Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի ԱԺ պատգամավորները Կոնգրեսում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Կոնգրեսում

Ջերմ ողջույններ ու բարեկամական զրույցներ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հինգշաբթի ողջունում էին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ կոնգրեսականները: Հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրն ընդգծում է՝ անհամբեր սպասում է Հայաստան կրկին այցելությանը: Կոնգրեսականը Հայաստանում էր եղել 2017-ին, սակայն, ցանկանում է անձամբ տեսնել երկրի առաջընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո: Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական՝ Էնթոնի Բրինդիսին, նոր է ներգրավվում Հայաստանի հետ բարեկամության հաստատման գործընթացներին, սակայն, սեփական արմատների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում: 2018-ին Արարատ Միրզոյանին փոխվարչապետի կարգավիճակով Վաշինգտոնում հանդիպած Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը կատակում է, որ վերջին հանդիպումից ի վեր Միրզոյանը կարծես թե կարյերայի աճ է արձանագրել: Կոնգրեսականի խոսքով, Հայաստանի օրենսդիրների այցը Միացյալ Նահանգներ կարեւոր է երկկողմ հարաբերությունների զարգացման համար. «Կարեւոր է, որ այստեղ հայկական պատվիրակությունը պատմում է մեզ, թե ինչ է տեղի ունենում «Թավշյա հեղափոխությունից» հետո, ինչպես է աշխատում Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր խորհրդարանը, որքանով սերտ համագործակցություն են նրանք ակնկալում Միացյալ Նահանգների հետ քաղաքական ոլորտում, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ոլորտում, այնպես որ մենք մեր կողմից կարողանանք այս համագործակցությանը ռազմավարական բնույթ տալ, ինչպես նաեւ՝ զարգացնել մեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները»: Ջոն Սարբանես, Ջուդի Չու, Դեյվիդ Սիսիլինի սա Հայաստանի համար կարեւորագույն օրենքի նախագծերի հեղինակների անուններ են: Հանդիպման ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Էլիոթ Էնգելը հայ խորհրդարանականների հետ զրույցում հատուկ ընդգծեց՝ ԱՄՆ-ում գնահատում են ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը եւ գիտակցում են երկրի առջեւ եղած դժվարությունները:
06:23 - 19 հուլիսի, 2019
Մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱՄՆ

Մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱՄՆ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին եւ զարգացման հեռանկարներին: Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման եւ այլ հարցերի շուրջ: Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը եւ մեդիային աջակցության տրամադրման հարցը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինտիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսքիթին: Կողմերը քննարկել են Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի օրակարգը: Օրվա ավարտին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ:
12:36 - 16 հուլիսի, 2019
ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներն անդրադարձել են Արարատ Միրզոյանի այցին |amerikayidzayn.com|

ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներն անդրադարձել են Արարատ Միրզոյանի այցին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեքի Սփիեռը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում անդրադարձել է հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգներ նախատեսվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի այցին: ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցը ՝ ընգծելով, որ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը կցանկանար լսել, թե ինչպես է կարող Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այցին «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է նաև Վաշինգտոնում գործող Միջազգային Հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի ղեկավար Սթեֆան Նիքսը, ով ընդգծել է, որ խորհրդարանի նախագահ Միրզոյանի այցը ևս մեկ հստակ ազդանշան է, որ Հայաստանի խորհրդարանը ցանկանում է զարգացնել կապերը Արևմուտքի հետ: Հայտնի է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վաշինգտոն է այցելում Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար: Խորհրդարանի խոսնակը մի շարք հանդիպումներ կունենա Վաշինգտոնում, ինչպես նաև ելույթով հանդես կգա մայրաքաղաքի ռազմավարական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում, ուր կանդրադառնա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն ու մարտահրավերներին: Հայտնի է նաև, որ Վաշինգտոնից հետո Արատ Միրզոյանը կուղևորվի Բոստոն, որտեղ նախատեսված են ԱԺ խոսնակի մի շարք հանդիպումներ տեղի ամերիկահայ կառույցների ու համայնքային շրջանակների հետ:
13:17 - 13 հուլիսի, 2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 6-ին Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։ «Ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը՝ Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նշել է, որ հայ եւ կիպրացի եղբայրական ժողովուրդները միասին կերտել են դարերի հարուստ պատմություն ունեցող ամուր բարեկամություն, որը բխում է համամարդկային ընդհանուր արժեքներին փոխադարձ հավատարմությունից։ Երկու ժողովուրդները սերտորեն կապված են նույնանման արժեհամակարգով, ընդհանուր պատմությամբ եւ մշակույթով։ Արարատ Միրզոյանը կարեւորել է եկեղեցիների դերը՝ որպես հայ եւ կիպրացի ժողովուրդների կյանքում քրիստոնեական արժեքները պահպանող եւ զարգացնող կառույց՝ ընդգծելով, որ մեր բարեկամ ժողովուրդները դարեր շարունակ միմյանց սատարել են ճակատագրական պահերին՝ կիսելով վիշտն ու ուրախությունը, պայքարելով համամարդկային իրավունքների եւ արժեքների վերականգման ու պահպանման համար։ Մեր ժողովուրդները կրում են ցեղասպանության չսպիացող վերքը եւ շարունակում պայքարել պատմական արդարության վերականգնման համար։ Այցի շրջանակներում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այցելել է նաեւ Մելքոնյան կրթական հաստատություն, ծանոթացել կրթահամալիրի ներկա վիճակին, զրուցել կրթահամալիրի բակում նախկին շրջանավարտների կողմից կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցների հետ։ Ազգային Ժողովի նախագահը լսել է կրթահամալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ նրանց մտահոգությունները եւ խոստացել ավելի խորը ծանոթանալ խնդրի մանրամասներին։ Արարատ Միրզոյանը այցելել է նաեւ Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարան, ուր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում:
18:27 - 06 հուլիսի, 2019
«Զիտո՛ Կիպրոս». Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի խորհրդարանում

«Զիտո՛ Կիպրոս». Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի խորհրդարանում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց։ Ելույթս՝ որոշ կրճատումներով. Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահի ընկերներ և իսկական ընկերներ։ Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ և կիպրացի ժողովուրդները իսկական ընկերներ են, Հայաստանը և Կիպրոսը իսկական ընկերներ են։ Դարեր շարունակ հայերը և կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, և այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական և ագրեսիվ քաղաքականությանը։ Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում։ Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարևան հանրապետության ղեկավարության կողմից։ Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրի շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է, և բերում է տարածաշրջանում անկայունության և ռազմական հակամարտության շարունակականությանը։ Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձևաչափը: Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, և հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի։ Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեև առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը և Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման և Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով: Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է և դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Թուրքիայի կողմից դրսևորած նման ապակառուցողական և անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը։ Բարեկամ Կիպրոսը իր կարևորագույն դերն է ունեցել նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Այսօր ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին և վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին: Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի հայկական համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ և պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին այդ հայերին պատսպարելու և իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ կիպրահայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեն Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում և Կիպրոսի զարգացման մեջ: Խոսելով արդեն ապագայի պլաններից՝ պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Այս առումով երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ։ Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարևոր ձևաչափ է: Չափազանց կարևորում եմ նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջև բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ կերպով օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը: Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի և ապագայի մասին իմ պատկերացումները։ Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման և պահպանման։ Զիտո՛ Կիպրոս, Զիտո՛ Արմենիա, Կեցցե՛ հայ - կիպրական հարատև բարեկամությունը»։
12:45 - 05 հուլիսի, 2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ: Ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային ծրագրեր կյանքի կոչելու համար: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Սեսիլիա Բոտինոն տեղեկացրել է, որ ընտրվելուց հետո արդեն իսկ հասցրել է հանդիպել հայ համայնքի հետ, որը մեծ դեր ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Նա նշել է, որ իր երկրի խորհրդարանում ամեն տարի իրականացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել ուրուգվայցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խումբը՝ հույս հայտնելով, որ վերջինս ակտիվ գործունեություն կծավալի: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայ խորհրդարանականների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ մոտ օրերս Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը ևս նոր զարկ կտա երկու երկրների միջև բազմոլորտ հարաբերություններին:Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը հրավիրել է Սեսիլիա Բոտինոյին այցելել Հայաստան:  
12:51 - 02 հուլիսի, 2019
Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին․ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում

Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին․ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը: Ելույթում նա, մասնավորապես, ասել է.«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի, հարգելի պարոն Տոլստոյ, պարոն Լավրով,հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար:Համոզված եմ, որ նման հեղինակավոր միջազգային համաժողովում մեզ սպասվում է խորհրդարանական համագործակցության առանցքային հարցերի շուրջ մտքերի կառուցողական փոխանակում: Պառլամենտարիզմի ինստիտուտն առանձնահատուկ դեր է խաղում պետական կառավարման համակարգում: Հենց խորհրդարանականներն իրավասություն ունեն ներկայացնելու քաղաքացիների շահերը, պաշտպանելու մարդու իրավունքները:Մեր փոփոխվող աշխարհում, բացի այդ դասական խնդիրներից, մեր առջև կանգնած են մարտահրավերներ, որոնք մենք՝ խորհրդարանականներս, կարող ենք լուծել մեր ռազմավարական գործընկերների և բարեկամների հետ միասին: Ուրախ եմ, որ այս համաժողովի շրջանակում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են խորհրդարանների դերը կայուն խաղաղության և կայունության հասնելու գործում, պայքարը աղքատության և անհավասարության, կեղծ տեղեկատվության դեմ և այլն:Ժամանակակից աշխարհում պառլամենտարիզմի աճող դերը հատկապես վառ արտահայտվում է միջազգային հարաբերությունների բնագավառում, իշխանության և հասարակության միջև կայուն երկխոսություն հաստատելու ոլորտում: Անհնար է չհիշատակել պետական մարմիններում հաշվետվողականության ապահովման կարևորագույն մեխանիզմի մասին, ինչպիսին է խորհրդարանական մոնիթորինգը և վերահսկողությունը: Սակայն, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ միջխորհրդարանական դիվանագիտության նշված սկզբունքներից առաջինին:Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում ակնհայտ է խորհրդարանական դիվանագիտության դերը: Աշխարհի երկրները միմյանց հետ սերտորեն կապված են բարդ, փոխկապակցված հարաբերություններով, որոնց արդյունքում դրանցից մեկում տեղի ունեցած որևէ իրադարձություն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել այլ երկրների վրա: Ընդհանուր առմամբ, միջխորհրդարանական հաղորդակցման մեխանիզմներն այժմ ավելի քան երբևէ պահանջված են այնպիսի մարտահրավերների դեմ արդյունավետ հակազդելու համար, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, անօրինական միգրացիան և կլիմայի փոփոխությունները:Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձևավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը:Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Միջխորհրդարանական միության՝ հնագույն և ամենամեծ միջազգային հարթակի դերը, որի աշխատանքը հիմնված է իրավահավասար, բազմաճյուղ երկխոսության վրա: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններն ընդհանուր առմամբ միասնական օրակարգի առաջխաղացման և համատեղ որոշումների մշակման արդյունավետ հարթակներից մեկն են:Օգտագործելով այս հնարավորությունը՝ բոլոր հայ խորհրդարանականների անունից ուրախությամբ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ռուսական պատվիրակությունը վերսկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վստահ եմ, որ մեր պատվիրակությունների արդյունավետ և լավ համակարգված աշխատանքը կտա իր պտուղները: Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:Ցավոք, ռազմատենչ հռետորությունը և ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: Եվ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից և նրանց շահերի մասին:Համաժողովի հարգելի մասնակիցներ, կցանկանայի ևս մեկ անգամ արձանագրել, որ ամուր խաղաղության, անվտանգության և աշխարհի կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը: Անհրաժեշտ են համատեղ ջանքեր միջպետական երկխոսության, փոխհամաձայնության և փոխզիջման մշակույթների համար: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բաց են իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով:Շնորհակալություն ուշադրության համար»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:
12:54 - 01 հուլիսի, 2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիրների համագործակցության կարեւորությունը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն իր խոսքում ընդգծել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Սլովակիան ԵՄ առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անդրեյ Դանկոն վստահություն է հայտնել, որ Երեւանում Սլովակիայի դեսպանատան բացումը նոր զարկ կտա երկկողմ հարաբերություններին: Հայկական խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ սլովակ գործընկերները կաջակցեն նաեւ Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հարցում: Կողմերի միջեւ Հայաստան եւ Սլովակիա փոխադարձ այցեր կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
12:36 - 01 հուլիսի, 2019
Վահե Գրիգորյանն ըստ էության երեք լուծման տարբերակ է տեսնում. Արարատ Միրզոյան |lragir.am|

Վահե Գրիգորյանն ըստ էության երեք լուծման տարբերակ է տեսնում. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ է ուղղել կառավարությանը, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին ու Դատավորների ընդհանուր ժողովին: «Բավական ծավալուն նամակի մասին է խոսքը, չեմ կարող ամբողջութամբ մեջբերել: Կարծում եմ՝ նույնիսկ ճիշտ կլինի, որ Վահե Գրիգորյանը հանրայնացնի իր այս նամակը, որովհետև ի վերջո մեծ թվով հասցեատերերի է ուղղված: Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը՝ Վահե Գրիգորյանն ըստ էության երեք լուծման տարբերակ է տեսնում՝ սկսած առկա իրավիճակի ամրագրումից, մինչև մեծ կամ միջին տրամաչափի փոփոխություններ: Հանգուցալուծման տարբերակներ են»,- ասաց Արարատ Միրզոյանը: Նա նշեց՝ պետք է արձանագրել, որ կա անորոշություն, և կարիք կա, ինչպես լայն հասարակության շրջանում, այնպես էլ հատկապես դատարանի կազմությանը մասնակցող մարմինների՝ Դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ԱԺ ու ՀՀ նախագահ, քննարկում ծավալել, որպեսզի պարզ լինի, թե երկիրն այս ճգնաժամից ինչպես պետք է դուրս գալ: Նա հավալեց, որ ինքը խոսում է լայն կոնսենսուսի միջոցով ճգնաժամի հաղթահարման մասին:Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ նամակն ինքն ուղղելու է բոլոր պատգամավորներին:Անդրադառնալով այն կարծիքներին, որ մեկ իրավաբան օրակարգ է թելադրում և ՍԴ-ում, իշխանություն է յուրացնում, Արարատ Միրզոյանն ասաց. «138 տոկոսով, նույնիսկ 139 ու կես տոկոսով համաձայն չեմ ձեր ձևակերպումների հետ: Ես կարծում եմ, ճգնաժամն առկա է անկախ նրանից՝ այդ հայտարարությունը կամ նամակը կլիներ, թե չէ»:ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր, ըստ Միրզոյանի, տեսականորեն դրված չի կարող լինել, որովհետև որևէ մեկը լինի դա ԱԺ-ն, նախագահը, կառավարությունը, թե վարչապետը, այդպիսի լիազորությունով օժտված չէ:Այս հանգուցալուծման մեջ, ըստ Միրզոյանի, մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին Հրայր Թովմասյանը: «Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»,- ասաց նա:ԱԺ նախագահը նաև նշեց, որ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը: «Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ վստահության, էդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված անձանց մասին, որոնք ակնհայտորեն ավելին են, քան մեկ հոգին: Եվ այդ մեկ հոգին վստահաբար Հրայր Թովմասյանը չէ»,- հավելեց նա:
11:41 - 28 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանը ապատեղեկատվություն պարունակող հայտարարություն է արել Ազգային ժողովում |iravaban.net|

Արարատ Միրզոյանը ապատեղեկատվություն պարունակող հայտարարություն է արել Ազգային ժողովում |iravaban.net|

iravaban.net։ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը այսօր՝ հունիսի 25-ին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քվերակությունից առաջ ընթերցեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը, որով կոալիցիան դատապարտել է նախագծով առաջարկվող փոփոխությունները: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսպես էր արձագանքել Արման Բաբաջանյանի կողմից ընթերցված հայտարարությանը. «Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, Ձեր նշած կազմակերպությանը, բնական է, որովհետև գործող չփոխվող մեխանիզմով պետք է ձևավորվի մրցութային հանձնաժողով և այդտեղ թեկնածու առաջադրելու իրավունք ունի նաև այդ ՀԿ-ն և այդտեղ այդ ՀԿ-ի նախագահի դուստրն է ներկայացված: Ամեն ինչ շատ կենցաղային է երբեմն»,-նշեց Արարատ Միրզոյանը: Նշենք սակայն, որ ԱԺ նախագահը մի քանի կոպիտ սխալներ է թույլ տալիս այս հայտարարությունը անելով: 1. Որևէ ՀԿ իրավունք չունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածու առաջադրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը պետք է կազմված լինի Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին, Հանրային խորհրդին և Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից մեկական թեկնածու առաջադրելու համար։ Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Հստակ երևում է, որ զեկուցողը «այդ ՀԿ» ասելով նկատի ուներ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ին, որը, ըստ վերը նշված օրենքի, մրցութային խորհրդում թեկնածու առաջադրել չէր կարող, քանի որ օրենքով նման իրավունք ասոցիացիային վերապահված չէ: Փաստ 1. ԱԺ նախագահը դիմել է պարզ մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն է ներկայացրել ԱԺ բարձր ամբիոնից, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու իրավունք «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն չի ունեցել: 2.«Այդ ՀԿ-ի նախագահի դուստրը» մրցութային խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել Փաստաբանների պալատի կողմից Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահի դուստրը Փաստաբանների պալատի կողմից մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրված, Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանն է: Նշենք, որ նշված 5 կառույցներից, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության նպատակով մրցութային խորհրդի կազմում խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունեին, Փաստաբանների պալատը միակն էր, որը ընտրությունը կատարել է մրցութային սկզբունքով: Փաստաբանների պալատը 2018 թվականի մայիսի 21-ին հայտարարել է մրցույթի անցկացման մասին: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 8 թեկնածուից հարցազրույցին ներկայացել են 6-ը: Հարցազրույցն իրականացնող աշխատանքային խումբն, (Էմիլ Ամիրխանյան, Մանե Կարապետյան և Ծովինար Խաչատրյան) ամփոփելով հարցազրույցի արդյունքները, Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի հավակնորդ է ընտրել փաստաբան Մարիամ Զադոյանին և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ: Փաստ 2. ԱԺ նախագահը դիմել է պարզ մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն է ներկայացրել ԱԺ բարձր ամբիոնից, քանի որ Մարիամ Զադոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ չի առաջադրվել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից: 3. Ի՞նչ կապ կա ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման՝ փաստաբանների պալատից հայտնում են, որ պալատի կողմից անցկացված մրցույթի թեկնածուին առաջադրվել են 2 պահանջ։ Դրանք են՝ թեկնածուն պետք է լինի փաստաբան (հարցազրույցին չի կարող մասնակցել այն փաստաբանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և տույժը մարված չէ), թեկնածուն պետք է ունենա հակակոռուպցիոն ոլորտում (պաշտպանության իրականացում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, կոռուպցիային առնչվող