aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին՝ ծխելն արգելելու օրենքի թերի կիրառման վերաբերյալ։
«Քանի որ զենքի մասին օրենսդրության քննարկման ժամանակ խոսվեց կյանքեր խլող, մարդ սպանող մեկ այլ, ըստ էության զանգվածային ոչնչացման զենքի մասին, որը տարեկան աշխարհում խլում է 8 մլն, իսկ Հայաստանում՝ 5000 կյանք, ես մի փոքր արձագանքեմ։ Մեր գործընկերը նշում էր, որ մեր ընդունած օրենքը չի աշխատում։ Գիտեք, այո, ոչ բոլոր օրենքներն են միանգամից աշխատում ամբողջ ծավալով։ Երթեւեկության արագության պահպանման դրույթն էլ միշտ չէ, որ աշխատում է, բայց մենք չենք ասում՝ եկեք հանենք այդ արգելքը, կամ կարմիր լույսի տակով անցնելու, կամ Քրեական օրենսգրքի շատ այլ հոդվածներ։ Հակառակը, փորձում ենք դրանք իրագործել։ Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ օրենքի ընդունման պահից մենք ունենք առաջընթաց՝ իրագործման տեսանկյունից, այդ թվում՝ բացօթյա վայրերում ծխախոտի արգելքի կիրառման»,- ասաց նա։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ ՆԳՆ եւ առողջապահության նախարարության միջեւ հակասություն կար օրենքի մեկնաբանման շուրջ։ Բայց քննարկումների արդյունքում հստակեցվել է պաշտոնատար անձի դրույթը, թե ով է հանրային սննդի օբյեկտների պաշտոնատար անձը, որոնք պարտավոր են հետեւել, որպեսզի օրենքի դրույթները կիրառվեն։
«Եվ այդ պարզաբանման արդյունքում ես հիմա ունեմ վիճակագրություն․ մայիսի 5-ից մինչ օրս տնտեսվարող սուբյեկտի կազմակերպչական եւ կառավարչական լիազորություններով օժտված անձանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 243 արձանագրություն։ Այսինքն՝ եթե հանրային սննդի կամ մեկ այլ օբյեկտի պաշտոնատար անձը չի հետեւում այդ օբյեկտում օրենքի կիրառությանը, տուգանվում է նա, ոչ թե այդ օրենքը խախտողը։ Եվ եթե մենք նայում ենք ընդհանրապես իրավակիրառ պրակտիկային, եթե որեւէ հանրային սննդի օբյեկտում պաշտոնատար անձը ցանկանում է կիրառել օրենքը, ապա այն շատ հեշտությամբ կիրառվում է»,- հավելեց Թորոսյանը։
comment.count (0)