Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Սեպտեմբերի 12-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

Սեպտեմբերի 12-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

Սեպտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։  Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց: Խորհրդի որոշմամբ՝ հետաձգվել են «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի 010-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» որոշումների նախագծերի քննարկումները:
17:19 - 09 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարվել է և պարտավորեցրել ներողություն խնդրել

 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարվել է և պարտավորեցրել ներողություն խնդրել |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, ու Նարեկ Մանթաշյանից վիրավորանքի և զրպարտության համար հատուցման գումար բռնագանձելու  հայցով: Դատարանը վճռել է Նարեկ Նահապետի Մանթաշյանին պարտավորեցնել ներողություն խնդրել «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակած նյութի մեջ իր ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար՝ ներողություն խնդրող տեքստ հրապարակելու ձևով: Դատարանը պարտավորեցրել է համապատասխան տեքստը հրապարակել «Alternativ.am» կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի  «Alternativ.am» կայքի «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը: Մամուլի քարտուղարի խոսքով՝ դատարանը վճռել է նաև Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար: Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
14:15 - 05 սեպտեմբերի, 2022
ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախահայության լինելիության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայությանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգության հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցներն այսօր էլ բազում մարտահրավերների են բախվում: Վտանգներից կոփված կամքի, հայրենասիրության եւ իրենց հողում պատվախնդրորեն ապրելու շնորհիվ մեր եղբայրներն ու քույրերը յուրաքանչյուր պահի աշխարհին հիշեցնում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, անվտանգ միջավայրում երեխաներ մեծացնելու, խաղաղ ծերություն ունենալու մասին: Ներքին եւ արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն: Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն եւ օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը: Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմներում անձնազոհաբար նահատակված մեր հարազատներին եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր վերապրել են պատերազմները: Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների եւ անվտանգության»:
13:22 - 02 սեպտեմբերի, 2022
Առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին

Առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին

Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: «Հարգելի՛ պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին և ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման: Հավերժ փառք ու խոնարհում անկախության և պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը: Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում:
10:11 - 02 սեպտեմբերի, 2022
Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը. Ալեն Սիմոնյան

Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում և ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում: Առաջին անգամ երեխային դպրոց ուղարկող ծնողի, բուհն ավարտող ուսանողի, բոլորովին նոր աշխարհում հայտնված անհանգիստ, տոնական հագուստի հետ չհամակերպվող աշակերտի և իր առաքելությունը պատվով կատարող ուսուցչի համար սեպտեմբերի 1-ը կարևոր օր է: Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը: Սիրելի՛ հայրենակիցներ, կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է՝ սրտացավ և հայրենանվեր քաղաքացիներով: Բարի երթ և հաջող ուսումնական տարի եմ մաղթում աշակերտներին, ուսանողներին ու կրթական գործընթացի բոլոր պատասխանատուներին»:
09:25 - 01 սեպտեմբերի, 2022
Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը |armenpress.am|

Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) գալի՞ս են Ազգային ժողով, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ են ուզում անցկացնել: Նրանք գալի՞ս են որևէ միջոցառման, նրանք Ազգային ժողովի շենքում աշխատանք իրականացնո՞ւմ են: Սեյրան Օհանյանի կուսակիցները հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ և նա իրենց բոլոր հարցերին պատասխան տվել է: Կարծում եմ, որ այստեղ Սեյրան Օհանյանը կամ ստում է կամ ուղղակի տեղեկացված չի: Ես, հարգանքով մոտենալով իրեն, ենթադրում եմ, որ ինքն ուղղակի տեղեկացված չի, որովհետև ես գիտեմ, որ նույնիսկ Ազգային ժողովի աշխատանքների ժամանակ այնպես չէ, որ Սեյրան Օհանյանի մասնակցությունը և ազդեցությունը շատ մեծ է «Հայաստան» դաշինքում, և բոլորը իրեն տեղյակ են պահում, թե ինչ է կատարվում: Ուստի, կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե ինչ են խոսել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ կամ ճշտի՝ ընդհանրապես միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու համար արդյոք խորհրդարան պե՞տք է գան:  Երբ խոսում են պարտականությունների մասին, ներողություն եմ խնդրում, բայց նախ և առաջ իրենք պետք է իրենց պարտականությունները կատարեն, գան Ազգային ժողով»,- ասաց Սիմոնյանը: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը երկու անգամ նամակ է գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ: «Ինչո՞ւ այդ նիստերը չեն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»,- ասել է Օհանյանը:
20:51 - 23 օգոստոսի, 2022
Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան

Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ: Հռչակագիրը նաեւ մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը եւ կյանքի կոչվեց: Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները եւ Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգեւ է, ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը եւ չթուլացող զգոնությունը: Մեր տեւական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ եւ բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ: Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն եւ մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի  զարգացմանը: Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք»:
11:12 - 23 օգոստոսի, 2022
Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են

Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են

Կառավարությունն այսօր ուժը կորցրած ճանաչեց ապրիլի 7-ին ընդունված որոշումը, ըստ որի ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենգնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։ Պատճառը արտաքին գործոններով է պայմանավորված․ մասնավորապես՝ ներկրող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։ Այս նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54 միլիոն դրամի չափով ֆինանսը  կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։  
12:36 - 04 օգոստոսի, 2022
Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Դատարանի որոշմամբ Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականի ապրիլի 29-ին։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ վեճը սկսվել էր Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնելիս իր բարեւին ի պատասխան՝ սեռական հայհոյանքներ էր հնչեցրել, որից հետո ինքն էր հարվածել նրան, ինչի արդյունքում սկսվել էր ծեծկռտուք։ Մինչդեռ «Ադեկվադ» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դանիելյանն էր Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվել, ինչի համար էլ Դանիելյանը դիմել էր ինքնապաշտպանության։ Ավելի ուշ թե՛ Սիմոնյանը, թե՛ Դանիելյանը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 117-րդ հոդվածի՝ բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելի ուշ այդ ժամանակվա Հատուկ քննչական ծառայությունը (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն) հայտնել էր, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ՀՔԾ-ն հայտնել էր, որ  նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ինչը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով, ինչով պայմանավորված՝ որոշում էր կայացվել Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը, Երևանի Մալիբուի այգի կոչվող զբոսայգու տարածքում նկատելով Արթուր Դանիելյանին, բարեւել է նրան, սակայն վերջինս ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի եւ նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել․ «Այդ ժամանակ Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երեւանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։ Քրեական գործը դատարանում էր 2020 թ․ օգոստոս ամսից։ Այն գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում, որն էլ նախորդ ամիս՝ հունիսի 20-ին, որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 41-րդ, 313-րդ եւ 379-րդ հոդվածների հիմքով քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Արարքը, որ մեղսագրվում էր Դանիելյանին, նախատեսում է պատիժ տուգանքով՝ 100․000-300․000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, իսկ նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի։ Նշենք, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը համարվում է ոչ արդարացնող հիմք։   Միլենա Խաչիկյան
15:20 - 25 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է՝ կարեւոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության եւ ըմբռնման աստիճանը մեծ է: Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները։
13:05 - 22 հուլիսի, 2022
Բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ Բունդեսթագի փոխնախագահին

Բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ Բունդեսթագի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել և շեշտադրվել է ԱԺ-ի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:
13:19 - 20 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցեր

Ալեն Սիմոնյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախագահին փոխարինելու ընթացքում ընդունել նրա հավատարմագրերը՝ հավելելով, որ Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման և համագործակցության լավագույն խթանն է: Կողմերն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը՝ ելակետային համարելով փորձի փոխանակման և փոխայցերի կարևորությունը: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է բարեկամական խմբերի ակտիվ շփումները՝ առանցքային նշանակություն տալով Սերբիայի հետ սերտ համագործակցության ծավալմանը միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում: Քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
14:37 - 14 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության շարունակականությունը: «Մենք մշտապես հետեւում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը եւ չափազանց կարեւորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որեւէ այլ դրսեւորում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլեւ հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը եւ 2020 թ. աղետալի պատերազմի հետեւանքները: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան եւ տեղում կծանոթանա իրավիճակին, նաեւ կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ: Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը: Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը եւ սիրով ընդունել փոխադարձ հրավերը:
11:49 - 08 հուլիսի, 2022
Հասարակությունն ապացուցել է՝ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հասարակությունն ապացուցել է՝ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն Մեր պարտքն է հասնել իրավունքի եւ օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ: Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարեւոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում եւ առօրյա կյանքում»:
09:54 - 05 հուլիսի, 2022