ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2019թ. մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության Կումայրի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2019թ. մարտի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ է տեղափոխվել $20,000 գումար:
Ըստ հաղորդման՝ աշխատանքային օրն ավարտվելու պատճառով «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի աշխատակիցները չեն հասցրել նշված գումարը հանձնել բանկին, և այն, սահմանված կարգի համաձայն, պահվել է «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի պահոցում:
Հաջորդ օրը՝ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ պարկը բացելուց հետո պարզվել է, որ հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ գողության բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ
comment.count (0)