նորանոր բնագավառներ ընդգրկելու համար։
13:51 - 26 փետրվարի, 2022
Արցախի ժողովուրդն իր տարածքի հետ կապված է իրավունքով․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ժողովուրդն իր տարածքի հետ կապված է իրավունքով․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ։ Նրա ուղերձում ասվում է․ «Արցախյան շարժման ամբողջ գաղափարաբանությունը հիմնված է իրավունքի պաշտպանության կարևորագույն հիմնասյունի վրա։ Այն պայքար էր և այսօր էլ շարունակում է մնալ պայքար՝ հանուն իրավունքի։ Շարժումն ամբողջովին ժողովրդավարական և իրավունքահեն գործընթաց է, որ տարբեր տարիների ուղղակի բախվել է ավտորիտար Ադրբեջանի բռնի հակադրությանը։ Վերջինը 2020 թվականի սեպտեմբերին հայ ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան է։ Ադրբեջանի ձեռամբ շարժումը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգից տարբեր կառույցների համար վերածվեց զուտ տարածքային վեճի։ Սակայն անաչառ աչքի համար ամեն ինչ շատ պարզ է․ Արցախի ժողովուրդն այս տարածքի հետ կապված է իրավունքով։ Եթե մարդու իրավունքները համընդհանուր են, ապա ինչո՞ւ դրանց գործնական իրացումը թույլատրելի է որոշ ազգերի համար, իսկ մյուսների համար՝ ոչ։ Այս պարզ հարցի պատասխանն է, որ Արցախի ժողովուրդը 34 տարի շարունակ փորձում է ստանալ միջազգային հանրությունից, մարդու իրավունքներն առաջնահերթություն հռչակած կառույցներից ու երկրներից։ Եվ այս հարցն արդեն ոչ միայն Արցախի ժողովրդի իրավունքների հարցն է, այլև առհասարակ մարդու իրավունքների և դրանց իրացմանը բռնությամբ պատասխանելու միջև ընտրության հարց է։ Իրավունքների պաշտպանության վերաբերյալ շքեղ դահլիճներում սեմինարներ վարելու ժամանակ ուղղակի պետք է հիշել, որ աշխարհում կան մարդիկ, որոնք պայքարում են իրենց ամենատարրական՝ կյանքի իրավունքի համար»:
17:49 - 20 փետրվարի, 2022
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: Այս մասին միասնական հայտարարություն են տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները: Հայաստանի և Արցախի, ինչպես նաև՝ միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ: Իրականում, տարիներով է վարվել հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:  Փաստացի, վարվել է ցեղասպան քաղաքականություն, որը շարունակվում է նաև ներկայում:  Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը` ապահովելով նույնական վերարտադրություն հետագայում և ատելության տարածում հասարակությունում (հիմնավորվում է փաստերով): Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով: Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնչացնելու համար։  Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ: Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ:  44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում: Ուստի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլացիայի վրա: Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքցնելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքների համար»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանների հայտարարության մեջ: Պաշտպանները տեղեկացնում են, որ այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
10:23 - 18 փետրվարի, 2022
«Խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են»․ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Շուշիից ու Հադրութից տեղահանվածների կացարան

«Խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են»․ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Շուշիից ու Հադրութից տեղահանվածների կացարան

Ստեփանակերտում Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին ժամանակավոր կացարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցններ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։ Բոլորն էլ նշել են, որ թե´ Շուշի, թե´ Հադրութ քաղաքներում, հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։ Մարդիկ վկայել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները: Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։ Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը: Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ: Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։ Մարդկանց բարձրացրած անհատական բոլոր խնդիրներն արձանագրվել են ըստ իրավասության ընթացք տալու նպատակով»,- հայտնել է Թաթոյանը։
18:48 - 17 փետրվարի, 2022
Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն զինվորական կենսաթոշակ է նշանակվել

Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն զինվորական կենսաթոշակ է նշանակվել

Արցախի ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ քաղաքացին պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել ու նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել: Սակայն զինվորական կենսաթոշակ չեն նշանակել՝ պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող: Խնդիրը կարգավորվել է ՄԻՊ-ի միջնորդությամբ: «Քաղաքացին դիմելով Պաշտպանին` հայտնել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ներկայանալով զինկոմիսարիատի կանչով զբաղեցրել է շարքային զինվորական կոչումով հաստիք և պատերազմի ժամանակ ստացել բեկորային վնասվածք, ինչի հետևանքով նրա նկատմամբ սահմանվել է 3-րդ կարգի հաշմանդամություն: Սակայն պետական լիազոր մարմնի կողմից մերժվել է քաղաքացու նկատմամբ սահմանել զինվորական կենսաթոշակ` պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող: Վերոգրյալի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների և պարզաբանումների հիման վրա՝ ԱՀ Պաշտպանության բանակի հետ գրագրության և համագործակցության արդյունքում հաստատվել է, որ նշված հաստիքը պատերազմական ժամանակաշրջանում հանդիսացել է շարքային զինվորական կոչումով հաստիք: Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ»,- ասված է հաղորդագրությունում:
18:02 - 11 փետրվարի, 2022
Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։ Այս մասին շեշտել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում: «44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդի իրավունքների համար մեկ պաշտպանը Արցախի զինված ուժերն էին, հայկական զինված ուժերն էին: Դրանից այն կողմ մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնող չի եղել:Մենք՝ որպես ՄԻՊ աշխատակազմ, բարձրաձայնել ենք ադրբեջանական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, բայց բանակի նման շոշափելի պաշտպանություն մենք ի զորու չենք եղել իրականացնել՝ պայմանավորված նաև մեր իրավասություններով»,-նշել է ՄԻՊ-ը: Ստեփանյանը հավելել է՝ այն, որ Արցախի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերում համեմատաբար ավելի քիչ զոհեր են եղել, քան օրինակ աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների ժամանակ, միանշանակ բանակի շնորհիվ է: «Պաշտպանել են, այսօր էլ շարունակում են պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները: Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,-ասել է Ստեփանյանը:
17:22 - 28 հունվարի, 2022
Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ

Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ

32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվեցին հարյուրավոր հայեր, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՄԻՊ գրասենյակը։ Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի տակ տեղահանվեցին և որպես փախստական ապաստան գտան Արցախում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում՝ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չստանալով։ Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը տարիների ընթացքում ենթարկվեց վանդալիզմի, պղծման, իսկ նրանց պատմական արժեքն ու նշանակությունը խեղաթյուրվեց ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով իրենց քաղաքական նպատակահարմարություններին։ Հայասպանության իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանությունների և ցավոք արդեն նաև ադրբեջանական հանրության կողմից կրում է համակարգային և լայնածավալ բնույթ և ունի հստակ ժամանակագրություն․ 1905թ-ին և 1918թ-ին Բաքվում, 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990-ական թվականներին՝ նորից Բաքվում, Մարաղայում իրագործված ջարդերը,  2004 թվականին Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունները և հայ զինվորականների խոշտանգումները հայատյացության համակարգային քաղաքականության և դրա հետևանքների անհերքելի ապացույցներ են։ Իշխանությունների կողմից հասարակությանը տարիներ շարունակ թունավորելու հետևանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունն ու հայասպանությունը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլև ազգային քաղաքականություն։ Սա փաստ է, որի դեմ միջոցներ ձեռնարկելու հրատապությունն այլևս ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման կեղծ կարգախոսների ներքո ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ՝ տարբեր մեթոդներով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորվելով և խաթարելով բնականոն կյանքը Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից։ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունները փաստագրող նյութերը շատ են, միայն թե անկողմանակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամենը տեսնելու և դրանց պատշաճ գնահատական տալու համար։ Ցավոք, այդ հանցագործությունները միջազգային հանրության կողմից ցայսօր հստակ իրավական գնահատականի չեն արժանացել, և այդ անպատժելիությունն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս կոպտորեն ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը, ատելությամբ խոսել մի ողջ ժողովրդի մասին՝ մտավախություն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքով և հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ հարգմանն ու արդարության վերականգնմանը՝ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման ու նոր ոճրագործությունների կանխման հարցում։
15:10 - 19 հունվարի, 2022
Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել «Գուգլ»-ին՝ հորդորելով զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց

Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել «Գուգլ»-ին՝ հորդորելով զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը․   «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։ Պաշտպանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։   Նա հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղղված էր Արցախի ողջ տարածքի բռնազավթմանն ու նրա ժողովրդի ոչնչացմանը, դարձել է ադրբեջանական հանցավոր քաղաքականության գագաթնակետը։   Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք։   Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջների իրական դրդապատճառները հեշտությամբ կարելի է սահմանել. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տեղանուն չէ, այլ հայկական մշակույթի և պատմության ամբողջություն։ Արցախի հայկական տեղանունները տեղանքի հիշողություններ են, ինչպես նաև կենդանի հիշողություններ այն մարդկանց մասին, ովքեր այդ անունները տվել են այդ վայրերին։ Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը։   Պաշտպանը նամակում ներկայացրել է միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված է ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն։   Գեղամ Ստեփանյանը նշել է, որ հայկական տեղանունների հեռացումը միայն կխրախուսի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումները և կաջակցի ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։   Բարձր գնահատելով ընկերության մարդակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է քարտեզներում հայկական տեղանունների կիրառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը վստահություն է հայտնել, որ ընկերությունը կմերժի քարտեզները փոփոխելու և Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը»։
15:10 - 10 հունվարի, 2022
Վարչապետի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հատարարությունը

Վարչապետի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հատարարությունը

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են վարչապետի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արցախի վերաբերյալ։ Գրառումը՝ ստորև․ «Հայաստանի վարչապետի 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին: ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետևողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ: ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով: Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով: Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական իշխանությունների հովանահավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով: Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը: Բնույթով նույն խախտումները, նույն հանցավոր արարքները ամեն օր շարունակվում են նաև Հայաստանի բնակչության նկատմամբ: Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինված ծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում: Չկան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ: ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները: Այս քաղաքականությամբ է, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ խոչընդոտել են, ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն: Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրավունքներն ու այդ իրավունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանությունն ամեն գնով խոչընդոտելու քաղաքականությունն է պարարտ հող ստեղծել այն դաժանությունների ու վայրագությունների, էթնիկ զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ: Ուստի, բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»:
18:46 - 26 դեկտեմբերի, 2021