2020 թվականի հոկտեմբերի 2-ին 6-րդ պաշտպանական շրջանի՝ շրջափակման վտանգի մեջ հայտնված ողջ անձնակազմը Պաշտպանության բանակի՝ այդ ժամանակվա հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանի որոշմամբ հետ է քաշվել՝ զբաղեցնելով պաշտպանական նոր բնագիծ, նույն օրը Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են մի շարք մարտական դիրքերի թիկունքային հատվածներ օրեր շարունակ մխրճված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
44-օրյա պատերազմի այս եւ հարակից դրվագները նկարագրված են 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի մեղադրական եզրակացության մեջ։ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Թալիշ եւ Մատաղիս գյուղերի անկումը, ըստ մեղադրանքի, հենց այդ ծանր հետեւանքն է։
Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում այսօր սկսվեց Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով հիմնական դատալսումների փուլը, որի ժամանակ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ինչից հետո պաշտպանական կողմը ծավալուն ելույթ ունեցավ։
Ավելի քան մեկ տարի՝ 2022 թ․ հուլիսի 29-ից Աբրահամյանը կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Մեղադրողի խոսքով՝ Սեւակ Աբրահամյանը չի պահպանել ԳՇ պետի եւ ՊԲ հրամանատարի կարգադրություններով եւ հրամաններով սահմանված պահանջները
Ընթերցելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հայտնեց՝ Սեւակ Աբրահամյանը, 2019 թ․ նոյեմբերի 4-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 4-ը զբաղեցնելով ՊԲ N զորամասի (6-րդ պաշտպանական շրջան) հրամանատարի պաշտոնը, խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։
Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը
Այսպես․ 2020 թ․ սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը արձակել է N 041 կարգադրությունը, որով Պաշտպանության բանակի հրամանատարին հրամայել է բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը եւ դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ կարգադրության հիման վրա ՊԲ հրամանատարն էլ իր հերթին հաջորդ օրը՝ 2020 թ․ սեպտեմբերի 24-ին արձակել է N 0661 հրամանը, որով, ի հավելումն նշված հանձնարարությունների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահությունում գտնվող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թվում` հարվածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում, դրությունում եւ գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել ըստ վերադասության, պաշտպանական շրջանների, այդ թվում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպեանոց պատրաստականության վիճակում մարտական գործողությունների վարմանը պատրաստ մեկ վաշտ:
Մեկ օր անց՝ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը արձակել է մեկ այլ՝ N 046 կարգադրությունը, որով ՊԲ հրամանատարին հանձնարարել է սեպտեմբերի 25-ից բարձրացնել անձնակազմի զգոնությունը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզության բոլոր ձեւերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ, մինչեւ սեպտեմբերի 26-ը` ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զորամիավորումների, միավորումների, կառավարման կետերը ծավալել հրամանատարների կողմից նախորոշված շրջաններում եւ անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի, նույն ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի վարչակազմերի կողմից զբաղեցնել կառավարման կետերը եւ անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի, իրենց որոշմամբ իրականացնել լրացուցիչ միջոցառումներ։ Նշված կարգադրությունը նույն օրը էլեկտրոնային փոստով առաքվել է ՊԲ դիվիզիաների, պաշտպանական շրջանների ղեկավարներին։ Այս կարգադրության հիման վրա էլ նույն օրը ՊԲ հրամանատարը արձակել է N 0672 կարգադրությունը, որով հանձնարարվել է վարչություններին զբաղեցնել հրամանատարական կետերը, հստակեցնել պահպանության գոտիներ դուրս բերված լրացուցիչ ստորաբաժանումների խնդիրները, պատրաստ լինել հանկարծակի ծագած խնդիրների կատարմանը:
Մեղադրողի խոսքով՝ Սեւակ Աբրահամյանը չի պահպանել թվարկված կարգադրություններով եւ հրամաններով սահմանված պահանջները։ Մասնավորապես, պարտավոր լինելով հետեւել, որ զորամասի հրամանատարական կազմը մշտապես գտնվի նախատեսված հրամանատարական կետերում, իմանա իր դիմաց տեղակայված հակառակորդի կազմը, դիրքը, վիճակը, գործողությունների հավանական բնույթը, ուսումնասիրի հետախուզական տեղեկությունները, ամեն օր դրանք վերլուծի եւ համաձայն շտապ տեղեկագրերի ցանկի` զեկուցի վերադաս շտաբ, իսկ կարեւոր տեղեկությունների (հակառակորդի կազմի, մարտական դիրքերի դասավորվածության փոփոխությունների, զորքերի տեղաշարժի) մասին զեկուցի անհապաղ, իմանա զորամասի պահպանության մարտական խնդիրները, պահպանությունից պաշտպանության անցնելու կարգը եւ դրա ժամանակ հմտորեն ղեկավարի ենթակա ստորաբաժանումների գործողություները, ժամանակին հայտնաբերի եւ կանխի պետական սահմանի, շփման գծի եւ օդային տարածության խախտումները, բացառի եւ կասեցնի հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը եւ այլն՝ հակառակ ծառայության եւ պետության շահերի` չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ։
Դրա փոխարեն, ըստ մեղադրողի, սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ իր կողմից հրավիրված այլ հյուրերի` Պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված նույն զորամասի 1-ին եւ 4-րդ հրաձգային գումարտակների հրամանատարներից ստացել է առաջնագծում եւ հակառակորդի թիկունքում ուժերի եւ միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, որոնցով վերջիններս ներկայացրել են նաեւ վերախմբավորում կատարելու, պաշտպանության անցնելու եւ այդպիսով չպահվող մարտական դիրքերն անձնակազմով համալրելու վերաբերյալ առաջարկություններ։
Ըստ մեղադրողի՝ Աբրահամյանը, Մարտական կանոնադրության պահանջների համաձայն ի պաշտոնե պարտավոր լինելով ձեռնարկել մի շարք գործողություններ ենթակա զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանական բնագծի չպահպանվող մարտական դիրքերում զորամասի բոլոր տեսակի միջոցներով եւ անձնակազմի քանակով համալրելու ուղղությամբ, բավարարվել է միայն ստեղծված իրավիճակի մասին անմիջական պետին բջջային հեռախոսով զեկուցելու փորձերով, որից հետո այլ միջոցներ չի ձեռնարկել։
Ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը
Այնուհետեւ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, ՊԲ N զորամասի պահպանության բնագծում գտնվող Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների եւ անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում Սեւակ Աբրահամյանը, ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը եւ միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով չպահվող մարտական դիրքերը համալրելու եւ այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու եւ այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսեւորել անգործություն եւ չի կատարել հիշյալ կանոնադրություններով եւ հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող ստորաբաժանումները ժամանակին չեն զբաղեցրել չպահվող մարտական դիրքերը, պաշտպանական գիծը չի համալրվել զորամասի բոլոր տեսակի միջոցներով եւ անձնակազմի քանակով․
«Արդյունքում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում է գործել ՊԲ N զորամասի պաշտպանական բնագծի երկայնքով եւ առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք, մասնավորապես՝ 107, 136 մ/դ-ի առաջին խրամատը, 150-164 մարտական դիրքերի, «Գառնի», «Սիս», «Մուշ» հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը եւ կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները եւ հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթեւյան հատվածում մարտնչող անձնակազմին, որի հետեւանքով ՊԲ հրամանատարի որոշմամբ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել եւ զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ` Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ, իսկ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,– նշեց Վազգեն Վարդանյանը։
Զորամասի 1-ին եւ 4-րդ գումարտակների անձնակազմերը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը մարտական հերթապահության են ընդգրկված եղել պաշտպանության շրջանում տեղակայված 73 մարտական դիրքերից 37 մարտական դիրքերում։
Ըստ պաշտպանական կողմի՝ այս մեղադրանքի պայմաններում պաշտպանությունն անիրական է
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտարարեց՝ այս մեղադրանքից հնարավոր չէ պաշտպանվել, քանի որ իրենց համար այն ավելի քան անհասկանալի է։
Իր այս հայտարարությունը պաշտպանը պատճառաբանեց մի քանի հանգամանքով․ «Սկսեմ նրանից, որ մեղադրանքի մեջ ասվում է, որ կատարած արարքը նախատեսված է 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած 545–րդ հոդվածի 5-րդ մասին։ Պաշտպանական կողմը պիտի հասկանա՝ մեղսագրվող արարքը կոնկրետ ո՞ր նյութական նորմով է սահմանված, ո՞ր նորմից փորձի պաշտպանվել, բնականաբար, այս երկու նորմերն էնպիսի տարբերություններ ունեն, որ անհնար է երկուսից պաշտպանվել»։
Ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը
Նշենք, որ 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել 2021 թ․-ին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), եւ նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել 2003 թ․ ընդունված արդեն նախկին օրենսգիրքը (այսուհետ՝ նախկին օրենսգիրք)։ Աբրահամյանին մեղադրանքն առաջադրվել է նախկին օրենսգրքով, մեղադրողը միաժամանակ նշել է, թե նույն արարքը նոր օրենսգրքի որ հոդվածին է համապատասխան։
Նախկին օրենսգրքի հիշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքի համար, որը առաջացրել է ծանր հետեւանքներ։ 1-ին մասը սահմանում է հետեւյալը․ «ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել», իսկ 2-րդ մասը՝ հետեւյալը․ «Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով եւ առաջացրել է էական վնաս»։ Ինչ վերաբերում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածին, ապա դրա 5-րդ մասը սահմանում է․ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն» (հոդվածների լուսապատճենները՝ ստորեւ)։
Քրեական օրենսգիրք, 2003 թ․
Քրեական օրենսգիրք, 2021 թ․
Պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ մեղադրող կողմը չի հստակեցրել՝ Աբրահամյանին մեղսագրվում է 365-րդ հոդվածի 1-ի՞ն թե՞ 2-րդ մասով սահմանված արարքը, որը ծանր հետեւանք է առաջացրել, դրանից բացի, որեւէ տեղ չի նշել՝ կանոնների ենթադրյալ խախտումը դիտավորությա՞մբ է կատարվել թե՞ անզգուշությամբ․ «Մենք ունենք քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որում նկարագրված գործողությունների մեծ մասը եւ հետեւանքը նշված են որպես անզգուշություն (վարույթը նախաձեռնվել է զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով,–հեղ․), եւ ունենք մեղադրանք, որում ոչինչ նշված չէ, այս մեղադրանքի պայմաններում պաշտպանությունն անիրական է»,– ասաց նա։
Դրանից բացի, Թամրազյանը հիշեցրեց՝ նորմը ունի հետադարձ ուժ, եթե հանցագործությունը լրիվ կամ մասնակի վերացնում է կամ պատժելիությունը՝ մեղմացնում, իսկ անձի վիճակը վատթարացնող, պատիժը խստացնող նորմերը հետադարձ ուժ չունեն։ Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, նոր օրենսգիրքը մարտական հերթապահության կանոնների անզգուշությամբ խախտումը հանցագործություն չի դիտել, այսինքն՝ արարքը ապաքրեականացվել է, ուստի Աբրահամյանը դրա համար մեղադրվել չի կարող։ Նշենք, որ նախորդ դատական նիստերում նա նաեւ միջնորդություն է ներկայացրել այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որի լուծումը դատարանի որոշմամբ հետաձգվել է։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Հաջորդիվ պաշտպանը պնդեց՝ ԳՇ պետի տված կարգադրությունը զորամասի հրամանատարի համար պարտադիր չէ, վերջինիս համար պարտադիր է դիվիզիայի հրաամանատարի կարգադրությունը։ Տվյալ դեպքում, ըստ նրա, Դիվիզիայի հրամանատարի կարգադրության մեջ չի նշվել մարտական աշխատանքային ռեժիմի անցնելու մասին, իսկ այն, ինչ նշվել է, ըստ պաշտպանի, Աբրահամյանն արել է․ «Մեղադրանքը հանդիսանում է զինվորական գործի մասին պատկերացում չունեցող անձի երեւակայության արդյունք, որովհետեւ միայն զինվորական գործի մասին պատկերացում չունեցող մարդը կարող է ենթադրել, որ եթե խնջույքը չկազմակերպվեր, հակառակորդը Թալիշ եւ Մատաղիս գյուղերը չէր գրավի»։
Միաժամանակ պաշտպանը պնդեց՝ մարտական աշխատանքային ռեժիմը զորքերին չի էլ վերաբերում, դա շտաբի համար է․ «Նորմատիվ ակտի մեջ հայերենով գրված է՝ ղեկավարման մարմինը՝ շտաբը, կարող է բերվել մարտական աշխատանքային ռեժիմի զորքերը լրիվ մարտական պատրաստության վիճակի բերելուց հետո՝ մոբիլիզացիայի պայմաններում, այսինքն՝ պիտի հայտարարվի զորակոչ, զորքերը բերվեն մարտական պատրաստության աստիճանի, դրանից հետո նոր ղեկավարման մարմնի համար սահմանվի մարտական աշխատանքային ռեժիմ։ Հիմա ԳՇ պետը մոբիլիզացիա չի հայտարարել, զորքերը չեն բերվել մարտական պատրաստության վիճակի, բայց շտաբի համար որոշել է սահմանել մարտական աշխատանքային ռեժիմ։ Սա ապօրինի, ոչ իրավաչափ կարգադրություն է, ոչ մի բանի մասին չկվայող․ եթե զորքերը բերված չեն մարտական պատրաստության վիճակի, մոբով համալրված չեն, սահմանես մարտական թե ֆանտասնտիկ աշխատանքային ռեժիմ՝ դրանից ոչինչ չի փոխվի»,– ասաց նա։
Սեւակ Աբրահամյանի խոսքով՝ դիվիզիայի հրամանատարն իրեն տված կարգադրությունը մեկ օր անց չեղարկել է
Մեղադրյալ Սեւակ Աբրահամյանն իր բացման խոսքը սկսեց՝ դիմելով հանրային մեղադրողին․ «Ճիշտն ասած, հարգելի՛ դատախազ, խնդրում եմ չնեղանալ, ես ոչ մեկին ոչինչ չունեմ ասելու, անկեղծ եմ արտահայտվում, որեւէ մեկի աշխատանքին գնահատական չեմ տալիս, հասկանում եմ՝ Ձեր աշխատանքի բնույթը այլ է, զինվորականինը՝ այլ, բայց պատվարժա՛ն դատարան, մեղադրական եզրակացության բովանդակությունը նայելով՝ ես ինչի՞ համար եմ մի տարի ասում՝ չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում, հայերեն է գրված, բայց չեմ հասկանում, որովհետեւ պարզ երեւում է, որ մեղադրանքի բովանդակությունը գրողը կամ հաստատողը կոնկրետ ինչ նպատակով է դա կատարել։ Եթե ողջամիտ, մոտս կասկածներ են առաջանում, որ ինադու նենց է արված, որ այս ամենը երկարաձգվի, խի՞, որովհետեւ, որովհետեւ․․․»։
Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը
Ներկայացնելով զինվորական կանոնադրությունների մի շարք դրույթների վերաբերյալ իր պարզաբանումները՝ Աբրահամյանը պնդեց՝ ԳՇ պետի կարգադրությունները իրեն չեն վերաբերել, վերաբերել են ՊԲ հրամանատարին, վերջինս իր հերթին հրամաններ է տվել դիվիզիաների հրամանատարներին, նրանք էլ՝ զորամասերի հրամանատարներին։
Ըստ այդմ, ինքը, որպես զորամասի հրամանատար, իր անմիջական պետից՝ դիվիզիայի հրամանատարից, հրաման ստացել է, սակայն դրա մեջ եւս մարտական աշխատանքային ռեժիմի մասին խոսք չի եղել։ Ավելին, այդ հրամանը, ըստ Աբրահամյանի, իր պետը մեկ օր անց չեղարկել է․ «ԳՇ պետը տվել է ինչ–որ կարգադրություն, դրանից ելնելով՝ ՊԲ հրամանատարը տվել է ինչ–որ կարգադրություն, դիվիզիայի հրամանատարը տվել է կոնկրետ կարգադրություն 6–րդ Պաշտպանական շրջանի հրամանատարին, նույն դիվիզիայի հրամանատարը իր ցուցմունքում էլ է նշել՝ ինձ տվել է կարգադրություն ամսի 25-ին, բայց ամսի 26-ի առավոտյան ասել է՝ իմ տվածը всё, ավարտել էդ կարգադրությունը, отбой։ Պատճառներից մեկը եղել է սնունդը, իսկ կոնկրետ պատճառը ես չգիտեմ, ինքը նշել է, թե բանակի հրամանատարն է էդ խնդիրը առաջադրել․․․ Հիմա ես ո՞ւմ հրամանը չեմ կատարել, բացատրե՛ք ինձ, խնդրում եմ։ Ես պիտի՞ կատարեի դիվիզիայի հրամանատարիս ամսի 26-ի բանավոր հրամանը․ բանավոր թե գրավոր՝ տարբերություն չկա, ֆակտ էն է, որ էդ կարգադրությունը էդ մարդը տվել է, որ գնացեք տուն, աշխատանքային օրը՝ սովորական՝ մինչեւ 14։00․․․ Վերջին զանգը ՊԲ հրամանատարի հետ ես ունեցել եմ ժ․ 15։00–ին, ասել եմ՝ պարո՛ն գեներալ, հիմա ի՞նչ ենք անում, էդ միջոցառումը անո՞ւմ ենք թե՞ չէ, ասել է՝ դուք արեք, ես կարող է՝ չկարողանամ գալ, ասել եմ՝ ե՞րբ անենք, ասել է՝ կեսօրից հետո։ Ժ․ 18։00–ին որոշում ենք անել․․․ Նույնը խոսում եմ դիզիզիայի հրամանատարիս հետ, բա բանակի հրամանատարը սա ասաց, դուք ի՞նչ եք ասում, ասել է՝ մենք գալու ենք»,– պատմեց Աբրահամյանը՝ վերջում հարց հնչեցնելով․ «Ուրեմն՝ ես հանցագործություն եմ կատարում, հրավիրում եմ, որ իմ աջ թե ձախ կողմը, չեմ հիշում, նստեն զինվորական դատախա՞զը թե՞ ռազմական ոստիկանության պետը թե՞ Մարտակերտի շրջվարչակազմի պետը, որոնք որ մասնակցել են այդ միջոցառմանը»։
Ըստ նրա՝ միջոցառմանը ներկա մարդիկ հիմնականում այն մարդիկ էին, որոնք պիտի իրենց տներում լինեին՝ հանգստի, քանի որ վերջին կարգադրությունը դա է եղել․ «Նույն բանը ասում է իմ անմիջական պետը, նույն բանը ասում են ենթակաները․ հիմա մարդը գնա իր տանը հաց ուտի, թե գա, կոլեկտիվի հետ նստի, դա ո՞նց կարելի է գնահատել հանցագործություն»։
Ըստ Աբրահամյանի՝ ձախաթեւյան զորքին անհայտ հանգամանքներում հեռացրել են այդտեղից
Անդրադառնալով մեղադրանքում նշված ձախաթեւյան շարքին, ուր մխրճվել է թշնամին, Սեւակ Աբրահամյանն ասաց՝ այդտեղի զորքը հանվել է անհայտ անձանց կողմից, եւ ըստ իրեն՝ դրա հետեւանքով է, որ Թալիշն ու Մատաղիսը ընկել են․ «Թուրքը կռիվ անելո՞վ է տիրացել Թալիշին, տենց բան չի եղել, թող էդ հարցի պատասխանը տան հետնահանջ տվողները, թող տան ձախթեւային երկու վաշտ, մի գումարտակ, հակատանկային ստորաբաժանում եւ ականանետային մարտկոց, ո՞վ է էնտեղից փախցրել զորքը, ո՞ւր են տարել»։
Աբրահամյանն ասաց, որ իր առաջին ցուցմունքում ինքն այս մասին նշել է, սակայն մինչ օրս դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել․ «Ես ի վիճակի չեմ, 3 տարի չեմ կարողանում հասնել նրան, որ գործ հարուցվի պարզվի՝ ոնց է էդ զորքը մահացել․․․ Աբրահամյա՛ն Սեւակ, գնա կալանքի, քանի որ դու սկսել ես դրա մասին խոսել։ Կգնամ, ձեր ցավը տանեմ, համաձայն եմ, բայց խնդրում եմ՝ բացվե՛ք, ճիշտը նշե՛ք․․․ Վերջում հակառակորդը որ եղել է, Աբրահամայան Սեւակն է եղել՝ հետը 20 քանի հոգի մարդ, փառք Աստծո, էդ մարդկանցից ոմանք իրենց ցուցմունքներում նշում են, ես եմ թուրքին տեսել, ինձ ոչ ոք չի զեկուցել»։
Բացատրելով Թալիշի, Մատաղիսի տեղադիրքերը եւ իր տեղակայումը՝ Աբրահամյանը նշեց, որ հակառակորդը ոչ թե իր դիմացով կամ իրենց ճեղքելով է առաջ անցել, այլ թիկունքով․ «Թուրքը սենց (իր դիմացը ցույց տալով,–հեղ․) չի եկել, չի կարողացել, դրա մասին բոլորը գիտեն՝ ե՛ւ Բանակի հրամանատարը, ե՛ւ դիվիզիայի հրամանատարը․․․ Թուրքը թեւանցել է, հետեւով է եկել, իմ թիկունքով է եկել, հասել է իմ հետեւը, որի մասին ես 2-րդ օրվանից իմացել եմ, գոռում–ճվում եմ, որ հետեւս թուրք կա, խնդրում եմ՝ ստուգեք, մաքրեք, որովհետեւ դա իմ տարածքը չէր, ես չէի կարող էնտեղ մտնել, ընդ որում, զորք էլ չունեի էնտեղ տանելու․․․ Ոչ մի բան չարեցին․․․ Վերջում թուրքը հայտնվի հետեւս, ես ուզենամ տեղս փոխել, ընկնեմ դարանակալման մեջ, վիրավորվելով, կոտորվելով՝ դուրս գամ, մի ձեւ գնամ, որ զորքը իրար գլխի հավաքեմ, պարզվի, որ թուրքը ամսիի 26-ի պատճառո՞վ է հայտնվել էդտեղ»։
Աբրահամյանը բացատրեց՝ այս ամենը չբացահայտելու պատճառով ինքը դուրս է եկել բանակից, այս ամենը բացահայտելու համար ինքը մեկ տարի առաջ հասել է Քննչական։
Ընդհատելով ելույթը՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ․
– Պատվարժա՛ն դատարան, ես չեմ հասկանում՝ սա բացման խո՞սք է թե՞ հանցագործության մասին հաղորդում,– ասաց նա։
– Ճիշտ այդպես, խնդրեմ,–արձագանքեց մեղադրյալը։
– Եթե պարոն Աբրահամյանը անհայտ անձանց կողմից ձախ թեւից զորքերի դուրսհանումը դիտարկում է հանցագործություն եւ հանցագործության մասին հաղորդում, նախազգուշացնենք սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, եւ թող դրա վերաբերյալ հաղորդում ներկայացնի,– ասաց մեղադրողը՝ նշելով, որ այդ դրվագը Աբրահամյանի մեղադրանքի հետ առնչություն չունի։
– Բացե՛ք իմ առաջին ցուցմունքը, մեջը էդքանը գրած է, ի՞նչ հաղորդում, ես հաղորդում չեմ տալիս, պահանջում եմ, որ կատարեք,– բղավեց Աբրահամյանը,– Իսկ կապ ունի կամ չունի՝ էական չէ արդեն, բա որ կապ չունի, Մատաղիսն ու Թալիշը ո՞նց հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ,– զայրացավ Աբրահամյանը։
– Պարո՛ն Աբրահամյան, իմ հետ մուննաթով մի՛ խոսեք, հանգի՛ստ խոսեք, որ էդպես խոսում եք՝ ձեռքով–ոտքով, հուզմունքով, ինձ էդպես մի՛ նայեք,– իր հերթին բղավեց մեղադրողը։
– Ո՞նց եմ նայում․․․Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։
– Այսի՞նքն։
– Որտեղ եղել եմ, դուք եղե՞լ եք, ի՞նչ եք իմանում՝ ես մարդուն ո՞նց եմ նայում։
Մեղադրող Վազգեն Վարդանյանը դատարանին խնդրեց կարգի հրավիրել մեղադրյալին, պաշտպան Արման Թամրազյանն էլ բացատրեց՝ Աբրահամյանի բարձր խոսելը պայամանվորված է նրա առողջական վիճակով։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ մեղադրյալի պահվածքում միտումնավոր ոչինչ չկար․ «Ինչ վերաբերում է հուզմունքին, բարձր տոնին, ցանկացած մարդ կարող է նման իրավիճակում էդպիսի արտահայտություններ անել․․․ Դա վիրավորական չէ Ձեր նկատմամբ, եթե տեսնեմ կամ իմանամ կամ հասկանամ, որ մեղադրողի հասցեին վիրավորական արտահայտություն է, ես ինքս կմիջամտեմ,»– նշեց դատավորը՝ հորդորելով նիստը չվերածել վիճաբանության։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
comment.count (0)