Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Կոչ եմ անում մեկ տարվա ընթացքում զորացրվածներին կամավոր զինվորագրվել․ Նիկոլ Փաշինյանի մարտակոչը

Կոչ եմ անում մեկ տարվա ընթացքում զորացրվածներին կամավոր զինվորագրվել․ Նիկոլ Փաշինյանի մարտակոչը

Իմ կոչը հետեւյալն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, Չարբախում է գտնվում։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու չեն հրավիրվում, այլ հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու։ Նրանք, որոնք պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող միանգամից ներկայանան այդ հագուստներով եւ փաստաթղթերով»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քանի որ այս հատվածի մեր տղաների մոբիլիզացիոն պլան նախատեսված չի եղել, եւ ես խնդրում եմ որպես կամավոր դա անել, խնդրում եմ, որ նրանք, որոնք ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, թող դրանք որեւէ ձեւով ուղարկեն եւ կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան։ «Ես, իհարկե, անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ, որպեսզի անվտանգության բոլոր միջոցառումները պահպանվեն։ Գուցե ճանապարհին կկարգավորվի նրանց երթը, որպեսզի ամեն ինչ անվտանգ տեղի ունենա»,- ընսգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ օրենքը չի նախատեսել վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված տղաներին զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ ներգրավել։ «Բայց ես հիմա նրանց բոլորին խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել։ Ինչպես ասել եմ՝ սա մի նոր Սարդարապատ է, եւ մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք եւ մեր հակառակորդի ողնաշարը պիտի ջարդենք, եւ մենք պետք է հաղթենք։ Ես հավատում եմ, որ այսպիսի տասը հազար տղա կա այսօր ՀՀ-ում, եւ եթե նրանցից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,- նշեց Փաշինյանը։ Նա ասաց՝ ինչ խնդիրներ կկատարեն, որտեղ կկատարեն այդ խնդիրները, արդեն կկազմակերպի հրամանատարությունը։ «Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձեւավորվեն։ Ես նորից ասեմ, խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին։ Եւ ես հավատում եմ, որ մենք իրար հետ կկարողանանք այդ կռիվը տալ եւ հաղթանակն ապահովել այս պատերազմում ՀՀ-ի, Արցախի։ Տղե՛րք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց գալ զինվորական հագուստներով, եթե չկա՝ իրենք կապահովեն։ «Ով պատահաբար ունի սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, եւ այլն, որովհետեւ սա մոբռեսուրսի մեջ չի մտնում, խնդրում եմ տանել-թողնել կենտրոնական հավաքակայանում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
17:24 - 05 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար. վարչապետի հարցազրույցը The New York Times-ին

ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար. վարչապետի հարցազրույցը The New York Times-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց բարձրացրեց. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվեց Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած: Պարոն Փաշինյանը մեր հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասաց, որ հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով: Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում հօգուտ Հայաստանի թշնամիների: «Միացյալ Նահանգները, - ասաց պրն. Փաշինյանը, - պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»: Նա նշեց, որ պարոն Օ’Բրայենը «լսել և ընդունել է» իր մտահոգությունները: Պարոն Փաշինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքումՙ պնդելով, որ այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Պարոն Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են ներկայացնում Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը «ցեղասպանություն» էր, ինչը սակայն Թուրքիան չի ընդունում»:
11:30 - 05 հոկտեմբերի, 2020
Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին

Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս24» լրատվական գործակալությանը։ Հարցազրույցը ամբողջությամբ՝ ստորև․   «Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են այդ հույսերը վտանգվել և փչացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, պատերազմը շատ ծանր բան է, և պատերազմի պայմաններում հույսերի մասին խոսելը շատ հեշտ չէ: Բայց, գիտեք, այս պատերազմը ես համեմատում եմ ահաբեկչական հարձակման հետ, ահաբեկչական հարձակում, որին, ցավոք սրտի, աշխարհն արդեն սովոր է: Ինչո՞ւ եմ այս իրավիճակը համարում ահաբեկչական հարձակում: Շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանը երկար տարիներ զարգացնում է հակահայկական ատելության քարոզ՝ ատելություն սերմանելով իր սեփական հասարակության շրջանում ամեն հայկականի և ամեն հայի նկատմամբ: Դուք կարող եք բազմաթիվ այդպիսի փաստեր տեսնել, երբ, օրինակ, հայկական ազգանունով մարդիկ, ովքեր Թուրքիայի, Ռուսաստանի, տարբեր երկրների քաղաքացիներ են, նրանց չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջանի տարածք: Եվ կարող եմ ասել նաև, որ, օրինակ, նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ըստ էության, այդ ատելության մթնոլորտի պատճառով հրաժարվեց մասնակցել, հնարավորություն չունեցավ մասնակցել եզրափակիչ խաղին, և այդ օրերին Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուները Բաքվի փողոցներում կանգնեցվում էին ոստիկանների կողմից: Եվս մեկ դեպքի մասին եմ ուզում Ձեզ ասել, որ պատկերն ամբողջական դառնա: 2004 թվականին ՆԱՏՕ-ի կազմակերպած մի սեմինարի մասնակից ադրբեջանցի սպա կացնահարել էր նույն սեմինարի մասնակից հայ սպայի, և դա տեղի էր ունեցել Բուդապեշտում: Հունգարիայի դատարանն այդ ադրբեջանցի սպային դատապարտեց ցմահ ազատազրկման: Որոշ ժամանակ պատիժը Հունգարիայում կրելուց հետո այդ սպան արտահանձնվեց Ադրբեջանին, և Ադրբեջանի նախագահը նույն օրը նրան ներում շնորհեց, և նրա ազատության առիթով մեծ տոնախմբություն կազմակերպվեց Ադրբեջանում: Նրան, ըստ էության, հերոսացրեցին: Հիմա մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Մենք իրավիճակ ունենք, երբ Հայաստանի և Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայում հավաքագրված վարձկաններ և ահաբեկիչներ: «Ֆրանս24» լ/գ - Դուք ասացիք, որ Ադրբեջանի կառավարությունը սերմանել է հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ: Ի՞նչ եք կարծում՝ հայերն ի՞նչ են զգում ադրբեջանցիների նկատմամբ։ Ի՞նչ եք Դուք զգում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ՝ ի հակադրություն ադրբեջանական կառավարության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ցածր կենսամակարդակը, խոսքի ազատության բացակայությունը: Եկեք նայենք այսօրվա իրավիճակը՝ այսօր, օրինակ, Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են: «Ֆրանս24» լ/գ - Արդյոք կարծո՞ւմ եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել, քանի դեռ իշխանության է ներկայիս ադրբեջանական ռեժիմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նայած կարգավորում ասելով, ի՞նչ նկատի ունեք: Իրականում այս կոնֆլիկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այս կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Պարզապես քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այս կոնֆլիկտի արդյունքում՝ սկսած 1988 թվականից գտնվում է գոյութենական վտանգի ներքո, Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի թիկունքին, չի կարող անպաշտպան թողնել: Սա է ամբողջ ճշմարտությունը: «Ֆրանս24» լ/գ - Ես նաև կցանկանայի հարցնել այս հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Դուք խիստ քննադատում եք Թուրքիայի հռետորաբանությունը, նրա աջակցությունն Ադրբեջանին։ Ի՞նչ ապացույցներ և փաստեր ունեք Թուրքիայի անմիջական ներգրավվածության վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ և առաջ, այս պատերազմն սկսվել է որպես թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորավարժության արդյունք՝ օգոստոսին Թուրքիան զորքեր է տեղափոխել Ադրբեջան, սկսել են համատեղ զորավարժություններ, և այդ զորավարժությունները գործնականում չեն ավարտվել մինչև պատերազմական գործողությունների մեկնարկը:Երկրորդը՝ հիմա էլ թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը: Եվ, ըստ էության, սա ընդունեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Թվիթերի իր էջում գրելով, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է ինչպես դիվանագիտության, այնպես էլ մարտի դաշտում: Իհարկե, ինձ ասել են, որ նա որոշ ժամանակ անց ջնջել է այդ գրառումը, բայց դա, ըստ էության, շատ բան չի փոխում: Եթե մենք հիմա նայենք վերջին շրջանի, վերջին 2 ամսվա թուրք պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որևէ կասկած չի լինի: Մարտական գործողությունների առաջին օրերին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և, մասնավորապես, Ադրբեջանի առաջին փոխնախագահը հրապարակային շնորհակալություն հայտնեց Թուրքիային իրենց աջակցելու համար: Բացի դա, ես կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը դրան չի կասկածում, որովհետև, ըստ էության, Եվրամիությունը, Ֆրանսիան հստակ արձանագրել են Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին, և ոչ միայն դա, այլև այն, որ Թուրքիան Սիրիայի վարձկաններին հավաքագրել է և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Ավելին, ես կարող եմ ասել, որ մենք ունենք կոնկրետ ապացույցներ՝ թուրքական F-16 ինքնաթիռների կողմից մարտական գործողություններին ներգրավվելու վերաբերյալ: «Ֆրանս24» լ/գ – Ե՞վ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հիմա Ձեզ ցույց կտամ: Սրանք մեր ռադարների արձանագրումներն են օրերով, ամիսներով, ժամերով՝ թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների և մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ: Դուք այստեղ կարող եք տեսնել՝ 27 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի, թե ինչպես են թուրքական ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը և մտել օդային տարածք, և նաև իմիջիայլոց, Վարդենիսում գյուղեր են ռմբակոծել: Այս բոլոր ապացույցները, իհարկե, մենք մեր միջազգային գործընկերներին կներկայացնենք, ներկայացրել ենք: Եվ այստեղ խնդիրը հետևյալն է՝ F-16 ինքնաթիռն արևմտյան արտադրության, ամերիկյան արտադրության ինքնաթիռ է, և ես նաև Ամերիկայի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստի վրա. արդյոք նրանք այդ ինքնաթիռն ստեղծել են և փոխանցել Թուրքիային, որպեսզի Թուրքիան խաղաղ բնակավայրերը ռմբակոծի դրանով, և սեփական ազատությունը պաշտպանող ժողովրդի դեմ պատերազմ վարի: «Ֆրանս24» լ/գ - Հակամարտության համատեքստում մեկ այլ՝ բազմիցս հիշատակվող ուժը Ռուսաստանն է։ Կցանկանայի հարցնել՝ հիասթափվա՞ծ եք, որ Ռուսաստանից աջակցության առաջարկ չեք ստացել, և աջակցություն ստանալու հույս ունե՞ք։ Ո՞րն է Ռուսաստանի դերակատարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ կապի մեջ ենք և նրանց ներկայացնում ենք իրավիճակը: Կարևորը, որ նրանք իմանան ճշմարտությունը և օբյեկտիվ տեղեկատվություն ունենան, թե ինչ է տեղի ունենում և ինչ է կատարվում: Նաև մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ նախագահների մակարդակով, և, ըստ էության, բավարարված ենք, որ նրանք խստորեն դատապարտում են բռնությունն ու բռնության մեկնարկը հակամարտության գոտում, որովհետև ակնհայտ է, թե ով է սկսել բռնությունը: Ֆրանսիայի նախագահը հստակ արձանագրեց, որ իրենք հիմնավոր են համարում այն, որ ադրբեջանական կողմն է սկսել այս հարձակումը: «Ֆրանս24» լ/գ – Ասում են, որ Ռուսաստանն այդքան էլ շահագրգռված չէ աջակցել Հայաստանին, ինչպես առաջ, քանի որ Հայաստանը բռնել է ժողովրդավարական ուղի՝ ունենալով կառավարություն, որն ավելի հակված է խոսել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները, որի երկրպագուներից չէ Ռուսաստանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում, թե այդ գործոնները դեր ունեն կոնֆլիկտի և էսկալացիայի մեջ, որովհետև Ռուսաստանը չէ, որ սկսել է պատերազմը: Ադրբեջանն է, որ սկսել է պատերազմը, և Ադրբեջանի դրդապատճառների մեջ, այո՛, նրա բռնատիրական բնույթը կարող է էական դեր ունենալ:«Ֆրանս24» լ/գ - Ադրբեջանն ասում է, որ Դուք անակնկալի եք բերել նրանց՝ ոնենալով ավելի պակաս հաշտարարական հռետորաբանություն Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի առումով, քան նրանք ակնկալում էին։ Նրանք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունից հետո կլինի տարբեր, և կլինի խաղաղության հնարավորություն։ Ո՞րն է Ձեր և նախկին ռեժիմի՝ Արցախին վերաբերող քաղաքականության տարբերությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես ասել եմ, առաջարկել եմ Ղարաբաղի հարցի կարգավորման ֆորմուլա, և դա հնչել է հետևյալ կերպ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում, միշտ ասելով, որ երկրների թվարկման հաջորդականությունը հավասարապես նույնն է: «Ֆրանս24» լ/գ – Ներեցեք, բայց դա բանաձև չէ, այլ մտադրության հայտարարություն առ այն, որ մենք պետք է հասնենք լուծման, որը կլինի բավարարող: Բայց արդյոք իրականում կա՞ լուծում, քան մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որևէ ռազմավարական հարց լուծելու համար մենք պետք է նախ ճշտենք հայեցակարգը, թե ինչ հայեցակարգի հիման վրա ենք մենք լուծում: Հնարավոր չէ առանց հայեցակարգային մոտեցման որևէ հարց լուծել, որովհետև դա կլինի անկանոն շարժումների հավաքածու: Մենք պետք է իմանանք, թե որ ուղղությամբ պետք է գնանք: Եվ ես այս բանաձևն առաջարկելով՝ առաջարկել էի, որ Ադրբեջանի նախագահը նույնպես այդ բանաձևն ընդունի, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ բանակցային գործընթացում: Բայց Ադրբեջանի նախագահը ոչ միայն պատշաճ արձագանք չտվեց սրան, այլև ասաց, ըստ էության, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես ընդունելի է Ադրբեջանի ժողովրդին: «Ֆրանս24» լ/գ – Այո՞: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Եվ նա, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է 1988 թվականի, այսինքն՝ կոնֆլիկտի մեկնարկի ստատուս-քվոյի իրավիճակին վերադառնալ: Ինչպե՞ս է հնարավոր մի հարց լուծել, մի կոնֆլիկտ լուծել՝ այդ կոնֆլիկտի ծագման պատճառների պարամետրերը վերահաստատելով: «Ֆրանս24» լ/գ - Արդյոք, Ձեր կարծիքով, կա՞ն բաներ, որ կարող եք նրանց առաջարկել, փոխել նրանց դիրքորոշումը, ինչպես, օրինակ, վերադարձի իրավունքը՝ թողնելու ադրբեջանցիներին վերադառնալու Լեռնային Ղարաբաղ, թե՞ կարծում եք այս գաղափարն ամբողջովին անիրատեսական է։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նախ մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես տարածքներ ունի կորսված: Որևէ մեկն այդ տարածքները վերադարձնելու մասին մտածո՞ւմ է, Ադրբեջանը պատրա՞ստ է արդյոք վերադարձնել տարածքները: Երկրորդը՝ մենք պետք է արձանագրենք այդ տարածքների ձևավորման պատճառը: Ո՞րն է եղել այդ տարածքների ձևավորման պատճառը: Դրանք Արցախն անվանում է անվտանգության գոտի, և դա կա անվտանգության գոտի: Երբ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշեց օգտվել իր լեգիտիմ իրավունքից, որը նախատեսված էր Խորհրդային Միության օրենքներով, և որտեղ նախատեսված էր, որ եթե որևէ հանրապետություն, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի Հանրապետությունն անկախություն է ստանում Խորհրդային Միությունից, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն իրավունք ունի նույնպես ստանալ անկախ կարգավիճակ: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով այս օրենքից, այս իրավունքից, բացարձակապես խաղաղ, սա շատ կարևոր է՝ ոչ թե զինված, այլ խաղաղ, ժողովրդավարական մեթոդներով փորձել է իրացնել իր իրավունքը: Սրան Ադրբեջանը պատասխանել է ուժային մեթոդներով, ընդ որում՝ նախ Բաքվում և Սումգայիթում հարձակումներ, բռնություններ, սպանություններ ձեռնարկելով հայերի դեմ, ապա, ըստ էության, զինված հարձակում գործելով Ղարաբաղի վրա: Այդ զինված հարձակումների արդյունքում Ղարաբաղը տարածքային կորուստներ է ունեցել, խաղաղ բնակչությունը ռմբահարվել է, և մարդիկ, այլ տարբերակ չգտնելով, որոշել են պարզապես Ադրբեջանի ագրեսիան հնարավորինս հեռացնել: Եվ այդպես ձևավորվել է այդ անվտանգության գոտին, որը հիմա փաստորեն նոր զինատեսակների առկայության տրամաբանությամբ, պարզվում է, այդքան էլ էֆեկտիվ չէ, որովհետև եթե այդ անվտանգության գոտու ձևավորման արդյունքում, ասենք, 1994 թվականին ադրբեջանցիները չէին կարողանում խոցել Ղարաբաղի քաղաքները, հիմա արդեն նորից կարողանում են խոցել: «Ֆրանս24» լ/գ – Այս հակամարտությունը գտնվում էր սառեցված վիճակում 1994 թվականից, բայց հիմա թվում է, թե այն ժայթքել է այնպիսի լայն մաշտաբներով, ինչպիսին չի եղել դրանից հետո։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն այն կշարունակվի, արդյոք Դուք գո՞հ եք հայերի մոբիլիզացիայով, գո՞հ եք, թե ինչպես է այն ընթանում, թե՞ ակնկալում եք երկարաժամկետ կռիվ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասել եմ նաև, որ սա, ըստ էության, Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը: Եվ, ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ դա ոչ թե ուղղակի հայերից վրեժ լուծելու կամ հայատյացությունը պարպելու միջոց է, այլ պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ ընդլայնելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք: «Ֆրանս24» լ/գ - Դուք իսկապես կարծո՞ւմ եք, թե նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե: Ես դրանում որևէ կասկած չունեմ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է: «Ֆրանս24» լ/գ - Դուք խոսում եք ՆԱՏՕ-ի անդամի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, այդ ՆԱՏՕ-ի անդամն ընդամենը 2 ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել էր ՆԱՏՕ-ի մեկ ուրիշ անդամ Հունաստանի վրա: Եկեք նայենք՝ ի՞նչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, ի՞նչ է անում Սիրիայում, ի՞նչ է անում Իրաքում: Այսօր Թուրքիան հստակ խնդիր ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը, և չզարմանաք, եթե նույն քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենալու դեպքում այդ կայսրության մեջ փորձ արվի ընդգրկել ոչ միայն հունական կղզիները, այլև կարող է ընդլայնել մայրցամաքային Եվրոպայում ունեցած տարածքները: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք իրեն Վիեննայում: «Ֆրանս24» լ/գ - Դուք սրա համար այլ լուծում չե՞ք տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելն ու պայքարը շարունակելը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ի՞նչ պետք է անի ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ժողովուրդը: Պետք է պաշտպանի ինքն իրեն: Իսկ հարցի խաղաղ կարգավորման մասին լրջորեն կարելի է խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան այս տարածաշրջանից, իրենց նպատակներով հանդերձ հեռանան: Եվ ես ուզում եմ ասել՝որևէ մեկը հանկարծ թող չմտածի, թե սա շատ հեռու է Եվրոպայից: Սա շատ հեռու չէ Եվրոպայից, և այս է պատճառը, որ ասում եմ՝ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագծեր: Եվ եթե Թուրքիան այստեղ իր իմպերիալիստական քաղաքականությամբ հաջողվի, սպասեք նրան Վիեննայում: Բայց եկեք չավարտենք այդ նոտայով, որովհետև ես համոզված եմ, որ քաղաքակրթությունը կհաղթի: Չի կարող քաղաքակրթությունը չհաղթել, և չի կարող ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել: Որևէ կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որ երկիր մոլորակի վրա ապրում է արդեն մի քանի հազար տարի, ունի ապրելու կամք: «Ֆրանս24» լ/գ - – Գուցե Դուք կցանկանայիք ինչ-որ բան ասել նաև Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես ունեն ապրելու կամք: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան կարող եմ ասել՝ հարցրեք ինքներդ ձեզ, ի՞նչքանով դուք գիտեք ճշմարտությունը ձեր սեփական ժողովրդի, ձեր սեփական իշխանությունների, նրանց ունեցած հարստությունների, նրանց կատարած գործարքների և նրանց նպատակների մասին: Ադրբեջանում 1994 թվականից մի ընտանիք է իշխում, մի ընտանիք: Սա նկատի ունեմ՝ քաղաքակրթական առաջնագիծ ասելով: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղում 4 նախագահ է փոխվել այդ նույն ընթացքում, 4 նախագահ, Հայաստանի Հանրապետությունում 4 նախագահ է փոխվել, Ադրբեջանում նույն ընտանիքն իշխում է 1993 թվականից, ոչ թե 1994: Այս թվաբանության մեջ մեկ տարի պլյուս-մինուս էական չէ:
22:53 - 04 հոկտեմբերի, 2020
Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև. «Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։  Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական էսկալացիայի մասին։  Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ է երևում, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում։  Մեկ շաբաթ է՝ մոլեգնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի համար արդեն տասնամյակներ շարունակ վեճեր և բախումներ են տեղի ունենում։ 1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փորձում են միջնորդել. այժմ իրավիճակն ամբողջովին սրվել է, քանի որ Ադրբեջանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ ցանկանում է վերցնել տարածքը։  «Հենց նոր տիկին կանցլերի հետ հեռախոսազրույց ունեցա», – ներս մտնելիս ասում է Փաշինյանը։ Հայաստանը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։  «ԲԻԼԴ»-ը հարցնում է վարչապետին – Պարոն վարչապետ, Հայաստանի մասին խոսելու փոխարեն աշխարհը խոսում է Դոնալդ Թրամփի և կորոնավիրուսով նրա վարակվածության մասին։ Դա Ձեզ տխրեցնո՞ւմ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից։ «Բիլդ» պարբերական – Որտեղի՞ց գիտեք այդ մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք հավաքագրվել և տեղափոխվել են Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է։ Որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով 3 պատճառով է շատ կարևոր. Առաջինը, որովհետև արդեն ասացի, որ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ: Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում:  «ԲԻԼԴ» պարբերական –Դուք հեռախոսազրույց եք ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: «ԲԻԼԴ» պարբերական – Միջազգային վերաբերմունքը հետևյալն է. «Ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, նաև ըստ ՄԱԿ-ի»… Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում դա տարօրինակ հայտարարություն է։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ Խորհրդային Միության ձևավորման ժամանակաշրջանում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և ընդ որում՝ Ստալինի կողմից կայացված կամայական որոշման հետևանքով, Խորհրդային Միության ձևավորման փուլում: Իսկ եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից: Եվ, հետևաբար, ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախ դառնալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը: «ԲԻԼԴ» պարբերական – Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Ադրբեջանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ դա Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանք է։ Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որպեսզի Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից։ Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն  այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Արդյոք Գերմանիան իրեն հեռո՞ւ է պահում, զսպվածություն է դրսևորո՞ւմ՝ զգուշանալով Էրդողանի արձագանքից։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իմ խնդիրը չէ՝ մեկնաբանել Գերմանիայի քաղաքական գործիչների դիրքորոշումները: Ես պարզապես, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ներկայացնել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ գուցե նաև Գերմանիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է պատշաճ արձագանքել: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ պետք է անի Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա: «ԲԻԼԴ» պարբերական – Կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է: «ԲԻԼԴ» պարբերական – Գերմանիայում քննադատաբար են մոտենում նրան, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, և Պուտինը պատերազմ է մղում Սիրիայում և Ուկրաինայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես Ձեր հարցի գնահատականները կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև ամենատարբեր իրադարձությունները տարբեր կողմերից, տարբեր երկրներից և տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ են երևում: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: «ԲԻԼԴ» պարբերական – Ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր համարում եք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով: «ԲԻԼԴ» պարբերական – Դուք հնարավորություն ունե՞ք դիմակայելու ընդդեմ բարձր տեխնոլոգիական զենքերի, որոնք կիրառում է Ադրբեջանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ կարող է հիմա անել Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ ես արդեն ասզցի, որ հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եվ ասացի, որ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Այսինքն՝ գերմանական կառավարությունը, ինչպես և Էմանուել Մակրոնը, պետք է հստակ արձանագրի՞, թե ով է սկսել այս պատերազմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛։ Եվ պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում: «Բիլդ» պարբերական – Շնորհակալություն, պարոն վարչապետ:
19:18 - 04 հոկտեմբերի, 2020
ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին

ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվելե «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև. Բերնարդ Սմիթ- Պարոն վարչապետ, շնորհակալություն «Ալ Ջազիրա»-ի հետ խոսելու համար։ Այժմ, այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հակամարտություն է ընթանում, ո՞րն է Ձեր նախընտրությունը՝ Ադրբեջանին աճող ռազմական հակազդեցություն, թե հրադադարի կոչ և բանակցություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի սկսել հարցի վերաբերյալ մի քանի հանգամանքներ պարզաբանելով, որովհետև ի մասնավորի Հայաստանը հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր։ Ադրբեջանը սանձազերծել է ուղիղ հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա, և Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, ու այս համատեքստում Ադրբեջանը սկսեց հարվածել Հայաստանի Հանրապետության բնակավայրերին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը։Ադրբեջանի սեպտեմբերի 27-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա սկսվեց խաղաղ բնակավայրերի հրետակոծությունից, և սա փաստ է, որ պետք է ընդունել Ձեր հնչեցրած հարցին պատասխանելու համար: Երբ կա հարձակում բնակչության դեմ, առաջին խնդիրը նրանց ագրեսիայից պաշտպանելն է։ Դրանից հետո է միայն հնարավոր խոսել բանակցությունների մասին։ Այն իրավիճակում, երբ կա ագրեսիա, կարող եմ վստահաբար ասել, որ Արցախի ժողովուրդը չի նահանջելու դրան բախվելով։Միևնույն ժամանակ, հարկ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա։ Բերնարդ Սմիթ- Երբ ասում եք՝ պետք է խաղաղ կարգավորում լինի, արդյոք դրանից առաջ ակնկալում եք, որ պետք է ռազմական ձեռքբերում ունենաք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ես արդեն ասացի, մեր նպատակը բնակչությանն ագրեսիայից պաշտպանելն է։ Եվ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի նպատակը ագրեսիայից ինքնապաշտպանվելն է։ Բերնարդ Սմիթ- Որքանո՞վ է հավանական, որ դուք Լեռնային Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմեք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը։ Այդ դաշինքը դե ֆակտո գոյություն ունի։ Մենք ասել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք այս դրույթը մեր օրակարգում ունենալով։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրականություն է առաջացրել։ Ինչպես ասացի, մի քանի տարի ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան, և մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում։Բերնարդ Սմիթ- Պատրաստվո՞ւմ եք արդյոք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդպիսի օրակարգ նույնպես կա: Դա օրակարգի հարց է, և որոշում կկայացվի կամ չի կայացվի, կախված բազմաթիվ գործոններից: Բերնարդ Սմիթ- Ձեր պատասխանում հիշատակեցիք, որ Թուրքիան հաստատակամորեն կանգնել է Ադրբեջանի կողքին: Բայց դուք իսկապես ապացույցներ ունե՞ք, որ Թուրքիան վարձկաններ է մատակարարում Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ մասին վկայությունները մի քանի օրվա ընթացքում և մեկը մյուսի հետևից լուսաբանվում են, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian-ը, Reuters-ը: Այդ վարձկանների հարազատներն իրենք են պատմում իրենց պատմությունները, նրանց ընտանիքի անդամներն են պատմություններ պատմում: Եվ կոնկրետ անձինք վկայել են, որ Թուրքիան հավաքագրում է այդ վարձկաններին և ուղարկում Ադրբեջան՝ մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին։ Բերնարդ Սմիթ- Թույլ տվեք կրկնել այն, ինչ գրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Քեյսը: Նա ասել է, որ, երբ սկսվել է հակամարտությունը, Հայաստանի և Ադրբեջանի աղքատ ժողովուրդները սկսել են վճարել Բաքվի և Երևանի անխոհեմ ղեկավարության համար: Նրանք չեն ցանկանում տեսնել հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: Արդյոք սա ճի՞շտ է, ի՞նչ կարող եք անել, որպեսզի կանխեք դա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ըստ էության, ինչ կարող էր արվել, արվել է: Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ես բանաձև եմ դրել իմ քաղաքականության հիմքում` Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում: Ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և Հայաստանի ժողովրդի համար, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկել եմ այս բանաձևը, որպես հիմք` հակամարտության լուծման համար: Ցավոք, Ադրբեջանը սկսած 2000-ական թվականների կեսերից զարգացնում է հարցի կարգավորման ռազմական ճանապարհի փիլիսոփայությունն ու քաղաքականությունը և որևէ կերպ հրաժարվում է փոխզիջումներից: Բռնապետական իշխանությունը, որը հաստատված է Ադրբեջանում, հակված չէ գնալ փոխզիջումների, միայն ժողովրդավարական, ընտրված իշխանություններն են, որ կարող են փոխզիջումային տարբերակներ առաջարկել, ինչպիսին, որ իմ նշած բանաձևն է: Փոխարենը Ադրբեջանի նախագահ Ալիևն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կվերադառնա 1988թ․ ստատուս քվոյին՝ խորհրդային միության ժամանակաշրջան, որտեղից այս ամենը սկսվել է։ Բայց հնարավոր չի լուծել հակամարտությունը վերադառնալով այնտեղ, որտեղ այն սկսվել է։ Բերնարդ Սմիթ- Ես գիտեմ, որ Դուք ռեֆլեքսիայի համար բավարար ժամանակ չեք ունեցել, քանի որ զբաղված եք եղել այս բազմազբաղ իրավիճակում, սակայն եթե ետ նայենք ու ասենք՝ արդյո՞ք կարող էիք ինչ-որ բան այլ կերպ անել, ինչը կկանխեր բռնության բռնկումն ու մարդկային կյանքերի կորուստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրա համար կար մեկ հնարավորություն, տրվել Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքներին, ինչը չէր կարող ընդունելի լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Բերեմ մեկ օրինակ, վերադառնալով համաշխարհային պատմության հայտնի դրվագներին, օրինակ, ի՞նչ կարող էր անել ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից խուսափելու համար։ Սա կարող է չափազանցություն թվալ, բայց երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնաց հարվածել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին։ Ի՞նչ պետք է արվի, որպիսի կանխվի նման սպառնալիքների հնչեցումը։ Բերնարդ Սմիթ- Լավ, երբ Դուք իշխանության եկաք թավշյա հեղափոխությունից հետո, մասնավորապես Ադրբեջանում մեծ հույսեր կային, որ Ձեր նախորդներից հետո դա կլինի քայլ դեպի խաղաղություն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ այդ առումով։ Դուք չկարողացաք այդ սպասելիքները բավարարել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում շատ ավելի մեծ հույսեր կային։ Մենք հույս ունեինք, որ ժողովրդավարացման ալիքը կհասնի Ադրբեջան։ Այդ հույսերն իրականություն չդարձան, որովհետև Ադրբեջանի նախագահը շարունակաբար օգտագործում է Ղարաբաղի խնդիրը իր դիկտատորական կառավարումն արդարացնելու համար։ Երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, Ադրբեջանում հասարակությունում ավելի մեծ հույսեր արթնացան, որ նման հեղափոխություն կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանում։ Բայց այդ հեղափոխությունը կանխելու ու դիկտատորական կառավարում իրականացնելու համար Ադրբեջանն ակտիվացրեց ռազմական հռետորաբանությունը, ինչը և բերեց այս իրավիճակին։ Բերնարդ Սմիթ- Եթե Դուք այս ընթացքում կապի մեջ եք եղել Վլադիմիր Պուտինի հետ, կարո՞ղ եք մեզ ներկայացնել այդ երկխոսությունների բնույթն ու բովանդակությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ և այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը և իրադարձությունների զարգացումը: Բերնարդ Սմիթ- Բայց կարևորը Վլադիմիր Պուտինն է: Այն, ինչ նա մտածում և ասում է, Ձեզ համար առավել կարևոր է, այդպես չէ՞: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր և, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է: Բերնարդ Սմիթ- Դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոսկվան լինի չեզոք: Մենք գիտենք, որ Թուրքիան, Էրդողանը հայտնել են իրենց աջակցությունը Ադրբեջանին: Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Բերնարդ Սմիթ- Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բերնարդ Սմիթ- Նախագահ Ալիևն ասել է, որ Դուք սադրում եք նրան` սփյուռքի հայերին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելով: Նրան այլ ելք չեք թողնում: Նա հավաստում է, որ դա նրանց տարածքն է, և Դուք ոչինչ չեք արել խնդրի լուծման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այդ պնդումներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին բնակեցնում է ԼՂ-ում, անհիմն են երկու պատճառով: Առաջին հերթին, քանի որ Հայաստանի կառավարությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածքային զարգացման հետ։ Երկրորդ` տարիներ շարունակ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ մարդիկ արտագաղթել են իրենց տներից: Նրանք բնակվում են աշխարհի տարբեր մասերում` Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ես չեմ բացառում, որ նրանցից ոմանք կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում: Անտրամաբանական է դա ներկայացնել, որպես անսովոր մի բան: Բերնարդ Սմիթ- Ներեցեք, բայց նախագահ Ալիևը չի ասել «անսովոր», նա ասել է «սադրանք»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, եթե 15, 20 կամ 30 տարի առաջ որևէ մեկն արտագաղթել է և հիմա ցանկանում է վերադառնալ իր տուն, արդոք դա սադրա՞նք է: Ո՞րն է այստեղ սադրանքը, կարո՞ղ եք բացատրել ինձ: Բերնարդ Սմիթ- Լավ, բայց կան նաև պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ, որոնք հայկական կողմի զինվորականներն իրականացրել են 1980-ականների վերջերին և 1990-ական թվականների սկզբում, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ գործերի կատալոգն է կազմել... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ, ոչ, ոչ: Դա անհեթեթություն է: Որտեղի՞ց այդ տեղեկությունները: Դա Ադրբեջանի քարոզչությունն է: Բերնարդ Սմիթ- Այսպիսով, Դուք հավատացած եք, որ դա Ադրբեջանի քարոզչության գործիքներից մեկն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն, և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում է ընդունել, և համազգային փառաբանության գործընթաց է սկսվել: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա: 
22:07 - 03 հոկտեմբերի, 2020
Հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում․ Նիկոլ Փաշինյան

Հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչով դիմել է հայ ժողովրդին․ «Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդն Արցախում եւ Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը։ Հարձակման մասշտաբներն աննախադեպ են։ Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների՝ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում։  Հարյուրավոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր եւ հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով։  Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ։ Մեր զինվորականների վկայությամբ՝ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից՝ գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ։ Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները։ Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում։  Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց ու մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա։ Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական։ Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր։ Աներեւակայելի է այն տոկոնությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման։ Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս։ Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստներն անցնում են մի քանի հազարը։ Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում։ Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին։ Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության, թերեւս, ամենավճռորոշ փուլում։ Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են, նրանք միայն Ղարաբաղի եւ Ղարաբաղի հետեւից չէ, որ եկել են, նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով, նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը հայոց ցեղասպանության՝ իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր։  Ուզում եմ ասել, որ հիմա այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ։ Այսօր ավելի քան երբևէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ։ Հայ ազգը, որ նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի։ Հաղթանակը միայն ու միայն հաղթանակն է, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում։  Այսօր արդեն Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ։ Ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին։ Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում։ Ու մենք կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք հայոց հաղթական բանակին, փա՛ռք հաղթական հայ ժողովրդին»։ 
17:58 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիան հստակ նպատակ ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը. Նիկոլ Փաշինյանն ասել է France24-ին |armenpress.am|

Թուրքիան հստակ նպատակ ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը. Նիկոլ Փաշինյանն ասել է France24-ին |armenpress.am|

armenpress.am: Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ին տված հարցազրույցում: «Դա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության շարունակությունն է: Պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին և նրանց ընդլայնմանը դեպի Հյուսիս, Արևելք և Հյուսիսային Արևելք»,-ասել է ՀՀ վարչապետը: Պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից՝ Փաշինյանն ասաց՝ իհարկե: «Ես կասկած չունեմ դրա վերաբերյալ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ Փաշինյանն ասաց. «Թուրքիայի այդ անդամը երկու ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի վրա: Եկեք տեսնենք, թե Թուրքիան ինչ է անում Միջերկրական ծովում, ինչ է անում Սիրիայում, Իրաքում: Թուրքիան հիմա հստակ նպատակ ունի՝ վերականգնել Թուրքական կայսրությունը: Եվ չզարմանաք, եթե այդ քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենա, չզարմանաք, եթե նրանք փորձեն ընդգրկել այդ կայսրության մեջ ոչ միայն հունական կղզիները, այլ ավելի ընդարձակվեն դեպի մայրցամաքային Եվրոպա և մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք նրան Վիեննայում»,-ասել է Փաշինյանը: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե այլ լուծում չի՞ տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելը և պայքարը շարունակելը՝ վարչապետն ասաց, որ հարցի խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին: «Քաղաքակրթությունը չի կարող չհաղթել, ապրելու կամքը, ապրելու իրավունք ունեցող մարդիկ չեն կարող չհաղթել: Կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որը մի քանի հազարամյակ ապրում է երկիր մոլորակի վրա, ապրելու կամք ունի»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան ունի ասելու: « Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանով գիտեք ճշմարտությունը սեփական ժողովրդի, ձեր սեփական կառավարության, նրանց հարստության, նրանց ֆինանսական գործարքների և նպատակների մասին: Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է բռնապետական կառավարության ձեռքին: Ալիևի բռնապետական իշխանության համար հայերը միշտ էլ եղել են հարմար թշնամու կերպար, որով նա փորձում է շրջանցել ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը»,-եզրափակել է Փաշինյանը:
11:29 - 03 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան կարևորում է ռազմագործողությունների արագ դադարեցումը. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը

 |armenpress.am|

Ֆրանսիան կարևորում է ռազմագործողությունների արագ դադարեցումը. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին: Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը:
21:57 - 02 հոկտեմբերի, 2020
Զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ օգնության ինքնաբուխ ակցիաներից. հայտարարություն

Զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ օգնության ինքնաբուխ ակցիաներից. հայտարարություն

Վարչապետի որոշմամբ ձևավորված սոցիալական և նյութական աջակցության շտաբը հայտարարություն է տարածել, որով խնդրում է զերծ մնալ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ օգնության ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց:  «Հարգելի՛ քաղաքացի,Հայտնում ենք մեր երախտագիտությունը Արցախին աջակցություն ցուցաբերելու Ձեր ցանկության և պատրաստականության համար:Հոկտեմբերի 2-ից գործող կարգավորումներով արգելված է առանձին նախաձեռնություններով աջակցության հավաքագրումը, և ամբողջ գործընթացը համակարգվում է բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բացի այդ՝ սահմանափակված է անձանց ու տրանսպորտային միջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ: Կիրառվող միջոցառումները բացառապես կոչված են ապահովելու Ձեր անվտանգությունը և ճանապարհների բեռնաթափումը:Ուստի, ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց, փոխարենը՝ անհրաժեշտ է աջակցությունը փոխանցել ձեր համայնքապետարան/թաղապետարան: Մենք երաշխավորում ենք, որ այն անվտանգ կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին: Մանրամասները կարող եք ճշտել՝ զանգահարելով.Մարզերի դեպքում՝• Արագածոտն 055042400• Արմավիր 093929595• Արարատ 091480731• Գեղարքունիք 077355441• Կոտայք 091475565, 098475565• Վայոց ձոր 093855010• Լոռի 098950214• Շիրակ 098090807• Տավուշ 094525101• Սյունիք 094324959Երևանի դեպքում՝• Ավան 011518113, 011518147, 094334465• Արաբկիր 011518180, 011518179, 093414401• Աջափնյակ 011518044, 011518033, 098677627• Դավիթաշեն 011518259, 011518289, 091910676• Կենտրոն 011518420, 011518416, 098494419• Էրեբունի 011518360, 011518361, 093835064• Մալաթիա-Սեբաստիա 011518572, 011518512, 098696679• Նոր Նորք 011518611, 011518673, 011518654, 091499087• Նորք-Մարաշ 011518706, 098499469• Նուբարաշեն 011518732, 077355653• Շենգավիթ 011518797, 094989778• Քանաքեռ-Զեյթուն 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752 Մանրամասների համար կարող եք զանգահարել 117 ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծ:Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:04 - 02 հոկտեմբերի, 2020
ՀՀ-ն գտնվում է քաղաքակրթական առաջնագծում. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին

ՀՀ-ն գտնվում է քաղաքակրթական առաջնագծում. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից,  որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» և որ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի փորձը՝ լայնածավալ պատերազմի միջոցով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղըՙ գերազանցապես հայերով բնակեցված տարածքը, որը 1990-ականների սկզբին տեղի ունեցած արյունալի պատերազմից ի վեր գտնվում է տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ: Նա ասաց, որ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել ադրբեջանական կողմին օգնելու համար. պնդում, որը հաստատում են նաև Ռուսաստանը և Ֆրանսիան: Պարոն Փաշինյանը հավելեց, որ նաև թուրքական օդուժն է հարձակվել հայկական դիրքերի վրա: «Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին», - Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռախոսազանգով ասաց պրն. Փաշինյանը: «Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերըՙ սպանելով խաղաղ բնակչությանը»: Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնեց, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ երկուսն էլ «կիսում են Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հետ կապված մտահոգությունը»: Պարոն Փաշինյանը նաև կոչ արեց արևմտյան երկրներին վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ The Globe-ը հայտնեց, որ Բեռլինգտոնի, L3Harris Wescam–ի արտադրած պատկերագրման և թիրախավորման համակարգերը, որոնք վաճառվել են Թուրքիային, Ադրբեջանն օգտագործում է պատերազմական այս վերջին գործողություններում: Նա ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունում Թուրքիայի դերը պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «ագրեսիվ» դիրքորոշման համատեքստում: Պարոն Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ և հավելեց, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար: Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Սակայն հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը մերժվեց Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի կողմից: Պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը: «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»: Պարոն Փաշինյանն Էրդողանին նկարագրեց որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
17:07 - 02 հոկտեմբերի, 2020