ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու դատարանի որոշմամբ կալանավորված Արմեն Չարչյանին

Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու դատարանի որոշմամբ կալանավորված Արմեն Չարչյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը մինչև կալանավորման որոշման հրապարակումը շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց: «Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,- գրել էր Վարդևանյանը։
09:20 - 24 հունիսի, 2021
Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Արման Թաթոյան

Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Արման Թաթոյան

Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը: Առավել կոնկրետ՝ ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները: Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը: Արդյունքում՝ ողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ: Վիճակն ավելին են բորբոքում իշխանության ու ընդդիմության շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի ֆեյքային հարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով ավելին են ագրեսիվացել: Ողջունելի և կարևոր էր հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի ժամանակ ու հատկապես այն, որ այդ կոչն ուղղված էր նաև սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին: Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, առավել ևս ունեն հանրային ճանաչում ու հասարակությունում ընկալվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցավոք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս: Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցության անդամ: Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը: Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար: Այս ակնհայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ» ինչպես իր, այնպես էլ այլ հրապարակումների ներքո: Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաև դարձել լրատվամիջոցների վերլուծության առարկա ու դրանով ավելի նպաստել անհանդուրժողականության աճին: Ընդ որում, նշված անձի գրառումն ու մեկնաբանությունները վկայում են հասարակության կամ առնվազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մոտեցման, սեփական թվացյալ առավելությունները հասարակությանը հակադրելու և պառակտումը խորացնելու անպատասխանատու թողտվության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում: Պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները: Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ: Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի խախտումներ են: Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար: Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:
09:14 - 24 հունիսի, 2021
Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա.Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել այս հարցով ՀՀ դատախազության պաշտոնական ներկայացուցուչի հայտարարությունը: Նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից վաղն առավոտյան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն:
09:19 - 23 հունիսի, 2021
Հայաստանի ՄԻՊ-ի և Վրաստանի հանրային պաշտպանի`պետական սահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում. միջազգային գնահատական

Հայաստանի ՄԻՊ-ի և Վրաստանի հանրային պաշտպանի`պետական սահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում. միջազգային գնահատական

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է հոդված, որով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման հարցում համարվել է առաջատար Եվրոպայում: Հայաստանի և Վրաստանի սա եղել է երբևէ առաջին փորձը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում է 40 ԵՄ և ԵԽ մարդու իրավունքների ազգային հաստատություն: Ցանցը ծառայում է իբրև տարբեր ոլորտներում անդամների փորձի փոխանակման, աջակցման և ընդհանուր խնդիրների համար արդյունավետ հարթակ: Հրապարակման մեջ ներկայացվում է տեղեկություն միգրանտների, ապաստան հայցող և միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում երկու կառույցների լիազորությունների վերաբերյալ: Քննարկվում է նաև պետական սահմանի անցման կետերում մշտադիտարկման առումով համագործակցության և համատեղ աշխատանքի սկզբունքները: ENNHRI-ն՝ որպես դրական օրինակ, ընդգծել է երկու երկրներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակների դերը նշված համագործակցության առումով: Վերոհիշյալ կառույցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի կայուն և արդյունավետ համագործակցություն: Այն, ի թիվս այլնի, միտված է ապաստան հայցող անձանց ու փախստականների, ինչպես նաև տեղահանված անձանց ու միգրանտների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ապահովմանը՝ փորձի և տեղեկության փոխանակման միջոցով: Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմերի ու գործընկեր կառույցների կողմից սահմանապահ ծառայողների և այլ պաշտոնատար անձանց վերապատրաստումներին: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ընդգծել է Սահմանապահ զորքերի ծառայողների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հատկանշական է, որ նրանց կարողությունների պարբերական զարգացումը կարևոր է առաջին հերթին միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից:
14:39 - 22 հունիսի, 2021
Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների: Այս շահարկումների պատճառով տարընկալումներ թույլ չտալու համար քաղաքացիներին հատուկ տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունն արվել էր այն պատճառով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից արձանագրել էր կոնկրետ հրապարակումներ, որոնցում ընտրողները լուսանկարում ու տեսանկարում էին քվեարկություն կատարելու պահը՝ կոնկրետ համարի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով և նշումով, որ դա իրենց քվեարկության արդյունքն է, ապա հրապարակում էին դրանք: Դրանով իսկ կատարում էին գործողություններ, որոնք խոցելի էին դարձնում քաղաքացուն Քրեական օրենսգրքի ազդեցության տեսանկյունից՝ կապված քվեարկության գաղտնիության հետ: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, որը վկայակոչված է Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ, շարադրված է՝ որպես իրազեկում: Պաշտպանի հայտարարություններն ունեն նաև իրազեկող ու կանխարգելիչ բնույթ՝ քաղաքացիներին հնարավոր խնդիրներից առավելագույն պաշտպանելու համար:
21:35 - 20 հունիսի, 2021
ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

