«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը
23:55 - 11 օգոստոսի, 2023

«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ, ավագ հրաձիգ Արթուր Հարությունյանն ու գնդացրորդ Կարեն Մանուկյանը։

Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ Հադրութում արդեն հակառակորդն է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ 

Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել․ Արթուրն ու ծառայակից 5 ընկերները 70 օր թաքնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում եւ դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ հրաշքով փրկվել, իսկ Կարենը, որ Վանք գյուղի այլ տան մեջ է եղել, իր 4 զինծառայակիցների հետ նոյեմբերին գերեվարվել է, ամիսներ անց՝ վերադարձել հայրենիք:

Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։

Ըստ Արթուր Հարությունյանի՝ Ջրականից Հադրութ նահանջի հրամանը Հայկազ Գրիգորյանը վերադասության հետ չի համաձայնեցրել

Արթուր Հարությունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 6-ին, մինչ պատերազմը 2 անգամ է կրակայինի մասնակցել, ավելի շատ բան, ըստ իրեն, պատերազմի ընթացքում է սովորել։ 

Արթուրը պատմեց, որ պատերազմի առաջին իսկ օրից իրենք ներգրավված են եղել մարտական գործողությունների մեջ սկզբում Ջրականի, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութի տարածքում։

Խոսելով այդ, պայմանական ասած, առաջին նահանջի մասին՝ Արթուրը բացատրեց՝ իրենց վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը տեսել է, որ իրենց ահռելի զորք է մոտենում՝ ահռելի սպառազինությամբ, եւ կարծելով, որ իրենք չեն կարողանա դիմակայել՝ նահանջի հրաման է տվել․

– Այսինքն՝ անմիջապես հարձակում տեղի ունեցա՞վ թե՞ կարծեցիք, որ հնարավոր է՝ նման հարձակում լինի,–հարցրեց մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը։

– Երկրորդը,– պատասխանեց տուժողը։

– Իսկ վերադաս հրամանատարությունը տեղյա՞կ էր նահանջի մասին։

– Եթե ճիշտ եմ հիշում, փորձել էր ռացիայով կապ հաստատել, բայց չէր ստացվել ,– պատասխանեց տուժողը՝ մանրամասնելով, որ իրենցից առաջ՝ առաջին գծում, եղել են հայկական ստորաբաժանումներ, որոնք հենց կռվի մեջ են եղել թշնամու հետ, բայց ընթացքում հարվածներ նաեւ իրենց ուղղությամբ են եղել, ընդհուպ մինչեւ զոհ են ունեցել։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ իրենք պատկերացում ունեի՞ն, որ իրենց դուրս գալով՝ ճեղքում է առաջանում, եւ դիրքերը բացվում են թշնամու առաջ, ինչին ի պատասխան՝ տուժողն ասաց՝ իրենց հրաման է տրվել, իրենք այն կատարել են։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը

– Եթե ձեզնից առաջ գտնվող մեր ստորաբաժանումները դեռ չեն ոչնչացվել, ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչու եք դուք նահանջում, – հետաքրքրվեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

– Հարց առաջացավ, – պատասխանեց տուժողը։ 

– Հայկազ Գրիգորյանը ինչի՞ց եզրակացրեց, որ դուք այդ դիրքը պետք է թողնեք։

– Ինձ թվում է՝ ավելի լավ է Հայկազ Գրիգորյանին նման հարցեր տաք, – պատասխանեց նա։

Նշենք, որ Հայկազ Գրիգորյանն արդեն իսկ հարցաքննվել է դատարանում եւ այս դրվագի մասին խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ են եղել, բայց թե ում հրամանով են նահանջել, չի կարողացել նշել։

Տուժողի խոսքով՝ Վահանյանն իրենց հավասար նահանջելիս է եղել, մեկ էլ հանկարծ ասել է, որ վիրավոր է ու սկսել կաղալ

Դրանից հետո զորքը գնացել է Հադրութի զորամաս, հաջորդ օրը՝ դպրոց, որտեղ էլ Արթուրն առաջին անգամ տեսել է Վահանյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահանյանն այդ ժամանակ ոտքից վիրավոր է եղել, սակայն թե՛ Արթուրը, թե՛ նախկինում հարցաքննված բազում զինծառայողներ նրա քայլքի մեջ փոփոխություն, որեւէ վերք չեն նկատել․ «Որոշ ժամանակ դպրոցում մնալուց հետո ասացին, որ գնում ենք մարտական դիրքեր, մեր ստորաբաժանումը բաժանվեց մասերի, երկու մասով գնացինք, սարի վրա զուտ դիրքավորված սպասում էինք մարտական հրամանների, բայց երբ սկսեցին կրակոցներ, տարբեր ուղղություններով խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց», – պատմեց տուժողը՝ նշելով, որ դիրքավորվելու հրամանը Վահանյանն է տվել, այլ կոնկրետ հրամաններ չեն եղել։

Նա հիշեց՝ մինչեւ մարտը սկսվելը Վահանյանը սարի երկայնքով գնում–գալիս էր, սկսվելու պահին որտեղ է եղել՝ չի տեսել, մեկ էլ նահանջի ժամանակ է նրան հանդիպել։

Ձախից՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

– Ո՞ւմ հրամանով է նահանջը տրվել, – հարցրեց մեղադրողը։

– Եթե ճիշտ եմ հիշում, Վահանյանի, բայց վստահ չեմ։

– Իսկ կոնկրետ ասել է՝ ո՞ւր նահանջեք։

– Ավելի շուտ ցույց տալով․․․ Սկզբում մեր հետ էր քայլում, բայց հետո ասաց՝ վիրավոր եմ, չեմ կարող քայլել, եւ մեքենայով գնաց, ես էդ ժամանակ իրեն շատ մոտ էի, մոտավորապես 2 մետր, եւ հենց էդ ընթացքում ասաց, որ վիրավոր է։

– Իսկ այդ ընթացքում ձեր ուղղությամբ կրակ նկատե՞լ եք։

– Այո։

– Ի՞նչ տեսակի զենքից՝ հրաձգայի՞ն թե՞ հրետանային։

– Հրաձգային, – ասաց տուժողը՝ ենթադրելով, որ եթե իրենց ուղղությամբ հրետանային կրակ լիներ, հնարավոր չէր, որ Վահանյանը բեկորային վիրավորում ստանար, իսկ ինքը՝ ոչ։

– Ըստ քրեական գործի՝ Վահանյանի վիրավորումը բեկորային է, այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ այդ վիրավորումը կարող էր ստանալ այդ պայմաններում։

– Այն ընթացքում, որ ես իրեն մոտ էի, բացառում եմ, բայց դրանից առաջ եղել է թե ոչ, չեմ կարող ասել։

– Բայց ինքը ասաց, որ այդ պահի՞ն է վիրավորում ստացել։

– Ինքը ասաց՝ վիրավոր եմ, պետք է գնամ։

– Բայց մինչ այդ վիրավորման մասին որեւէ հայտարարություն չէ՞ր հնչել։

– Ոչ․․․ Կամ ես չեմ լսել։

– Այդ ընթացքում նրա մարմնի վրա որեւէ վիրավորում, արյան հետք նկատե՞լ եք։

– Քայլքի փոփոխություն նկատել եմ, կաղալ եմ նկատել,  բայց վիրավորում, արյուն ընդհանրապես չեմ նկատել ,– ասաց տուժողը՝ ընդգծելով, որ կաղալը սկսվել է վիրավոր լինելու հայտարարությունից հետո։

– Այսինքն՝ մինչ էդ ձեզ հետ հավասար նահանջում էր մոտ 2 մ հեռավորության վրա, հայտարարությունից հետո սկսեց կաղա՞լ։

– Այո, – պնդեց տուժողը։

– Եվ ի՞նչ գործողություն կատարեց։

– Ասաց՝ վիրավոր եմ–վիրավոր եմ, մեքենա նստեց, որը չեմ տեսել, մարդիկ շատ էին, ու նենց չի, որ իրեն էի հետեւում, եւ հիշում եմ, որ իր հետ այլ վիրավոր զինծառայող նստեց (ըստ տուժողի՝ Արտակ Արսենյանը,–հեղ․), ու գնացին, – պատասխանեց Հարությունյանը՝ հավելելով, որ կապի միջոցը կամ պարտականությունները այլ սպայի փոխանցելու դրվագ ինքը չի նկատել։

Տուժողը աբսուրդ որակեց սպաների խոսքերը, թե զինծառայողները հրամանները ընկալելուն ունակ չեն եղել

Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո շարունակել են նահանջել դեպի մեկ այլ սար, բայց ընթացքում բաժանվել են երկու մասի․ մի մասը արագ էր քայլում եւ հասցրեց անցնել սարի մյուս կողմ, իսկ իրենք կամավորական քեռու եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ մոտ 90 հոգով հետ մնացին։ 

Արթուրի հիշելով՝ հետ մնացած անձնակազմով նահանջելիս են եղել Հադրութից հարավ, բայց Հովհաննես Մուրադյանը հեռախոսակապով խոսել է ինչ–որ մեկի հետ, որը ասել է, որ նահանջեն դեպի Հադրութ, որովհետեւ այնտեղ զինվորներ կան, թեեւ չգիտեն՝ հայ թե ադրբեջանցի։ Այդ նահանջի ընթացքում էլ արդեն ադրբեջանցիները մոտեցել են իրենց, եւ հարձակում է սկսվել։ 

Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը,
տուժող Արթուր Հարությունյանը

Ինչպես հայտնի է, հարձակման ընթացքում նորակոչիկների անձնակազմի հետ մնացած միակ սպա Հովհաննես Մուրադյանը, նաեւ՝ այդ կամավորական քեռին, զոհվել են։ Դրանից հետո ողջ մնացած անձնակազմը՝ մոտ 21 հոգի, թաքնվել է գյուղի տներում, կապ հաստատել զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հետ․ «Ասաց՝ ինչ–որ ձեւ գտեք, դուրս եկեք, ասում էինք՝ վիրավորներ ունենք, ասում էր՝ ծանր է, հասկանում եմ, բայց ձեւ գտեք, այսինքն՝ չի ասել, որ մեր հետեւից գալու են կամ ճանապարհ ցույց չի տվել»,– հայտնեց Արթուրը։

Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը խնդրեց արձանագրել, որ Քարամյանը, փաստորեն, իրենց խաբել է՝ ասելով, թե տղաներին ճանապարհ է ցույց տվել։ Նշենք, որ այս դրվագի շուրջ հարցաքննվելիս Արթուր Քարամյանը դատարանում հայտնել է, որ մեկ անգամ խոսել է շրջափակման մեջ գտնվող զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Դրանից հետո, ըստ Քարամյանի ցուցմունքի, տղաների մասին տեղեկացրել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողին տեղեկացրեց, որ հրամանատարական կազմը նշել է, թե զորքը գտնվել է այնպիսի խուճապային վիճակում, որ արդյունավետ չէր հրամաններ տալը, որովհետեւ, մեկ է, ի վիճակի չէին ընկալելու․ «Իմ համար դա ուղղակի աբսուրդ է, նույնիսկ եթե էդպես է, հրամանատարները պատասխանատու են զորքի համար եւ պարտավոր են մինչեւ վերջին պահը կազմակերպել այնպես, որ զորքը չմնա առանց սպայի եւ չզոհվի»,– ասաց Հարությունյանը։

Կարեն Մանուկյանի տեղեկություններով՝ Վահանյանն անձամբ է ինքն իրեն վիրավորել

Հարցաքննված մյուս տուժողը՝ Կարեն Մանուկյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հունիսի 14-ին, նույն հետագիծն է անցել․ սկզբում եղել է Ջրականում, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութում։

Մանուկյանը, սակայն, Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտում չի եղել, այլ Վահագ Բարսեղյանի, եւ Գրիգորյանենց հետ չի նահանջել։ Ավելին, նա կարծիք հայտնեց, որ հենց այդ առաջին նահանջի հետեւանքով է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իրենք թշնամու հետ մարտի են բռնվել, թեեւ իրենցից առաջ դեռ յուրային ստորաբաժանումներ են եղել․ ենթադրեց՝ այդ հատվածն է բացվել, թշնամին ներթափանցել է։

Իրենց վաշտի հրամանատարն էլ, ըստ տուժողի, լիարժեք չի տիրապետել տեղանքին․ «Վաշտիս հրամանատարը եղել է Բարսեղյան Վահագը, բայց պատերազմի ընթացքում, որպես էդպիսին, ենթարկվել եմ Սեւան Ղազարյանի հրամաններին, նենց չի, որ Վահագը հրաման տար, չէի անելու, ուղղակի ես իրեն չէի ճանաչում որպես նորմալ սպա, տենց դեպքեր եղել են․․․ Հոկտեմբերի 5–ին անձրեւոտ իրիկուն էր, զորքը նահանջ էր տվել, մենք մնացել էինք շրջափակման մեջ, Վահագը տարածքին ծանոթ չէր, մենք ենք տրամաբանորեն գտել դեպի «9–րդ կմ» գնացող ճանապարհը, էն ճանապարհով, որով մեզ սնունդ է եկել, գնացել ենք, հասել մեր զորքին»։

Կարեն Մանուկյանը

Մանուկյանը եւս Վահանյանին Հադրութի դպրոցում է հանդիպել, քայլքի փոփոխություն չի նկատել։ Նրա խոսքով՝ դպրոցում զինծառայողների եւ սպաների միջեւ վիճաբանություն է եղել, զինծառայողները համապատասխան սպառազինություն են պահանջել․ «Հադրութը, ուր պիտի բարձրանայինք, անտառային տարածք էր, իսկ մեզ մոտ համապատասխան սպառազինություն չկար, էդ պահին Բադալյան Մանուկին եմ հիշում, Վահանյանին, Գարիկին (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանն է), ասում էին՝ կլինի, ոչինչ, բարձրանանք, կերեւա, իսկ մենք ուզում էին՝ զենքը լիներ, նոր բարձրանայինք, ոչ թե բարձրանայինք, սպասեինք»։ Ի վերջո, ըստ տուժողի, առանց համապատասխան զենքերի են բարձրացել, միայն հագուստն են փոխել։

Խոսելով արդեն Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձություններից՝ տուժողը ասաց՝ անձամբ չի տեսել, բայց լսել է Վահանյանի փախուստի մասին․ «Պատերազմը սկսելու օրվանից Իշխան Վահանյանի գործողություններին ծանոթ չեմ եղել, կոնկրետ տեսել եմ Հադրութում էն ժամանակ, երբ բարձրացել ենք սարը, դիրքավորվել ենք, դրանից հետո ուղղակի լսել եմ, որ ինքը իրեն ոտքից անձամբ վիրավորել է ու փախուստի դիմել»։ Տուժողը նաեւ տրամաբանական չհամարեց այդտեղ բեկորային վիրավորում ստանալը։ Նաեւ նշեց՝ հրամանները իրար փոխանցելով էին ստանում։

Թե ենթադրյալ փախուստից հետո ինչպես է զորքը կիսվել, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել․ «Չեմ կարող կոնկրետ ասել, խառնաշփոթ էր տեղի ունենում, որովհետեւ հակառակորդը խաչաձեւ կրակ էր բաց թողնում, տարբեր ուղղություններից կրակում էր, ու ստորաբաժանումը չէր հասկանում՝ ով որտեղից ոնց արժե նահանջ տալ, ու դրա պատճառով տարբեր ուղղությամբ են նահանջել, տարբեր տղերքի բախտ տարբեր ձեւ է եղել»,– ասաց Կարենը՝ հավելելով, որ ինքն իրենից կախված ամեն ինչ արել է․ «Ֆիզիկապես ունակ եղել եմ, բարոյահոգեբանորեն՝ առավել եւս»։

Ըստ նրա՝ Հադրութ գնալու խորհուրդը տվել է այլ ստորաբաժանման մի ծառայող, որի հետ բջջայինով են կապ հաստատել։

Կարենը շրջափակման մեջ մնացած 21 հոգու կազմում է եղել․ «Սկզբում տան մեջ 20–ից ավելի էինք, բայց մնացածը, որ վիրավորում չունեին, ասացինք՝ գնացեք, հրամանատարներին ասեք, որ մենք էստեղ ենք, մնացինք 9 հոգով․․․ Հետո մենք էլ անձամբ զանգեցինք Գարիկին, ինքն էլ ասաց՝ մի երկու ժամից էդտեղ կլինեմ, տեղներդ չփոխեք, բայց տենց էլ չեկավ․․․ Պիտի Վահանյան Իշխանը տեղում լիներ, որ բանը չհասներ նրան, որ մենք շրջափակման մեջ ընկնեինք», – ասաց նա՝ հավելելով, որ կատարվածը դավաճանություն է։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել