aysor.am: Այսօր Աժ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չեն ստացել նրանց ապագան բանակցելու. «Ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև ու կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»։
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարություններն անհասկանալի են. «Ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ իրենք մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու։ Դա գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, դա գրված է ՔՊ կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճնաչեն Արդբեջանի կազմում։
Եթե կան այդպիսի փաստաթղթեր, ապա նրանք պարտավոր են առաջին հերթին հետևել ՀՀ Սահմանադրությանը, իսկ այնտեղ հստակ գրված է, թե Արցախն ինչ պետք է լինի։ Հետևաբար, այդ մանդատով վերցրած պարտավորությունները պարտավոր են կատարել, եթե չեն ուզում՝ այլ հարց է։ Բայց նորից եմ կրկնում՝ առանց Արցախի չի լինելու հայոց պետականություն, թող որևէ մեկը կասկած չունենա։ Արցախից որևէ մեկը մանդատ չի տվել Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս»։
Անդրադառնալով նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, թե իրենք հայ ժողովրդից մանդատ են ստացել հայոց պետականությունը պահպանելու համար՝ Բաբայանը նշեց, որ նմանատիպ հայտարարություններն ուղղակի տհաճ են.«Ես էդ Արսենյանի ասածները երևի մի 100 անգամ մեկնաբանել եմ։ Թող նա իրենց կուսակցության ծրագիրը կարդա, կարող է չի կարող կարդալ։ Կարո՞ղ է այնտեղ գրված է, որ Արցախի ու Գլենդելի հայերը մի կատեգորիայի են, թող մի հատ համագումար անցկացնեին, այդ բանն առաջարկեր անձամբ ինքը և թող դա լիներ Արսենյանի բանաձևը։ Իհարկե, շատ այլասերված մոտեցում է և որևէ քննադատության չի էլ կարող դիմակայել։
Նորից կրկնեմ այն մարդկանց համար, ովքեր աշխարհագրությունից բան չեն հասկանում կամ միտումնավոր նման հայտարարություններ են անում՝ Գլենդելում, Մոսկվայում, Փարիզում, Թեհրանում հայերին ֆիզիկական կոտորած չի սպառնում։ Այդ տեղեր հայեր գնացել են որպես սփյուռք, մենք Արցախում ապրում ենք 15 հազար տարի, միշտ եղել ենք այստեղ, որևէ տեղից չենք քոչել։ Այո՛, մեր հայ ժոովրդի մի մասը, դժբախտաբար, ենթարկվել է բռնությունների և տեղահանումների, Արցախը հազար ու մի արհավիրք տեսնելով, այնուամենայնիվ, մնացել է, հիմա Արսենյա՞նը պիտի ասի, թե մենք ոնց ապրենք։ Նման հայտարարությունները միայն օգտակար են թշնամուն և օգտագործում են մեր դեմ»։
comment.count (0)