Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Առողջապահության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

Առողջապահության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով: Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով` զրուցել զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ` ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում նաև շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բժշկական անձնակազմերին այս ճակատում «կռվելու» և զինվորների կյանքը փրկելու համար:
21:20 - 17 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները: Հանդիպման ընթացքում դեսպան Լաքոտն իր զորակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին և ընդգծել, որ ինչպես երկու պետությունների ղեկավարների, այնպես էլ երկկողմ մակարդակով տարբեր շփումների ընթացքում ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով հայկական կողմի հետ համագործակցության ավելի խորացման վերաբերյալ: Նախարար Թորոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ առողջապահության նախարարության իրականացրած միջոցառումները և ընդգծել, որ նման իրավիճակում կարևոր է նաև միջազգային համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում նախարար Թորոսյանը խնդրանքով դիմել է  Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու Հայաստանի առողջապահության համակարգին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները՝ նշված դժվարությունները հաղթահարելու համար։ Դեսպան Լաքոտը հաստատել է Ֆրանսիայի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին այդ ասպարեզում աջակցելու և շատ մոտ ապագայում կոնկրետ  օգնություն տրամադրելու հարցում։
20:12 - 17 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները: «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից շուտով Հայաստանին կտրամադրվի ևս մեկ շարժական լաբորատորիա»,- ասել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել աջակցության համար:  Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն այն բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը: «Այնպես է ստացվել, որ այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. առաջին ուղղություն` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային համավարակ, որն աճի միտում է ցուցաբերում վերջին շրջանում ինչպես մեզ մոտ, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ երրորդ, հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի առողջապահական ոլորտը նաև տրամադրում է համապատասխան աջակցություն՝ ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով: Առողջապահական համակարգի 3 ուղղություններով ծանրաբեռնվածությունն, իհարկե, որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց մենք կարողանում ենք հաղթահարել»,- նշել է նախարարը: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու և ամրապնդելու առողջապահության ոլորտում համագործակցությունը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։
13:08 - 17 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը: «Ես շատ շնորհակալ եմ հրավերին արագ արձագանքելու համար, քանի որ իրավիճակն է այդպես պահանջում: Անշուշտ, տեղյակ եք Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետ: Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը կազմակերպում է Արցախում վիրավորված քաղաքացիական անձանց, Հայաստան տեղափոխված քաղաքացիների ամբողջական բժշկական օգնությունը: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում, պետք է շարունակենք պայքարը նաև այս ուղղությամբ», - նշել է նախարարը: Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր ջանքեր գործադրելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների միջև հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ հնարավոր փոխգործակցությունը խթանելու համար:
12:45 - 16 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանն շրջել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում վիրավորում ստացած զինվորներ

Արսեն Թորոսյանն շրջել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում վիրավորում ստացած զինվորներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներ: Շրջայցի ընթացքում նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքվել վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Արսեն Թորոսյանը համոզվել է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար: Միաժամանակ, նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում: Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով` գնահատելու վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր և հավաստիացել, որ թե' բուժանձնակազմերը, թե' կազմակերպությունները լիովին պատրաստ են որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու մեր զինվորներին: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին նվիրումի համար և ընդգծել, որ այս ռազմաճակատում մենք էլ ենք հաղթելու:
19:04 - 12 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին․ Արսեն Թորոսյանի բաց նամակը ԱՀԿ տնօրենին

Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին․ Արսեն Թորոսյանի բաց նամակը ԱՀԿ տնօրենին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պարոն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Ղեբրեյեսուս, Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ: Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը, ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում, զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով: Չնայած, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը, մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ հարձակումների արդյունքում ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։ Հարգելի գլխավոր տնօրեն, Ներկայումս մենք ականատես ենք մարդասիրական աղետի Արցախի Հանրապետությունում, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից: Ողջ խաղաղ բնակչությունը՝ ներառյալ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական ​​վտանգի տակ են: Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար: Եթե ​​Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»։
23:12 - 11 հոկտեմբերի, 2020
Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը: Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով: «Մեզ համար շատ կարևոր է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակումը»,- ասել է առողջապահության նախարարը և հույս հայտնել, որ համատեղ և համաձայնեցված միջոցառումների շնորհիվ մոտ ապագայում կգրանցվեն դրական արդյունքներ COVID-19-ի դեմ պայքարում: Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին և այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու փոփոխություններին: «Ուզում եմ տեղեկացնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական լաբորատորիաներն արդյունավետ գործում են»,- նշել է նախարարը` հավելելով, որ փոխգործակցության հիմքում տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված կառուցողական աշխատանքներն են: Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության ներկայիս սրված իրավիճակին, որի հետևանքով առողջապահության նախարարությունը զբաղվում է թե' վիրավորների տեղափոխմամբ, և թե' նրանց բուժօգնության կազմակերպմամբ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է համակարգի համար: Աննա Պոպովան շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ չնայած լարված իրադրությանը` բոլոր ասպեկտներում մշտապես կա ակտիվ համագործակցություն, ամեն հարցում աջակցելու, ցանկացած տեղեկատվություն փոխանակելու երկուստեք պատրաստակամություն, ինչի շնորհիվ հնարավոր է ձևավորել համատեղ դիրքորոշում, որը հնարավորություն կտա դիմակայելու համավարակին և այլ մարտահրավերներին: Կողմերը քննարկել են սահմանների բացման, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման հարցերը: Նախարարը շեշտել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցման համար երկրները պետք է կիրառեն համատեղ, հուսալի և հստակ պահանջներ, որոնք կապահովեն մի երկրից մյուսը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Գործընկերներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ընթացքին և ձեռքբերման հնարավորություններին: «Ուզում եմ նշել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, ինչպես և գրիպինը, չի երաշխավորում, որ տվյալ մարդն էլ երբեք չի վարակվի, սակայն այն երաշխավորում է, որ կրկին վարակված մարդու մոտ հիվանդությունը կանցնի ավելի թեթև և առողջության վատթարացում չի լինի»,-մանրամասնել է Աննա Պոպովան:«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը նոր են մշակվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, մենք հետաքրքրություն կցուցաբերենք այն ձեռք բերելու համար այն դեպքում, եթե կլինիկական փորձարկումները հաստատեն պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը»,- նշել է Արսեն Թորոսյանը: Կողմերը հանդիպումը որակել են արդյունավետ և հավաստիացել, որ ընդլայնված համագործակցությունը կլինի փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ուղղություններով:
13:56 - 09 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է․ շրջելու է բժշկական կազմակերպություններում` վերջիններիս հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը գնահատելու համար

Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է․ շրջելու է բժշկական կազմակերպություններում` վերջիններիս հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը գնահատելու համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցերը շարունակվում են: Այս պահին նա Սյունիքի մարզում է: Նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը գնահատելու համար: Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ քննարկել են մարզում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպչական հարցերը:  Նախարարը նշել է, որ Գորիսի, ինչպես նաև մյուս բժշկական կազմակերպությունները պետք է մշտապես պատրաստ և զգոն լինեն` հաշվի առնելով  ստեղծված այս իրավիճակում վիրավորներին բուժօգնություն ցույց տալու առաջնահերթությունն ու տարածաշրջանի կարևորությունը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն ու առհասարակ ողջ բժշկական հանրույթն ամուր կանգնած է մեր հայրենակիցների կողքին: Շրջայցի ընթացքում Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժածներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Զրուցելով վիրավորների և հարազատների հետ` նախարարը մաղթել է առողջություն, տոկունություն և շուտափույթ ապաքինում: 
18:13 - 06 հոկտեմբերի, 2020
Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը․ Արսեն Թորոսյան

Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը․ Արսեն Թորոսյան

Մատակարարումներն արվում են անխափան։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Բժշկական անձնակազմի խնդիր եւս չունենք, նույնիսկ իրենք են խնդրում գնալ արցախցի կոլեգաներին օգնելու։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են»,- նշեց նախարարը։ Արսեն Թորոսյանն ասաց, որ ծանոթ են վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին։ «Այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։ Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Հազվադեպ է լինում, որ վիրավորների ճանաչման պրոցեսը բարդ է լինում։ Բայց այս հարցով էլ զբաղվում ենք»,- հայտարարեց նա՝ ասելով, որ վիրավորների մեծ մասը միջին եւ թեթեւ ծանրության են։ Նրա խոսքով՝ ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորներ էլ կան, փոքր տոկոս են կազմում, բայց բժշկական անձնակազմը խիստ ուշադրություն է կենտրոնացրել նրանց բուժման ուղղությամբ։ «ՀՀ տեղափոխված բոլոր քաղաքացիներին ՀՀ կառավարությունը տրամադրում է հնարավոր ամենամեծ առողջապահական փաթեթը»,- ընդգծեց նախարարը։ Թորոսյանն ընդգծեց, որ անհապաղ լուծման անհրաժեշտ սարքերի կարիք որպես այդպիսին չկա, որովհետեւ մեր ունեցած սարքերը տեղափոխվում են՝ ըստ անհրաժեշտության։ «Մենք նաեւ առաջանցիկ գնումներ ենք կազմակերպում, եւ եթե կլինեն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կուզենան օգնել, խնդրում եմ դիմեն Առողջապահության նախարարությանը»,- եզրափակեց առողջապահության նախարարը։
10:54 - 06 հոկտեմբերի, 2020
Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են․ Արսեն Թորոսյան

Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են․ Արսեն Թորոսյան

Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, եւ որեւէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները ե՛ւ ռազմական օբյեկտներն էին, թե՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Արցախի բժշկական համայնքը եւ ՀՀ-ից մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտն ու այլ քաղաքները ռմբակծության տակ են, եւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին»,- նշեց Թորոսյանը։ Նախարարը ընդգծեց, որ ականատես է եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին։ «Հիվանդանոցն ուղղակի դղրդաց, եւ հավանականությունը մեծ էր, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին։ Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրություննը՝ մեր բժշկական անձնակազմ այնպիսի տպավորություն ունի, որ չի բացառվում ուղիղ հարված լինի նաեւ բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,- հավելեց նա։ Թորոսյանը ասա, որ ամբողջ Ստեփանակերտը նման բեկորների մեջ է այս պահին և ցույց տվեց այն։ «Արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին, նույնիսկ մեքենայով տեղափոխվելու ընթացքում ականատես ես լինում քանդված, հողին հավասարեցված շենքերին, ինչն անթույլատրելի է։ Չնայած այս ամենին՝ մենք մեր հայրենակիցների կողքին ուժեղ կանգնած ենք, Հայաստանի եւ Արցախի ողջ բժշկական հանրությունը իր մյուս ոչ պակաս կարեւոր գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք»,- նշեց Արսեն Թորոսյանը։ Նախարարը նաև ասաց, որ այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են, որովհետեւ այս պատերազմը, փաստացի, օդային կամ հրետանային կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։ «Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով եւ արյան պաշարներով։
10:47 - 06 հոկտեմբերի, 2020
Առողջապահության նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար

Առողջապահության նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Արդեն երկու օր է, ինչ նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար: Լինելով բուժաշխատողների կողքին և անմիջական մասնակցելով բուն գործընթացներին` Արսեն Թորոսյանը հավաստիացել է, որ բոլոր բժշկական կազմակերպությունները ներկա պահին հագեցած են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով, շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով: Միաժամանակ, բուժաշխատողների առաջնագծում ծառայելու պատրաստակամության շնորհիվ` առողջապահության նախարարության միջոցով կենտրոնները համալրված են համապատասխան նեղ մասնագետներով:
15:47 - 05 հոկտեմբերի, 2020