Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արսեն Թորոսյանը հանդիպել է տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից ՀՀ ժամանածհ այ և օտարազգի բուժաշխատողներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից ՀՀ ժամանածհ այ և օտարազգի բուժաշխատողներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Բուժաշխատողների պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում իրենց կողմից ցուցաբերած աջակցության համար՝ առաջարկելով նաև նրանցից շատերին մնալ Հայաստանում այստեղ գործունեություն և փորձի փոխանակում ծավալելու համար։ Բժիշկներից ոմանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում վերադառնալ Հայաստան՝ տեղի բժիշկների հետ իրենց մասնագիտական փորձը կիսելու և աշխատելու։ Նախարարը լսել է նաև բուժաշխատողների նկատառումներն ու աշխատանքի ընթացքում նկատած խնդիրները: Վերջիններս մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնց լուծման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել։
19:59 - 15 նոյեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին

Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ և կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է: Իհարկե, դեռևս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին և խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաև դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի և մենք անորոշություններից դուրս կգանք»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: «Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա: Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: «Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետևաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը: Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը: Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին և հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:
20:08 - 14 նոյեմբերի, 2020
Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր |armenpress.am|

Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային մակարդակով թթվածնի դեֆիցիտի խնդիր կա, Հայաստանը գործադրում է ամեն ջանք՝ այս առումով հզորությունները զարգացնելու համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այս պահին 73-ը (կորոնավիրուսով հիվանդներից-խմբ.) միացված են արհեստական շնչառության սարքերի: Սարքի պակաս չունենք: Ձեռքբերումներն արել ենք, և դեռ շարունակում ենք անել: Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի: Համաշխարհային դեֆիցիտ կա: Թթվածինն արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել»,-ասաց Թորոսյանը` հավելելով, որ երկրում թթվածնային հզորություններն աշխատում են  եզրագծի վրա: Նախարարի վստահեցմամբ՝ տիտանական ջանքեր են գործադրվում, որ հանկարծ որևէ խափանում չլինի: Փորձ է արվում նոր հզորություններ ձեռք բերել, չնայած ամառվա ընթացքում արդեն իսկ ձեռք է բերվել: Արդեն ձեռք են բերվել թթվածնի մեծ կայաններ, նաև մոտ 500 հատ թթվածնային խտացուցիչներ, կոնցենտրատորներ: Նա վստահեցրեց՝ փորձելու են ամեն ինչ անել, որ պահանջարկը ապահովեն:
14:29 - 09 նոյեմբերի, 2020
Հայաստանում Covid-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի

 |armenpress.am|

Հայաստանում Covid-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 1100-ին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի, գումարային առումով փաստացի մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներ կան: Այս պահին 73-ը միացված են արհեստական շնչառության սարքերի»,-ասաց Թորոսյանը: Անդրադառնալով հարցին, թե 14-օրյա բուժումից հետ ինչու՞ քաղաքացիներին դուրսգրումից առաջ չեն թեստավորում՝ նախարարն ասաց, որ ոչ բոլոր դեպքերում է, որ բուժումը լինում է 14-օրյա: Լինում է, երբ բուժումն ավելի կարճատև է տևում՝ 5-6 օր կամ ավելի կարճ, և լինում է, որ բուժումը շատ ավելի երկար է տևում՝ նույնիսկ ամիսներ: Սակայն, եթե քաղաքացին դուրս է գրվում, օրինակ, 14 օրը լրանալուց ավելի վաղ, այնուամենայնիվ, նրան ցուցվում է մինչև 14 օրվա ավարտը մնալ տանը: Վերջնական բուժման փաստն արձանագրելու թեստավորման նպատակահարմարությունը բացատրվել և հանվել է: Բուժված լինելու փաստը արձանագրվում է ոչ թե թեստավորմամբ, այլ կլինիկական լավացմամբ:
12:54 - 09 նոյեմբերի, 2020
Հայաստանը կստանա կորոնավիրուսի հայտնաբերման 50 հազար հակագենային թեստ

 |armenpress.am|

Հայաստանը կստանա կորոնավիրուսի հայտնաբերման 50 հազար հակագենային թեստ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք ՊՇՌ թեստերից ավելի արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա կորոնավիրուսը: Այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ուզում եմ մի լուր հայտնել, որը, հավանաբար, կհանգեցնի ՊՇՌ թեստերի գների իջեցման, դա նոր տեսակի հակագենային թեստերի ներմուծումն է Հայաստան: Այդ թեստերն ավելի արագ են հայտնաբերում վիրուսը և, հավանաբար, կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և մարդիկ ու բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել: Աշխարհում այդ միտումը կա, և մենք 50 հազար նման թեստ ենք ստանալու շուտով: Այդ ստացված թեստերն արվելու են անվճար»,- ասաց Թորոսյանը: Առողջապահության նախարարը հավելեց, որ այժմ ՊՇՌ թեստերից աշխարհում անցում է կատարվում հակագենային թեստերի:
12:13 - 09 նոյեմբերի, 2020
Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու իր հերթին. նախարարը ներկայացրեց համավարակի պատկերը
 |1lurer.am|

Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու իր հերթին. նախարարը ներկայացրեց համավարակի պատկերը |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային hարցերի հանձնաժողովների համատեղ նիստին նշեց, որ առողջապահական բյուջեի մասով 2021-ին մի փոքր աճ է սպասում: 2020 թվականի հաստատված բյուջեն տարվա սկզբում եղել է 27.1 միլիարդ, իսկ 2021-համար նախատեսվում է 27.9 միլիարդ դրամ: Ա.Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի թվերն օր օրի ավելի են ահագնանում: «Բոլորս շատ լավ գիտենք, որ մենք ունենք կորոնավիրուսի ահագնացող մեծ թվեր: Այսօր ունենք նոր 1042 նոր դեպք՝ կատարված 2358 թեստերից, այսպիսով գումարային մեր թվերը ստացվում են 107 հազար 466, ինչը, իհարկե, շատ մեծ է: Ունեցել ենք 21 մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը կրկին բարձր է»,- նշեց Թորոսյանը: Առողջապահական համակարգը գերլարված և գերմոբիլիզացված վիճակում աշխատելով՝ որևէ թերացում չունի ռազմական գործողություններից տուժածներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասով: «Կարող եմ ասել, որ 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ավելին՝ ունենք նաև ռեզերվներ, այլ զարգացուների համար նույնիսկ»,- նշեց Թորոսյանը: Քովիդ-19-ի դեպքում, ըստ նախարարի, պատկերն այլ է. չնայած մոբիլիզացիային, ունենք սահմանափակ ռեսուրսներ: Ռեսուրսներն օգտագործվում են ըստ ցուցումների: «Դրանք պացիենտների առողջական վիճակն են՝ ծանրից դեպի ավելի թեթև: Այսինքն՝ մեր խնդիրն է հնարավորինս ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հոսպիտալացնել և օգնություն ցուցաբերել, իսկ ոչ ծանր և թեթև վիճակում գտնվող պացիենտներին փորձել բուժել տանը»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ առավոտվա դրությամբ կա 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին Քովիդ-19-ով ցուցված բուժօգնություն ստանալու:
11:37 - 09 նոյեմբերի, 2020
Առաջնահերթությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությանը․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առաջնահերթությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությանը․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 6-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ։ Հրամանում ասվում է․ «1. Լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) տնօրեններին՝ 1) Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական կազմակերպությունում առաջնահերթություն տալ ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև մշտապես ունենալ ազատ մահճակալներ՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը անխափան և ժամանակին կազմակերպելու համար, 2) բժշկական կազմակերպությունում մատուցել պացիենտների շտապ և անհետաձգելի, ինչպես նաև պլանային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան, 3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել ըստ առաջնահերթության՝ հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը»։
16:33 - 07 նոյեմբերի, 2020
Սևանի բժշկական կենտրոնում խնդիր է դրվել մեծացնելու բաժանմունքի հագեցվածությունը․ Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիք

Սևանի բժշկական կենտրոնում խնդիր է դրվել մեծացնելու բաժանմունքի հագեցվածությունը․ Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, շրջել բժշկական կենտրոններով և ծանոթացել վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժման ընթացքին։ Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների կարիքներով, ծանոթացել ծանր վիճակում գտնվող վիրավորների բուժման ընթացքին։ Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել ծառայությունների կազմակերպմանը և համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները։ Այնուհետև Արսեն Թորոսյանը եղել է Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ ծավալված են և՛ վիրավորների և՛ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բաժանմունքներ։ Տեղում որոշում է կայացվել մեծացնել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը։ Նախարարը ծանոթացել է նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքներին, որը չնայած պատերազմական իրավիճակին, ընթանում է լայն տեմպերով։ Գավառի բժշկական կենտրոն այցի ընթացքում որոշում է կայացվել բացել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունք, որի շուրջ արդեն իսկ սկսվել են ինտենսիվ աշխատանքներ։ Իսկ Սևանի բժշկական կենտրոնում խնդիր է դրվել մեծացնելու բաժանմունքի հագեցվածությունը, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ պացիենտների սպասարկել։ Նախարարը շնորհակալություն է հայտնել թե զինվորներին՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու և թե բուժանձնակազմերին՝ թիկունքում պայքարելու և կյանքեր փրկելու համար։
21:08 - 30 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին` համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար և ընդգծել իր անհանգստությունը` համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ, մասնավորապես, որ ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը: «Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նախարարը: Հանս Կլյուգեն ներկայցնելով մինչ այս Հայաստանին տրամադրված աջակցությունը, հավելել է, որ վիրավորների բուժօգնության համար մեր երկրին է տրամադրվել նաև տրավմատիկ և վիրաբուժական գործիքների հավաքածուներ:Նշենք, որ համավարակի սկզբից սերտ համագործակցություն է եղել ԱՀԿ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև, ցուցաբերվել է թե տեխնիկական աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կառավարման, վարակի կանխարգելման, վերահսկման և այլ ուղեցույցների մշակման և թե նյութական` թեստերի, ռեագենտների, բժշկական սարքերի, և այլ պարագաների տրամադրման գործում: Համագործակցության շրջանակներում նաև կազմակերպվել են բժշկական մասնագիտական թիմերի այցեր: Կողմերը հաստատել են, որ փոխգործակցությունը շարունակում է ընթանալ խիստ համակարգված:
17:35 - 28 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:   Բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը` նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունը:   Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել շաբաթներ առաջ դեղամիջոցների տեսքով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված օժանդակության համար և նշել, որ դրանք ծառայում են իրենց նպատակին: Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության ոլորտը պատրաստ էր կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելուն, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի բժշկական կենտրոնները համալրել նոր սարքերով և դեղորայքով:   Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին Covid-19-ի ընթացքում հնդիկ ուսանողներին հոգ տանելու համար:   Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունն առողջապահության բնագավառում:
18:58 - 27 հոկտեմբերի, 2020
Նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,  նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար: Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:
23:30 - 24 հոկտեմբերի, 2020
Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորին են պետք․ Արսեն Թորոսյանի կոչը

Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորին են պետք․ Արսեն Թորոսյանի կոչը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը.«Հարգելի՛ հայրենակիցներ,Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:Սիրելի՛ ժողովուրդ,Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:Թու'յլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ.Բժիշկներն այս պահին զինվորին են պետք»։ 
15:39 - 24 հոկտեմբերի, 2020
Առողջապահական համակարգը իր սովորական աշխատանքից բացի դիմակայում է նաև երկու ծանրագույն մարտահրավերների․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

Առողջապահական համակարգը իր սովորական աշխատանքից բացի դիմակայում է նաև երկու ծանրագույն մարտահրավերների․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ տրամադրված բոլոր սարքերը, պարագաներն ու թեստերը ծառայում են իրենց նպատակին: Ներկայացնելով իրավիճակը՝ նախարարն ընդգծել է, որ առողջապահական համակարգը հայտնվել է բարդ դրության մեջ, քանի որ իր սովորական աշխատանքից բացի դիմակայում է նաև վերոհիշյալ երկու ծանրագույն մարտահրավերներին: Լին Թրեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանն արդեն լավ փորձ ունի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչը հնարավորություն է տալիս ավելի հեշտ շարունակելու և բարելավելու բուժման կազմակերպման աշխատանքները: Այդուհանդերձ դեսպանը տեղեկատվություն է խնդրել առողջապահական համակարգի կարողությունների վերաբերյալ: Լին Թրեյսին համաձայնել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը նոր մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ լուծման համար` հայ բժիշկներին նոր գիտելիքներ են անհրաժեշտ: Նա պատրաստակամություն է հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել այս առումով: Միաժամանակ, կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ:
19:24 - 23 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել:
10:50 - 18 հոկտեմբերի, 2020