Գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի, պետական վնասի վերականգնման ու Մարտի 1-ի գործի մասին
 |civilnet.am|
12:14 - 21 ապրիլի, 2023

Գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի, պետական վնասի վերականգնման ու Մարտի 1-ի գործի մասին |civilnet.am|

civilnet.am: Ապրիլի 21-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց դատախազության 2022-ի գործունեության հաղորդումը։

Նա հայտնեց, որ 2022-ին Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1 858 դեպք (2021-ի՝ 1 924-ի դիմաց)։ Դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով։

«Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի նվազմամբ։ 2022-ին աճել են կաշառք տալու, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը»,- նշեց Վարդապետյանը։ Ըստ նրա՝ կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազում է եղել։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2022-ին կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 2 մլրդ 222 մլն դրամ, վերականգնվել է 873 մլն դրամը։ Դատարաններում քննվել ու ավարտվել է 99 գործ։

2022-ին դատախազությունը հասցրել է մի հայց ներկայացնել գործարար Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբջանյանի դեմ։

«Ընդհանուր առմամբ պահանջում ենք Մայրապետյանից բռնագանձել ավելի քան 17 մլրդ դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից ու Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով՝ ավելի քան 5 մլրդ դրամ»,- հայտնեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ պաշտոնը ստանձնելուց հետո այցելել է մարզեր ու վարչական շրջաններ, որպեսզի անձամբ ծանոթանա դատախազների հետ ու լսի նրանց կատարած աշխատանքի մասին։

«Բոլոր տեղերում վերականգնումների (պետական վնասի վերականգնում – Գ.Թ.) ցուցանիշները շատ ցածր էին։ Սա նշանակում է, որ կա անուշադրություն խնդրի նկատմամբ։ Ուզում եմ հատուկ շեշտել՝ վերականգնում ասածը ռեպրեսիայի մասին չէ, այն նշանակում է՝ գրագետ կարգով ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայց։ Օրինակ՝ մի վարչական շրջանում հարցնում եմ՝ պետական շահերի պաշտպանության հայցագինդ ինչքա՞ն է, պատասխանում է՝ 900 հազար դրամ։ Հարցնում եմ՝ իսկ քո աշխատավարձն ինչքա՞ն է, հաստատ մի քանի անգամ ավելի շատ։ Այսինքն՝ այն արդյունավետությունը, որ պետք է ապահովի դատախազը, հարկավոր է, որ համաչափ լինի վարձատրությանը, որը վերջինս ստանում է հարկատուների գրպանից»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ առաջարկել են դեպոզիտային հաշիվների միասնականացում իրականացնել՝ հնարավորություն տալով հետևել մուտքերին։

Նիստի ընթացքում Աննա Վարդապետյանը հայտնեց, որ ամենշաբաթյա ռեժիմով իրեն զեկուցվում է Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ։ Քրեական գործի ծավալը 800 հատոր է։ Գլխավոր դատախազի խոսքով՝ վերջերս դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով, որ քննչական խումբ ձևավորվի, քանի որ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ գործը հնարավոր չէ տեղավորել։

«Մի մեծ ու կարևոր սկզբունք կա՝ մարդկության կարևորագույն նվաճումը, անմեղության կանխավարկածն է»,- ամփոփեց զեկուցողը։

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին, Վարդապետյանի խոսքով՝ դեռևս ֆիզիկապես չի հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել այն, առաջիկայում այդ բացը կլրացնի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել