«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|
13:33 - 05 հունիսի, 2023

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Հայաստանի Հանրապետությունը որեւէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելիս, տարածքային ամբողջականություն ճանաչելիս կոնկրետ մակերեսով ճանաչե՞լ է։ Պատեհ-անպատեհ առիթով կրկնում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մակերեսը, ադրբեջանցի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա մինչեւ հիմա այդ ձեր չարչրկած 29 800 քկմ տարածք ձեւակերպումն օգտագործե՞լ է, որ Հայաստանը ճանաչում է այդպիսին»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ եթե Հայաստանը իշխանությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախն էլ դրա մեջ եք պատկերացնում, ապա հարց է ծագում․ «ինչպե՞ս է ձեր կառավարությունը մի քանի անգամ զորակոչի մասին որոշում ընդունելիս զորքեր ու զինվոր ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե, ձեր կարծիքով, տարածքային ամբողջականությունը միշտ ճանաչվել է, որտեղի՞ց էիք հանրահավաք անում Արցախում ու գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ որեւէ երկրի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ «Եվ Հայաստանի դեպքում 29․8 հազար քկմ-ն, Ադրբեջանի դեպքում 86․6 հազարը, սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին, են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, եւ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում»։

Արարատ Միրզոյանը նաեւ ասաց․ «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով։ Բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ թվերով։ Եվ դրանից հետո Ադրբեջանի կողմից որեւէ հրապարակային կամ չհրապարակային հերքում չի եղել։ Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ է, սխեմա է, սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաեւ հրապարակման հաստատման կարիք կա։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ նկատմամբ։ Սրա մասին էր եւ 2022 թվականի ագրեսիան, ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, եւ մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպը։ Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մի դեպքում մեծ։ Եվ մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ ու որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել