ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։  Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին  նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։ Նիկոլ Փաշինյանը եւ Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով եւ վերը նշված սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն արծարծել են նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր եւ ընդգծել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ողջ ծավալով բեռնափոխադրումների պահպանման կարեւորությունը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:
10:32 - 29 մարտի, 2020
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 617 հազարը |armenpress.am|

COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 617 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 617 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 28 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 137 հազար 336: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:  Վիճակագրություն Վիրուսից վարակվածների թվով մարտի 28-ի դրությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 104 հազար 277-ի, մահացածներինը՝ 1704: ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան՝ 86 հազար 498 դեպքով: Մահացածների ցուցանիշը 9 հազար 134 է: Վարակվածության թվով աշխարհում երրորդը Չինաստանն է, որտեղից սկսվել էր բռնկումը: Այստեղ վերջին 24 ժամվա ընթաքում գրանցվել է վարակվածության ընդամենը 54 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 81 394 է, վիրուսից ապաքինվել է 74 971, մահացել՝ 3295 մարդ: Վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Իսպանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 72 հազար 248 է: Այստեղ անհանգստացնող է թե նոր դեպքերի, թե մահվան ցուցանիշի աճի տեմպը: Մասնավորապես, մեկ օրում գրանցվել է մահացության 552 դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 5 հազար 690 մարդ: Երկրում վարակվածության նոր դեպքերի թիվը 6 հազար 529 է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 340 է: Այստեղ գրանցվել է նոր հաստատված 2 հազար 469 դեպք:Կորոնավիրուսի նոր հաստատված 3 հազար 76 դեպք գրանցվել է Իրանում: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 35 հազար 408 է, մահացածներինը՝ 2 հազար 517: Ֆրանսիայում վարակի հաստատված դեպքերի թիվը 32 հազար 964 է, Մեծ Բրիտանիայում՝ 14 543, Շվեյցարիայում՝ 13 հազար 377, Նիդերլանդներում՝ 9 հազար 762: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 85 դեպք կա, Ռուսաստանում` 1264,  Թուրքիայում՝ 5 հազար 698:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:   ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: The Guardian-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի պատմության ընթաքում տնտեսական օգնության ամենախոշոր փաթեթի վերաբերյալ օրենքը՝ 2,2 տրիլիոն դոլար արժողությամբ օրինագիծը, որը նախատեսված է աշխատողներին և ձեռնարկություններին տրվող դաշնային օգնությունն արագացնելու համար: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 27-ին աճել է 15 հազարով: Նյու Յորքում հոսպիտալացված է կորոնավիրուսով վարակված 6000 մարդ, որոնցից մոտ 1600-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նյու Յորքի, Նոր Օռլեանի, Դեթրոյթի և վիրուսի տարածման այլ թեժ կետերի հիվանդանոցները ահազանգել են դեղերի, դեղորայքի և վերապատրաստված անձնակազմի պակասի մասին:   Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ 30 օրով արգելվում է բոլոր օտարեկրացիների մուտքը Բրազիլիա՝ անկախ ազգությունից: Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին, ինչպես նաև Բրազիլիայի քաղաքացիներին, միջազգային առաքելություն իրականացնող օտարերկրացիներին, բրազիլացիների մոտ բարեկամներին: Նախօրեին Բրազիլիայի իշխանություններն արգելել են  արտասահմանցիներին  երկրի նավահանգիստներում իջնել։ Ներկա պահին Բրազիլիայում վարակվածների թիվը հասնում է 3 477-ի, մահացել է 93 մարդ։   Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում: Այս պահի դրությամբ ապաքինվել է 49 մարդ: «Ռուսաստանի Դաշնության 62 շրջաններում այսօրվա դրությամբ արձանագրված է 1264 դեպք: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 4 մարդ, ընդհանուր առմամբ՝ ապաքինվածների թիվը 49 է»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում: Նշվում է, որ կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր թվով՝ 4 ռուսաստանցի է մահացել կորոնավիրուսի հետևանքով:   Կորոնավիրուսի հետևանքով մահացածների և վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդն է՝ Իտալիայից հետո Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 832 մարդ, ինչի արդյունքում մահերի թիվը հասել է 5690-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մեկ օրում հաստատվել է վարակման 8189 նոր դեպք, ընդհանուր թիվը կազմում է 72 248։ Ծանր վիճակում գտնվում է 4 հազար 500 պացիենտ։ 12 հազար 300 քաղաքացի արդեն ապաքինվել է։ Փաստացի բուժվողների թիվը Իսպանիայում կազմում է ավելի քան 54 հազար։   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:08 - 28 մարտի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին

Մարտի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարին: ՀՀ դեսպանն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի հայ համայնքում տիրող իրավիճակին, սահմանափակումների հետևանքով ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Վերին Լարսի անցակետի խնդրին, ներկայացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն և հյուպատոսություններ դիմող քաղաքացիներին հուզող հիմանական հարցերը: Ստորև` հատված հարցազրույցից. «Հարց. Պարոն դեսպան, մեր համայնքում կա՞ն վարակվածներ։ Ե՛վ ՌԴ քաղաքացիներ, բայց ազգությամբ հայեր, և՛ ՀՀ քաղաքացիների մասին է խոսքը։Վարդան Տողանյան. Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այլ տվյալներ այս պահին չունենք։ Հարց․ Դուք գիտեք, որ Ռուսաստանում կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք արտագնա աշխատանքի են եկել և շատերն օրավարձով են աշխատում։ Այս կարանտինն ու սահմանափակումները նրանց սոցիալական վիճակի վրա ինչպե՞ս են անդրադառնալու։  Վարդան Տողանյան․ Սա կարևորագույն հարց է, որն իրականում, տնտեսական հետևանքների առումով,  լուրջ ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա։ Այս խնդիրը մի շարք խնդիրների թնջուկ է, որովհետև այն սահմանափակումները, գործում են մի շարք ոլորտների վրա՝ շինարարություն, սպասարկման ոլորտ, մեծածախ առևուր, առևտրի կենտրոններ։ Սրանք կամ սահմանափակված են, կամ, մարդկանց քանակի, սահմանափակումների հետ կապված համարյա թե չեն աշխատում կամ փակվելու եզրին են։ Դա կնշանակի, որ այս ոլորտում ներգրավված ՀՀ քաղաքացիները, ինչպես սեզոնային այնպես մշտապես բնակվող,  և այդ ոլորտներում՝ շինարարության և առևտրի, ընդգրկվածների թիվն իսկապես շատ է, բնականաբար այս պահին ունեն խնդիրներ իրենց համապատասխան ձեռնարկությունները կամ օբյեկտները փակելու, ժամանակավորապես դադարեցնելու, Հայաստան վերադառնալու։ Եվ սա օբյեկտիվ խնդիր է․ չունենալով եկամուտներ, ՌԴ-ում գտնվելու հնարավորություն մեծ մասի մոտ այլևս չի լինի և ստիպված կլինեն վերադառնալ։ Խնդիրը կծագի քիչ ավելի ուշ, որովհետև սահմանափակումները նոր են սկսվել և մարդիկ պետք է կայացնեն համապատասխան որոշումներ։  Հարց. Ցամաքային սահմանի մասին խոսենք։ Ցամաքային սահմանը Վրաստանի միջոցով դեպի Ռուսաստան տեղափոխվելու, գիտեք, որ փակ է, բայց մեր արտահանումների մեծ մասը այդպես էր իրականացվում դեպի ՌԴ։ Արտահանումների մասով գործարարներն ի՞նչ դժվարություններ ունեն այս պահին։Վարդան Տողանյան․ Նախ այդ օրերին, երբ որ տեխնիկական պատճառներով փակված էր Վերին Լարսի սահմանը, կային կուտակումներ։ Այսօր, կարծես թե, այդ կուտակումները լրիվ չեն վերացել, որովհետև ժամանակ է անհրաժեշտ և փոխադրումների ժամկետը, տեխզննման համակարգը, դոլար, ռուբլի, դրամ հարաբերակցությունն է շեշտակի փոխվել, պայմանավորվածությունները, որ եղել են նախկինում, գները ռուսաստանյան խանութներում դեռ լիովին չեն փոխվել և չեն համաձայնեցվել նույն կուրսերի հետ։ Այսինքն, այստեղ կան նմանատիպ հարցեր և դա շարունակական կլինի, որովհետև մեր արտադրողները վարկավորվում են հիմնականում ԱՄՆ դոլարով, այստեղ վաճառքը ռուսական ռուբլով է։ Մյուս հարցն այն է, որ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սննդամթերը և այլն, բնականաբար դրանց կարիքը կա և կարծում եմ փոփոխություն չի լինի։ Ինչ վերաբերում է խմիչքներին և թեթև արդյունաբերության այլ արտադրանքներին, ոսկերչության ճյուղում, գիտեք՝ վերջին մեկ-երկու տարում մենք ռեկորդային առևտրատնտեսական աճ ունեինք` 29 տոկոս։ Այդ աճում ներառված էին նաև այդ ապրանքները՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, այդ թվում՝ խմիչքները (գինի, կոնյակ)։ Դրանց քանակը, բնականաբար, ըստ վերջին մեկ-երկու շաբաթվա վիճակագրության, որը մենք ստանում ենք  Ռուսասատանի էկոնոմիկայի նախարարությունից, խոսում են նրա մասին, որ այս ապրանքատեսակների կտրուկ նվազում կլինի ։ Հարց․ Երբ հայտարարվեց, որ Ռուսաստանը տարանցիկ ճանապարհ է Հայաստան վերադառնալու համար։ Ի՞նչ ցուցանիշներ ունենք, դիմու՞մ են արդյոք քաղաքացիները այս հարցով։ Եվ կորոնավիրուսի տարածման պայմաններում հիմնականում ի՞նչ հարցերով քաղաքացիները դիմում դեսպանատուն։  Վարդան Տողանյան․ Օդային ճանապարհը դեռ կա, և չվերթները այսօր դեռ տեղի են ունենալու։ Բայց Ռուսաստանի տարբեր մարզային կենտրոններից, մասնավորապես, Սոչիից, Կրասնոդարից, Ստավրոպոլից, Ռոստովից, Եկատերինբուրգից, Նովոսիբիրսկից դադարեցվեցին չվերթները։ Դա ինչ-որ չափով աժիոտաժ առաջացրեց, որովհետև մարդիկ նախ պետք է տեղաշարժվեն Մոսկվա, չնայած այն հանգամանքին, որ ներռուսաստանյան և դեպի Հայաստան տոմսերի գինը շեշտակի նվազել են։» Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է տեսանյութում:
10:51 - 28 մարտի, 2020
Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի 3 ամսից էլ կարճ ժամկետում․ «ՌԻԱ Նովոստի» |tert.am|

Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի 3 ամսից էլ կարճ ժամկետում․ «ՌԻԱ Նովոստի» |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ շուտ ժամանակում, գրում է ria.ru-ն։«Իմ գործընկերները հույս ունեն, որ երկու-երեք ամիս հետո կորոնավիրուսը կհաղթահարենք։ Սա վատ կանխատեսում չէ ։ Քանի որ որոշ երկրներում ասում են, որ վարակի դեմ պատերազմը կարող է շատ ավելի երկար տևել»,- հայտնել է ՌԴ նախագահը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նույնիսկ երեք ամսից էլ ավելի շուտ կհաղթահարեն։Նախագահի կարծիքով՝ Ռուսաստանում COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակը, անկասկած, դեպի լավը կգնա։ Նա ընդգծել է, որ որքան արդյունավետ ու կոշտ լինեն կորոնավիրուսի պատճառով ձեռնարկվող միջոցները, այնքան քիչ դրանք կտևեն:Նախօրեին Պուտինը հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին: Անբարենպաստ իրադրության կապակցությամբ երկրի ղեկավարն առաջարկել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ մարտի 28-ից ապրիլի 5-ը հայտարարվել է ոչ աշխատանքային:
17:21 - 26 մարտի, 2020
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր |civilnet.am|

Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արդյունաբերական ամենախոշոր ընկերությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետերերի նոր փոփոխություններ են կատարվել։ Սիվիլնեթը պարզել է, որ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին։  Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին հետաքննական հոդված էր հրապարակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ կոմբինատից Մաքսիմ Հակոբյանին և նրա որդիներին պատկանող բաժնեմասերն անցել էին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց։ ԶՊՄԿ-ի բաժնետերերի շղթայում գործում էր Walnort Finance Limited անունով ընկերությունը, որը կոմբինատի բաժնետերերի ցանկում հայտնվել էր 2018-ից։ Ընկերության միակ մասնակիցը շվեյցարացի Ժան Ժակ Լուի Փոլ Բաֆեն էր, որի մասին համացանցում տեղեկություններ առկա չէին, նա չէր պատասխանել ՍիվիլՆեթի հարցումներին, և հիմքեր կային կասկածելու, որ վերջինս պարզապես proxy person է՝ իրավաբանական ծառայություններ մատուցող ու ընկերություններ գրանցող անձ։  Նոյեմբերին, երբ կոմբինատը լրագրողական շրջայց և ասուլիս էր կազմակերպել, լրագրողներից մեկը ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Հայլին հարցրեց՝ արդյոք ճանաչում է Բաֆեին կամ շփվել է նրա հետ։ Հայլը բացասական պատասխան տվեց։  Կիպրական ընկերությունների ռեգիստրից ՍիվիլՆեթի ձեռք բերած փաստաթղթերից պարզ է դառնում, որ փետրվարի 3-ին Ժան Ժակ Բաֆեն ընկերության՝ Walnort Finance Limited-ի բաժնետոմսերն օտարել է ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Զուրաբովին, որը ներկայում տնօրինում է կոմբինատի 12,5 տոկոս բաժնեմասը։ Գործարքի ընթացքում Զուրաբովը հանդես է եկել որպես բիզնեսմեն։      Ո՞վ է Միխայիլ Զուրաբովը  Միխայիլ Զուրաբովը Ռուսաստանի քաղաքական համակարգի հայտնի դեմքերից է։ 1998-1999 թվականներին նա եղել է ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի խորհրդականը՝ սոցիալական հարցերի գծով, ապա նշանակվել է կենսաթոշակային ֆոնդի ղեկավար։ Հայտնի է սոցիալական ոլորտում բարեփոխումների իր փորձերով։ 2004-ից Զուրաբովը դարձել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարար, ապա եղել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդականը, իսկ հետագայում վերջինիս հրամանագրով նշանակվել Ուկրաինայում ՌԴ դեսպան` այդ պաշտոնում մնալով մինչ 2016-ը։ Ուկրաինայում ՌԴ դեսպանի պարտականությունները կատարելու ընթացքում էր, որ տեղի ուենցավ Մայդանը, սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները։  Միխայիլ Զուրաբովի եղբայրը՝ Ալեքսանդր Զուրաբովը, եղել է «Աերոֆլոտի» գլխավոր տնօրենը, խոշոր մի շարք այլ ընկերությունների բաժնետեր է։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:13 - 25 մարտի, 2020
ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիները ՌԴ տարածքը կարող են օգտագործել որպես տարանցիկ երկիր

ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիները ՌԴ տարածքը կարող են օգտագործել որպես տարանցիկ երկիր

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Խստագույնս հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։Տեղեկացնում ենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Խստագույնս հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը»։
10:29 - 25 մարտի, 2020
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք |hetq.am|

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք։ Վարակակիրների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 54 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 367-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Վարակակիրների թվում են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ Կորոնավիրուսի վարակման մեկ դեպք է գրանցվել Նովգորոդի մարզում, երկու դեպք՝ Կիրովի մարզում, մեկ դեպք՝ Արխանգելսկի մարզում, մեկ դեպք՝ Բրյանսկի մարզում, երկու դեպք էլ՝ Ուդմուրտիայի Հանրապետությունում։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ վարակակիրներն այցելել են այն երկրներ, որտեղ ավելի վաղ գրանցվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։ Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքներում։ Այդպիսով, վարակակիրների թիվը Ռուսաստանում հասել է 367-ի, որոնցից 191-ը գտնվում են Մոսկվայում։ Մարտի 20-ի տվյալներով՝ բժիշկների հսկողության տակ գտնվում է  շուրջ 52 700 մարդ։ Պանդեմիայի հայտարարումից ի վեր, կորոնավիրուսի կասկածով, երկրում բժշկի է դիմել շուրջ 104,5 հզր մարդ։
10:07 - 23 մարտի, 2020
Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ
 |tert.am|

Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ |tert.am|

tert.am: Ռուսաստանը մարտի 23-ից կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցնում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսավիացիային»:Աղբյուրի տվյալներով՝ թռիչքների սահմանափակումները կվերաբերեն նաև Ճապոնիային: Բացառություն կարվի միայն Մոսկվայից Տոկիո և Ստամբուլ ուղղությամբ կանոնավոր և ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար նախատեսված չարտերային չվերթների համար:ՌԴ կառավարությունն ավելի վաղ փակել է սահմանները Բելառուսի, Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Դադարեցել է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Շվեյցարիայի, Սերբիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Իրանի հետ:Մարտի 18-ից մինչև մայիսի 1-ն արգելվում է ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիրը:
17:03 - 22 մարտի, 2020
Իրականացվել է Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով․ Տիգրան Ավինյան

Իրականացվել է Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով․ Տիգրան Ավինյան

Գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյբության էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ «Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին: Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»։
19:12 - 21 մարտի, 2020