Ժամը 19:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում, այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։ Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։  Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։  Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները, կաշառ բաժանելու վերաբերյալ իրավապահ մարմինների ահազանգերը և այլն։ Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ այցեր: Մասնավորապես, Ազատաշեն գյուղում հնչած կրակոցների և բերման ենթարկվածների վերաբերյալ ստացվել է ահազանգ, անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել Ոստիկանությունից։ Բացի այդ, բողոքի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացվել «Հայաստան» դաշինքի Սիսիանի շտաբի ղեկավարին և տեղի ունեցել առանձնազրույց։  Տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով: Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները: Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։ Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`    ❗Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615, ❗Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189 ❗Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116 ❗Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
19:51 - 20 հունիսի, 2021
«Խիստ մտահոգիչ է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը». ՄԻՊ-ը խնդրի վերաբերյալ գրություն կուղարկի իրավապահ մարմիններին

«Խիստ մտահոգիչ է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը». ՄԻՊ-ը խնդրի վերաբերյալ գրություն կուղարկի իրավապահ մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Ա.Բաբաջանյանը տեղեկացրել է, որ այդ պահին քննություն իրականացնող իրավապահ մարմինները եղել են իր տանը, իրականացրել համապատասխան գործողություններ: Արման Բաբաջանյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չի բացառել, որ այսօրվա դեպքը կարող է կապված լինել Երևանում հունիսի 18-ին տեղի ունեցած իրենց դաշինքի եզրափակիչ հավաքի ընթացքում ելույթներում հնչած շեշտադրումների հետ են: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը: Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկեն` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Արձանագրվել է, որ Քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ, նշանակել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։
17:59 - 20 հունիսի, 2021
ՄԻՊ-ը արձանագրել է «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի համակիրներին անօրինական բերման ենթարկելու, թելադրածը չգրելու համար սպառնալիքների, փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տվյալներ

ՄԻՊ-ը արձանագրել է «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի համակիրներին անօրինական բերման ենթարկելու, թելադրածը չգրելու համար սպառնալիքների, փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տվյալներ

Երեկ՝ 2021թ. հունիսի 19-ի ուշ երեկոյան, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ են ներկայացրել այն մասին, որ իրենց վստահորդներ, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 համակիրներ՝ 2 կին և 3 տղամարդ, օրենքի խախտմամբ նույն օրը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին և բաժնում պահվում են առանց հիմքի: Փաստաբանները նաև խնդրել են արագ արձագանքման այց, քանի որ իրենց ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել բաժին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգի հիման վրա այց է իրականացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ ներկայացվել են պարզաբանումներ, որ «Հայաստան» դաշինքի համակիրները բերվել են կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով: Ոստիկանության բաժնում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից մի քանիսը և փաստաբանները նշել են, որ ոստիկանները բերման ենթարկված կանանցից մեկի նկատմամբ բերման ենթարկելիս ու բաժնում գտնվելու ընթացքում գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք: Մասնավորապես, կանանցից մեկին բերման են ենթարկել իր չափահաս որդու հետ միասին: Բերման ենթարկելիս կնոջը չի ներկայացվել որևէ պատճառ, նրան քաշքշել են և մի քանի ոստիկաններով հարկադրաբար մեքենայով բերման ենթարկել բաժին: Բաժնում նշված կնոջը պարբերաբար վիրավորել ու հայհոյել են, պահանջել են գրել այն, ինչ կասեն ոստիկանության ծառայողները: Այնուհետև, կնոջը սպառնացել են, որ իր հետ բերման ենթարկված որդու նկատմամբ կհարուցեն քրեական գործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ:  Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ կնոջ վատառողջ լինելու պատճառով հրավիրվել է «Շտապօգնության» բրիգադ:  Այս մասին նշել են նաև բերման ենթարկված կինը և փաստաբանները: Բացի նշվածից, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ երբ ինքը և փաստաբան Վարդուհի Էլբակյանն իրենց վստահորդներին տեսակցելու նպատակով ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժին, հերթապահ մասի ծառայողները բաժնի դուռը չեն բացել և շուրջ 30-35 րոպե իրենց դիտավորյալ թույլ չեն տվել մտնել բաժին, այդ ընթացքում պարբերաբար իրենց կոպտել են ու հեգնել: Այնուհետև, բարձրացված աղմուկից հետո բացել են բաժնի դուռը, սակայն հերթապահ մասում Ոստիկանության սպայական ուսադիրներով ծառայող վեճի է բռնվել փաստաբանների հետ, սկսել է գոռգոռալ նրանց վրա ու նշել, որ իրենց գործն է՝ կթողնեն, թե չեն թողնի փաստաբաններին մուտք գործել: Հերթապահ մասում շուրջ 5-7 րոպե տևած վեճից հետո թույլ են տվել բարձրանալ վերև: Արդեն Ոստիկանության բաժնում փաստաբանն արձանագրել է, որ իր վերը նշված կին վստահորդը գտնվում է Ոստիկանության ծառայողների աշխատասենյակներից մեկում՝ 7-8 ոստիկանի ներկայությամբ, ովքեր վիրավորել են կնոջը և սպառնացել, որպեսզի ցուցմունքներ տա: Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ իրենց վստահորդի հետ առանձնազրույց ունենալու և նկարագրված արարքները բացառելուն ուղղված իրենց պահանջներին ի պատասխան, Ոստիկանները սկսել են իրենց ագրեսիվ պահել փաստաբանների նկատմամբ,  վիրավորական արտահայտություններով են խոսել բոլոր փաստաբանների մասին և նշել, որ ոստիկաններն են որոշում, թե ով և ում հետ կարող է խոսել: Այնուհետև, փաստաբանին իր վստահորդի հետ առանձնազրույցի ու իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար տևական ժամանակ աշխատասենյակ չեն տրամադրել: Փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերով տեղեկացրել են, որ իրենց վստահորդներին Ոստիկանություն բաժին բերման ենթարկելու ոստիկանների արարքներն ակնհայտ անօրինական են, կոպիտ խախտել են իրենց վստահորդների անձնական ազատության իրավունքը, քանի որ հարուցված որևէ քրեական գործ չկա, խոսքը վերաբերում է միայն նյութերի նախապատրաստման մասին: Ավելին, ըստ փաստաբանների՝ Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել որևէ կասկած: Հակառակը՝  իր վստահորդներից նշված կնոջը միայն սպառնացել են նոր քրեական գործերով, եթե չներկայացվեն իրենց ցանկալի տեղեկությունները: Վերը նկարագրված տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգի շրջանակում հարցին ընթացք տալու համար:
17:35 - 20 հունիսի, 2021
Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին,քվեարկության կարգի խախտմանը և այլն։Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները և այլն։Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր: Մասնավորապես, տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ  աշխատանքների ապահովման հարցերին:Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով:Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները:Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
16:00 - 20 հունիսի, 2021
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. Մարդու իրավունքների պաշտպանն իրազեկում է

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. Մարդու իրավունքների պաշտպանն իրազեկում է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով:
14:34 - 20 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի բողոքի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սիսիան

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի բողոքի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սիսիան

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն, որի հիման վրա անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի իրենց շտաբերի ղեկավարների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: «Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական գործընթացի հետ կապված այլ նյութեր հայտնաբերելը: Մասնավորապես, բողոքով բարձրացվել է հարց այն մասին, որ իրենց «Հայաստան» դաշինքի 4 անդամների իրավապահ մարմինները տեղում քննչական գործողություններ անելու փոխարեն հատուկ նպատակով են ցանկանում բերման ենթարկել Երևան, ինչն էլ նշանակում է, որ ողջ քվեարկության օրն այլևս նրանք  հնարավորություն չեն ունենա մասնակցել ընտրական գործընթացին և դրանով ամբողջությամբ կկազմալուծվի իրենց դաշինքների շտաբերի գործունեությունը Սիսիանում: Բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սիսիան քաղաք: Նրանք տեղում կստուգեն նշված բողոքի հետ կապված բոլոր հանգամանքները, ինչպես նաև պարզաբանումներ կստանան, թե ինչպիսի ծանրակշիռ հիմնավորումներով են առանձին քննչական կամ այլ դատավարական գործողություններ նախատեսվում իրականացնել Երևանում՝ հատկապես նկատի ունենալով քվեարկության օրվա տևողությունը, շտաբի ներկայացուցչներին մարզից Երևան տեղափոխելու ճանապարհի և Երևանում քննչական գործողությունների համար ծախսված ժամանակահատվածը: Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ իրավական չափանիշը պետք է լինի այն, որ Ոստիկանությունը կամ մյուս իրավապահ մարմիններն իրենց գործողությունները կատարեն առավելապես այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի աշխատանքների համար հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:
12:20 - 20 հունիսի, 2021
ՄԻՊ–ը կոչ է անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք. Փաշինյանի հավաքին արձանագրվել են մուրճով ներկա գտնված մասնակիցներ

ՄԻՊ–ը կոչ է անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք. Փաշինյանի հավաքին արձանագրվել են մուրճով ներկա գտնված մասնակիցներ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ցուցադրել է մուրճ, ինչը մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող գործիք է։ ՄԻՊ–ը կոչ է անում զերծ մնալ նման քայլերից։ Հայտարարությունում ասվում է․ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը:Սա խիստ վտանգավոր, բացարձակ դատապարտելի երևույթ է: Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը «կվալդով» փոխարինելու կոչեր: Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակվարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:Ուստի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները: Բոլորին կոչ ենք անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել: Առավել ևս դա պարտավոր են կանխել Վարչապետի թեկնածու համարվող գործիչները, այլ ոչ թե հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրագրերը ցույց տալու համար: ՀՀ ոստիկանությունը պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին»:
15:59 - 18 հունիսի, 2021
ՄԻՊ–ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածը

ՄԻՊ–ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածը

Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունները: Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար», ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Հոդվածի փոփոխությունները Քրեական օրենսգրքում ամրագրվել են շատ հապճեպ, նախագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել և առաջին, երկրորդ ընթերցումներով ու ամբողջությամբ ընդունվել մեկ օրում՝ 2021 թվականի ապրիլի 28-ին, առանց մասնագիտական ու պատշաճ հանրային քննարկումների, հրապարակված չի եղել «e-draft.am» կայքում, նախագծային փուլում առկա են եղել են մի քանի տարբերակներ: Հիմնավորումները խիստ մակերեսային են, մարդու իրավունքների խախտումների վտանգներով, ցույց տված չեն օրենսդրի մտադրության և իրավապահ մարմինների ու դատարանի հայեցողության սահմանները փոփոխությունները կիրառելու հարցում: Մատնանշված չէ որևէ երկրի փորձ, ցույց տված չէ, թե այդ ինչ միջազգային պահանջների հիման վրա են կատարվում այդ փոփոխությունները և վերլուծված չեն մարդու իրավունքների տեսանկյունից ռիսկերը: Դրա համար էլ, ինչպես վկայում են բողոքներն ու ահազանգերը, պրակտիկայում հիմա ստացել է խնդրահարույց ու անտրամաբանական կիրառություն: Քրեական օրենսգրքի նշված հոդվածի փոփոխությունից հետո իրավապահ մարմինների ու դատարանների համար այդպես էլ գործնական որևէ չափանիշ կամ ուղեցույց չընդունվեց: Իրավապահ մարմիններն իրենք են պարզաբանումներում ներկայում նշում, որ հասկանալիորեն չունեն կիրառության փորձ և դիրքորոշում էլ չեն կարող հայտնել կիրառության վերաբերյալ: Քանի որ Քրեական օրենսգրքի այդ փոփոխությունները, այն էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում կիրառվելու էին շատ կարճ ժամանակահատվածի համար, վերաբերում են մարդու իրավունքների տեսանկյունից զգայուն հարցերի հատկապես չէր կարելի դրանք ընդունել առանց պատշաճ քննարկումների ու նման թերություններով` առավել ևս առանց իրավապահ մարմինների ու դատարանի պատշաճ վերապատրաստումների կամ առնվազն նրանց համար ուղեցույցների: Հաշվի առնելով հոդվածի փոփոխության ընթացակարգային լուրջ թերությունները, ինչպես նաև կիրառության պրակտիկան՝ ներկայում պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիմում՝ ուղղված Սահմանադրական դատարանին:
12:38 - 18 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքի համակիրներին Ոստիկանության բաժնում բռնության են ենթարկել. գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն. ՄԻՊ

«Հայաստան» դաշինքի համակիրներին Ոստիկանության բաժնում բռնության են ենթարկել. գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն. ՄԻՊ

2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից  Վարչապետի պաշտոնակատարի  քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և Շահեն Վարդանյանին։ Հ. Հարությունյանը պնդել է, որ Պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացնելու պահի դրությամբ տեղեկություն չի ունեցել այդ անձանց գտնվելու վայրի մասին։ Ահազանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ոստիկանությունից պարզաբանումներ է ստացել այն մասին, որ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման կասկածանքով (հավաքը խոչընդոտելը), նրանցից երկուսը տեղափոխվել են քննչական մարմին: Այս մասին հետո տեղյակ է պահվել Պաշտպանի թեժ գծին զանգահարած անձը: Այնուհետև Հ. Հարությունյանը կրկին կապ է հաստատել և տեղեկացրել, որ Տիգրան Խուդոյանը դուրս է եկել քննչական մարմնի վարչական շենքից՝ ձեռքի հատվածում վիրակապված, ունի ձեռքի հոդի խախտում (ըստ տվյալ անձի՝ ձեռքը «դուրս է ընկել»): Տ. Խուդոյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է ոստիկանների կողմից բերման ենթարկելիս իր նկատմամբ ձեռնաշղթա գործադրելու արդյունքում: Տեղեկացրել է նաև, որ ձեռքի մատներն ամպուտացված են, այդ պատճառով Ոստիկանության ծառայողներին նախապես խնդրել է իր նկատմամբ ձեռնաշղթա չգործադրել, սակայն, այնուամենայնիվ, ձեռնաշղթան գործադրվել է: Ըստ ահազանգի՝ բերման ենթարկվելու, ինչպես նաև Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում Տ. Խուդոյանի նկատմամբ ոստիկանները կիրառել են բիրտ ուժ, ծեծի է ենթարկվել նաև այդ պահին ազատությունից զրկված մյուս անձը՝ Շահեն Վարդանյանը, ում «Շտապօգնություն» ծառայության բրիգադ է այցելել: Ավելի ուշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական ոչ համաչափ ուժ է գործադրվել, հրապարակվել է նաև լուսանկար: Հաշվի առնելով ահազանգի հանգամանքները, նկատի ունենալով ազատությունից զրկված անձանց բռնության ենթարկելու կոնկրետացված տեղեկությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում ստուգելու համար Ոստիկանության բաժնում քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին տեղեկությունները:
10:48 - 18 հունիսի, 2021
Կառավարության մոտեցումը՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյա,լ չափազանց վտանգավոր է երկարաժամկետ հեռանկարում. ՄԻՊ

Կառավարության մոտեցումը՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյա,լ չափազանց վտանգավոր է երկարաժամկետ հեռանկարում. ՄԻՊ

Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները: Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ: Դրա համար էլ լուրջ խնդիրներ են առաջ եկել Կառավարության կողմից սեփական քաղաքացիների և առաջնահերթ` սահմանային բնակչության նկատմամբ` իրավունքների պաշտպանության, անվտանգ ու բնականոն կյանքի ապահովման պոզիտիվ պարտավորությունների կատարման հարցում: Կառավարության ներկայիս մոտեցումների պատճառով առանձին պետական մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը: Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պարտադիր է ուղղակի, որպեսզի, նախ, լինի անվտանգության գոտի, ինչը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ բնակիչների իրավունքները, երաշխավորել նրանց բնականոն կյանքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները և նոր դրանից հետո անցում կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի: Դելիմիտացիան ու դեմարկացիան կարող են տևել տասնյակ տարիներից ավելի, իսկ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված: Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը»,- գրել է Թաթոյանը:
09:22 - 18 հունիսի, 2021