Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1 |fip.am|

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1 |fip.am|

fip.am: Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Հայաստանի համար այդ գործարքների շահավետությունն ու նպատակահարմարությունը մշտապես քննարկման առարկա են եղել։   Հոդվածի առաջին մասում կանդրադառնանք «Գույք պարտքի դիմաց»  պայմանագրին, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Հայգազի» վաճառքի պատմություններին: Ուշագրավ է, որ թեև «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրն անկախ Հայաստանի պատմության ամենամեծ աղմուկ հանած գործարքներից է, դրա պայմանագիրը երբևէ չի հանրայնացվել և հրապարակվում է առաջին անգամ: «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2002 թվականի նոյեմբերին  Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը:  Մեծ քննարկումների և քննադատությունների արժանացած համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, որոնք, որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, վարել էին բանակցությունները:  Այդ պայմանագրով 1994-1998 թվականներին կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտներ՝ Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը և 3 ընկերություններ՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները:   Ըստ պայմանագրերի՝ Ռուսաստանի Դաշնությունը, դառնալով գույքերի նոր սեփականատեր, դրանց նկատմամբ ստանում էր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, ներառյալ դրա՝ երրորդ անձանց հետագա վաճառքի կամ փոխանցման իրավունքը։  Հրազդանի ջերմակայանը գնահատվեց 31 միլիոն դոլար և դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը: Պայմանագրով հայկական կողմը նաև Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց մինչև 2005 թվականը գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն: Էլեկտրաէներգիան արտահանելու դեպքում ռուսական կողմն ազատվում էր արտահանման մաքսային տուրքից: 2017 թվականին ՋԷԿ-ը վաճառվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն գնահատվեց 3.37 միլիոն դոլար: «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, գնահատվեց 350 հազար դոլար:  Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ) Ռուսաստանին որպես սեփականություն հանձնվեց՝ գնահատվելով ընդամենը 2.75 մլն դոլար: Ըստ Պետական ռեգիստրի՝ ներկայում  ինստիտուտի կառավարող կազմակերպությունը ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունն է:  «Մարս» գործարանը գնահատվեց 56.29 միլիոն դոլար: 2008 թ. ընկերությունը հանձնվել է վերոնշյալ «Սիտրոնիքս» ընկերության կառավարմանը: 2013-ին կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ»   տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ: «Սիտրոնիքսը» ռուսական «Սիստեմա» ընկերության դուստր կազմակերպությունն է: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը մայր կազմակերպության գործադիր տնօրենների ցանկում է: Բացի այդ, ՌԴ-ն՝ որպես սեփականատեր, ստացավ մաքսային արտոնություններ: Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները, ինչպես նաև հետագայում այդ օբյեկտները վերավաճառելու իրավունքը: Գույքի շուկայական գնահատումը և անկախ աուդիտորական ստուգումը կատարվեցին հայկական կողմի հաշվին: «Հայգազ» Անկախացումից հետո Հայաստանում գազի մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվում էր «Հայգազ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը, որը հետագայում վերանվանվեց «Հայգազարդ» ՊՁ-ի: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին ամիսներին՝ 1997 թ. օգոստոսին, հիմնադրվեց արդեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը:  1998 թ. ապրիլի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին։ Այս որոշման համաձայն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 45 տոկոսն անցավ ռուսական «Գազպրոմին», 10 տոկոսը ռուսական մեկ այլ՝ «Իտերա» ընկերությանը, իսկ Հայաստանին մնաց միայն 45 տոկոս բաժնեմասը։ Գործարքի մասին ուշագրավ տեղեկություններ է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Վերադարձ» գրքում: Ըստ դրա՝ 45% բաժնեմասը Ռուսաստանին վաճառելու դիմաց Հայաստանը պետք է ստանար գազ՝ 148 միլիոն դոլարի չափով, որը պետք է գոյանար սպառողներին մոտ 2․5 տարվա ընթացքում գազի վաճառքից: Հետագայում այդ գումարը պետք է մուտքագրվեր Հայաստանի պետական բյուջե: Սակայն իրականում այդ գումարի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է:  2006 թվականին կառավարության որոշմամբ 248.8 մլն դոլարի դիմաց «Գազպրոմին» վաճառվեց «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Ռուսական ընկերությունը պարտավորվում էր ավարտին հասցնել էներգաբլոկի շինարարությունը: Վաճառքից ստացված գումարից 188․8 մլն դոլարը փոխանցվելու էր «ՀայՌուսգազարդին»՝ որպես գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում: Փաստացի, ստացվում էր, որ հենց քաղաքացիների հաշվին սակագինը չէր բարձրացվում: Հաջորդող 2 տարիների ընթացքում «Գազպրոմը» գնեց լրացուցիչ թողարկված  բաժնեմասեր՝ 543.8 մլն դոլար արժողությամբ, ինչի արդյունքում ռուսական կողմի մասնաբաժինն ընդհանուր կապիտալում 45-ից աճեց 78.83 տոկոսի: 2009 թվականին ընկերությունը գնեց նաև «Իտերայի» մասնաբաժինը: Այդ պահի դրությամբ՝ «ՀայՌուսգազարդը» պատկանում էր Հայաստանի կառավարությանը (20%) և «Գազպրոմին» (80%): 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեցին «գազային» համաձայնագրերը: Դրանց համաձայն՝ «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», ավելին՝ «Գազպրոմ Արմենիան» (վերանվանված «ՀայՌուսգազարդը») ստացավ էլեկտրաէներգիա արտահանելու արտոնություն:  «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքի պայմանագիրը կնքվեց 2014 թ. հունվարի 17-ին Մոսկվայում: Որպես Հայաստանի կառավարության կողմից լիազորված անձ՝ պայմանագիրը ստորագրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հատկանշական է նաև, որ «Գազպրոմ Արմենիային» է պատկանում  հայ-իրանական գազատարը: Դեռևս 2006 թվականին «Գազպրոմին» վաճառվեց Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը: 2015 թվականին վաճառվեց նաև գազամուղի մնացած հատվածը՝ Մեղրիից-Քաջարան ընկած 40 կմ-ը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ընդգրկվել էր 1998-2000 թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Կառավարության որոշմամբ նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ-ն մասնավորեցնել միջազգային մրցույթով: ՀԷՑ-ն օտարելու մասին որոշումն ընդունելու պահին կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը: Չնայած մրցույթին ոլորտում կայացած միջազգային կազմակերպությունների մասնակցությանը (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation)՝ հաղթող ճանաչվեց օֆշորային Midland Resources Holding LTD ընկերությունը, որը գրանցված է Նորմանդյան կղզիներում (Միացյալ Թագավորություն), սակայն հիմնադիր Ալեքսանդր Շնայդերը ծնունդով ռուսաստանցի է և Կանադայի քաղաքացի: 2002 թ. օգոստոսի 26-ին Midland Resources ընկերության և Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության միջև կնքվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի՝ Midland Resources-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գնահատել էր 37 մլն դոլար: Բացի այդ, մասնավորեցնողը փոխհատուցելու էր նաև էլեկտրական ցանցերի՝ նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, այսինքն՝ պետությանը պետք է վճարեր ընդամենը 12 մլն 15 հազար դոլար։ Հետագայում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին: 2006 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ-ն վաճառվեց Մոսկվայում գրանցված «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի խմբին 73 միլիոն դոլարի դիմաց: 2015 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Ավելի վաղ՝ ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել սակագինը 17 դրամով: ՀԷՑ-ի տնօրեն ռուսաստանցի Եվգենի Բիբինը, չմասնակցելով սակագնի վերաբերյալ քննարկումներին ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ ՀԾԿՀ-ում, սպառնալից նամակ էր հղել՝ ակնարկելով, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կառաջանան, իսկ ընկերության գնման պայմանագիրը կվերանայվի: Սրան հետևել էին բազմահազարանոց ցույցեր Երևանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սեպտեմբերին արդեն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմեց կառավարությանը՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցելու  թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը հաստատեց գործարքը: Պայմանագրի համաձայն՝ Կիպրոսում գրանցված, օֆշորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» հետ պարտավորությունները կիսելու էր նաև «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն՝ սեփական գրության համաձայն: «Հետքի» ուսումնասիրությունները պարզել էին, որ երկու ընկերությունների հետևում էլ կանգնած էր ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը:  2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԵՑ-ն ամբողջությամբ գնելու մասին՝ խոստանալով մեկ տարի շարունակ սուբսիդավորել կառավարության հետ համամասնորեն, փոխհատուցել բարձրացված և մինչև 2015 թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար: Գործարքի դիմաց «Տաշիրը» պարտավորվում էր մարել ընկերության կուտակած պարտքը, որը, ըստ Սամվել Կարապետյանի, կազմում էր 220 միլիոն դոլար: 2017 թ. ապրիլի 14-ից, պաշտոնական տվյալների համաձայն, ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ 70% և LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ 30% բաժնեմասերով:
16:34 - 10 օգոստոսի, 2020
Հուլիսի 28-29-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը. գազ չի լինի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում

Հուլիսի 28-29-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը. գազ չի լինի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի, Հակոբյան, Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի,  Հրազդանի փողոցի 1-ից 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
11:39 - 27 հուլիսի, 2020
Գազամատակարարման պլանային դադարեցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Գազամատակարարման պլանային դադարեցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 92-ից մինչև 127 հասցեների գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1-ին փակուղու առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
09:18 - 21 հուլիսի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Գեղարքունիքի մարզում և Վանաձոր քաղաքում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Գեղարքունիքի մարզում և Վանաձոր քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: «Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 92-ից մինչև 127 հասցեների գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1-ին փակուղու առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
12:05 - 20 հուլիսի, 2020