Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները

 ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Հակոբ Սիմիդյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր մակարդակի համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում՝ մասնավորապես, առևտրաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության։ «Իմ գոհունակությունն եմ հայտնել, որ Հայաստան պատվիրակության այցի ընթացքում Երևանում գումարվելու է նաև միմյանց մայրաքաղաքներում ամենամյա հաճախականությամբ անցկացվող Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր երկրների երկուստեք բարեկամական հարաբերությունները և համատեղ աշխատելու պատրաստակամությունը՝ ամենալայն համագործակցային փաթեթով։ Ուրախ եմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կստորագրվի երկար նախապատրաստած և շատ կարևոր հուշագիր, որով մենք կարող ենք նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության նոր ուղղություններ սահմանել և զարգացնել»,-նշել է նախարարը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը ևս անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և նույնպես փաստել, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մշտապես առկա է եղել ջերմ բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, էկոզբոսաշրջության ոլորտի խնդիրները։ Անդրադարձ է կատարվել Արաքս սահմանային գետի հետ կապված վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին և արձանագրած հաջողություններին: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և իրանական կողմից ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մասնագետի գլխավորությամբ ավելի ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ամիսներ անց առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։ «Անդրադարձ է եղել նաև ջրամբարների կառուցմանը և հայկական կողմի անունից ևս մեկ անգամ հաստատակամություն եմ հայտնել համագործակցելու ջրամբարների նախագծման և ջրային ռեսուրսների ոլորտում այլ ծրագրերի համագործակցության հարցերում։ Մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություները տարբեր ոլորտներում, և հույս ունեմ այս այցը խթան կհանդիսանա հայ-իրանական կապերն ամրապնդելու և շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի օրակարգի ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- նշել է նախարարը։ Հանդիպման ավարտին նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայկական կողմին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու շրջակա միջավայրի ոլորտում և, հատկապես, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրանական փորձին։
17:31 - 11 մայիսի, 2022
Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկո Սխերմեսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։   Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակին։   «Նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները և մեր կառավարությունների համագործակցությունը»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կակտիվանա նաև շրջակա միջավայրի ոլորտում, և հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ կներդրվեն առավելագույն ջանքեր։   «Վստահ եմ, այս հանդիպումը խթան կհանդիսանա շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության եզրեր գտնելու և համատեղ օրակարգ ձևավորելու համար»,- նշել է նախարարը։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թափոնների կայուն կառավարման և կանաչ էներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։   Պարոն դեսպանը տեղեկացրել է Նիդերլանդների դեսպանատան և «Նորարարական լուծումներ համայնքների կայուն կառավարման համար» ՀԿ-ի համատեղ ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել ՀՀ խորհրդարանին, Սահմանադրական դատարանին և Ազգային անվտանգության խորհրդին՝ աղբի տեսակավորման աղբամաններ տեղադրելով և համապատասխան դասընթացներ անցկացնելով: Ծրագրի միջոցով ընդգծվում է թափոնների տարանջատման կարևորությունը և խթանվում է թափոնների՝ որպես ռեսուրսի գաղափարը։   Նախարար Հակոբ Սիմիդյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից որպես շահագրգիռ գերատեսչություն նմանատիպ ծրագրերին մասնակցության պատրաստակամություն է հայտնել։ Նախարարը դեսպանին խնդրել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ կիսվել Նիդերլանդների Թագավորությունում բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման հաջողված փորձով։   Հանդիպման ավարտին կողմերը ուրվագծել են հետագա համագործակցության առաջնահերթությունները և սերտ համագործակցության և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:  
19:12 - 05 մայիսի, 2022
Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆ

Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՇՄ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին: Նախարարությունը պարզաբանել է, որ Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։ «ԶԼՄ ներկայացուցիչ մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չանել քաղաքական ենթատեքստեր պարունակող անհարկի շահարկումներ։ Տիկին Աննա Մազմանյանը ինքը կփաստի, որ իր աշխատանքից ազատումը չի պարունակում քաղաքական տարրեր։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մազմանյանին և հաջողություն մաղթում իր հետագա գործունեության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ:
13:20 - 28 ապրիլի, 2022
«Սնդիկի մասին» օրենքն ուժի մեջ է մտել

«Սնդիկի մասին» օրենքն ուժի մեջ է մտել

«Սնդիկի մասին» օրենքն ապրիլի 22-ից ուժի մեջ է մտել, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:  Դրանով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։ Օրենքի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:   Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից։ Դրա նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:   Ի կատարումն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների՝ 2020 թվականից հետո կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են կոնվենցիայում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը և արտահանումը։   Օրենքի ուժի մեջ մտնելով արգելվում է սույն մասով նախատեսված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը.   մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է.   անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով.   փոքր չափի լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը` լամպի մեկ այրիչի հաշվով.   խողովակաձև լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար. ա. մինչև 60 վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով և լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ, բ. հալոֆոսֆատային լյումինոֆորով, 40 վատտ կամ պակաս հզորությամբ և լամպում 10 մգ-ից ավելի սնդիկի պարունակությամբ.   բարձր ճնշման սնդիկային լամպեր ընդհանուր լուսավորության համար.   սառը կաթոդային լյումինեսցենտային լամպեր և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպեր էլեկտրոնային դիսփլեյների համար.   ա. կարճ (մինչև 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով, բ. միջին (500 միլիմետրից ավելի մինչև 1500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով, գ. երկար (1500 միլիմետրից ավելի), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.   կոսմետիկ միջոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում` մաշկը գունաբացող օճառներ և քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ, և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտ փոխարինիչներ.   պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ.   ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումները՝ – բարոմետրեր. – հիգրոմետրեր. – մանոմետրեր. – ջերմաչափեր. – սֆիգմոմանոմետրեր։  
14:53 - 23 ապրիլի, 2022
Արաքսի երկայնքով իրականացվում են նմուշառման աշխատանքներ. ՇՄՆ պարզաբանումը՝ գետ քիմիական նյութեր լցվելու վերաբերյալ

Արաքսի երկայնքով իրականացվում են նմուշառման աշխատանքներ. ՇՄՆ պարզաբանումը՝ գետ քիմիական նյութեր լցվելու վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան մամուլում տարածվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը լցվել են Արաքս գետը և վնասել շրջակա միջավայրը» վերտառությամբ հրապարակումների:   Հաղորդվում է՝ խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության կենտրոնում։   «Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։   Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ (տեսանյութը կցվում է) և Արաքս գետ չեն լցվել։   Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից (լուսանկարը կցվում է)։   Մաքրման աշխատանքները շարունակվում են։   Ինչ վերաբերում է հրապարակումներում առկա պնդմանը, թե էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը, ԶԼՄ մեր գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։   Փաստի առթիվ շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է պարզաբանման մեջ:  
15:30 - 19 ապրիլի, 2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր հնարավորություն ունենք քննարկելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը»,- ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։ Վկայակոչելով հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները, նախարարը փաստել է, որ առկա են բոլոր նախադրյալները բնապահպանության ոլորտում համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար։ Նշվում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին շրջակա միջավայրի ոլորտում, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցերի լայն շրջանակ: Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը զեկույցի տեսքով իրանական կողմի գործընկերներին է ներկայացրել երկկողմ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը կրկին անդրադարձել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունների։ «Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ մենք կարևորում ենք ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու ակտիվացումը։ Համատեղ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչումը վստահաբար կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,-նշել է նախարարը և վերահաստատել հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին։
19:58 - 12 ապրիլի, 2022
Հաստատվել են 2022 թվականի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակները. ընդունվում են հայտեր

Հաստատվել են 2022 թվականի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակները. ընդունվում են հայտեր

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշմամբ հաստատված՝ որոշման հավելվածով հաստատվել է 2022 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները:   «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝   ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս.  ձկնորսական ուռկանները (ցանցերը) պետք է լինեն կապարակնքված, վնասված ոչ պիտանի ձկնորսական ուռկանների (ցանցերի) չօգտագործման դեպքում համապատասխան արձանագրության կազմում.  «սիգ» ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա. սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի). արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր). Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը: Սևանա լճում «սիգ» ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. ապրիլի 14-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:
15:42 - 04 ապրիլի, 2022
Հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2022 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։   Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2022 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։   Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:   Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը։   Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
19:28 - 31 մարտի, 2022
Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել. արձանագրում են մասնագետն ու նախարարությունը |armenpress.am|

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել. արձանագրում են մասնագետն ու նախարարությունը |armenpress.am|

armenpress.am: Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել: Այս փաստն արձանագրում են առևտրի կետերը, բնապահպանական կազմակերպությունները և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Մի քանի  խոշոր սուպերմարկետներում նշեցին, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի կտրուկ նվազում դեռևս չկա, բայց նկատվում է փոփոխություն: Արդեն կան մարդիկ, որոնք օգտվում են տոպրակների այլընտրանքային տարբերակներից՝ կտոր, թուղթ: Կան նաև գնորդներ, որոնք հենց պոլիէթիլենային տոպրակն են բազմակի անգամ օգտագործում: Սուպերմարկետներում արձանագրում են, որ այլընտրանքային ու բազմակի տոպրակներ օգտագործողների թիվը մեծ չէ: «Էկո աղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը նշեց, որ դեռևս ուսումնասիրությունների համար շուտ է, քանի որ, ըստ ստացված տվյալների՝ առայժմ դրական արդյունք չկա: Երևանում որոշ սուպերմարկետներում տոպրակները փոխարինվել են ավելի հաստ տեսակներով ու դրվել վաճառքի, բայց կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները դեռ դուրս չեն եկել շրջանառությունից և օգտագործվում են մեծ քանակով: Նրա կարծիքով՝ մարզերում պատկերն ավելի վատ է, ու մի քանի խանութներ այցելություններից պարզ է դարձել, որ դեռևս չեն հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից՝ մեկնաբանելով, որ տեղեկացված չեն եղել: «Վստահաբար կարող եմ ասել, որ օրենքն ընդունելուց առաջ ճիշտ քայլեր չեն ձեռնարկվել: Համապատասխան կառույցների հետ աշխատանք նախապես չի տարվել, նշվում է, որ ծանուցումներ եղել են, բայց դա բավարար չէ: Այս պահին կարելի է ասել, որ գործընթացը մի փոքր հունի մեջ է մտնում, բայց դա չի նշանակում, որ պոլիէթիլենային աղբը նվազելու է: Ամենևին, ավելի է շատանալու, որովհետև մարդիկ նորից գնում են ու օգտագործում են շատ ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ»,- եզրափակեց Հռիփսիմե Մկրտչյանը: Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց, որ արտադրողների շրջանում իրականացրած հարցումների արդյունքը ցույց է տվել, որ կա արտադրական ծավալի կրճատում, ինչպես նաև կան փոքր արտադրողներ, որոնք արդեն փակվել են: «Բայց, իհարկե, ես համաձայն եմ,  որ մենք այն արդյունքը չենք ստացել, ինչը, միգուցե, ակնկալում էինք: Այստեղ ավելի շատ հսկողության բացն է մի փոքր, բայց պետք է նշեմ, որ այդ հսկողությունն իրականացնող մարմինների հետ մենք  պարբերաբար աշխատում ենք: Եթե մենք հսկողությունն ուժեղացնենք, օրենքի նշանակությունը կարծում եմ արդարացված կլինի»,-ասաց նա: Մասնագետը մի կողմից էլ նշեց, որ տոպրակների հաստացման պարագայում աղբանոցներից և շրջակա միջավայրից հավաքագրումը դարձել է ավելի հեշտ  և ավելի շատ է հավաքվում, ինչը հետագայում հանձնվում է վերամշակման: Նախկինում նույնպես իրականացվում էր, բայց բարակ տոպրակները հավաքելը ավելի դժվար էր, քանի որ հավաքողները կիլոգրամով էին հանձնում և կիլոգրամի դիմաց էին վճարվում: Այս նոր, ավելի հաստ տոպրակների դեպքում ավելի ձեռնտու է դառնում այդ գործընթացը: «Մենք  առաջին եռամսյակից հետո կիրականացնենք ստուգումներ, հարցումներ հասկանալու համար, թե արդյոք պոլիէթիլենային տոպրակների վաճառքի  ծավալները նվազել են, որոնք են թերացումներն ու բացերը»,- եզրափակեց Լուսինե Ավետիսյանը:
10:52 - 29 մարտի, 2022
Հայաստանում կարգելվի սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը |armenpress.am|

Հայաստանում կարգելվի սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։ Ազգային ժողովին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ նախագծի նպատակը  մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից: ««Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են Կոնվենցիայում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը»,- ասաց Գաբրիելյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի եւ սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից: «Սույն նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և կատարվել են համապատասխան փոփոխությունները»,- հավելեց Գաբրիելյանը։ Հարակից զեկուցող ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։
12:26 - 22 մարտի, 2022
ՇՄ-ն ահազանգ է ստացել Սպիտակին հարակից տարածքի աղտոտման դեպքերի մասին

ՇՄ-ն ահազանգ է ստացել Սպիտակին հարակից տարածքի աղտոտման դեպքերի մասին

Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։   Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն խնդրելու՝ մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։   Նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։  
16:37 - 18 փետրվարի, 2022
ՀՀ Կառավարությունը կարևորում է մեր երկրների միջև գործընկերային հարաբերությունները. ՇՄ նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

ՀՀ Կառավարությունը կարևորում է մեր երկրների միջև գործընկերային հարաբերությունները. ՇՄ նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը և նախարարի խորհրդական Է․ Հունանյանը։   Ողջունելով հյուրերին՝ նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ «Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։   Հայաստանի Կառավարությունը չափազանց կարևորում է մեր երկրների միջև ջերմ և գործընկերային հարաբերությունները։ Խորհրդանշական եմ համարում նաև այն զուգադիպությունը, որ դուք առաջին դեսպանն եք, ում հետ հանդիպում եմ նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո»,- նշել է նախարարը։   Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ Կառավարության «10 մլն» ծառ նախաձեռնությանն առաջիններից արձագանքելու և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում լիտվական անտառ հիմնելու համար և տեղեկացրել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խնամում և ամենայն հոգատարությամբ են վերաբերվում մեր երկրների բարեկամության խորհրդանիշ անտառին։   Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հղում անելով մեր երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական երկխոսության առկայությանը, պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս ջանքեր գործադրել՝ ուղղված շրջակա միջավայրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությանը։   Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։   2021 թվականից մեկնարկել է «Ապակե և պլաստիկե թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագիրը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և Լիտվայի Հանրապետության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության մասնակցությամբ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Թափոնների կայուն կառավարում. Լիտվայի փորձը և ԵՄ տեսլականը» խորագրով վեբինար, ինչպես նաև ՀՀ 5 ներկայացուցիչների (շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի գլխավորությամբ) մասնակցությամբ ուսուցողական այց է կայացել Լիտվա։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ապակյա և պլաստիկե տարաների դեպոզիտային (վերադարձման) համակարգի լիտվական առաջադեմ փորձին և ուսումնասիրել մոդելի ներդրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում։   «Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է ՀՀ-ում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման աշխատանքները՝ որպես հանձնառություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման պարտավորությունը մինչև 2023 թ. իրականացնելու համար կարևոր է օրենսդրական շրջանակի մշակումը։ Հաշվի առնելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցությունը լիտվական կողմի հետ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թ. դեկտեմբերի պաշտոնապես դիմել է լիտվական կողմին՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման շրջանակներում օրենսդրական շրջանակի մշակման օժանդակության համար։ Տիկին Ստանիտե-Տոլոչկիենեն պատրաստակամություն է հայտնել օժանդակել շրջակա միջավայրի նախարարությանը՝ ծրագրի կյանքի կոչման հարցում։   Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանի տեղադրումը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության կողմից:   Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը առանձնակի շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին՝ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ակտիվ գործունեության համար։   Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին, և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի։
17:59 - 15 փետրվարի, 2022