Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Տաթև Անտոնյանի դիմումը՝ 1. Տաթև Անտոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1)։ 2. Տաթև Անտոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Նշենք, որ ավելի վաղ Տաթև Անտոնյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։
15:38 - 22 հոկտեմբերի, 2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը: ԱԽ նիստը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
18:04 - 19 հոկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

ԱԽ քարտուղա Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա նաև Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտմեբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
18:40 - 29 սեպտեմբերի, 2020
ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Նշել եմ նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
14:59 - 29 սեպտեմբերի, 2020
Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը․ ԱԽ քարտուղարի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը․ ԱԽ քարտուղարի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով: Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։ Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։ Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը: Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:
09:17 - 21 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|

Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ․ – Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու նախագիծը։ Հարց է առաջանում՝ կանոնավոր բանակ ունեցող երկրի ինչի՞ն է պետք աշխարհազորը, երբ, օրինակ, Ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի հրապարակում կամավորներից տեղուդադար չկար։ Աշխարհազորի գոյության իմաստը Դուք ինչպե՞ս կբացատրեք։– Վերջին 2-2.5 տարիներին ՀՀ անվտանգության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել։ Ես նկատի ունեմ նոր սպառազինության ձեռքբերումից սկսած՝ մինչև սննդի համակարգի փոփոխություն, ինչպես նաև կառավարման համակարգում արդյունավետության բարձրացում, զորահավաքի ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ամբողջ պետության կառավարման համակարգը, տնտեսությունն ու բանակը պատրաստ լինեն պատերազմի։ Մեր գնահատականներով՝ ընդհանուր տարածաշրջանի սպառնալիքներն այնպիսին են, որ միայն բանակով անհնար է այդ հնարավոր սպառնալիքները զսպել։ Այո՛, Ադրբեջանի մասով մենք այսօր կարողանում ենք զինված, կանոնավոր բանակով այդ սպառնալիքը չեզոքացնել, նույնիսկ առավելություն ձեռք բերել, բայց տարածաշրջանում սպառնալիքներն այնպիսին են, որ հնարավոր այլ զարգացումների դեպքում մեր կանոնավոր բանակը բավարար չէ, և մեր անվտանգության համակարգն ուժեղացնելու համար ստեղծում ենք աշխարհազոր։ Ի դեպ, աշխարհազորի եզրահանգմանը մենք եկել ենք այն բանից հետո, երբ տեսել ենք, որ այլ սպառնալիքներ էլ կան, և դրանց պետք է պատրաստ լինենք։ Մենք ազգային անվտանգության ռազմավարությունում նշել ենք ՀՀ պետականության հարատևության դրույթը, և սպառնալիքներին պետք է պատրաստ լինենք։ – Պարբերաբար ակտիվանում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու խոսակցությունները։ Ընդհանրապես՝ Թուրքիան միակ պետությունն է, որ բացեիբաց աջակցեց Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում։ Թուրքական ռազմաբազայի տեղակայումն անհանգստության առիթ կլինի միայն Հայաստանի՞ համար, թե՞ ավելի լայն ռազմաքաղաքական նշանակություն կստանա այդ գործոնը։ – Ռազմաբազայի տեղակայումն Ադրբեջանում կնշանակի ամբողջ տարածաշրջանի ապակայունացում։ Թուրքիան, որպես ռազմական ուժ, տարածաշրջանում երկար տարիներ ուղղակի ներկա չի եղել, նույնիսկ դարեր ներկա չի եղել, և նման փոփոխությունը նշանակում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը։ Եվ այս սպառնալիքը պետք է չեզոքացնել, ներուժը կա, և հնարավոր է այդ սպառնալիքը չեզոքացնել։ Այդ հնարավորություններն առկա են։ – Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի զեկույցը, որտեղ վեր կհանվեն թերացումները, սխալները Ապրիլյան պատերազմում։ Սակայն, մինչ այդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիս տվեց՝ հայտարարելով, որ հաղթանակ է գրանցվել Ապրիլյան պատերազմում՝ չնայած տարածքային կորուստներին, և կտրուկ հերքելով, որ ինքը ՀՀ պատմության մեջ տարածք կորցրած միակ ղեկավարն է։ Սերժ Սարգսյանի փաստարկները որքանո՞վ էին համոզիչ Ձեզ համար։ – Ընդհանրապես համոզիչ չէին։ Ես կարծում եմ՝ անիմաստ մի քայլ էր։ Ընդհանրապես, եթե նայեք Սերժ Սարգսյանի այդպիսի ասուլիսները՝ նույնիսկ իր կառավարման շրջանում, հիմնականում ձախողված են եղել, և Հայաստանում քաղաքական մեմերի մեծ մասը Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսների արդյունք են։ Չսպասելով զեկույցի հրապարկմանը և ամբողջ մեղքը բարդելով կարանտինային վիճակի վրա՝ նա փորձել է մամուլի ասուլիս տալ և, կարծում եմ, դրա լավագույն գնահատականը եղել է հանրության արձագանքը։ – Հայաստանի և Արցախի Զինված ուժերի սպառազինությունը 2016-ին ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ունեցածին, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը նշել է, որ զինամթերքի պակաս չի եղել, բայց ժամանակակից զենքերի խնդիր է եղել։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի բանակների զինվածության մակարդակն այն ժամանակ և հիմա։ – Ընդհանրապես, ռազմական կարողությունները շարունակական բարելավելու պրոցես է, և այս տեսանկյունից պետք է դա դիտարկել։ Ի դեպ, Ապրիլյան պատերազմի նախապատրաստական աշխատանքը կրկին գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության հարցն է։ Միշտ այդպես է եղել և միշտ է այդպես լինելու։ Չկա պատմական մի շրջան, երբ նման հարցերը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը չեն։ Նույնիսկ ասել՝ հանկարծակի է եղել, դա նշանակում է՝ ձախողում ունենալ։ Որովհետև երբ դու չես կարողանում պատշաճ գնահատել, դա քո ձախողումն է։ Հետախուզության պատասխանատուն ևս գերագույն գլխավոր հրամանատարն է։ Եվ եթե նա տեսել է, որ իրեն տալիս են ոչ պատշաճ ինֆորմացիա, որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, իրեն զեկուցում էին մամուլի հրապարակումների ընդհանուր վերլուծություն, դա, բնականաբար, Սերժ Սարգսյանի ընդհանուր խնդիրն էր, որովհետև իր հետախուզությունն է իրեն այդպիսի զեկույց տվել։ Եթե հետախուզությունն այդպիսի խնդիր ունի, նշանակում է՝ չես կարողացել հետախուզությունը պատշաճ զարգացնել, բավարար մակարդակի հասցնել, բնականաբար՝ ձախողել ես։ Ինչո՞ւ հուլիսին չեղավ այդպես, ինչո՞ւ մենք հանկարծակիի չեկանք, որովհետև մենք գնահատական ունեցել ենք, որովհետև մենք մեր անվտանգային միջավայրն ու սպառնալիքները գնահատել ենք և պատշաճ պատրաստ ենք եղել ամեն ինչի։ Սա է տարբերությունը։ Կառավարման համակարգի ձախողումը, բնականաբար, պատասխանատուի, ռազմական գործում գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունն է։ Այսինքն՝ գցել այլ գերատեսչությունների վրա ամբողջ պատասխանատվությունը, դա նշանակում է՝ չգործել, վարքագիծ չդրսևորել որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:55 - 02 սեպտեմբերի, 2020
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն: Ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ:Տիգրան Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել հստակեցնել տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների գործառույթները ու պարտականությունները, աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման, պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։Հանդիպման մասնակիցները ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները: Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին և նախանշվել են հետագա քայլերը ու միջոցառումները: 
17:17 - 02 սեպտեմբերի, 2020
Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում. վարչապետի ելույթը ԱԽ նիստում

Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում. վարչապետի ելույթը ԱԽ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ որոշումից շատ կարճ ժամանակ անց արձանագրվեց այդ փաստաթղթի արդիականությունը և կենսունակությունը: Արձանագրվեց, որ մենք ճշգրիտ ենք գնահատել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, և ընդհանրապես մեր անվտանգային միջավայրի ռազմավարական գնահատականը տեղի է ունեցել բարձր որակով: Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցան տավուշյան հայտնի դեպքերը՝ Տավուշի հաղթական մարտերը, և պետք է արձանագրել հետևյալը. նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, և դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա և ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է: Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական, և մեր դիրքորոշումն է, որ, այո՛, Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից: Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում: Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները: Միևնույն ժամանակ, մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձևաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան»: ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
13:27 - 21 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել է անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Երկրի ղեկավարն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի համապատասխան կառույցների սերտ ու համակարգված փոխգործակցության կարևորությունը, ինչը նպաստելու է ծագող մարտահրավերների արդյունավետ դիմակայմանը:
15:26 - 29 հուլիսի, 2020