tert.am: Հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ։
ԱԺ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին նախ հարցրել է, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի Վաշինգտոն գործուղումը արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատվիրակության կազմում․
«Ին՞չ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում այդ բանակցություններին, արդյոք հայ-թուրքականը կապված է հայ–ադրբեջանականի հետ։ Ալեն Սիմոնյանի որոշումով Ռուբինյանը գործուղվել է ապրիլի 28-ից մայիսի 5-ը։ Դա նշանակում է որ ենթադրվում էր ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։
Պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը»,-նշել է Մանուկյանը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոչ արեց չշեղվելու օրակարգային հարցերից․ «Պարոն Մանուկյան, ճիշտն ասած, զարմանում եմ, որ ձեր համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում»,- արձագանքեց Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։
Եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։
Նշենք նաև, որ «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
comment.count (0)