Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արցախում ռոումինգի սակագինը կիջնի․ Հայաստանի շարժական կապի օպերատորների հայտարարությունը

Արցախում ռոումինգի սակագինը կիջնի․ Հայաստանի շարժական կապի օպերատորների հայտարարությունը

Հայաստանի շարժական կապի օպերատորները հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման և հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5️⃣ դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցից Հայաստանի Հանրապետության օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր (ներառյալ ոչ աշխարահագրական ուղղությունները) զանգահարելու սակագինը նույնպես կկազմի 5️⃣ դրամ: SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5️⃣ դրամ:Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում: Սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները:Միևնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար: Թյուրըմբռնումներն ու շահարկումները կանխելու նպատակով, հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները: Հայաստանյան օպերատորները ռոումինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների և ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Վիվա-ՄՏՍUcomBeeline
18:23 - 01 հոկտեմբերի, 2020
Արցախի Ազգային ժողովը կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

Արցախի Ազգային ժողովը կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները։ Իրականության մեջ այս անգամ պատերազմի վերսկսման բուն նպատակներից մեկը Թուրքիայի ազդեցության կտրուկ տարածումն է այս տարածաշրջանում, որի համար Ադրբեջանի բնիկ ժողովուրդները թափելու են իրենց արյունը, զոհվելու կամ դառնալու են հաշմանդամ։ Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր և Արցախի հայության միջև չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, և վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը և բարեկամությանը։ Արցախում տեղյակ են, որ Բաքվի իշխանություններն առաջնահերթ զորակոչն անցկացնում են հենց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շարքերում և նրանց են ուղարկում առաջնագիծ, ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներ, որտեղ ամենամեծն է զոհվելու հավանականությունը։ Դրանով իսկ Բաքվի իշխանությունները լուծում են երկու խնդիր. մի կողմից ձեզ օգտագործում են Արցախի դեմ, մյուս կողմից, ձերբազատվում են ձեզանից, քանի որ դուք եք հանդիսանում Ադրբեջանի զանգվածային թյուրքիզացման խոչընդոտներից մեկը։ Որքան էլ դուք ադրբեջանական բանակի կազմում փաստացի մասնակցում եք Արցախի դեմ ագրեսիային, Արցախի ժողովուրդը խոր ցավ է ապրում ձեր շարքերում ամեն մի զոհի ու վիրավորի համար, քանի որ ձեզանով ավարտվում է այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող կարևորագույն ժողովրդագրական ու պատմամշակույթային շերտը։ Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգին երին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, ովքեր ուծացման եզրին են. 1․ Բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող և Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանբակություն։ 2․ Առաջնագծում հայտնվելու դեպքում փորձեք ամեն կերպ խուսափել ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելուց, իսկ հնարավորության դեպքում փորձեք հանձնվել Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներին։ Հանձնվել ցանկացողները պետք է սահմանագիծն անցելու ժամանակ ցուցադրեն իրենց անզեն լինելը՝ գլխավերևում (նշմարելի կերպով) պարզելով սպիտակ դրոշ կամ սպիտակ հագուստի կտոր։ Հանձնվելուց անմիջապես հետո, նշելով Ադրբեջանի բնիկ ժողովրդին իր պատկանելիության մասին, տվյալ անձը կդիտարկվի ոչ թե շարքային ռազմագերի, այլ հյուր, և կընդունվի այս տարածաշրջանում հազարամյակներ գործող բնիկ ժողովուրդների շրջանում ընդունված հյուրընկալության կանոններին համապատասխան։ Ըստ իրենց ցանկության՝ այդ անձինք կորոշեն՝ մնալ Արցախում, թե մեկնել այլ երկիր։ Արցախից մեկնել ցանկացողներին կտրվի համապատասխան օժանդակություն, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթեր՝ անվտանգ կերպով երրորդ երկիր անցնելու և այնտեղ հաստատվելու համար։ Արցախի Հանրապետությունը, ի վկայություն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ բարեկամության և ոչ թշնամական վերաբերմունքի, պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանձնել մեր դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության գոտում գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները։ Այդ գործընթացի կազմակերպման համար զոհված զինծառայողների բարեկամները կարող են դիմել Արցախի Հանրապետության համապատասխան ծառայությանը։
18:13 - 01 հոկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ  պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին:  
17:42 - 01 հոկտեմբերի, 2020
Իրանական գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա․ գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը

Իրանական գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա․ գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը

Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։ Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: 
17:40 - 01 հոկտեմբերի, 2020
Մեր խնդիրը պաշտպանվել է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետի հարցազրույցը` Ալ Ջազիրային |armenpress.am|

Մեր խնդիրը պաշտպանվել է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետի հարցազրույցը` Ալ Ջազիրային |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմի խնդիրը պաշտպանվելն է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես արդեն ասացի, որ մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն այս ագրեսիայից պաշտպանվելն է»,-ասել է Փաշինյանը: Լրագրողը ռեպորտաժում նկատել է, որ այս բախումը ամենալուրջն է 1994-ի հրադադարից հետո: Նա նաև հարցրել է, թե ի՞նչ կարող էր անել հայկական կողմը՝ կանգնեցնելու այս բռնկումը , կյանքների կորուստը: Փաշինյանը պատասխանել է. «Դրա համար միայն մի տարբերակ կա՝ տրվել Ադրբեջանի շանտաժներին և սպառնալիքներին , ինչը չի կարող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի լինել»:
17:37 - 01 հոկտեմբերի, 2020
«Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին «help, help»»․ լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է |hetq.am|

«Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին «help, help»»․ լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է |hetq.am|

hetq.am: Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանն ասաց, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։ «Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։  Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։ «Մեր շոկային դեմքերը ֆիքսեցինք ու հասկացանք, որ մեզ մոտ է գալիս, մեզ թվացել էր մի պահ, որ հեռվում է տեղի ունենում։ Մենք սկսեցինք վազել անկանոն, առանձին էինք վազում, հետո ես ձայներ լսեցի, գոռգոռոցներ։ Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին՝  help, help (օգնություն-հեղ։)»։ Պտտվեցի և տեսա, որ նրանք ընկած էին գետնին ու մեկի դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր»,– կատարվածը նկարագրեց Հերմինե Վիրաբյանը։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
17:24 - 01 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»։ Փոքր ինչ ավելի վաղ նա նաև գրել էր, որ խոսել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Ընդգծել է, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։ «Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների»․ նշում է նա։
17:14 - 01 հոկտեմբերի, 2020
Արման Թաթոյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը

Արման Թաթոյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից  Արցախում մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։  «Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։ Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը և «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան: Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքա
17:05 - 01 հոկտեմբերի, 2020
Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:  
16:26 - 01 հոկտեմբերի, 2020
Եթե մենք ադրբեջանական կողմին թույլ տանք էթնիկական զտումներ իրականացնել, ապա կկատարվի այն, ինչ եղավ Օսմանյան կայսրությունում 1915-ին

Եթե մենք ադրբեջանական կողմին թույլ տանք էթնիկական զտումներ իրականացնել, ապա կկատարվի այն, ինչ եղավ Օսմանյան կայսրությունում 1915-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի արաբական խմբագրությանը. Հարց- Պարոն նախագահ, Մենք կխոսենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Այս ամենը կարո՞ղ եք մեկնաբանել որպես լայնամասշտաբ պատերազմ: - Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսեց հրետակոծել և ռմբակոծել ոչ միայն սահմանը, այլև ավելի խորը՝ այդ թվում՝ դպրոցներ և այլն: Մեծ թվով քաղաքացիական անձինք վիրավորվեցին՝ տատիկներից մինչև փոքր երեխաներ, ոչնչացվել են տարբեր շինություններ, ամեն օր հսկայական վնասներ են հասցվում: Եվ այսքանից հետո ես թողնում եմ Ձեզ որոշելու՝ սա լայնամասշտաբ պատերա՞զմ է, թե՞ ոչ:Հայկական կողմը չի սկսել այս ամենը, ընդ որում, հայկական կողմն այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախը: Սա մի փոքր երկիր է 150 հազար բնակչությամբ, որն այստեղ է հազարավոր տարիներ: Իոսիֆ Ստալինի կողմից նրան պարտադրվել է լինել Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ ժողովուրդը որոշեց, որ իրենք են սեփական ճակատագիրը տնօրինողները, քանի որ Լեռնային Ղարաբաղում բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին: Նրանք հանրաքվեի միջոցով վճռեցին ապրել անկախ պետությունում: Մյուս կողմից՝ Ադրբեջանն է, որն ունի ֆինանսներ և ուժ, 10 մլն բնակչություն և Թուրքիայի նման բարեկամ: Նրանք փորձում են ստիպել հայերին լքել այն տարածքը, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ Ադրբեջանը որպես պետություն գոյություն չուներ: Իմ բառապաշարում սա կոչվում է էթնիկ զտում՝ ստիպել մարդկանց հեռանալ միայն այն պատճառով, որ նրանք այլ էթնիկ պատկանելություն ունեն, չեն համապատասխանում այս կամ այն որակավորմանը: Արդյո՞ք դա լայնամասշտաբ պատերազմ է, թե ոչ: Կարծում եմ՝ այո: Սա արյունահեղ պատերազմ է, փոքրաթիվ, բայց հպարտ ժողովրդի պատերազմ: Ժողովուրդ, որն ապացուցել է, որ կարող է կռվել և երբեք չի կարող պարտվել: Նրանք այն ժամանակ հաղթեցին Ադրբեջանի դեմ պատերազմում: Չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանը բանակցելու և միջազգային բանակցությունների սեղանի փոխարեն որոշել խնդիրը լուծել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի էթնիկ զտման միջոցով: Հարց- Ինչպե՞ս եք դուք վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարմանը: - ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին 26 տարիներին՝ 1994 թվականի հրադադարից հետո հսկայական և շատ կարևոր դերակատարում է ունեցել: Նախ և առաջ, այն մեծ հարգանք վայելող միջազգային կազմակերպություն է երեք համանախագահներով՝ Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ: Նրանք տքնաջան աշխատում են երկու կողմերի հետ՝ խնդիրը վերջնական դիվանագիտական կամ քաղաքական լուծման հանգեցնելու համար: Ուստի ես շատ բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը: Իհարկե, ցանկացած բանակցություն այս աշխարհում՝ քաղաքական, ռազմական, թե բիզնես բանակցություն, չես կարող մշտապես ծրագրել, որ հաջող անցնի, և կկարողանաս հասնել նպատակիդ: Բանակցություններում լինում են վերելքներ ու վայրէջքներ: Սակայն այս բանակցություններում պետք է լինել համբերատար: Երբեմն քեզ բավարարում է բանակցությունների մի կողմը, երբեմն էլ՝ ոչ, երբեմն մտածում ես, թե կորցնում ես և՝ հակառակը: Պետք է բանակցությունները վերջնական ավարտին հասցնել վերջնական փաստաթղթի միջոցով, ստորագրել այն, ու դրանից հետո էլ մեծ ջանքեր գործադրել, որ ստորագրածը կյանքի կոչվի: Բացարձակ ոչ մարդկային և ոչ նորմալ ձև է՝ լքել բանակցությունների սեղանը և փորձել լուծել խնդիրը ռազմական ուժի միջոցով: Հարց- Դուք շատ լավ խոսեցիք և բարձր գնահատեցիք ԵԱՀԿ-ն, սակայն դուք շարունակում եք մերժել Ռուսաստանի նախաձեռնությունը՝ վերջացնելու այս լարվածությունը: - Չգիտեմ, թե ով է Ձեզ այդ միտքը տվել, այդ միտքը ճիշտ չէ: Ռուսաստանը դիմել է երկու կողմերին միջադեպերը դադարեցնելու և հրադադարի համար, ինչը նորմալ է: Սակայն չկա որևէ մեխանիզմ: Որևէ ռազմական գործողություն կամ պատերազմ դադարեցնելու համար պետք է ունենաս հստակ մեխանիզմներ: Սա բարդ գործընթաց է: Սա՝ մեկ: Այն դեռևս գործողության մեջ չէ: Ոչ միայն Ռուսաստանը, այլև Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Ֆրանսիան, շատ երկրներ են դիմել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Հայաստան ասելով նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին՝ դադարեցնելու պատերազմը: Սակայն դադարեցնելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի վրա, այս դեպքում՝ այս ռազմական գործողությունները և պատերազմը սկսել է Ադրբեջանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը․ նա որևէ ցանկություն չունի ևս մեկ պատերազմ սկսելու: Ճիշտ չէ դիմել երկու կողմերին, քանի որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, և ճնշումը պետք է գործադրել նրանց վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Այն պահին, երբ նրանք դադարեցնեն, հայկական կողմը ևս դա կանի: Հարց- Թուրքիան ասել է, որ կաջակցի Ադրբեջանին: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը ևս կփորձի արտաքին ռազմական աջակցություն փնտրել: -Կրկին ուզում եմ ընդգծել՝ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ է, Հայաստանի հետ չէ: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: Անկեղծ ասած, շատ կցանկանայի, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցի կրթության, մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների, հարաբերություններ կառուցելու ոլորտներում: Կցանկանայի, որ Թուրքիան հիշի իր պատմությունը, փորձի ճանաչել այն, որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին Հայոց ցեղասպանություն տեղի ունեցավ: Փորձի հարաբերություններ ձևավորել կամ դրանք բարելավել Հայաստանի հետ: Այդ ամենն անելու փոխարեն նրանք ուղղակի հրաժարվում են ընդունել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Քանի որ նրանք դա ժխտում են, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Թուրքիան ոչ թե աջակցում է Ադրբեջանին, այլ դարձել է հակամարտության մաս, քանի որ նրանք ռազմական տեխնիկա, խորհրդականներ, ֆինանսներ, զենք են ուղարկել Ադրբեջան: Անշուշտ, ինչպես միշտ, Թուրքիան փորձում է ինչ-որ առումով հիմարեցնել միջազգային հանրությանը: Դա շատ է արել` Սիրիայի, Իրաքի, Լիբիայի դեպքում, և մշտապես պատմել է PKK մարտիկների պատմությունը: Մեր դեպքում ասում են, թե իրենք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն միջազգային էներգետիկ սահմանը: Սա ամբողջովին անհեթեթություն է: Այս միջազգային էներգետիկ խողովակաշարերը, որը Բաքվից Ջեյհան են հասնում, կառուցվել են 20 տարի առաջ: Եթե Լեռնային Ղարաբաղի հայերը կամ Հայաստանը ցանկանային դրանց ուղղությամբ կրակել, ապա դա կանեին 20 տարի առաջ, այլ ոչ թե հիմա: Եթե մենք 20 տարի առաջ այդ գազատարի շահագործումը դադարեցնեինք, ապա Ադրբեջանը հաջորդ 20 տարիներին միլիարդավոր դոլարներ չէր վաստակի և զինամթերք չէր գնի ու կրակի հայերի վրա՝ սպանելով նրանց: Սակայն մենք դա չարեցինք: Լեռնային Ղարաբաղի հայերը չկրակեցին այդ գազատարի վրա, քանի որ մենք հարգում ենք միջազգային օրենքները: Սա հակամարտություն է Ադրբեջանի և հայերի միջև, որոնք մտածում են, որ ինքնորոշման իրավունք ունեն, ճիշտ այնպես, ինչպես ունեն մնացած բոլոր ազգերը, ինչպես նախկին Հարավսլավիայի պետությունները, Շոտլանդիան: Լեռնային Ղարաբաղի հայերն ասում են, որ օրենքի համաձայն հանրաքվե են անցկացրել: Այս ամենին Ադրբեջանի պատասխանը միջնադարյան պատասխան է՝ պատերազմ, փոխանակ լիներ այդ մարդկանց կամքը հարգելը: Հարց- Ինչպիսի՞ ապագա եք տեսնում: Ինչպե՞ս է Հայաստանը կապված Լեռնային Ղարաբաղի հետ, պատասխանատվություն ունե՞ք նրանց նկատմամբ: Իհարկե: Եթե Թուրքիան ասում է, որ որոշակի էթնիկ կապեր ունի Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղում ապրում են նույն հայերը. պատմականորեն Հայաստանն ավելի մեծ է եղել: Նրանք հայեր են, որոնք ապրում են այնտեղ հազարավոր տարիներ: Ոչ միայն Հայաստանում ապրող հայերը, այլ ամբողջ աշխարհի հայերը պատասխանատվություն ունեն, քանի որ եթե մենք ադրբեջանական կողմին թույլ տանք էթնիկական զտումներ իրականացնել, ապա կկատարվի այն, ինչ եղավ Օսմանյան կայսրությունում 1915-ին, երբ հայերն ուղղակի ոչնչացվեցին և քշվեցին իրենց պատմական հայրենիքից: Նրանց տները, եկեղեցիները, քաղաքները ոչնչացվել են, և չկա հայկական մշակույթ: Ոչ միայն 1,5 միլիոն մարդ է մահացել, այլ նաև հսկայական մշակութային ժառանգություն, մշակույթ է ոչնչացվել: Կարո՞ղ ենք արդյոք թույլ տալ, որ այդ պատմությունը նորից կրկնվի: Հարց- Կընդունե՞ք արդյոք ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը հրադադարի մասին: Այդ հարցը 26 տարվա պատմություն ունի: Մշտապես քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հարցը: Սակայն երկու կողմերը 26 տարվա ընթացքում քիչ թե շատ հասցրել են ապրել հրադադարի պայմաններում, որը մի քանի առիթներով խախտվել է: Երկու կողմերն ընդունակ են նստել և բանակցել: Եթե դա չլիներ, կասեի, որ բանակցել հնարավոր չէ, Ռուսաստանին կամ այլ ուժերին կասեինք՝ եկեք կանգնենք նրանց միջև: Այս պահին կա միջազգայնորեն ճանաչված կազմակերպություն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կա նաև ՄԱԿ-ը: Եթե այս կազմակերպությունները հանդես գան առաջարկներով, ապա առաջին հերթին պետք է դիմեն ադրբեջանական կողմին, որը վերսկսել է այս ռազմական գործողությունները: Հայերը նույնիսկ չեն էլ մտածել նման գործողություներ սկսելու մասին: Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում սեպտեմբերի 27-ին ոչ ոք չէր մտածում Ադրբեջանի հետ պատերազմելու մասին: Այդպիսով, եթե ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, հայերը կլինեն առաջինը, որ կհամաձայնեն դրա հետ: -Շնորհակալություն, պարոն նախագահ։
15:57 - 01 հոկտեմբերի, 2020