ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական կամավորական նախաձեռնություն է, որը հիմնվել է 2013թվականին։ Նպատակն է կամավորական հիմունքներով համախմբել բնապահպանական եւ մասնագիտական ներուժը՝ ի նպաստ բնության պահպանության, ինչպես նաեւ սոցիալական արդարության ապահովումը բնության հետ ներդաշնակ զարգացման միջոցով։ 

Պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք․ ՀԲՃ

Պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Վերջին ամիսիներին Հայկական բնապահպանական ճակատը, Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչներն անընդհատ ահազանգում են, որ սնանկացած ու նոր տերերի անցած Լիդիան ընկերության վարձած նոր պահնորդական ընկերությունը, ինչպես նաև վարձկան կապալառու մեկ այլ ընկերություն բռնի գործողություններ են սադրում Ամուլսարի պահպանության կետերում։ Նախկինում գրել ենք վարձված նոր պահնորդական ընկերության՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի ստեղծած խնդիրների մասին․ հրազենով ու մահակներով զինված ներկայություն Ջերմուկի մայրուղուն, դաժանության ցուցադրություն՝ պահապանների շների ձագերին սպանելով, սպառնալիքներ, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Լիդիանը մտնի տարածք, բռնությունների սադրում, որոնց միջամտել է նաև տեղի ոստիկանությունը։ Դրանից բացի, պահնորդական ընկերության աշխատակիցները չեն կրել օրենքով պահանջվող տեղեկատվություն իրենց հագուստի վրա, ինչի կապակցությամբ 2020թ․ հուլիսի 17-ին դիմում ենք հղել լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը։ Օգոստոս ամսվա դրությամբ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն ակտիվորեն փորձում է համալրել իր աշխատակազմը։ Ընկերության ֆեյսբուքյան էջին հայտարարություն զետեղելուց բացի, «սպորտային կազմվածքով, բարձրահասակ, թիկնեղ, խելացի, լարված իրավիճակներին տիրապետող» մարդկանց աշխատանքի ընդունելու հայտարարություններ ընկերությունը տարածել է նաև list.am կայքում։ Մեզ հասել են տեղեկություններ, որ Ամուլսարի տարածքում ընկերության համար աշխատում են նախկին զինվորականներ, ինչը համադրելի է այնտեղ կամուֆլյաժային հագուստով ու զինված պահնորդների կեցվածքի հետ։ Ակնհայտ է, որ նոր տերեր ունեցող Լիդիան ընկերության ստրատեգիան բռնություններ հրահրելն է, որպեսզի այն արդարացնի ոստիկանության միջամտությունը։ Վերջինիս գործողությունները հանգիստ կարող են ուղղվել ընդդեմ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, ովքեր ուղիղ երկու տարի իրենք կյանքն են դրել Ամուլսարն ու իրենց ընտրած միջավայրում ապրելու իրավոնքը պահպանելու համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում բռնությամբ որևէ հարց չի լուծվելու։ Առանց բռնության դիմելու, հենց խաղաղ պայքարի մեթոդներով են պայքարում Ջերմուկի ու Գնդեվազի, ինչպես նաև այս պայքարին միացած Հայաստանի այլ բնակավայրերի գիտակից ու պատասխանատու բնակիչները՝ իրականացնելով իրենց խաղաղ անհնազանդությունը մի աղետալի հանքարդյունաբերական ծրագրի դեմ, որն իրենց ու ապագա սերունդներին է պարտադրվել կոռումպացված նախկին իշխանությունների թեթև ձեռքով։ Միլիտարիստական կեցվածքով, սպառնալիքներով ու սադրանքներով ակտիվացված Լիդիանի գործողությունները հուշում են, որ այս մասնավոր ընկերությունը կարող է փորձել բռնությունների գնով պարտադրել իր ապօրինի, մահաբեր, սպեկուլյացիաներով լեցուն ծրագիրը։ Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցներին կանխել հնարավոր բռնություններն Ամուլսարի տարածքում՝ թույլ չտալով, որ մասնավոր որևէ ընկերություն, լինի պահնորդական, շինարարական, հանքարդյունաբերական ընկերություն, թե պարզապես խմբավորում, կարողանա որևէ բռնի գործողություն կատարել Ամուլսարում, ավելին՝ ձեռք, մահակ կամ զենք բարձրացնի մեծագույն զոհողության գնով Հայաստանի ու տարածաշրջանի էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական հարց լուծող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների վրա։ Ամուլսարի պահպանության պայքարը եղել ու մնալու է խաղաղ դիմադրություն, և կոչ ենք անում հետևյալ գործողություններով դեմ կանգնել Ամուլսարի տարածք բռնություններ մտցնելուն․ Հրաժարվել համագործակցել «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի, «Էկոբիլդինգ» ընկերության, Լիդիանի ու նրա կապալառուների հետ առհասարակ, այսինքն՝ չաշխատել այդ ընկերություններում, չմատուցել դրանց որևէ տեսակի ծառայություն։ Սա քաղաքացիական անհնազանդությանը բնորոշ խաղաղ պայքարի մեթոդներից մեկն է։ Նույնիսկ եթե առաջարկվող վարձը բարձր թվա, մի՛ գայթակղվեք փողին, մի՛ աշխատեք մի տեղ, որտեղ Հայաստանի պայքարող քաղաքացիների նկատմամբ ձեռք են բարձրացնում ու վտանգում են երկրի ապագան։ Ֆիզիկապես ներկա գտնվել Ամուլսարի պահպանության կետերում և Ջերմուկում, բարոյապես ու նյութապես աջակցել տեղի բնակիչներին։ Փաստագրել վերը թվարկված ընկերությունների ոտնձգություններն Ամուլսարի պահապանների նկատմամբ։ Բոյկոտել Լիդիանի պատվիրած լրատվական նյութերը պրոպագանդող լրատվամիջոցները։ Մինչ այդ, Ջերմուկի ու Գնդեվազի անձնազոհ բնակիչներին կոչ ենք անում շարունակել մնալ խաղաղ, նրանց նկատմամբ բռունցք, մահակ կամ զենք բարձրացնողները վաղուց պարտված են։ Լիդիան ընկերությունը կարող է Ամուլսարի տարածքից հեռացնել իր վերջին գույքը, վերականգնել ավերած լանդշաֆտն ու մեկընդմիշտ հեռանալ այդ տարածքից։ Որևէ այլ նպատակով այդ ընկերության ներկայությունն Ամուլսարում չի թույլատրվելու»։
15:43 - 03 օգոստոսի, 2020
Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք․ ՀԲՃ

Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։   «Վերջին շրջանում Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունները կարիք ունեն պարզաբանման, որը ներկայացնում ենք կետերով։ Լիդիան ընկերության և նրա որդեգրած նոր ռազմավարության մասին   Լիդիանն այլևս բրիտանական օֆշորային Ջերսիի ընկերություն չէ, այլ կանադական։ Կանադայում և Ջերսիում ամիսներ տևած իրավական գործընթացներից ու պարտատերերի հետ ունեցած վեճերից հետո Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությանը հաջողվեց վերակազմավորվել, որի արդյունքում ընկերությունն անցավ իր երեք գլխավոր պարտատերերին և 2018թ-ի օգոստոսին Կանադայում գրանցված Lydian Canada Ventures Corporation ընկերության միջոցով ձուլվեց SL Newco ընկերությանը և հիմա Restructured Lydian է կոչվում։ Հայաստանյան դուստր ընկերությունը շարունակում է մնալ Լիդիան Արմենիան և պատկանում է Restructured Lydian-ին։ Լիդիանը շարունակում է պարտք մնալ շվեդական SEK ֆոնդին և Caterpillar Financial Services UK ընկերությանը, Ամերիա բանկին և արժետոմսեր ունեցող բազմաթիվ նախկին բաժնետերերի, այդ թվում՝ Թուրքիայից։ Ընկերության նոր տերերը ներդրումային ֆոնդեր են և ունեն ներդնելիք գումար, սակայն գումարի ներդրումն իմաստ կունենա հետևյալ դեպքերում՝ ա. եթե հնարավոր լինի հանքն աշխատեցնել, բ. եթե հնարավոր լինի վաճառել ծրագիրը այլ ընկերությունների, գ. եթե հնարավոր լինի, օրինակ, արբիտրաժի միջոցով գումար պոկել (օֆշորային գրանցման պատճառով 2018-2019 թվականներին Լիդիանի համար արբիտրաժ մտնելն անհեռանկարային էր)։ Այս բոլոր հանգամանքները հնարավոր կդառնան միայն մի դեպքում՝ եթե Լիդիանը մուտք ունենա Ամուլսարի տարածք և կարողանա համոզել, որ այնտեղ հնարավոր է աշխատել:   Չնայած բազմատեսակ հետազոտություններին, 2018թ․ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին ու ակտերին, ԷԼԱՐԴ-ի բացահայտումներին՝ Հայաստանի նոր կառավարությունը 2018թ-ից ի վեր չիրականացրեց արդարության վերականգնում և չչեղարկեց այս ընկերությանը նախորդ մերժված կառավարության տված թույլտվությունները։ Հիշեցնենք, որ թույլտվությունները տրվել էին Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների ներքո՝ հակասելով Հայաստանի ներքին օրենսդրությանը։  Այդուհանդերձ արդեն երկու տարի Ամուլսարի տարածքում ձգվող համառ պայքարը ամենակարևոր գործոնն է, որն այսօր խանգարում է Լիդիանի պլաններին։ Ամուլսարի ու Հայաստանի ջրային պաշարների պաշտպանության շուրջ կա մեծ հանրային մոբիլիզացիա Հայաստանում և Հայաստանից դուրս։ 2019թ-ի հանրային կարծիքի հարցման համաձայն Հայաստանի բնակիչների 74 տոկոսը դեմ է Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին (CRRC, Կովկասյան Բարոմետր 2019): Ուստի Լիդիանի ու նրա տերերի հիմնական առաջադրանքներն են՝   ա. հանրային կարծիքը փոխել իրենց օգտին, բ. վերացնել դիմադրության գլխավոր օջախը Ջերմուկ համայնքում, գ. վերը նշված երկու առաջադրանքների շնորհիվ հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար: Վերը նշված առաջադրանքներն իրագործելու քայլերից մի քանիսը հետևյալն են։ Սադրել բռնի գործողություններ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների դեմ։ 2020 հունիսին Լիդիանը փոխում է Ամուլսարի պահնորդական ծառայությունը: Նոր ընկերության անունն է «Հատուկ անվտանգության ծառայություն», որը հիմնադրվել է 2017թ-ին։ Լուրեր կան, որ այս ընկերությունում ներգրավված են նախկին զինվորականներ և արևելյան մարտարվեստներով զբաղված մարդիկ, որոնց տրված է հստակ առաջադրանք՝ բացել շրջափակված ճանապարհները։ Նրանք Ամուլսար ժամանեցին չափազանց ագրեսիվ կեցվածքով՝ վրաերթի ենթարկելով Ամուլսարի դիմադրական կետերում ապրող շան 3 ձագերին, զինվորական համազգեստով, հրազենով ու մահակներով շրջապատելով Ջերմուկ տանող հիմնական ավտոճանապարհը, իրենց վրա չունենալով օրենքով պահանջված՝ ընկերության անվանումն ու անհատ պահնորդների անունները: Մի քանի օր շարունակ նրանք սադրանքների էին գնում, խախտում տեղացիների հետ համաձայնությունները, լարված վիճակ ստեղծում: Այս տակտիկայի նպատակը տեղացիներին բռնությունների մեջ ներքաշելն է, որպեսզի հիմնավորվի ոստիկանության միջամտությունը։ Ստեղծել Ամուլսարում աշխատանքներ անելու պատրանք։ Նոր պահնորդական ընկերության հրահրած գործողություններին անմիջապես հետևեցին Վայքում գրանցված «Էկո Բիլդինգ» ընկերության գործողությունները։ «Էկո Բիլդինգը» պայմանագիր ունի Լիդիանի հետ և իբր՝ վերանորոգման աշխատանքներ պիտի անի Ամուլսարի տարածքում: Ընկերության հիմնադիրները կապված են Արամ Սարգսյանի հետ, 2018թ-ին վերջինիս գլխավորած նախընտրական «Մենք» դաշինքի անդամներ են: Ընկերության աշխատողներն իրենց բռնի են պահում, մի քանի օր առաջ տարածված տեսանյութից իմանում ենք, որ մահակներով, էլեկտրաշոկերով և այլ միջոցներով ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից որոշներին: Երեք օր առաջ այս ընկերության 6 աշխատողներ Սարավան գյուղի կողմից մտել են Ամուլսարի տարածք և դուրս չեն գալիս: Հուլիսի 27-ին Ջերմուկի բնակիչները հավաքվել էին Ամուլսար տանող ճանապարհների մոտ՝ կոչ անելով, որպեսզի նրանք դուրս գան այնտեղից։ Ոստիկանությունը բերման երթարկեց տասից ավելի մարդկանց, «Էկո Բիլդինգի» աշխատողների շարունակեցին մնալ Ամուլսարի տարածքում: Իրականացնել տեղեկատվական գրոհ։ Լիդիանին ծառայող լրատվամիջոցները, որոնց ցանկն, ի դեպ, համընկնում է ռոբասերժական լրատվամիջոցների հետ, նորից ակտիվացել են։ Թե՛ լրատվամիջոցերի, թե՛ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով ընկերությունը տարածում է զրպարտող տեղեկություններ Ամուլսարի պահապանների մասին։ Օրինակ, «հիմնավոր կասկածներ» բառակակապցության տակ տպավորություն են ստեղծում, թե իրենց տարածքից գողություն է արվել՝ բարդելով պատասխանատվությունը Ամուլսարի պահապանների վրա։ Այնինչ այս ամբողջ ընթացքում տարածքը գտնվել է Լիդիանի պահնորդական ծառայությունների, տեսանկարահանող սարքերի մշտական հսկողության ներքո։ Այս տակտիկան ուղղված է ինչպես հայաստանյան լսարանին, որպեսզի հանրային կարծիք ձևավորեն, այլև հնարավոր է՝ պարտատերերին, որպեսզի իրենց գույքի հետ կապված սպեկուլյատիվ ինֆորմացիա դուրս թողնեն։ Ընկերությունն ու իրեն սպասարկող ֆեյք օգտատերերը տեղական և միջազգային հարթակներում շարունակում են ստեր տարածել, թե իբր Ամուլսարի պայքարը ֆինանսավորվում է ինչ-որ կոնկրետ տեղից։ Տեղեկատվական դաշտում ընկերությունը փորձում է ատելություն քարոզել Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնապահպանների, տեղացիների նկատմամբ: Ոչ միայն Լիդիանին սպասարկող ֆեյք օգտատերերն ու էջերը, այլ նույնիսկ Լիդիանի փաստաբանն է շարունակում Ամուլսարի համար պայքարողներին ներկայացնել իբրև Հայաստանի պետական շահերի դեմ գործողներ, որոնք ի թիվս այլ բաների նաև վնասում են Հայաստանի բանակին, մանավանդ՝ հայ-ադրբեջանական զինված կոնֆլիկտի վերջին սրացման օրերին։ Քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիդիանն ակտիվորեն աշխատում է քաղաքական ուժերի հետ, որպեսզի վերջինները սատարեն Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին։ Ըստ մեր տեղեկությունների, Լիդիանը փորձում է գործարքների գնալ մերժված կուսակցությունների և նրանց կողքին հայտնված նորահայտ քաղաքական ուժերի հետ, որոնք ակտիվորեն աշխատում են ընդդեմ ներկայիս կառավարության։ Ակնհայտ է, որ Ամուլսարում երբևէ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացվելու, սա երաշխավորում են տեղի բնակիչները և Հայաստանի գիտակից քաղաքացիները։ Սակայն Հայաստանին իրավական ծուղակները գցելու միջոցով ընկերությունն ու նրա նոր տերերը կարող են նոր իրավիճակից ելնելով մտնել ներդրումային արբիտրաժ և գումարներ կորզել Հայաստանից։ Լիդիանի նոր գրանցումը այդ նոր իրավիճակի գործոններից մեկն է։ Որևէ կերպ չպետք է թույլ տալ մյուս գործոնի իրականություն դառնալը՝ Ամուլսարում աշխատելու պատրանք ստեղծելը։ Նույնիսկ եթե Լիդիանը ֆիկտիվ գործունեություն ծավալի, ու դրանից հետո կառավարությունը որոշի Լիդիանի գործունեությունը դադարեցնել, ապա դա Լիդիանին առիթ է տալու մտնել արբիտրաժ ընդդեմ Հայաստանի և նրա քաղաքացիների։ Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք»։
17:41 - 28 հուլիսի, 2020
Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը

Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի Ամուլսարի վերաբերյալ գրառման հետ կապված։ «Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։ Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին (տեսեք այստեղ՝ https://bit.ly/3jkW62H)։ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը պարբերաբար նախազգուշացումներ է հնչեցնում, որ Ամուլսարի շուրջ հանքահենային հիմնական տակտիկան բռնի գործողություններ սադրելն է՝ ներքաշելով Ամուլսարի պահապաններին և դրանով հիմնավորելով ոստիկանական միջամտությունը։ Այս տակտիկան սնանկացած և նոր տերեր ունեցող ընկերությունն իրագործում է կապալառու խմբավորումների ու ընկերությունների միջոցով։ Այս լարումների ֆոնին ակտիվացել է Լիդիան Արմենիայի գովազդային բաժինը, որը վերջին օրերին վճարովի ռեպորտաժներ է պատվիրել հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների։ Գովազդային այս գրոհին միացել է նաև քաղաքական պատմության մեջ վաղուց մոռացության մատնված Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի պայքարի, բնապահպանների, ջերմուկցի պահապանների մասին զազրախոսություններ ու ստեր է գրում։ Այս համընկնումները պատահական չեն։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորման մասին մեր հավաքած տեղեկությունների ու Արամ Սարգսյանի բարձրացրած աղմուկի համընկնումների վրա։ Այսպես, հարձակվողական տակտիկայով դեպի Ամուլսար ներխուժող խմբավորման ներկայացուցիչները ներկայացել են իբրև «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ։ Ըստ իրենց հավաստումների, «Էկո Բիլդինգ» ընկերությունը պայմանագիր ունի Լիդիան Արմենիայի հետ, որպեսզի Ամուլսարի տարածքում ինչ-ինչ վերանորոգման աշխատանքներ կատարի, և նրանք պարբերաբար ներխուժման փորձեր են անում այդ պայմանագիրը կատարելու նպատակով։ Ընկերության հիմնադիրներից է Վայքի բնակիչ Արամ Կառլենի Մինասյանը, իսկ տնօրենը նրա որդին է՝ Կառլեն Արամի Մինասյանը: Իսկ ահա, թե ինչու է աղմկում Արամ Սարգսյանը, պարզ է դառնում նրա քաղաքական դաշինքի կազմն ուսումնասիրելով։ 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Էկո Բիլդինգ»-ի տնօրեն Կառլեն Մինասյանը ներառված էր «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում, որը գլխավորում էր Արամ Սարգսյանը: Կառլեն (Կարեն) Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում վերջին օրերին ակտիվորեն տարածում է Արամ Սարգսյանի՝ Ամուլսարի դիմադրական պայքարը վարկաբեկող հարցազրույցներն ու գրառումները: Կան նաև լուրեր, որ բացի Լիդիանի կապալառուների հետ այս քաղաքական կապերից, Արամ Սարգսյանին հետաքրքրում է նաև հանքի շահագործումը՝ որպես կիր մատակարարելու բիզնես հնարավորություն։ Ամուլսարի պայքարի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում հասկանալ Լիդիանի նոր տերերի ստրատեգիան և չդառնալ դրա մի մասը: Նրանք իրենց անունից գործողություններ չեն ձեռնարկում, սակայն փոխարենը ֆինանսապես շահագրգռում են տեղական ընկերությունների, նրանց «աշխատանքի պատվեր տալիս» Ամուլսարի տարածքում, որպեսզի վերջիններս հանուն իրենց շահույթի ամեն կերպ փորձեն աշխատանքներ սկսել Ամուլսարում: Մինչդեռ ինչպես հայտնի է, այս ծրագիրը կանխվել է Ջերմուկ համայնքի բնակիչների և բազմաթիվ այլ ակտիվ ու գիտակից մարդկանց ջանքերով, իսկ քանի դեռ ծրագիրը վերջնականորեն չի դադարեցվել ՀՀ կառավարության կողմից՝ դեպը լեռը տանող ճանապարհների մոտ շարունակում են հերթապահել Ամուլսարի պահապանները: Ուստի Ամուլսարում գումար վաստակելու նպատակ ունեցող տեղական ընկերություններն անխուսափելիորեն դիմադրության են հանդիպելու: Լիդիանի վերակազմակերպման արդյունքում նրա նոր տերերը դարձած ներդրումային ընկերությունները տեղի համայնքների բնակիչներին միմյանց դեմ դուրս բերելով նպատակ ունեն մի կողմից բախումներ հրահրել, բռնության սցենարներ սադրել և այդ ճանապարհով չեզոքացնել Ամուլսարի պահապաններից որոշներին ու խաթարել շարժման նկատմամբ հանրային համակրանքը, մյուս կողմից՝ աշխատանքի իմիտացիա ստեղծել Ամուլսարի տարածքում, ինչը նրանց իրավական գործիքներ կտա ներդրումային արբիտրաժի միջոցով Հայաստանից գումարներ կորզելու համար և մասամբ կհանդարտեցնի Լիդիանի դեմ ֆինանսական ու գույքային պահանջներ ներկայացնող պարտատերերին:Քանի դեռ Ամուլսարում դիմադրական պայքարի շնորհիվ ճանապարհները փակ են, արբիտրաժ մտնելու հնարավորություն Լիդիանի այս նոր տերերն ու ընկերությունները չունեն։ Կրկին շեշտում ենք, որ կարևոր է հասկանալ այս ստրատեգիան և չդառնալ այս բեմադրված սցենարի մասը: Իսկ Արամ Սարգսյանին կոչ ենք անում այլ բիզնես հնարավորություններ փնտրել։   «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն»
15:59 - 22 հուլիսի, 2020
Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները:  Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ «Լիդիանը» իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ, մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան՝ Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում: Ահա Ոստիկանության պաշտոնական նամակի հղումը։ Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան): Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին»:  
21:25 - 11 հուլիսի, 2020
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
 |armecofront.net|

Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ |armecofront.net|

armecofront.net: «Հայկական բնապահպանական ճակատ»-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Լիդիանի նկատմամբ բաժնետիրական պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Լիդիան Ինթերնեշընըլի սնանկության հարցով Կանադայում ընթացող վարույթի շրջանակներում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լիդիանի նկատմամբ գույքային (բաժնետիրական) պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պարտք է և վերակազմակերպվելու արդյունքում պետք է ինչ-որ կերպ հատուցի (գույք, արժետոմսեր, բաժնեմաս կամ գումար)։ Այսպես, Լիդիանից պարտք ու պահանջ ունեն՝ Caterpillar Financial Services (UK) Limited-ը, Շվեդադիայի SEK արտահանումների խթանման հիմնադրամը և դրան սպասարկող հոլանդական ING բանկը, Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամները, Maverix Metals Inc. ընկերությունը, Ամերիա բանկը և շուրջ քառասուն անհատներ, որոնց անուններն ու կոնտակտային տվյալները հուշում են, որ նրանք Թուրքիայից են։ Ի դեպ, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ բորսաներում ցուցակված լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր բաժնետերերը տեսանելի են ու հնարավոր է նրանց անձերը հաստատել, ինչը մեկ անգամ ևս վկայում է իրական սեփականատերերի մասին Հայաստանի նոր օրենսդրության թերի լինելու մասին։ Ինչ վերաբերում է Լիդիանի բաժնետերերին ու պարտատերերին, առավել շահեկան դիրքում են խոշոր պարտատերերը և ապահովագրված վարկեր տրամադրած ֆինանսական հաստատությունները՝ մասնավորապես շվեդական հիմնադրամը, որի տված 50 միլիոն դոլարին համարժեք վարկը ապահովագրված է մեկ այլ շվեդական հիմնադրամի՝ EKN-ի կողմից։ Սնանկության պատճառով վերակազմավորման արդյունքում Լիդիան Ինթերնեշընըլը ձուլվում է իր նորաստեղծ երկու ընկերություններին՝ Lydian Canada Ventures Corporation-ին և Lydian U.K. Corporation-ին, որոնք էլ անցնում են պարտատեր ներդրումային ֆոնդերի կառավարմանը։ Այսուհետ, Լիդիանը պատկանելու է Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամներին։ Լիդիան Արմենիան ձուլվող Լիդիան Ինթերնեշընըլի դուստր ձեռնարկությունն է, այս առումով փոփոխություններն էական չեն։ Այս իրավիճակը նման է Թեղուտի դեպքերին, երբ դանիական ֆոնդերը պատժեցին Վալեքսին ու դուրս բերեցին իրենց կապիտալը, վերջինս սնանկացավ և իր ողջ գույքը՝ ներառյալ Ալավերդու պղնձաձուլարանը, Թեղուտի հաստացուցիչ ֆաբրիկան, մեքենա-սարքավորումներն ու շարժակազմը, ինչպես նաև արդյունահանման լիցենզիաները անցան պատրատեր՝ ՎՏԲ բանկին։ Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է․ ՎՏԲ-ն վերագործարկեց հանքը՝ առանց ժամկետանց ՇՄԱԳ թույլտվության երկարաձգման, պոչամբարի և բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու։ Վերադառնանք թուրքական կապիտալին Փաստորեն, Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք բացել են ֆեյսբուքյան խումբ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն իրենց կորցրած արժետոմսերը հետ բերելու կամ հատուցում ստանալու համար։ Սա Լիդիանին բնորոշ սպեկուլյացիայի դեմ պայքարելու երևույթ կհամարեինք ու կարիք չէինք ունենա անդրադառնալու, եթե Լիդիանում թուրքական կապիտալ ներդրած մարդիկ մեզ՝ բնապահպաններիս չգրեին` վիրավորելով, հոգեբանորեն ճնշում գործադրելով ու մեր մասին հերյուրանքներ տարածելով․ այն նույն հերյուրանքները, ինչ Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյք էջերն, օգտատերերն ու ԶԼՄ-ներն են տարածում։ Կա նաև հարցի ավելի լայն քաղաքական ու մշակութային համատեքստը։ Մինչ օրս Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն իրենց ֆեյսբուքյան էջերով, վճարովի հոդվածներով, մեծ տիրաժավորմամբ էթնիկ ատելության հիմքով մեզ՝ բնապահպաններիս նույնացրել են էթնիկ ատելության թիրախների հետ։ Լինելով գլոբալ կապիտալի ներկայացուցիչ՝ նրանք չեն վարանել շահագործել լոկալ ազգայնական սենտիմենտները, Հայաստան-Ադրբեջան պատերազմը, և բազմիցս բնապահպաններին ու Ամուլսարի պահպանության համար պայքարողներին նույնացրել են Ադրբեջանին կամ դրա նախագահ Ալիևին սպասարկողների հետ (ավելի մանրամասն այս մասին՝ տես «Ամուլսարի հանքի (չ)շահագործումը և հեղափոխությունը» զեկույց, էջ 17)։ Ավելին, Ամուլսարի համար պայքարի դեռ ամենասկզբում, 2012թ․ հունիսին, «գնացեք Թուրքիա» պաստառներ էին դեմ տալիս Ամուլսարում հանք բացելու վտանգների մասին խոսողների առջև։ Ստորև Լիդիանի պաշտոնական էջի ու իրեն սպասարկող ֆեյք էջերի ու օգտատերերի վերջին ժամանակների գրառումներից արտապատկերներն են։ Ստացվում է՝ մի կողմից Լիդիանն իրեն թույլ է տալիս Հայաստանում ապրողներին էթնիկ ատելության հիմքով տրամադրել մեր դեմ, ինչը բռնության անուղղակի հրահրում է, բայց մյուս կողմից հանգիստ ընդունում է թուրքական կապիտալը, գալիս Հայաստանի կառավարությանը ներկայանում իբրև խոշոր ներդրող, որի գործունեության արդյունքում, բնականաբար, թուրքական, անգլիական, կանադական, հայկական և գլոբալացված աշխարհի ցանկացած այլ կապիտալ պիտի հազարապատկվեր, իսկ մեր երկիրն ու սերունդների ապրելավայրը ավերվեր։ Լիդիանի թուրք բաժնետերերն, անշուշտ, նախանձելի վիճակում չեն. նրանք իրենց խաբված են համարում, ինչպես Լիդիանի բոլոր ոչ խոշոր բաժնետերերը։ Այնուամենայնիվ, ստացվում է, որ եթե ներկայիս կառավարությունը շարունակի «խոշոր ներդրողների» շահին չվնասելու նախորդների քաղաքականությունը, առավել ևս, եթե հանկարծ միջամտի ու փորձի բռնի ուժով բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ապա այն ուղղակիորեն կնպաստի արժեզրկված բաժնեմասեր ունեցող բոլոր տերերի, ներառյալ՝ Թուրքիայի քաղաքացիների կապիտալի վերականգնմանը։
13:51 - 10 հուլիսի, 2020
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է․ ՀԲՃ

Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով, որ Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ «Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալը առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումը ու 2015-ից հանքը լքելը»,- նշված է ֆեյսբուքյան էջում։ Թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթ է, որն առաջանում է բաց ապարաշերտերում, և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղները ու թափվում ջրային ավազաններ, ներծծվում հողում:
15:57 - 08 հուլիսի, 2020
Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում․ ՀԲՃ

Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, ոում ասվում է․ «Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կարծես չեն պահպանվում։Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»։    
13:35 - 01 հուլիսի, 2020
Ամուլսարում զինված պահնորդային ուժեր են կուտակվել․ ՀԲՃ

Ամուլսարում զինված պահնորդային ուժեր են կուտակվել․ ՀԲՃ

Այսօր լուսադեմին Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացնում են տարածքի նոր պահնորդային ընկերությունը: Մուտքի առաջին րոպեներին նրանք մեքենաների անիվների տակ սպանել են պոստում ապրող շան երեք ձագուկների: Այս մասին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունից։ Քիչ անց, Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները հավաքվել են երկրորդ «պոստի» տարածքում, ժամանել են նաև ոստիկանները: Թե ի՞նչ նպատակով է իրականացվում այս ցուցադրական գործողությունը՝ կարելի է ենթադրել։ Մեկ ամիս առաջ մենք գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․․․ Մայիսի 27-ի մեր հայտարարությունը բառացի ասում է՝ «Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ շաբաթ Ամուլսարում հանքարդյունաբերողներն ինչ-որ գործողություն են նախապատրաստում, որի հիմնական տակտիկան է լինելու՝ բռնի գործողություններ հրահրել՝ դրանցում ներքաշելով Ամուլսարի պահապաններին, դրանով հիմնավորել ոստիկանական միջամտությունը և ճանապարհ բացել Ամուլսարի մոտ հանքային տեխնիկա տեղափոխելու համար: Ամուլսարի պայքարը ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ուղիղ գործողություն է: Այս մասին գրվել է նաև Հավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցում, ով շեշտել է, որ այս պայքարը սադրանք, պրովոկացիա կամ այլ բիզնեսների շահերի պաշտպանություն չէ, այլ մաքուր բնական միջավայրում ապրելու մարդկանց հիմնարար իրավունքի պաշտպանության համար մղվող խաղաղ հավաք: Արդեն երկու տարի՝ մեծ զրկանքների գնով ու հսկայական նվիրվածությամբ Ամուլսարի պահապանները պաշտպանում են բոլորիս առողջությունն ու կյանքը: Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ողջ Ջերմուկ համայնքը և տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ: Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն և նրանց գործողությունները կկանխվեն: Ակնկալում ենք նաև բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից»։ Պետությունը պետք է դադարի պաշտպանել մասնավոր ընկերությանն ի հաշիվ բնակչության իրավունքների: Լիդիան օֆշորային ընկերությունն արդեն, կարելի է ասել, գոյություն չունի, անցել է իր պարտատերերին, իսկ ՀՀ կառավարությունը չգիտես ինչու շարունակում է հանդուրժել նրա սպառնալիքները: Զինված պահակախմբի առկայությունն Ամուլսարում անընդունելի է, այս պրակտիկան պետք է անմիջապես վերացվի: Սա բացահայտ բռնության սպառնալիք է հանքի գործարկման հանդեպ բացասական դիրքորոշում ունեցող համայնքների բնակչության նկատմամբ, և տպավորություն ունենք, որ նման ձևով տարածք ներխուժելը միտումնավոր է արվել՝ որպես ուժի ցուցադրում։ Պահնորդային ծառայություն իրականացնող կազմակերպությունը կարելի էր փոխել շատ ավելի հանգիստ ու առանց որևէ աղմուկի, այլ ոչ թե արտակարգ դրության պայմաններում դարձնել իրավիճակի սրման առիթ։ Այս պահին Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության և ոստիկանության միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որևէ հյուրանոցում և Ամուլսարի տարածքում չեն մնա:
14:17 - 30 հունիսի, 2020
Ամուլսարի ծրագրի ազդակիր բնակավայրերի բնակիչները դիմել են ՎԶԵԲ/ԾՀԱՄ-ին՝ կոչ անելով ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Ամուլսարի ծրագրի ազդակիր բնակավայրերի բնակիչները դիմել են ՎԶԵԲ/ԾՀԱՄ-ին՝ կոչ անելով ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից 23 բնակիչ դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝  կոչ անելով ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից: Ի աջակցություն Ջերմուկի բնակիչների՝  դիմումին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը: Բանկից արդեն հաստատել են դիմումի ստացումը: Դիմումում նշված է. «Մենք՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից ներքոստորոգրյալներս, գտնվում ենք Ամուլսարի ծրագրի  ազդեցության տակ (Lydian Extension project, 2016, #48579): Ծրագիրն  առաջ է տանում «Lydian International» ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ: Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին մենք դիմում ենք ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ բանկի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությանը և հաստատված սկզբունքներին Ամուլսար ծրագրի համապատասխանության ստուգում նախաձեռնելու նպատակով: Ծրագրի կատարողը՝ «Lydian International» ընկերությունը, ՀՀ նախկին կառավարության օգնությամբ և ՎԶԵԲ-ի ֆինանսական ու բարոյական աջակցությամբ չի կիրառել միջազգային լավ չափանիշներ՝ ազդեցություն գնահատելու և ծրագրի ազդակիր մարդկանց հետ բովանդակալից/առարկայական խորհրդակցություններ անցկացնելու և տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու համար: Մենք կարծում ենք, որ ՎԶԵԲ-ը՝ որպես «Լիդիան»-ի ներդրող, չի ապահովել ծրագրի համապատասխանությունը բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության հետ: Արդյունքում, ՎԶԵԲ-ին և իր հաճախորդին՝ «Lydian International» ընկերությանը, չի հաջողվել պատշաճ կերպով պաշտպանել մեր բնությունը (ջրերը, օդը, հողը և վայրի բնությունը), մեր համայնքի առողջությունը և ապրուստը (այգիները, արոտավայրերը և սննդի արտադրությունը) և Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրի, այդ թվում՝ Ջերմուկ առողջարանի, տնտեսությունը (հիմնված բժշկական, գյուղական, էկոլոգիական  տուրիզմի և հանքային ջրերի արտադրության, մաքուր գյուղատնտեսության վրա): 2014թ. արդեն իսկ բողոքներ ներկայացվել են ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաև Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակ (ՀԱՊԽ):  ՀԱՊԽ-ը բողոքը փակել է հետևալ եզրակացությամբ. «ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ի պատասխանը համապատասխանության ապահովման հետաքննությանը միայն մասամբ է անդրադարձել համակարգային մակարդակում արված բացահայտումներին, և չի անդրադարձել նախագծի մակարդակում արված բացահայտումներին: Բայցևայնպես, ՀԱՊԽ-ն որոշել էր փակել Լիդիանում ՄՖԿ-ի ներդրումներին վերաբերող երկու գործերն էլ՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ-ն որևէ ընթացիկ ներդրում այդ ընկերությունում չունի և ՄՖԿ-ն ունի որոշում՝ չմասնակցել նախագծի մակարդակում որևէ պատասխան գործողությունների իր նախկին հաճախորդի կամ բողոքաբերների հետ»:[1] [2] ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը մեր բողոքները[3][4] համարել է «վաղաժամ», քանի որ այդ փուլում ՎԶԵԲ-ը ներդրել էր միայն օգտակար հանածոների հետախուզման համար (DIF Lydian, 2009, #42182), և հանքարդյունաբերության ծրագիրը դեռ չէր հաստատվել (Lydian Amulsar Gold Mine – Extension, 2016, #48579)[5]: Եթե անգամ մեր բողոքի մերժումն ընթացակարգային առումով հիմնավորված էր, մենք բաց թողեցինք անկախ ստուգման անցկացման հնարավորությունը և ծրագրի ազդակիր համայնքների դիրքորոշման քննարկումը ծրագրի վերաբերյալ: Այսպիսով, սա բաց թողնված հնարավորություն էր՝ տեղեկացնելու ՎԶԵԲ-ին համալիր գնահատման անհրաժեշտության մասին:  ԾՀԱՄ-ը կարող է անդրադառնալ և´ Ծրագրերի բողոքարկման մեխանիզմին ներկայացված բողոքներին, և´ ՀԱՊ-ի  գնահատման զեկույցին այնքանով, որքանով դրանք առնչվում են Ամուլսարի ոսկու հանքի նախագծի ստուգմանը: 2018-2019թթ-ին մի քանի կազմակերպություններ Ամուլսարի ծրագրի խնդիրները բողոք նամակով ներկայացրել են ՎԶԵԲ-ին: Սակայն բանկը չի դիտարկել այդ խնդիները՝ դիմումատուներից Հայկական բնապահպանական ճակատին նշելով որպես ոչ պատշաճ դիմող:[6] [7] 2018թ. դրությամբ հանքի շինարարության աշխատանքներն առաջ էին գնացել, և մեր շատ մտահոգություններ և վախեր հիմնավորվեցին: Մենք արդեն իսկ կրել ենք լուրջ բնապահպանական վնասներ՝ ջրի, օդի և հողի աղտոտում ծրագրի պատճառով: Մենք անհանգստացած ենք, թե որքան թունավոր կարող է լինել ծրագրի տեղանքից տարածվող փոշին: Չնայած «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի համաձայն հանքարդյունաբերական գործունեության արդյունքում փոշու ազդեցություն Ջերմուկի վրա չի լինի, հանքի շինարարական աշխատանքների մեկնարկից Ջերմուկում արտահայտվեց փոշով զգալի աղտոտում: Օրինակ, ձմռանը ձյունը դառնում էր վարդագույն 8 կիլոմետր հեռավորությունից տարածվող փոշու պատճառով: Անձրևներից հետո մեքենաների վրա և տներում փոշու շերտ էր նստում, ինչը մինչ այդ աշխատանքները չկար[8]: Ուշադրության արժանի են նաև այն պատահարները, որոնք ազդեցություն են թողել Գնդեվազ բնակավայրի խմելու ջրի, ոռոգման ջրի և ձկնաբուծարանների վրա: 2018թ. տեղի է ունեցել ջրի մատակարարման խաթարման և ջրի աղտոտման մի քանի դեպք, չնայած «Լիդիան»-ը գրել էր իր նախագծի ազդեցության գնահատման մասում, որ ջրի վրա ազդեցությունները կարող են կառավարվել և զգալի չեն լինի:[9] Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ թթվային դրենաժը կարող է ազդել մակերևութային ջրերի աղբյուրների վրա, ինչպիսիք են՝ Դարբ, Արփա և Որոտան գետերը, բազմաթիվ աղբյուրներ ջրհավաք ավազաններում, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները և, ի վերջո, Սևանա լիճը, ինչպես նաև ստորգետնյա ջրերը:[10] [11] [12] [13] [14] [15] Գնդեվազ բնակավայրի ծիրանի այգիների սեփականատերերը կորցրել են ոչ միայն իրենց հողերը, այլ նաև՝ ապրուստը, որը պատշաճ կերպով չի փոխհատուցվել: Նշենք, որ Գնդեվազի հողերի վաճառքի փաստի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ Գնդեվազի նախկին համայնքապետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ[16]։ Բացի այդ, Ջերմուկ առողջարանային քաղաքը  լուրջ վնասներ է կրել, ինչպես օրինակ՝ վարկանիշի կորուստ և բացասական տնտեսական և սոցիալական ազդեցություն տուրիզմի անկման պատճառով: Ջերմուկը վերածվել էր հանքարդյունաբերական քաղաքի, ինչը վնաս էր հասցնում քաղաքի համբավին՝ որպես հեղինակավոր առողջարանային հանգստավայրի: Տուրիզմը Ջերմուկում տուժում էր. մարդիկ չէին ցանկանում գալ մաքուր լեռնային օդ շնչել և բուժիչ հանքային ջրերով բուժումներ ստանալ մի քաղաքում, որը լի էր հանքագործներով, հանքարդյունաբերական հանրակացարաններով և նրանց ցեխոտ ավտոտրանսպորտային միջոցներով: Ջերմուկի սոցիալական կերտվածքը խաթարվել էր հանքի աշխատողների ներհոսքի պատճառով: Ուրանի և այլ ռադիոակտիվ տարրերի ազդեցության ռիսկը չի գնահատվել: Մեր բնակիչները լավ տեղյակ են  խորհրդային ժամանակաշրջանում Ամուլսարի տարածքում իրականացված ուրանի և ռադիոակտիվ տարրերի որոնման արշավախմբեր հետազոտությունների մասին և Ամուլսարի ուրանային երևակումների հայտնաբերման մասին   («Горный журнал», 2007, N 6,[17]: Ամուլսարի  ծրագրի ռադիացիոն ռիսկերի մասին նշված է նաև Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքի մեջ, որը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»՝ «Գեոթիմ» ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա») Ամուլսարի ծրագրի 2012թ-ի հայտի վերաբերյալ: Հանձնաժողովի նամակում, մասնավորապես, նշված է. «Նախագծի Radman Associates հատորում նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:…»:  Հանձնաժողովը Սևանա լճի վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության վերաբերյալ նշել է. «Նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սևան թունելով նաև Սևանա լիճ»: Գնահատելով Ամուլսարի ծրագրի ռիսկերը՝ հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Սակայն 2014թ-ին՝ Սևանի Հանձնաժողովի կազմի փոփոխվելուց հետո, այն դրական եզրակացություն տվեց Ամուլսարի ծրագրին: Հանձնաժողովը մերժեց հասարակությանը տրամադրել իր դրական կարծիքը: Ջերմուկի քաղաքացիների կարծիքը հաշվի չի առնվել: Ծրագրի ՇՄԱԳ-ի պատշաճ հանրային լսում և քաղաքացիների համար քննարկումներ չեն անցկացվել: Լինելով նախատեսվող հանքից գրեթե նույն հեռավորության վրա, ինչպես մյուս, բայց ազդակիր համարված համայնքները, տարածաշրջանի կարևորագույն բնակավայրի՝ Ջերմուկի բնակիչներն օտարված են եղել իրենց հարազատ քաղաքի ապագայի վրա լրջագույն ազդեցություն ունեցող ծրագրի մասին կարծիք հայտնելու իրավունքից։ Չնայած նրան, որ 2016-ին Ջերմուկը դարձավ ազդակիր համայնք, սակայն այդ քաղաքում այդպես էլ օրենքով սահմանված կարգով քննարկումներ չանցկացվեցին: Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի վրա ազդեցությունները պատշաճ կերպով  չեն գնահատվել «Լիդիան»-ի և ՎԶԵԲ-ի կողմից: 2018թ. Ջերմուկում կոլեկտիվ հանրագիրը 3000 ստորագրություն է հավաքել՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ 3000 ստորագրությունը հավաքվել է 5 օրում, որը ցույց է տալիս մետաղական հանքարդյունաբերության արգելքին լայնորեն աջակցելու և Ամուլսարի ծրագրին լայնամասշտաբ ընդդիմանալու փաստը: «Լիդիան»-ը որևէ հանրային համաձայնություն չունի իր գործունեության համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն է տվել հանրագրին (Ավագանու որոշում N 88-Ա, 18 դեկտեմբերի 2018թ.:[18] Ասպիսով խախտվել է մեր իրավունքը ՝ զարգացնելու տուրիզմը որպես համայնքի զարգացման և մեր բարեկեցության ուղղություն, քանր որ ծրագրի արդյունքում կտուժի պատմամշակութային տուրիզմը, քանի որ կոչնչացվի պատմամշակութային ժառանգությունը (տե՛ս հուշարձանների ոչնչացման մասին հավելվածը): Կտուժի էկոտուրիզմը (տես կարմիրգրքյան տեսակների և Բեռնի կոնվենցիայով պաշտպանվող տեսակների անհետացման ռիսկերի մասին հավելվածը): Մենք՝ Ջերմուկի բնակիչներս, մտադիր էինք հայտարարել այդ ռիսկերի մասին Ջերմուկում՝ հանրային լսումների ժամանակ, որոնք նախատեսվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով, բայց դրանք տեղի չունեցան, թեպետ Ջերմուկը ճանաչվել էր ազդակիր համայնք: Լսումներն անցկացվեցին ոչ մեծ գյուղերում, որոնք ներառված են խոշորացված Ջերմուկ համայնքի մեջ, և «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ նրանք հետևել են օրենքին և անցկացրել հանրային լսումներ այն դեպքում, երբ իրականում Ջերմուկ առողջարանային քաղաքում լսումներ չեն կազմակերպվել, և մեր՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրային լսումներին մասնակցելու իրավունքն անտեսվել է»: Մենք ցանկանում ենք բարելավել մեր շրջակա միջավայրը և սոցիալական վիճակը, ոչ թե այն վատթարացնել: Մենք ցանկանում ենք վերականգնել մեր ապրուստը և զարգացնել տուրիզմը մեր բնական ռեսուրսների հիման վրա: Մենք ցանկանում ենք բարձրորակ կյանք մաքուր և առողջ միջավայրում: Մենք պայքարում ենք մեր իրավունքի վերականգման համար՝ մեր դիրքորոշումը հայտնելու մեր համայնքների ապագայի կապակցությամբ: Մենք կոչ ենք անում ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից, ինչը պատասխանատու քայլ կլինի բանկի կողմից և բանկի կողմից հաստատված Սոցիալական և էկոլոգիական քաղաքականության հետևյալ պահանջների պահպանում. Պահանջ 1.- Էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատում և դրանց կառավարում: Պահանջ 3. – Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում և վերահսկողություն: Պահանջ 4.- Առողջապահություն և անվտանգություն Պահանջ 6. – Կենսաբազմազանության պահպանում և բնական ռեսուրսների  կայուն կառավարում Պահանջ 8. – Մշակութային ժառանգություն Պահանջ 10. – Տեղեկատվության հանրայնացում և շահագրգիռ կողմերի  հետ փոխգործակցություն, որպեզի խուսափել հետագա լուրջ և անդառնալի վնասից և վերականգնել Ջերմուկի բնակչության հանդեպ արդարությունը: Աշխարհը նոր մարտահրավերներ ունի, որտեղ մարդու առողջությունը և կյանքը առողջ շրջակա միջավայրում դառնում են սկզբունքային, ինչի մասին վկայում են խոշորագույն կազմակերպությունների հայտարարած դիրքորոշումները: Մենք վստահ ենք, որ ՎԶԵԲ-ը, լինելով զարգացման խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկը, հաշվի կառնի մեր բողոքը, կուսումնասիրի մեր կողմից բարձրացված   խնդիրները և որոշում կկայացնի ի օգուտ Ջերմուկի բնակիչների»: Նշենք, որ այս դիմումի հետ միասին, որպես լրացուցիչ տեղեկատվություն ՎԶԵԲ-ին է ուղարկվել նաև “CEE Bankwatch Network” միջազգային ցանցի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի կողմից 2020 մարտին Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ուղարկված բողոքը, որում,  մասնավորապես, նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծի իրականացման համար և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչև հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ՀԿ-ների բողոքի կապակցությամբ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ ————————————————– [1] http://www.cao-ombudsman.org/cases/case_detail.aspx?id=221 [2] http://www.cao-ombudsman.org/cases/document-links/documents/CAOCompliance_MonitoringReport_Lydian_Armenia-01and02_10022018.pdf [3] https://www.ebrd.com/downloads/integrity/amulsar_complaint.pdf [4] https://www.ebrd.com/downloads/integrity/amulsar2_complaint.pdf [5] https://www.ebrd.com/work-with-us/project-finance/project-complaint-mechanism/pcm-register.html [6] http://www.armecofront.net/en/news/ebrd-investment-in-lydian-internationals-mining-project-in-amulsar-and-how-it-threatens-the-sustainability-of-the-region/ [7] http://www.armecofront.net/en/amulsar-2/ebrd-renounces-its-liability-in-amulsar-mine-project/ [8] http://www.armecofront.net/amulsar/jermuk/ [9] վթարների մասին նյութերի հղումները`http://www.armecofront.net/amulsar/arpa-river/, https://ecolur.org/hy/news/amulsar/–/10225/, https://ecolur.org/hy/news/amulsar/gndevaz-residents-blocked-roads-running-to-amulsar-and-demanding-to-stop-amulsar-project/10134/ [10] http://www.armecofront.net/en/amulsar-2/ebrd-twists-the-findings-of-elard-review-on-amulsar-gold-project/ [11] http://www.armecofront.net/en/amulsar-2/missing-elements-and-underestimation-of-risk-in-lydians-2019-ni-43-101-technical-report-ann-maest-phd-buka-environmental/ [12] http://www.armecofront.net/en/news/amulsar-conclusions-of-international-renown-experts/ [13] https://ecolur.org/files/uploads/pdf/amulsar%20Harut%20Bronzyan/bronozianconsultantsamulsar.pdf [14] http://investigative.am/images/2019/lidian/porcaqnnutyun/amulsar11.pdf [15] https://ecolur.org/en/news/amulsar/–elard–/11536/ [16] http://investigative.am/en/news/view/amulsar-hoxataracq.html [17] http://www.rudmet.com/journal/742/article/10433/?language=en) [18] http://jermuk.am/Pages/DocFlow/default.aspx?a=v&g=cc4fe3b5-9c3e-4cb2-bbd5-918aa9bc45c2
13:05 - 19 մայիսի, 2020
«Նահատակ» պոչամբարի վերաբերյալ ահազանգ՝ ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

«Նահատակ» պոչամբարի վերաբերյալ ահազանգ՝ ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

«ԷկոԼուր» տեղեկատվական, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ները և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգ են ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին: Ահազանգում նշված է. «Հարգելի պարոն Ավետիսյան, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Նահատակ» պոչամբարի տարածքում շարունակաբար իրականացվում են պոչամբարի ամբարտակի բարձրացման աշխատանքներ պոչամբարի ռեկուլտիվացման փոխարեն, ինչն ամրագրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» 14.11.2017թ. h. ԲՓ-100 փորձաքննական եզրակացության մեջ: Եզրակացության համաձայն՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր 2018թ-ի հոկտեմբերից և ավարտվեր 2020թ. մարտի 1-ին։ Սակայն, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները դեռ չեն սկսվել, պոչամբարում են կուտակվում «Ախթալայի ԼՀԿ»-ի պոչանքները:  Ընկերության գործողությունները մենք որակում ենք որպես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջների խախտում և պահանջում նշյալ կազմակերպությունում տեսչական ստուգումների անցկացում և օրենքով սահմանված կարգով կանխել կոմբինատի այս վտանգավոր և ապօրինի գործելաոճը: Այս ամենը շարունակական բնույթ է կրում, ինչը հանգեցրել է Մեծ Այրում բնակավայրում սոցիալական կոնֆլիկտի, և գյուղի բնակիչները փորձում են իրենց ուժերով կանգնեցնել «Նահատակ» պոչամբարի ամբարտակի բարձրացմանն ուղղված կոմբինատի գործողությունները: Սա հանգեցրել է նրան, որ գյուղի և կոմբինատի միջև կոնֆլիկտին միջամտում է ոստիկանությունը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի կարող անգործություն ցուցաբերել և պարտավոր է իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝  կանխելով կոմբինատի այս վտանգավոր և ապօրինի գործելաոճը»:
16:18 - 18 մայիսի, 2020
Բաց նամակ հայկական սփյուռքի խոշոր դրամատերերին և գործարարներին

Բաց նամակ հայկական սփյուռքի խոշոր դրամատերերին և գործարարներին

Կորոնավիրուսի գլոբալ համավարակը առողջապահական ու տնտեսական ճգնաժամի է հանգեցրել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որի հետ կապված նոր առաջնահերթություններ են առաջացել։ Միևնույն ժամանակ ջրի երես են ելնում այս նույն ճգնաժամը չարաշահելու ծարավ ունեցողները․ մասնավորապես Հայաստանում կրկին ակտիվացել է հանքահումքային պրիմիտիվ ու անհեռանկար տնտեսական հռետորաբանությունը, Լիդիանի արժետոմսերի առևտուր է տեղի ունենում բորսայից դուրս։ Համավարակը ակնհայտ է դարձնում կյանքի կայունությունն ապահովող տնտեսական ոլորտների` գյուղատնտեսության, պարենի արտադրության, առողջության պահպանման ու վերականգնման գերակայությունը։ Ամուլսարի համար մեր պայքարն այս բոլոր առաջնահերթությունների մարմնացումն է, ուստի կարևորում ենք այս հորդորը հնչեցնել հենց հիմա։ Հորդորում ենք հեռու մնալ Ամուլսարում հանքարդյունաբերական որևէ ներդրումից․ ՀԲՃ Առաջին անգամը չէ, որ դիմում ենք խոշոր դրամատերերին և գործարարներին՝ կապված Հայաստանի ընդերքն ու ապագան կեղեքող գործունեության՝ հանքարդյունահանման հետ։ Դեռևս 2014թ․-ին Armenian Weekly-ում հրապարակվեց բաց նամակ, որով կոչ էինք անում որևէ կերպ չմասնակցել հանքաջրաբուժական հայտնի առողջարան Ջերմուկի անմիջական հարևանությամբ նախատեսված ոսկու հանքի ծրագրին՝ մանրամասն նկարագրելով դրա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական վտանգները։ Լիդիան ընկերությունը մինչ այդ ակտիվորեն լոբբինգ էր արել քաղաքական ու տնտեսական լծակների տիրապետող հայազգի գործարարների շրջանում, որպեսզի նրանք գնեն իրենց արժետոմսերը և, իբր, ակնկալեն ահռելի եկամուտներ Ամուլսարում իրենց երևակայած բացահանքի ոսկուց։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Լիդիանը Ամուլսարի ծրագիրը ներկայացնում էր իբրև 4 միլիարդ դոլարի եկամուտ ունեցող նախագիծ։ Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորողներին, ներառյալ խոշոր բանկերին, հեջ-ֆոնդերին նույնպես մոտ 30 հազար ստորագրություններով դիմումներ ենք ուղարկել․ մինչ օրս change.org կայքում այդ ստորագրահավաքը շարունակվում է։ Դեռևս 2012թ-ին Ամուլսարի ոսկու ծրագրի հետ կապված Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ապրես Զոհրաբյանը բառացիորեն ասաց․ «․․․բարի խորհուրդ Գեոթիմին (Լիդիանին), եթե ներդրել եք ինչ-որ գումար, այլևս մի փորձեք նորից փող ներդնել, սա անհեռանկար բիզնես է, նոր սերունդը թույլ չի տալու»։ Հանքարդյունաբերության ավերիչ ու վնասաբեր լինելու մասին հանգամանալից դիմումներ գրեցինք նաև ՀԲԸՄ-ի խորհրդին, որի անդամներից շատերն արդեն ներգրավված էին Ամուլսարի ծրագրում։ Ձեզնից շատերը չլսեցին մեր արդար պահանջը, Լիդիանի ավերիչ ծրագրի համար ընկերության բաժնետոմսեր գնեցին «բարերարի» հագուստով ներկայացող կանադահայ, անգլիահայ, ամերիկահայ բիզնեսմեններ։ Շատ հայտնի ռուսահայերից ոմանք էլ հայտարարեցին, թե հանքարդյունահանումը Հայաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերից է. իրենց հիմնադրած Ամերիաբանկի միջոցով խոշոր վարկ տրամադրեցին Լիդիանին։ Կային հայազգի մարդիկ, ովքեր տարբեր ֆինանսական ու քաղաքական գործարքների միջնորդի դեր էին տանում։ Կոռումպացված կառավարության հետ տարված աշխատանքներից հետո վերջինս թաթախվեց անհեռանկար այս բիզնեսն արտոնելու վտանգավոր գործի մեջ՝ անտեսելով բազմաթիվ օրենսդրական արգելքներն ու հանրային դիմադրությունը։ Այդուհանդերձ, այս բոլոր տարիներին Հայաստանի կառավարությանը, Լիդիանին, Հայաստանից դուրս ապրող հայերին հայտնի է եղել, որ Հայաստանի բնակչությունը և մասնավորապես Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է իրենց տարածքն ապականելուն և իրենց ապագան վտանգելուն։ Իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիներն, ի վերջո, ստիպված եղան սեփական ուժերով կասեցնել այդ ծրագիրը՝ արդեն 22 ամիս ֆիզիկապես պաշտպանելով Ամուլսարը, Հայաստանի ջրերի ու սերունդների ապագան։ Այժմ Լիդիան ընկերությունը, որի ողջ գործունեությունը հիմնված է եղել իրականությունն ուռճացնելու, հանքարդյունահանման ծրագրի վնասները խիստ թերագնահատելու, բիզնես նախագծի շահույթը խիստ գերագնահատելու, համայնքի դիմադրությունն անտեսելու, օրենսդրական արգելքները կառավարության հետո գործարքների միջոցով շրջանցելու և այլ բացասական մոտեցումների վրա, փորձում է փրկել իրեն և ֆինանսավորում է հայցում։ Մեծ զայրույթ է առաջացնում, որ այսքանից հետո այս տխրահռչակ ընկերությունը փորձում է համոզել, որ ինչ-որ մեկը գնի Ամուլսարի ծրագիրը կամ ֆինանսավորի ներդրումային արբիտրաժ դիմելու՝ ընկերության խոշոր ծախսերը (ինչպես երևում է Կանադայի դատարանին Լիդիանի տնօրեն Էդվարդ Սելլերսի տված ցուցմունքներում), ակնկալելով, որ կորպորացիաների համար ստեղծված այդ դատարանի վճիռը կարող է ընդդեմ Հայաստանի կառավարության լինել։ Նման դեպքում սահմանված փոխհատուցումները Լիդիանի ծախսերից շատ ավելին կարող են լինել, հետևաբար ներկայացվում է նաև, որ ով փորձի արբիտրաժի փող տալ, տոկոս ստանալու ակնկալիք կունենա։ Պետությանը արբիտրաժ ներքաշելն ինքնին չարանենգ ներդրումային ծրագրի է նմանվում։ Մեզ հասել են լուրեր, որ Լիդիանը հիմա էլ լոբբինգ է անում հատկապես Կանադայի հայ բիզնեսմենների շրջանում, այդ թվում նաև՝ ներկայացուցչական պաշտոններ զբաղեցնող կանադահայերի, Հայ դատի պաշտպանության գործում ներգրավված գործարարների և այլոց։ Զավեշտալի է չէ՞ ստացվում, որ հայրենասիրության ու բարեգործության մասին ամենաշատը խոսողներն են, որ պատրաստվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սնանկացնել միջազգային դատարաններում և դրանով շատ հաշվենկատ կերպով ուզում են հարստացնել իրենց գրպանները: Այդպիսի փորձ արել է շատերիդ հավանաբար հայտնի Վան Գրիգորյանը՝ Գլոբալ Գոլդ ընկերության սեփականատերը՝ ներդրումային դատարանում դատի տալով Հայաստանի Հանրապետությանը և կորզելով հանրության համար բացարձակապես անհայտ մնացած «հաշտություն»՝ իմանալով հանդերձ, որ ծայրահեղ կոռուպմացված պաշտոնյաների հետ է ժամանակին գործարքի գնացել։ Սփյուռքի խոշոր դրամատերերի ու գործարարների մասնակցությունը Հայաստանի ընդերքի թալանում Ամուլսարի ոսկու կորզման ծրագիրը ո՛չ միակն է, ո՛չ էլ առաջինն է՝ իբրև ավերիչ գործունեություն, որին մասնակցում է սփյուռքահայ կապիտալը: Սփյուռքահայ դրամատերերն ու գործարարներն առնվազն 20 տարի շարունակ համագործակցել են ՀՀ կոռումպացված կառավարությունների հետ, ներգրավված են եղել խոշոր ու մանր հանքակորզման ծրագրերում և ինչպես վերը նշվեց՝ նույնիսկ արբիտրաժային տրիբունալների դուռը տարել Հայաստանի Հանրապետությանը: Նրանցից որոշների անունները կուզեինք նաև նշել այս նյութում: Վան Գրիգորյանը՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահը, իր «Գլոբալ Գոլդ» կորպորացիայի դուստր ձեռնարկություններով հանդերձ՝ ընդերքօգտագործման թույլտվություններ է ձեռք բերել Թուխմանուկի ոսկու հանքի, Հանքավանի, Մարջանի, Տերտերասարի, Լիճքվազ-թեյի հանքավայրերի համար, որոնցից շահագործել է միայն Թուխմանուկը, հայտնի կոռուպցիոներ նախարար Վարդան Այվազյանի հետ չի կարողացել իր հաշիվները մաքրել, այնուհետև պետությանը ներքաշել է ներդրումային արբիտրաժային վեճի մեջ, որի ընթացքի և ելքի մասին այսօր ՀՀ կառավարությունում անգամ տեղեկություններ չունեն: Հայաստանի ժողովրդի գլխին կախված է թողել ոսկու բացահանքեր ու պոչամբար, ինչպես նաև բազմաթիվ չվճարված պարտքեր։ Եվ այնուամենայնիվ, «երկարամյա հայրենանպաստ գործունեության» համար Սերժ Սարգսյանը նրան պատվո շքանշանով է պարգևատրել: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին սեփականատեր, տխրահռչակ Սերոբ Տեր-Պողոսյանը, ով տարիներ շարունակ գովազդվում էր որպես մեծ բարեգործ և գործարար, սակայն, ինչպես պարզվեց քրեական վճռով, հարուստի իր դիրքն օգտագործում էր Ախթալայի աղքատության ու ծանր մետաղների մեջ ապրող երեխաների մարմինները չարաշահելու ուղղությամբ, փաստացի սեռական բռնության ենթարկում անչափահաս տղաների։ Այս ցուցակում հատուկ տեղ ունի կանադահայ Հրաչ Ջաբրայանը՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր «Դանդի Փրեշըզ Մեթալզ Կապան» ընկերության տնօրենը։ 2000-ականների սկզբին Կանադական Դանդի Փրեշըզ ընկերության կողմից «ջրի» գնով կոմբինատի ձեռքբերումից և 2016թ-ին 25 միլիոն ԱՄՆ դոլարով բարեհաջող ռուսներին վաճառելուց հետո՝ Ջաբրայանը հիմա էլ այլ ընկերությունների միջոցով է զբաղվում Հայաստանում նավթ և գազ, ինչպես նաև ոսկի ու այլ մետաղներ որոնելով, միևնույն ժամանակ ջանքի չի խնայում Լիդիանին գովաբանելու և Ամուլսարի պահապանների նկատմամբ ատելություն հրահրելու ուղղությամբ։ Երևի շահ ունի… Մյուս կանադահայ Վահան Քոլոլյանը, ով ներգրավված է Ամուլսարի ծրագրում (եղել է Lydian International-ի ոչ գործադիր տնօրենը և 2018թ-ի դրությամբ 10 խոշորագույն բաժնետերերից մեկն էր), բարեգործության ու հանքակորզման կրկնակի թելերի վրա խաղալու մեծ փորձ ունի: Նա մասնակցություն է ունեցել նաև աշխարհի այլ մասերում հանքակորզման ծրագրերի, մինչդեռ ինչպես Կանադայում, այնպես է Հայաստանում նաև մշակութային ու կրթական ծրագրեր է ֆինանսավորում: Ռուբեն Վարդանյանի մասին շատ բան ասելու կարիք, թերևս չկա. նա անցյալ տարի աշխարհին հայտնի դարձավ «Տրոյկա լվացքատան» գործով: Ամերիաբանկը, որի տնօրենների խորհրդի անդամ է Վարդանյանը, խոշոր վարկ է տվել Լիդիան ընկերությանն Ամուլսարի ծրագրի համար, և անգամ Վարդանյանի IDeA հիմնադրամի հայտարարած զարգացման մոդելների մեջ ներառված է հանքարդյունահանումը: Իսկ ականավոր հանքատերերից մյուսը շվեյցարահայ Վարդան Սըրմաքեշն է՝ Արցախում «Գոլդ Սթար» ընկերության միջոցով Քաշաթաղի շրջանում ոսկու հանք շահագործողը։ Այս հանքի, կորզված հումքի, վաճառքի, թողած վնասի նկատմամբ ընդհանրապես որևէ վերահսկողություն չկա։ Փոխարենը բարձագոչ հոդվածներ կան Սըրմաքեշի կողմից բիզնես հայրենադարձությունը ֆինանսավորելու մասին: Նա ներգրավված է նաև Արցախում ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման գործընթացներին։ Կոռումպացված իշխանավորների կողմից նա նույնպես մեդալների է արժանացել։ Չմոռանանք նաև Ժոզեֆ Ուղուրլյանին, ում Հայաստան բերելով շատ է հպարտանում նախագահ Արմեն Սարգսյանը: Նա «Ամբեր կապիտալ» ընկերության հիմնադիրն ու տնօրենն է։ Ուղուրլյանը նույնպես ներգրավված է(ր) Ամուլսարի ծրագրում որպես խոշոր բաժնետեր, ինչպես նաև Արցախի գետերը ցամաքեցրած խոշորագույն ԱրցախՀԷԿ-ի համասեփականատերն է(ր), որը պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ից սահուն անցել էր մասնավոր բիզնեսների ձեռքը: Եվ անշուշտ, հիշատակման է արժանի Ռուսաստանից «վերադարձած» Վալերի Մեջլումյանը, ում Վալլեքս ընկերությունների խումբը պատասխանատու է Թեղուտում բնապահպանական, սոցիալական և տնտեսական ճգնաժամի ստեղծման համար: Այս խումբը նաև զբաղված է Արցախի ընդերքի պաշարների թալանով։ Ավելի մանր դրամատերերից կարելի է հիշատակել Վահագն Ժայռենց Գայայանին, ով փորձում էր հանք արդյունահանել Վազաշենում՝ Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր ու անտառապատ տարածաշրջաններից մեկում: Իբրև վերջաբան Տարիներ շարունակ հայկական սփյուռքի մասին խոսելիս, ցավոք, ա՛յս մարդկանց են լեգիտիմացրել ՀՀ պետական մարմիններն ու զանգվածային լրատվամիջոցները, նրա՛նց են հրավիրել տարբեր կոնֆերանսներում ելույթներ ունենալու, նրա՛նց են առաջին հերթին հանդիպել արտասահմանյան այցելությունների ժամանակ, նրա՛նց են նվիրվել հաղորդումներ, տեսանյութեր, գովասանքներ ու մեդալներ: Եվ նրանց կողքին անտեսանելի են մնացել, կամ շատ դեպքերում նույնիսկ պախարակվել են բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանում և ամեն օր այստեղ են գործունեություն ծավալում՝ արհեստավորներ, գիտնականներ, հանրային գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ... Եզակի բացառություններով` անտեսանելի են դարձվում նաև այն բազմաթիվ սփյուռքահայերը, ովքեր թիկունք են կանգնել քաղաքացիական շարժումներին և քննադատել են ժամանակի ՀՀ կառավարությանը կամ ՀՀ-ում տարվող տարբեր քաղաքականությունները: Սակայն հայկական սփյուռքի ա՛յս խավի միջոցով է նաև, որ Ամուլսարի խնդիրը (ի թիվս այլ հարցերի) բարձրաձայնվում է տարբեր երկրներում և զորակցության ալիքներ է ստեղծում: Ու մեծամասամբ նրանց շնորհիվ է նաև, որ հնարավոր է լինում 22 ամիս շարունակ գոնե նվազագույնս հոգալ Ամուլսարի պահապանների սննդի ու ջեռուցման կարիքները: Ամուլսարում որևէ հանք չի լինելու, դա արդեն որոշված է համայնքների կողմից, իսկ Լիդիանին փրկելու փորձերն, ի վերջո, ձախողվելու են: Ուստի հորդորում ենք ձեզ, քանի դեռ շատ ուշ չէ, հեռու մնալ այս ծրագրից և էլ ավելի չմրոտել ձեր հեղինակությունն իբրև գործարարներ։
16:35 - 08 ապրիլի, 2020
Օնտարիոյի դատարանին նամակ է ուղարկվել Լիդիան ընկերության ցուցմունքներում առկա փաստական խեղաթյուրումների մասին |armecofront.net|

Օնտարիոյի դատարանին նամակ է ուղարկվել Լիդիան ընկերության ցուցմունքներում առկա փաստական խեղաթյուրումների մասին |armecofront.net|

armecofront.net: Փետրվարի 28-ին Հայկական բնապահպանական ճակատի մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Բ. Մորավեցին, ով քննում է Լիդիան ընկերությունների խմբի` սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության «մոնիտոր» (կառավարիչ) ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը: Լիդիան ընկերությունների խումբը օտարերկրյա մի շարք դատական գործերում է ներքաշված․ նախ՝ օֆշորային Ջերսիում ընթանում է նրա սնանկության գործը իր պարտապանների հայցով, իսկ կանադական դատարաններում Լիդիանը փորձում է պաշտպանվել սնանկությունից իր նոր գրանցված կանադական դուստր ընկերության միջոցով և այդ պաշտպանությունը տարածել Ջերսիում ընթացող գործի վրա։ Լիդիան խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսը դատարաններին հավաստիացնում է, որ խմբի անդամ ընկերությունները վերակազմավորվում են, փնտրում Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը վերագործարկելու համար նոր ֆինանսավորում, անհնարինության դեպքում՝ արբիտրաժային ծախսերի համար ֆինանսավորում (վարկավորում), ինչպես նաև ակտիվորեն փնտրում են ընկերության գնորդներ։ Հաշվի առնելով Լիդիանի այս ջանքերը՝ տնօրեն Սելլերսը հայցում է պաշտպանություն սնանկությունից։ Գործը քննում է անվճարունակ ընկերությունների վերակազմավորման հարցերով մասնագիտացած սնանկության դատավոր Ջեֆրի Մորավեցի գլխավորած դատարանը։ Հայկական բնապահպանական ճակատը գրություն է հղել կանադական դատարան ու սնանկության «մոնիտոր» ընկերությանը՝ տեղեկացնելով Լիդիան ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսի 2019թ-ի դեկտեմբերի ցուցմունքում հայտնաբերված շուրջ երկու տասնյակ փաստական խեղաթյուրումների և հետևաբար՝ դատարանին ապակողմնորոշելու մասին: Ներկայացվել են նաև հավելյալ տեղեկություններ ՀՀ դատարանում Լիդիանի գույքի վերաբերյալ կայացրած որոշումների մասին, ինչպես նաև վերոնշյալ պնդումները հաստատող պաշտոնական փաստաթղթեր: Լիդիան ընկերությունների խմբի իրավաբանների (որոնք նաև պարտատեր են) հայցադիմումի փաթեթը, ներառյալ 2019թ-ի դեկտեմբերին Էդվարդ Սելլերսի՝ երդմամբ հաստատված ցուցմունքը, հրապարակված են սնանկության «մոնիտորի»՝ Alvarez and Marshal-ի կայքում: Այս իրավական փաստաթղթերի բազմաթիվ կետերում զրպարտիչ տեղեկություններ են ներկայացվում ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների մասին, որոնց վերջիններս որևէ կերպ չեն արձագանքել: Այս փաստաթղթերը վերլուծելը, դրանց արձագանքելը, ՀՀ քաղաքացիների և պետության շահերը պաշտպանելն իրականում մեր կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը չպետք է աներ. սա ՀՀ կառավարության ուղիղ պարտականությունն էր: Մենք ստիպված ենք եղել շաբաթներ շարունակ տեղեկություններ հայցել պետական մարմիններից՝ ապացույցներ հավաքագրելու համար, այնինչ Կառավարությունն այդ բոլոր տեղեկություններին ի սկզբանե տիրապետում էր: Կառավարության՝ իր պարտականությանների մեջ թերանալու պարագայում, նման կարևոր խնդիրը բարձրաձայնելն ու Կառավարության անդամներին հարցադրումներ ներկայացնելը նաև ԱԺ պատգամավորների պարտականություններից է: Երկու մարմիններն էլ չեն կատարել իրենց գործառույթը նույնիսկ այն բանից հետո, երբ մենք նամակներով և լրատվամիջոցներով իրազեկել ենք խնդրի և գործով առկա փաստաթղթերի աղբյուրների մասին: Ի հավելումն այս հարցում նման անպատասխանատու մոտեցման՝ մեկ այլ պետական մարմին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ, հետևողականորեն ոչ մի անգամ չի ներկայացել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իր դեմ հայցերի շրջանակներում կայացած դատական նիստերին: Արդյունքում՝ 2020թ. փետրվարի 26-ին Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» ևս մեկ հայց ու անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Չնայած Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որ Վարչական դատարանի վճիռը իրավաչափ չի համարում, և այն բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարան՝ անհասկանալի է, թե դատական նիստերին հետևողական կերպով չներկայանալու պարագայում ուրիշ ի՞նչ որոշում կարելի էր ակնկալել դատարանից: Դատելով պետական մարմինների այս վարքագծից՝ մենք գնահատում ենք, որ ՀՀ կառավարությունը կա՛մ շարունակում է աջակցել Լիդիան ընկերությանը, կա՛մ այս հարցում մատնված է անգործության, ինչն ինքնաբերաբար աջակցություն է: Կառավարությունը ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում այդ ընկերության նկատմամբ անցած 8-9 տարիների ընթացքում պետությանն ու հանրությանն ապակողմնորոշելու և վնաս հասցնելու համար, այլև հետևողականորեն փոշիացնում է տարբեր պետական և ոչ-պետական մարմինների արած աշխատանքի արդյունքները:
10:40 - 02 մարտի, 2020
Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ |armecofront.net|

Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ |armecofront.net|

armecofront.net: Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը 2019թ-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար եւ տեսանյութն էր ստացել, որ իրենց քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։ Հետագայում այդ լուրը հաստատվեց նաեւ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման արդյունքում։ Պարզվեց, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ եւ նոյեմբեր ամսից սկսած վերամշակում է այն այդ գործարանում։ Մենք դեկտեմբերի 27-ին հարցում ուղարկեցինք պետական երկու կառույցների՝ հետեւյալ տեղեկությունները ստանալու նպատակով․ - ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ գործունեությունը, արդյո՞ք այդ գործարանն ունի հաստատված նախագիծ, անցել է արդյո՞ք ՇՄԱԳՓ գործընթաց, հանրային լսումներ, ունի արդյո՞ք բնապահպանական եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություններ, սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ։ Հարցման պատասխանների եւ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց հետեւյալը․ 1․ 2005թ-ի դեկտեմբերի 22-ին Արմավիրում անցկացվել են «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի գործունեությունը սկսելու վերաբերյալ հանրային քննարկումներ, որին ըստ արձանագրության մասնակցել են մոտ 20 քաղաքացիներ, իսկ գործարանի կառուցման դեմ արտահայտվողներ չեն եղել։ 2․ Այս ընկերության ներկայացված ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծին 2006թ-ի հունվարի 27-ին բնապահպանության նախարարությունը տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն՝ ԲՓ-05։ Այդ եզրակացությունը հաստատել է տխրահռչակ նախարար, հանքատեր Վարդան Այվազյանը։ 3․ 2006թ-ի հոկտեմբերի 12-ին ընկերությունը ՀՀ կառավարության որոշումով ստացել է լիցենզիա` մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակում կատարելու համար: Ամենայն հավանակությամբ հետագա մի քանի տարիներին ընկերությունը հենց դրանով էլ զբաղվել է։ 4․ Իսկ արդեն 2013թ-ի հոկտեմբեր ամսին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 30 միլիոն դրամ պարտք հարկային ու մաքսային մարմիններին եւ մի շարք կազմակերպությունների ու բանկերի։ 5․ Նույն 2013թ-ի ապրիլին բնապահպանության նախարարությունը սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն է տալիս «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» անունով մեկ այլ ընկերության, որն ստեղծվել է 2012թ-ի ապրիլի 6-ին, բայց ուշադրություն՝ թույլտվության մեջ գրելով, թե «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն՝ ԲՓ-05 տրված 27․01․2006թ։ Այսինքն՝ ըստ այդ թույլատրությունը ստորագրած մեկ այլ կոռուպցիոներ նախարար Արամ Հարությունյանի, 2012թ-ին ստեղծված ընկերությունն ունի 2006թ-ին տրված դրական եզրակացություն։ Հիրավի ֆանտաստիկա է այս ամենը։ Ստացվում է, որ մի ընկերությունը գործունեություն է ծավալել ու հիմա էլ ծավալում է այլ ընկերության ստացած դրական եզրակացության հիման վրա։ 6․ Ընդորում՝ 2006թ-ի փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ համաձայն ՍՆ245-71-ի սանպաշտպանիչ գոտին կազմում է 500 մետր, ինչն ապահովված է։ Իսկ 2013թ-ի ՍԹԱ-ի թույլտվության մեջ արդեն այդ նույն գոտին դառել է 300 մետր։ Օրենսդրական դաշտի խախտումների այս փաստերին ծանոթանալուց հետո մենք միամտորեն կարծում էինք, թե այս պատասխանն ու փաստաթղթերը մեզ ուղարկած ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այլ պետական մարմինների հետ միասին համապատասխան քայլեր կձեռնարկի, ինչի արդյունքում կկասեցվեն այս գործարանի աշխատանքները։ Բայց 2020թ-ի փետրվարի 15-ին ստանում ենք նոր տեսանյութ Արմավիրից, որտեղ երեւում է, թե ինչ թափով է աշխատում եւ արտանետումներ անում այդ նույն գործարանը։ Փաստորեն նախարարությունում համարում են, որ այս ամենը նորմալ է եւ ոչ մի քայլ ձեռնարկելու կարիք չկա։ Նորմալ է այս վիճակը, երբ սնանկացած ընկերության 2006թ-ին ստացած եզրակցության հիման վրա կարելի է 2013թ-ին ՍԹԱ թույլտվություն տալ մեկ այլ ընկերության, որն էլ առանց նոր փորձաքննություն անցնելու կարող է գործունեություն իրականացնել մեկ այլ ընկերության ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունով։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նույնպես չի ցանկացել ոչ մի գործողություն անել եւ մեր հարցումը փոխանցել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից փետրվարի 3-ին ստացած պատասխանից պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որեւէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Այսպիսի ապօրինությունները չնկատելն ունի իր անվանումն ու ակնհայտ է, որ ՀՀ կառավարության տարբեր օղակներում ցավոք շարունակվում են նախորդների բարքերը, եւ ամեն հարցումից հետո համոզվում ենք, որ պետք է շտապ հեղափոխական քայլեր ձեռնարկել։ Սպասում ենք կոնկրետ այս խնդրի հետ կապված հետագա քայլերին ու պարզաբանումներին։
13:37 - 17 փետրվարի, 2020
Ձեր արած այս հայտարարությունն լրիվ սուտ է. հերքման մեր պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան. ՀԲՃ-ն՝ նախարարին

Ձեր արած այս հայտարարությունն լրիվ սուտ է. հերքման մեր պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան. ՀԲՃ-ն՝ նախարարին

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը փետրվարի 13-ին,  հերքման պահանջ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար  Էրիկ Գրիգորյանին: Ստորեւ ներկայացնում են պահանջի բովանդակությունը. «2020թ. փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀԷԿ-երի վերաբերյալ բարձրացրած իր հարցի շրջանակում ասաց. «Փետրվարի 3-ին Նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է տեղի ունենա քննարկում Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին: [...] Եթե Բնապահպանական ճակատի եւ մի քանի երիտասարդների ակտիվությունն ու էդ ինֆորմացիայի տարածումը չլիներ, ոչ ոք չէր իմանա, այդ թվում ես, ու չէին մասնակցի այդ քննարկմանը»: Պատգամավորի հարցին պատասխանելով՝ Դուք բառացի ասել եք, որ «... այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաեւ երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձեւ տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը եւ այլն, եւ այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ եւ հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»: Ձեր արած այս հայտարարությունն ամբողջությամբ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Պահանջում ենք հերքել այն գրավոր՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարելով, ինչպես նաեւ բանավոր՝ ԱԺ-ում Ձեր առաջիկա ելույթի ժամանակ: Այս պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան՝ պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում զրպարտության եւ մեր նախաձեռնության բարի համբավի արատավորման համար»: Պարզաբանում․ նախարարի պատասխանում նշված փաստերն ինքնըստինքյան վերաբերելի են դառնում մեզ, քանի որ այս հարցուպատասխանի ընթացքում հնչել է միայն մեր նախաձեռնության անունը, եւ դիտողները բնականաբար այդպես էլ ընկալելու են»:
10:52 - 14 փետրվարի, 2020
Նախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը․ՀԲՃ

Նախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը․ՀԲՃ

ՀԲՃ։ Շրջակա միջավայրի նախարարությունից Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությանը հայտնել են, որ նախարարի 2019թ-ի հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։ Հիշեցնենք, որ ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ միասին, մասնակցել էր թույլտվության նախագծի քննարկմանն ու այդ առնչությամբ դիտողություններ և առարկություններ էր ներկայացրել նախարարին՝ հստակ ներկայացնելով այն մասնագիտական փաստարկները, որոնց հիման վրա այդ հայտը պետք է մերժվեր։ Նախարարի հրամանում մասնավորապես նշված է, որ հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դարբ գետից և դրա ջրահավաք ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ։ Փաստացի վիճակը պարզելու համար նախարարությունը հոկտեմբեր ամսին իրականացրել է Դարբ գետի՝ ընկերության կողմից հայցվող ջրառի կետի հատվածում գետային հոսքի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ գետի փաստացի հոսքը չի գերազանցում հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված Դարբ գետի բնապահպանական թողքը (150 լիտր վայրկյան)։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածի 24-րդ մասի՝ «էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարումն արգելվում է»։ Իսկ համաձայն նույն օրենքի 30․1-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժվում է, «եթե ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները»։ Հիմք ընդունելով այն փաստը, որ Դարբ գետի ազատ հոսքը բավարար չէ հայցվող ջրօգտագործման համար՝ նախարարը հրամայել է մերժել գետից տարեկան 1,244 միլիոն խորանարդ մետր 360 օր 24 ժամյա ռեժիմով արդյունաբերական նպատակներով ջրառ իրականացնելու համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
13:07 - 30 հոկտեմբերի, 2019