ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ հայտարարությունը հակաճգնաժամային 23-րդ միջոցառման վերաբերյալ

ՊԵԿ հայտարարությունը հակաճգնաժամային 23-րդ միջոցառման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման վերաբերյալ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսից սկսած «Q87․1-առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» ոլորտը դադարում է համարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ, քանի որ ՀՀ կառավարության 13.08.2020թ. թիվ 1358-Լ որոշման 1-ին հավելվածի 5.1-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով` նշված ոլորտի շահառու հանդիսացող 15 տնտեսվարող սուբյեկտների` 2019 թվականի 3-րդ եռամսյակի իրացման շրջանառությունները կազմել են շուրջ 843 մլն դրամ, իսկ 2020 թ. 3-րդ եռամսյակինը` շուրջ 1.2 մլրդ դրամ (այսինքն` գերազանցում են նախորդ տարվա նույն եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունների 70%-ը): Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատվել է օգոստոսի 13-ին` ՀՀ կառավարության թիվ 1358-Լ որոշմամբ: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:
15:38 - 02 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ-ում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթ մասին

ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ-ում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթ մասին

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ:  ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը մրցույթի ընթացքում ուսումնասիրել է մասնակցի կողմից ներկայացված հայտը և կատարել է պահանջներին համապատասխանության գնահատում: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն: Ընկերության տեղակայման հասցեն է` ք․ Երևան, Արշակունյաց 49/22։ Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում:
14:26 - 26 նոյեմբերի, 2020
ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 200 դեպք

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 200 դեպք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականի երրորդ եռամսյակի  ընթացքում արձանագրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  ավելի քան 600 գրամ մարիխուանա,  մոտ 600 գրամ ափիոն, 1100 ԼՍԴ  բլոտտեր,  մոտ 400 գրամ Մեթամֆետամին, ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաև մոտ 170 գրամ  հաշիշի յուղ և դրանով   լցված  էլեկտրոնային սիգարետի  11 մուշտուկ,  ավելի քան  2240  կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ:  Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 70 դեպք,  որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ: Դեպքերով՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների և Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
11:36 - 25 նոյեմբերի, 2020
ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, սերտորեն համագործակցելով ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության երեք դեպք: Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված փոստային առաքանիներից հայտնաբերվել են «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 505 ամբողջական և 11 հատ մասնատված հաբեր, ինչպես նաև «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի 108 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածներ: Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով: Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
10:51 - 20 նոյեմբերի, 2020
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործարկվել է թեժ գիծ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործարկվել է թեժ գիծ

Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով , ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության  թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է` 011 80 11 99, որով ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են զանգահարել և հայտնել կատարված, կատարվող կամ նախապատրաստվող իրավախախտման վերաբերյալ: Թեժ գծով ստացված տեղեկությունները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանմանը՝ դրանց իսկությունը ստուգելու և մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման հավանական դեպքերը կանխելու ու հայտնաբերելու նպատակով: Ծառայության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից շուրջօրյա իրականացվող աշխատանքները` իրավախախտումների կանխման և հայտնաբերման ուղղությամբ: Մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են գրանցվել նաև անանուն: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է նաև հսկողության համակարգ, որը հնարավորության է տալիս թիրախավորված անձանց հայտնաբերել, բացահայտել  և կանխել նրանց հանցավոր գործողությունները:
11:14 - 18 նոյեմբերի, 2020
Կապամոնտաժվեն Բագրատաշենի նոր կամրջի շինարարության գոտում գտնվող շինություններն ու կառուցվածքները

Կապամոնտաժվեն Բագրատաշենի նոր կամրջի շինարարության գոտում գտնվող շինություններն ու կառուցվածքները

ՀՀ կառավարության 31.10.2020թ. թիվ 1746-Ա որոշմամբ թույլատրվել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության նպատակով օտարման գոտու սահմաններում տեղակայված‚ ՀՀ սեփականություն հանդիսացող և Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում տեղակայված և ՀՀ ԱԱԾ-ին  ամրացված 357.58 քմ ծածկարանի‚ 6 տաղավարների ապամոնտաժման‚ 26 մ երկարությամբ պատի և 43 քմ մակերեսով տանիքավոր մայթի քանդման աշխատանքների իրականացումը։ Կառավարության նույն որոշմամբ թույլատրվել է քանդել նաև կամրջի օտարման գոտում գտնվող և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված 84 քմ մակերեսով շենքը։ Նշված շինությունների ու ենթակառուցվածքների քանդման աշխատանքները կիրականացվեն կամրջի շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության՝ իրանական Tunnel Sadd Ariana ընկերության կողմից՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։ Հողերի օտարման գործընթացից ու տարածքում առկա նշված շինության և կառուցվածքների ապամոնտաժումից հետո կմեկնարկի Բագրատաշենի սահմանային անցակետի նոր կամրջի շինարարությունը։ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։ Պահպանվելու և ամրացվելու է նաև հին կամուրջը: Այսպիսով հին կամուրջը կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:
09:34 - 09 նոյեմբերի, 2020
Մերժվել է ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը, իսկ Վարդան Հարությունյանը վճռաբեկ նոր բողոք է ներկայացրել  |hetq.am|

Մերժվել է ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը, իսկ Վարդան Հարությունյանը վճռաբեկ նոր բողոք է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 28-ին Վարչական վերաքննիչ դատարանը որոշել է Պետական եկամուտների ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել՝ Վարչական դատարանի 2019 թվականի օգոստոսի 6-ի վճիռը թողնելով անփոփոխ։ Նշենք, որ օգոստոսի 6-ին Վարչական դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրել էր տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքած բոլոր պայմանագրերի պատճենները՝ տրամադրելով այն տեղեկությունները, որոնք, ըստ Կառավարության որոշման, համարվում են գաղտնի։ Դրանից հետո Կառավարությունը գաղտնազերծեց ՀԴՄ-ների գնման որոշումները և «Հետքը» ՊԵԿ-ից ստացավ դրանց գնման պայմանագրերի մի մասը։ Այնուամենայնիվ, Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վարչական դատարան՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացրած վճռի դեմ։ Հսկիչ-դրամարկղային մեքենաների գործով սա դատական միակ զարգացումը չէ։ Հոկտեմբերի 5-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը: Դատարանը թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել էր որոշումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետ։ Վարդան Հարությունյանի ներկայացուցիչները հոկտեմբերին 15-ին ներկայացրել են շտկված վճռաբեկ բողոք։
17:47 - 06 նոյեմբերի, 2020
ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը |armenpress.am|

ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը: Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների արգելքի վերաբերյալ այն հարցին, թե կնվազե՞ն, արդյոք, հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ սկզբնական շրջանում դրանք իսկապես կնվազեն: «Կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից կից ցանկով նախատեսված ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով արգելված է: Սրա արդյունքում մենք կունենանք սկզբնական ժամանակաշրջանում հարկային եկամուտների, մաքսային վճարների որոշակի նվազումներ: Չնայած այս ամենին, կարծում եմ, որ մեր տնտեսավարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կկարողանան ձեռնարկել համապատասխան աշխատանքներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին»,- նշեց Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ հայ տնտեսավարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրել նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից:
16:48 - 03 նոյեմբերի, 2020
ՊԵԿ-ը տուգանքներ է կիրառել ստեղծված իրավիճակից օգտվել փորձող տնտեսավարողների նկատմամբ |armenpress.am|

ՊԵԿ-ը տուգանքներ է կիրառել ստեղծված իրավիճակից օգտվել փորձող տնտեսավարողների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն տուգանքներ է կիրառել այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: «ՊԵԿ-ը ոչ մի օր չի թուլացրել վերահսկողությունը: Հաշվի առնելով հանգամանքները, մենք վարչարարությունն ու վերահսկողությունը մասամբ տեղափոխել ենք գրասենյակային դաշտ՝ հեռահար և աննկատ եղանակով: Ավելի շատ իրականացվում է վերլուծական աշխատանք: Հարկ եղած դեպքում իրականացրել ենք նաև ստուգողական աշխատանքներ, արձանագրել տուգանքներ: Դրանք կիրառվել են հատկապես այն տնտեսավարողների նկատմամբ, ովքեր փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից, շահարկել այն»,- նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ տնտեսավարողները տպագրում են ՀԴՄ կտրոններ, դաշտում կան խնդիրներ, և վերահսկողությունը մշտական բնույթ է կրում: «Այդ ամենն իրականացվում է մինչև հարկ վճարողների մոտ կարգապահության մակարդակն ու համապատասխան մշակույթը վերջնական ձևավորվեն: Հատկապես շրջանառության հարկ վճարողների մասով այս վարքագծում խնդիր ունենք»,- ասաց Հովհաննիսյանը:
16:35 - 03 նոյեմբերի, 2020
Մակրոտնտեսական վիճակը կայուն է. ՊԵԿ նախագահ |armenpress.am|

Մակրոտնտեսական վիճակը կայուն է. ՊԵԿ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չնայած համավարակին և պատերազմական իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետությունում մակրոտնտեսական վիճակը կայուն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: «Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի հարկային եկամուտների սպասողականն այս պահին նախատեսված է 1 տրիլիոն 320.5  միլիարդ դրամ: Մեր կանախատեսումներով և սպասումներով այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, հնարավոր է՝ մի փոքր ավելի: Համավարակի և պատերազմական գործողությունների արդյունքում մեր սպասումները մի փոքր պակաս էին, սակայն մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել: Սա շատ դրական երևույթ է մեր ընդհանուր տնտեսության մեջ: Այս ամենն էլ խոսում է այն մասին, որ Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է, ինչն էլ հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել: Այս ամենից էլ գեներացվում են հարկերը»,- նշեց ՊԵԿ նախագահը: Նրա խոսքով՝ 2020 թվականի 10 ամսվա հարկային եկամուտների հավաքագրումն արդեն իսկ կազմել է 1 տրիլիոն 134,8 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 19 մլրդ դրամը զուտ հարկային եկամուտներն են, իսկ 228,5 մլրդ դրամը՝ մաքսային գծով վճարումները: «Հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմում է 112, 3 մլրդ դրամ, ինչը բավականին դրական ցուցանիշ է»,- ասաց Հովհաննիսյանը:  Նա նաև ընդգծեց, որ ԱԱՀ վճարողների մոտ կարգապահությունն ավելի բարձր մակարդակի վրա է եղել, քան շրջանառության հարկ վճարողների դեպքում:
15:20 - 03 նոյեմբերի, 2020
Սկզբում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների նվազում. ՊԵԿ նախագահը՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքի մասին |1lurer.am|

Սկզբում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների նվազում. ՊԵԿ նախագահը՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 2021 թ. հունվարի 1-ից թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքին: «Սրա արդյունքում մենք սկզբնական շրջանում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների որոշակի նվազումներ, բայց հեռահար պլանավորման տեսանկյունից վստահ եմ, որ մեր տնտեսվարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կարող են և կձեռնարկեն համապատասխան գործողություններ, որ բիզնեսը վերափոխվի և հարմարվի նոր իրավիճակներին: Այսինքն՝ նմանատիպ ապրանքները հնարավորություն ունենա այլ երկրներից ներկրելու, առաջին հերթին՝ ԵԱՏՄ անդամ երկրներից, և այդ ազդեցությունը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կվերականգնվի»,- ասաց Հովհաննիսյանը: Թուրքիայից ամենաշատ ներկրում են հագուստ ու սարքավորումներ՝ նշեց ՊԵԿ նախագահը: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2020 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թ. դեկտեմբերի 31-ից:
12:58 - 03 նոյեմբերի, 2020
ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում, չնայած ռազմական դրությանը, հարկերի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաջողությամբ: Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է օրենքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բյուջեով նախատեսված 1 տրլն 320.5 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրման կատարողականի մասով սպասումները մի փոքր ավելի են: «Եվ որպես վարչարարություն իրականացնող կառույց՝ ՊԵԿ-ը թիրախավորել է ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա և՛ գերակատարել նշված պլանային ցուցանիշը, և՛ ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելի բարենպաստ, արդյունավետ արդյունքներ»,- ասաց Հովաննիսյանը: Գործող օրենքով նախատեսված է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 21.5 տոկոս, սակայն ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք ավելի բարձր թիրախ են սահմանել: Նա հույս հայտնեց, որ պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ կավարտվեն և առաջիկա երկու ամիսը հնարավորություն կտա ամբողջությամբ իրականացնել նախատեսված ծրագրերը:
12:51 - 03 նոյեմբերի, 2020