Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենի հետ։ Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։ Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և սատարման, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից հարցի բարձրացման համար։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը։
12:51 - 03 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։ Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
10:59 - 03 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Քաղաքական երկխոսության խորացման տեսանկյունից կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
10:17 - 03 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել  |armtimes.com|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում: «ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նաև ողջունվում են ՌԴ-ի միջնորդական ջանքերը: Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել»,-ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, ասել է Լավրովը:
09:57 - 03 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել ապագայում երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ամրաապնդման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման առնչությամբ։ Առևտրատնտեսական կապերը զարգացելու համատեքստում ընդգծվել է Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Ավստրիական զարգացման գործակալության գործունեությանը Հայաստանում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը՝ Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու համար։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Միխայել Լինհարտին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայկական կողմը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։
09:55 - 03 դեկտեմբերի, 2021
Քննարկվել են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր

Քննարկվել են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝  աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ  հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։ Օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել  նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկա դարձած այլ հարցեր:
15:50 - 02 դեկտեմբերի, 2021
Կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակահերթերի մասին

Կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակահերթերի մասին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։ Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։ Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը»։
15:20 - 02 դեկտեմբերի, 2021
Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել․ տանտերը մահացել է

Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել․ տանտերը մահացել է

Դեկտեմբերի 2-ին ժամը 07:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապ օգնություն կայան փակ բաժնետիրական ընկերություններին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
13:03 - 02 դեկտեմբերի, 2021
Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից ընդունել 183,000,000 դրամի չափով նվիրաբերություն՝ ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված միջոցառման և կարգի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված քաղաքացիներին, որոնք այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն ՀՀ-ում կամ Արցախի Հանրապետությունում։ Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝ 1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող այդ 183 մլն դրամը կուղղվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, որոնք կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30500 դրամ: Այլ առանձնահատկությունները կսահմանվեն հուշագրով:  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետությունում գտնվող անչափահաս 3000 երեխաներ կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարտավոր է 7-օրյա ժամկետում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կնքել նշված գումարի փոխըմբռնման հուշագիր եւ ապահովել փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը:Իսկ ֆինանսների նախարարը գումարի մուտքագրման համար պետք է ապահովի ՀՀ գանձապետարանում հաշվի բացումը։
12:57 - 02 դեկտեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպքեր: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 3 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 230 քաղաքացու հետազոտություն, որոնցից 4 068-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:47 - 02 դեկտեմբերի, 2021
ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ, տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։ Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը։
11:45 - 02 դեկտեմբերի, 2021
Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին |armenpress.am|

Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Մոսկվայում կայացած նիստի վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,-նշեցին գրասենյակից: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է Մոսկվայում դեկտեմբերի 1-ին: Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Նշվել էր, որ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել մինչև տարվա վերջ:
11:40 - 02 դեկտեմբերի, 2021
Արցախի ԱԱԾ-ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ

Արցախի ԱԱԾ-ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ

Արցախի գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին: Արցախի ԱԱԾ-ից  հայտնում են, որ հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ: Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքերը ծագելու դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի:
10:27 - 02 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման շուրջ: Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասեական արձագանքի կարևորությունը։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
09:35 - 02 դեկտեմբերի, 2021
Շուրջ մեկ ամիս է՝ հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. ԱՀ ՄԻՊ

Շուրջ մեկ ամիս է՝ հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում  հաղորդակցության միջոցների խափանումներին։«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։ Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։Սակայն 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։ Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։ Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։ Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։
16:24 - 01 դեկտեմբերի, 2021