խնդրիների գիտական ուսումնասիրություն, հակակոռուպցիոն բնույթի ծրագրերին մասնակցություն և այլն) առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ:Նշված պահանջ-չափանիշները կազմվել են՝ ելնելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի պահանջներից և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատշաճ ձևավորման և արդյունավետ գործունեության ապահովման անհրաժեշտությունից: Մասնավորապես, Պալատի թեկնածուն պետք է լիներ փաստաբան, քանի որ այդ պահանջը բխում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթների իմաստից, որոնք, Պալատին մասնակից դարձնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման գործընթացին, նպատակ ունեն ապահովել փաստաբանության՝ որպես քաղաքացիական հասարակության կարևոր ինստիտուտներից մեկի ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին: Միաժամանակ, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի հանրային մեծ նշանակությունը և այդ պայքարի ինստիտուցիոնալ կարևոր բաղադրիչ հանդիսացող նշված հանձնաժողովի անդամների անհատական մասնագիտական և բարոյական որակների մեծ դերը հակակոռուպցիոն հանրային քաղաքականության մշակման և իրացման գործում, Պալատը բացառել է այն ընտրող մարմնում այն փաստաբանի մասնակցությունը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և տույժը մարված չէ: Պալատի կողմից թեկնածուներին առաջադրվել էր նաև հակակոռուպցիոն ոլորտում աշխատանքի առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ: Թեկնածուների հետ կազմակերպվել է հարցազրույց, որի շրջանակներում փաստաբաններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր փորձառությունը հակակոռուպցիոն բնագավառում։ Մրցութային աշխատախումբը գնահատել է թեկնածուների գիտելիքները, հակակոռուպցիոն ոլորտի իմացությունը, կոռուպցիայի և դրա դեմ պայքարի անձնական-հոգեբանական վերաբերմունքը և տեսլականը, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական փորձը նշված ոլորտում, որպիսի հանգամանքների պարզմանն էլ ուղղված են եղել թեկնածուներին տրվող հարցերը: ՀՀ փաստաբանների պալատը մրցութային խորհրդի թեկնածուին ընտրելիս առաջնորդվել է թեկնածուի կողմից հակակոռուպցիոն ոլորտում (պաշտպանության իրականացում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, կոռուպցիային առնչվող խնդրիների գիտական ուսումնասիրություն, հակակոռուպցիոն բնույթի ծրագրերին մասնակցություն և այլն) մասնագիտական փորձ ունենալու չափանիշով։ Փաստ 3. ՀՀ փաստաբանների պալատը չի հանդիսանում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ և Կոալիցիայի ու Փաստաբանների պալատի միջև, որևէ իրավական կապ գոյություն չունի:
16:54 - 25 հունիսի, 2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանն արժեւորել է հայ-վիետնամական հաստատված միջխորհրդարանական կապերը` հույս հայտնելով, որ պատգամավորական պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական հարաբերությունների` ցանկալի մակարդակի չեն այլ ոլորտներում երկկողմ կապերը, այն դեպքում, երբ զգալի ներուժ է առկա տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության եւ շատ այլ բնագավառներում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում Երեւանում եւս կգործի ՎՍՀ դեսպանությունը, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նշելով, որ իր գլխավորածը Վիետնամից Երեւան այցելած առաջին խորհրդարանական պատվիրակությունն է` Նգույեն Ման Թիենը դա բնորոշել է որպես վառ ապացույց` Հայաստանի հետ համագործակցության իր երկրի ունեցած մեծ հետաքրքրվածության: «Մենք բարձր ենք գնահատում երկու խորհրդարանների միջեւ կապերը եւ ակնկալում, որ նման փոխադարձ այցերը հնարավորություն կտան իրագործելու այլ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-նշել է Նգույեն Ման Թիենը` Արարատ Միրզոյանին փոխանցելով իրենց խորհրդարանի ղեկավարի` Վիետնամ այցելելու հրավերը: Վիետնամցի խորհրդարանականի խոսքով` Հայաստանն իրենք դիտարկում են մի երկիր, որը լավ կամուրջ կարող է լինել Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, ուստի ակնկալում են, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն ու դերակատարություն կունենա տարածաշրջանային մի շարք կառույցներում: ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ՎՍՀ այցելելու հրավերի համար, ընդգծել է, որ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունի ինչպես Վիետնամի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքով` ժամանակն է փոխգործակցության առումով անցնել գործնական քայլերի:
16:08 - 25 հունիսի, 2019