ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|
17:57 - 08 հունիսի, 2023

ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։

«Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և իրականացման մասին համաձայնագրի ստորագրումն է», - ասել է նա:

Պաշտոնյան նշել է, որ այս փաստաթղթի նախագծի վրա աշխատանքներ են տարվել մոտ 10 տարի։ Ժապարովի խոսքով՝ այս համաձայնագիրը կնպաստի «ԱՊՀ ծառայությունների և ապրանքների ազատ առևտրի գոտու կայուն զարգացմանը» և միավորման անդամ երկրների հետագա տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

«Մեր կողմից այսօր ստորագրված ևս մեկ ոչ պակաս կարևոր համաձայնագիր է ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը՝ ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի տվյալների փոխանակման հարցում։ Համաձայնագիրը մշակվել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կառավարման խնդիրների, արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, ռադիացիոն անվտանգության վիճակի մասին բնակչությանը ժամանակին տեղեկացնելու խնդիրների արդյունավետ լուծման նպատակով», - պարզաբանել է նա։

Բացի այդ, Սոչիում կայացած հանդիպման ընթացքում մի շարք որոշումներ են ընդունվել արդյունաբերական համագործակցության, մշակութային-հումանիտար ոլորտի վերաբերյալ։

«Մենք հաստատել ենք ԱՊՀ երկրների Սպարտակիադայի կանոնակարգը առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների շրջանում: Սպարտակիադայի ամենամյա անցկացումը թույլ կտա ընդլայնել Համագործակցության անդամ երկրների հնարավորությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման համար», - հստակեցրել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել