ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին և ֆինանսական բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել յուրացումներ կատարելու համար

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին և ֆինանսական բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել յուրացումներ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Նոր Նորք վարչական շրջանում տեղ գտած առերևույթ չարաշահումների դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել վարչական շրջանի նախկին ղեկավարին և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետին: Նախնական տվյալներով՝ Արմեն Ուլիխանյանը, 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով, խոշոր չափերի առերևույթ յուրացումներ է կատարել: Մասնավորապես՝ նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի հետ՝ որոշել են վարչական շրջանի տարածքում 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը: Այդ նպատակով կազմվել է կեղծ փաստաթուղթ, այն է՝ հանձնման-ընդունման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ ռեստորանում իբրև թե կազմակերպվել և անցկացվել է միջոցառում, սակայն այն իրականում տեղի չի ունեցել, որի արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել են միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված խոշոր չափի գումարը՝ համայնքին պատճառելով գույքային վնաս: Նախաքննությամբ պարզվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարված առերևույթ այլ չարաշահումներ ևս: Այսպես՝ 2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և թվով 7 կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն Նոր Նորք վարչական շրջանի համար ձեռք են բերվել տարբեր տեսակի շինանյութեր, նստարաններ, ճոճանակներ և զրուցարաններ, սակայն պարզ չէ, թե երբ և ովքեր են ստացել նշված ապրանքատեսակները: Ապրանքների ձեռք բերումը հավաստող փաստաթղթերը ստորագրությամբ հաստատվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, սակայն չեն կնքվել, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել ստացված ապրանքանյութական արժեքների նպատակային, ատդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև չեն ապահովել դրանց օգտագործումը /ծախսը/ հավաստող համապատասխան հիմնավոր փաստաթղթեր: Պարզվել է, որ անհամապատասխանություններ են հայտնաբերվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքում, այն է՝ հիմնական միջոցների գույքագրման արդյունքներով ստեղծված հանձնաժողովի կողմից հաշվառվել է պակասորդ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ կատարված յուրացումների վերաբերյալ: 2010 թվականի մայիսի 31-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով գրենական պիտույքների ձեռքբերման և բաշխման գործընթացի պատասխանատու անձ` վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակի վերաբերյալ. ուռճացնելով դրանց քանակը՝ իրականում ավելի քիչ քանակի թուղթ է տրամադրել բաժիններին, իսկ թղթի՝ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող մասը յուրացրել է՝ համայնքին պատճառելով գույքային վնաս: Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, և որոշում է կայացվել դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են աշխատակազմի աշխատակիցներ, կատարվել խուզարկություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
09:29 - 25 ապրիլի, 2019
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործի ծավալներն աննախադեպ են․ Նաիրա Հարությունյան

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործի ծավալներն աննախադեպ են․ Նաիրա Հարությունյան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Քրեական գործի ծավալներն աննախադեպ են, քանզի քննության առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացումը, որի իրականացմանը անմիջական մասնակցթություն են ունեցել 50-ից ավել կազմակերպություն: Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որոկական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակարպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշել է նա:
15:07 - 23 ապրիլի, 2019
2018-ին կոռուպցիայի դեպքերով քննված գործերի թիվն աճել է 127,4 տոկոսով. Քննչական կոմիտե

2018-ին կոռուպցիայի դեպքերով քննված գործերի թիվն աճել է 127,4 տոկոսով. Քննչական կոմիտե

2018 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1233 քրեական գործ (2017-ին՝ 542), որից 1077-ը վարույթ է ընդունվել 2018-ի ընթացքում (2017-ին՝ 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017-ից: Քննչական կոմիտեում իրականացված վերլուծությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127,4 տոկոսով: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 1233 քրեական գործերից 315-ը վերաբերել են Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017-ին՝ 86), 194-ը՝ 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն (2017-ին՝ 95), 143-ը՝ 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (2017-ին՝ 8), 125-ը՝ 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը (2017-ին՝ 95), 111-ը՝ 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին (2017-ին՝ 67), 89-ը՝ 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն (2017-ին՝ 22), 78-ը՝ 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն (2017-ին՝ 88), 41-ը՝ 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն (2017-ին՝ 12), 39-ը՝ 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն (2017-ին՝ 27), 37-ը՝ 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017-ին՝ 4), և այլն: 448 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է (2017-ին՝ 273): Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 անձ (2017-ին՝ 366): Նշված անձանցից 77-ը ձերբակալվել են (2017-ին՝ 23), 62 անձ ազատվել է արգելանքից (2017-ին՝ 6): Որպես մեղադրյալ ներգրավվել են 658 անձինք (2017-ին՝ 265): Մեղադրանք է առաջադրվել 585 անձի (2017-ին՝ 262): 53 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան (2017-ին՝ 41), որից 5-ը մերժվել է, 48-ը՝ բավարարվել, որից 21-ի նկատմամբ կիրառվել է գրավ: 31 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է (2017-ին՝ 15): Կալանքից ազատվել է 18 մեղադրյալ (2017-ին՝ 13), որոնցից 3-ը՝ դատախազի որոշմամբ, 15-ը՝ դատարանի: Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 55 անձի նկատմամբ (2017-ին՝ 58), իսկ ոչ արդարացման հիմքով՝ 217 անձի (2017-ին՝ 64): 3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից (2017-ին՝ 2): Դատի է տրվել 190 անձ (2017-ին՝ 137), որոնցից 12-ը գտնվել են կալանքի տակ:107 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2017-ին՝ 92), իսկ 341-ով վարույթը կարճվել է (2017-ին՝ 273), որից 235-ը` արդարացման հիմքով, 106-ը` ոչ արդարացման հիմքով: 21 քրեական գործով վարույթը կասեցվել է (2017-ին՝ 47), որից 14-ը` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով (2017-ին՝ 33), 7-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու (2017-ին՝ 13):464 քրեական գործ փոխանցվել է 2019 թվական (2018-ին՝ 151): 1233 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ (2017-ին՝ 191), որոնցից 16-ը՝ կասկածյալ, իսկ 382-ը՝ մեղադրյալ: 398 պաշտոնատար անձանցից 1-ը եղել է բարձրաստիճան պաշտոնյա՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Քրեական հետապնդման ենթարկված ամենամեծ թվով անձինք պաշտպանության և Զինված ուժերի ոլորտից են՝ 114 մեղադրյալ և 10 կասկածյալ, 71 մեղադրյալ տեղական ինքնակառավարման ոլորտից է, 55 մեղադրյալ և 1 կասկածյալ՝ սոցիալական ապահովության, 33 մեղադրյալ և 2 կասկածյալ՝ կրթության, 13 մեղադրյալ և 1 կասկածյալ՝ առողջապահության, մյուսները՝ այլ ոլորտներից:
12:59 - 23 ապրիլի, 2019
Իրազեկում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին

Իրազեկում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և  պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 եւ (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում: Հայտարարված զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներից հաղորդումներ են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ, որոնք ուսումնասիրվում են և հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով,  որի 1-ին մասով նախատեսված է պատիժ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտնաբերվում կամ համապատասխան իրավապահ մարմիններին /քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/ են ներկայանում զորակոչի ենթակա տարիքում՝ այսինքն՝ մինչև 27 տարին լրանալը, ներկայացվում են համապատասխան տարածքային զինկոմիսարիատ, հետազոտվում են բժշկական հանձնաժողովի կողմից և պիտանի ճանաչվելու դեպքում ստանում են ՀՀ  զինված ուժեր մեկնելու ծանուցագիր: ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց հետո քննարկվում են անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը, իսկ եթե զորակոչի ենթակա քաղաքացին հրաժարվում է մեկնել ծառայության, ապա քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»  ՀՀ օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները՝ ում 27 տարին /պահեստազորի սպաները՝ 35 տարին/ լրացել է մինչև 2019թ. մարտի 01-ը /օրենքի փոփոխությունը 2019թ. մարտի 6-ին ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ  չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված /խուսափած/ զորակոչի դիմաց կարող են կատարել օրենքով սահմանված վճարներ /գումարի չափը որոշվում է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի կողմից՝ ըստ զորակոչից խուսափած քանակի/: Նշված գործընթացը կատարվում է հետևյալ կերպ. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը: Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսարանի կամ լիազորված անձի միջոցով: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին/քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, օրենքով սահմանված վճարները ցանկացած վճարային համակարգի միջոցով կարող են վճարել ՝ ՀՀ Կենտրոնական բանկի գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին 900018113010: Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, օրենքով սահմանված վճարը կատարելուց  հետո` մեկ ամսվա ընթացքում, վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդման դադարեցման մասին, որից  հետո անձը ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում: ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործությունը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն և անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե քննությունից խուսափող անձի կողմից հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 10 տարի, այսինքն՝ երբ լրացել է քաղաքացու 37 տարին, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ / տես ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը/: ՀՀ սահմաններից դուրս գտնվող և ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիները կարող են նոտարական վավերացմամբ կամ հյուպատոսարանի միջոցով դիմում ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմիններին իրենց վերաբերյալ քրեական գործով վարույթը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ: Նշված դիմումը /միջնորդությունը/ ստանալու պարագայում կքննարկվեն անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը: ՀՀ սահմաններից դուրս գտնվող, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվող ՀՀ քաղաքացիները իրենց կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող են համապատասխան հարցում կատարել [email protected]  էլեկտրոնային փոստի միջոցով։ ՀՀ քննչական կոմիտե
12:23 - 23 ապրիլի, 2019
Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ

Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ

Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած շահարկումները՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ` հայտնում ենք, որ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել միջազգային մասնագիտական ընկերություններ: Արդյունքում հաղթող էր ճանաչվել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը, որը ՀՀ ՔԿ-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար: 2019 թվականի փետրվարի 21-ի կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ՀՀ քննչական կոմիտեին հատկացված 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվելու է «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար:
08:15 - 23 ապրիլի, 2019
Սոցիալական աջակցության Սիսիանի գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար

Սոցիալական աջակցության Սիսիանի գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին: Նախնական քննության տվյալներով՝ Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը, օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, նպաստառուներից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն՝ անապահով ճանաչված նպաստառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիամց: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատակիցը, Սիսիան քաղաքի բնակչի հերթական տարեկան փաստագրման փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո գիտակցելով, որ վերջինիս ընտանեկան նպաստ նշանակելու անապահովության միավորը բավարար է, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, անհիմն պատճառաբանությամբ նշել է, թե անապահովության միավորը ցածր է և դեռևս 1999 թվականից անապահով ճանաչված ընտանիքին նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց իր աշխատասենյակում քաղաքացուն անձամբ առաջարկել է իրեն տալ տարեկան 2 ամիսների նպաստի գումարները: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2009-2014 թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացուց անձամբ յուրաքանչյուր տարի՝ գարնան և ամռան ամիսներին, սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության շենքում ստացել է ընդհանուր 422 000 ՀՀ դրամ գումար։ Բացի այդ, աշխատակիցը, անապահովության գնահատման համակարգում հաշվառելու դիմաց, 2017թ. սեպտեմբերին Սիսիանի բնակչուհուց պահանջել է տարվա առաջին և վերջին ամիսների հասանելիք նպաստի գումարները: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2017թ. դեկտեմբերի վերջերին «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարի օժանդակությամբ անձամբ վերջինից ստացել է քաղաքացու հասանելիք 2017թ. դեկտեմբեր ամսվա նպաստի 29 000 ՀՀ դրամ գումարը։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին և 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարին, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի հիմքով: Սակայն նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավարին՝ մասնաճյուղի հիշյալ փոստատարի՝ հետագայում աշխատելու նպատակահարմարության հարցը քննության առնելու վերաբերյալ: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
10:47 - 18 ապրիլի, 2019
ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է պայմանագրային զինծառայողի կենսաբանական մահը

ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է պայմանագրային զինծառայողի կենսաբանական մահը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
08:21 - 18 ապրիլի, 2019
Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2013 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն զբաղեցնելով «ՀՀ Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված գույքը: Մասնավորապես, Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենը 2015 թվականի հունվար ամսից նշված ՊՈԱԿ-ում դստերն ընդունել է աշխատանքի՝ որպես գործավար, իսկ 2017 թվականի հունվար ամսից՝ ամուսնուն՝ որպես պահակ-դռնապան, սակայն վերջիններիս կողմից աշխատանքի փաստացի չհաճախելու պայմաններում, իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով դստեր և ամուսնու կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ՝ փաստաթղթերը վավերացրել է իր ստորագրությամբ, որի արդյունքում նրանց հաշվեհամարներին որպես աշխատավարձ ելքագրվել և փոխանցվել է խոշոր չափերի գումար: Բացի այդ, նույն դպրոցի տնօրենը 2015 թվականի օգոստոսից քրոջը՝ դպրոցի մանկական կոլեկտիվի կազմակերպիչին, ընդունել է նշված ՊՈԱԿ-ում որպես գիշերային պահակ, սակայն վերջինս որպես գիշերային պահակ չի հաճախել աշխատանքի: Դպրոցի տնօրենը, սակայն, չի գրանցել նրա բացակայությունները և 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի հունվարը, հաստատելով աշխատավարձերի ցուցակները, քրոջ հաշվեհամարին որպես աշխատավարձ փոխանցել է ընդհանուր 168.065 դրամ գումար՝ պետությանը պատճառելով զգալի չափերի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
13:01 - 16 ապրիլի, 2019
Երևանում կրակել են երեք հոգու վրա. հարուցվել է քրեական գործ

Երևանում կրակել են երեք հոգու վրա. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով  իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ:Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում, որտեղ դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են երեք երիտասարդները՝ իրենց ուղղությամբ կրակ արձակելու պահին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ՀՀ Քննչական կոմիտե
06:54 - 16 ապրիլի, 2019
Զարթոնքում խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է երկու անձ․ՔԿ

Զարթոնքում խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է երկու անձ․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. ապրիլի 12-ին` ժամը 14:10-ի սահմաններում, Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցում Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցների կողմից տեսչական ստուգում անցկացնելու ժամանակ դպրոցի մոտ հավաքվել են համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող մի խումբ համագյուղացիներ, որոնց մուտքը դպրոցի բակ արգելվել է դպրոցի պահակի կողմից: Ընդդիմանալով ցուցաբերված արգելքին՝ համագյուղացիները վիճաբանել են պահակի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրա եղբոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ, և նույն գյուղի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1993թ.: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտե
08:08 - 15 ապրիլի, 2019
Կեղծ դիպլոմով նշանակվել է «Դիլիջան» ազգային պարկի փոխտնօրեն. հարուցվել է քրեական գործ

Կեղծ դիպլոմով նշանակվել է «Դիլիջան» ազգային պարկի փոխտնօրեն. հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:  
06:13 - 12 ապրիլի, 2019
21.5 մլրդ դրամի կողոպուտ՝ Երևանի ՋԷԿ-ից. 9 անձ կալանավորվել է

21.5 մլրդ դրամի կողոպուտ՝ Երևանի ՋԷԿ-ից. 9 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի թվով 9 բնակիչներ մտադրվել են գողություն կատարել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, կատարել դերաբաշխում, կազմակերպված խմբի կազմում ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեսախցիկ տեղադրելու միջոցով, վերահսկել տարածքը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ անձինք 2019 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ՓԲԸ-ին պատկանող տարածք ու նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ տրանսֆորմատորում առկա պղնձյա փաթույթները կտրելու եղանակով գաղտնի հափշտակել դրանք: Այնուհետև նախօրոք ընտրված՝ թվով 7 տրանսպորտային միջոցներով գողոնը տեղափոխել են առերևույթ հանցագործությանը մասնակիցներից մեկի տան բակ, որից հետո հափշտակված պղնձալարերն իրացրել գունավոր մետաղների ընդունման կետերում՝ ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ընդունվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՓԲԸ-ից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն ունեցած 9 անձանց ինքնությունը։ Վերջիններս ձերբակալվել են: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 9 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։
12:48 - 08 ապրիլի, 2019
Պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը. ՔԿ

Պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը. ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ, կոմիտեն տեղեկացրել էր, որ մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20 հազար ԱՄՆ դոլար գումարը աշխատանքային օրն ավարտվելու պատճառով վերջիններիս կողմից չի հանձնվել բանկին, և սահմանված կարգի համաձայն՝ պահվել է «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի պահոցում: Իսկ հաջորդ օրը, երբ նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9 միլիոն 700 հազար դրամին համարժեք 20 հազար ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ: «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. վերջինս հանդիսանում է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցը՝ վարորդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս մարտի 20-ին՝ ժամը 06:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանից: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:   ՀՀ քննչական կոմիտե
13:04 - 21 մարտի, 2019
«Հայինկասացիայի» պահոցից $20,000 են հափշտակել. Քրգործ կա

«Հայինկասացիայի» պահոցից $20,000 են հափշտակել. Քրգործ կա

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:2019թ. մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության Կումայրի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2019թ. մարտի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ է տեղափոխվել $20,000 գումար: Ըստ հաղորդման՝ աշխատանքային օրն ավարտվելու պատճառով «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի աշխատակիցները չեն հասցրել նշված գումարը հանձնել բանկին, և այն, սահմանված կարգի համաձայն, պահվել է «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի պահոցում: Հաջորդ օրը՝ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ պարկը բացելուց հետո պարզվել է, որ հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ գողության բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ
12:42 - 20 մարտի, 2019
Երեխաների ներկայությամբ նախկին կնոջը ծեծողին սպառնում է առավելագույնը 2 ամիս կալանք |epress.am|

Երեխաների ներկայությամբ նախկին կնոջը ծեծողին սպառնում է առավելագույնը 2 ամիս կալանք |epress.am|

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է նախկին ամուսնուն: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ՝ ծնված 1965 թվականին: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ հարվածներ հասցնելով կնոջ գլխի և կրծքավանդակի շրջաններին, ինչին միջամտել են այդ պահին տանը գտնվող անչափահաս երեխաները՝ թույլ չտալով, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով): Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: epress.am
05:47 - 20 մարտի, 2019
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է նախկին ամուսնուն: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ՝ ծնված 1965  թվականին: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ հարվածներ հասցնելով կնոջ գլխի և կրծքավանդակի շրջաններին, ինչին միջամտել են այդ պահին տանը գտնվող անչափահաս երեխաները՝ թույլ չտալով, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:   ՀՀ քննչական կոմիտե
11:34 - 19 մարտի, 2019